«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Մթնոլորտային օդի պետական մոնիթորինգի իրականացման, ստացված տվյալների հավաքման, վերլուծության, գնահատման և տեղեկատվության տրամադրման կարգը և մոնիթորինգի ցուցանիշները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակման համար հիմք են հանդիսացել Վարչապետի 2023 թվականի մարտի 27-ի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N343-Ա որոշման հավելվածի 8-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 666-Լ որոշմամբ սաhմանված ԵՄ օրենսդրությանը մոտարկման պանաջները։
Նախագծի կազմման համար հիմք է հանդիսացել Եվրոպական պառլամենտի և Խորհրդի 2008 թվականի մայիսի 21–ի 2008/50/ԵՀ «Մթնոլորտային օդի որակի ու Եվրոպայում առավել մաքուր օդի մասին», Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 15-ի 2004/107/ ԵՄ «Մթնոլորտային օդում մկնդեղի, կադմիումի, սնդիկի, նիկելի և պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների առկայության վերաբերյալ» հրահանգների և դրանց փոփոխումն ապահովող Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 23-ի 2024/2881/ԵՄ «Շրջակա միջավայրի օդի որակի և Եվրոպայի համար ավելի մաքուր օդի վերաբերյալ» հրահանգով սահմանված դրույթները։
Վերջին շրջանում տարբեր ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից իրականացվում է մթնոլորտային օդի որակի գնահատում կամայական տեղադիրք ունեցող կամայական սարքավորումների միջոցով և ստացված տվյալները հանրայնացվում է որպես մթնոլորտային օդի որակի ցուցանիշներ, ստացված տվյալները հրապարակվում է նաև միջազգային տարբեր հարթակներում, մասնավորապես․
- հրապարակվում են Երևան քաղաքի օդի աղտոտվածության վերաբերյալ Շվեյցարական տեխնոլոգիական IQAir ընկերության կայքի տվյալները,
- Երևանի քաղաքապետարանի կողմից շինարարական հրապարակներում ամերիկյան Clarity Node-S մեթոդաբանության հիման վրա տեղադրված տվիչների միջոցով դիտարկված փոշու մանր մասնիկների՝ PM5-ի և PM10-ի պարունակությունը։ Սարքավորումները տեղադրված են շինհրապարակներումում առկա աղտոտման աղբյուրի գտնվելու վայրից վերև և ներքև քամու ուղղությամբ, աղտոտման աղբյուրներից 6մ հեռավորության վրա, գետնից 2.5մ բարձրության վրա։ Այս սարքերից ստացված տեղեկատվությունը անմիջապես հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի կայքում, ինչպես նաև օդի որակի համաշխարհային հարթակներում (https://waqi.info/, https://www.clarity.io/air-quality-monitoring-solution/cloud/openmap և այլն) և թեժ կետերում չափված տվյալները հանրության կողմից ընկալվում են որպես Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ ցուցանիշներ։
Սակայն․
- Այս սարքավորումները տեղակայված են լոկալ, կամայական, իսկ Երևանի քաղաքապետարանի դեպքում թեժ աղտոտման աղբյուրների մոտ և չեն կարող հստակ բնութագրել Երևան քաղաքի օդի աղտոտվածության մակարդակը,
- Այդ սարքերը նախատեսված են լրացնելու ռեֆերենս՝ ճշգրիտ մեթոդներով աշխատող սարքերին, օդի որակի վերաբերյալ տարածական առումով ավելի շատ տեղեկատվություն ունենալու համար։
- Բավական զգայուն են արտաքին պայմանների նկատմամբ՝ բարձր խոնավություն, բարձր կամ ցածր օդի ջերմաստիճան, մեծ աղտոտվածություն։
- Սարքավորումներում տեղայնացված են ոչ ազգային օրենսդրությամբ սահմանված գնահատման չափանիշները, տեղայնացված են առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված նորմատիվները, որոնք գրեթե կրկնակի անգամ խստացված են ազգային նորմատիվների համեմատ, նույնիսկ ԵՄ երկրների օդի որակի դիրեկտիվներում 2030 թվականի համար առաջարկվող դիրեկտիվները չեն համընկնում ԱՀԿ-ի նորմատիվների հետ:
- Օդի որակի մարդու առողջության համար գնահատման աղյուսակները սահմանված չեն ազգային օրենսդրությամբ։
- Մթնոլորտային օդի աղտոտվածության չափման սարքերը, որոնք տեղադրված են շինհրապարակներում չեն կարող բնութագրել Երևան քաղաքի մթնոլորտային օդի փոշու մասնիկներով աղտոտվածության վիճակը, այլ կարող են բնութագրել միայն շինհրապարակում առկա իրավիճակը։
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել վերահսկելի և կառավարելի դարձնել նաև մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տեղեկատվության հանրայնացման և միջազգային հարթակներում հրապարակման գործընթացները։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով նախատեսվում է սահմանել․
- Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի իրականացման ընթացակարգը,
- Ստացված տվյալների հավաքման, վերլուծության և գնահատման ընթացակարգերը,
- Վերլուծության և գնահատման արդյունքում ստացված տեղեկատվության հանրայնացման, հրապարակման և տրամադրման ընթացակարգերը,
- Դրույթ այն մասին, որ մթնոլորտային օդի որակի պետական մոնիթորինգ իրականացնում է միայն շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ մասնագիտական կառույց) կողմից և մթնոլորտային օդի որակի տվյալներ կարող է տրամադրել միայն ՊՈԱԿ-ը,
- Դրույթ այն մասին, որ մթնոլորտային օդի որակի մոնիթորինգ կարող են իրականացնել նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնց կողմից ստացված տվյալները կարող են հրապարակվել, եթե
1) առկա է մասնագիտացված կառույցի կողմից տրամադրված մթնոլորտային օդի որակի մոնիթորինգ իրականացնող սարքավորումների ստուգաճշտումը հավաստող փաստաթուղթ,
2) մթնոլորտային օդի որակի մոնիթորինգ իրականացնելիս առաջնորդվել են օրենսդրությամբ սահմանված մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշներով, մեթոդաբանությամբ:
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
4․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ՝
- Կապահովվի իրավական հիմք մթնոլորտային օդի որակի գնահատման և հանրայնացման բնագավառում,
- կսահմանվեն մոնիթորինգի ենթակա հիմնական ցուցանիշները,
- Հստակ կտարանջվեն մթնոլորտային օդի որակի վերաբերյալ հանրությանը տեղեկատվություն տրամադրող մարմինների պարտականությունների շրջանակները,
- Այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տեղեկատվությունների հանրայնացումը կդառնա վերահսկելի և կառավարելի։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 13.4 և 13.5 կետերի կատարման, այն է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման անհրաժեշտությունից և համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի «4.10 Շրջակա միջավայր» բաժնի շրջակա միջավայրի կառավարման 11-րդ, 15-րդ և 17-րդ առաջնահերթ ուղղություններին
- մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը` ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը,
- հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մշտադիտարկման համակարգի արդիականացումը՝ դիտարկումների նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ,
- բնապահպանական օրենսդրության ներդաշնակեցումը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հրահանգներին և այդ համատեքստում միջազգային համագործակցության ընդլայնումը:
-
Discussed
12.08.2025 - 27.08.2025
-
Type
Decision
-
Area
Healthcare, Nature protection, Urban planning, Territorial administration and development, Emergency situations
-
Ministry
Ministry of Environment
-
Status
Views 1516
Print