Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են մի շարք իրավական, ինստիտուցիոնալ և
գործնական հիմնավորումներով, որոնք անհրաժեշտ են «Կինեմատոգրաֆիայի մասին» գործող օրենքի դրույթների
վերանայման և դրանց համապատասխանեցման համար՝ ՀՀ օրենսդրության ընդհանուր սկզբունքներին, իրական
իրավիճակին և ոլորտի զարգացման ընթացիկ պահանջներին։ Հաշվի առնելով, որ «Կինեմատոգրաֆիայի մասին»
գործող օրենքի մի շարք դրույթներ հակասում են ՀՀ օրենսդրության այլ ակտերին կամ չեն արտահայտում ոլորտի
իրական պահանջներն ու զարգացումը՝ անհրաժեշտ է օրենքի վերանայում, ձևակերպումների ճշգրտում և նոր
գործիքների ներդրում։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Օրենքի մի շարք հիմնական հասկացություններ (օրինակ՝ «կինոթատրոն», «ֆիլմ», «ֆիլմի ցուցադրում»,
«ֆիլմարտադրող», «ֆիլմի հիմնանյութ» և այլն) իրենց բովանդակությամբ չեն համապատասխանում ՀՀ գործող
օրենսդրության կիրառվող հասկացություններին։ Նման սահմանումների առկայությունը խոչընդոտում է օրենքի
հստակ ընկալմանը և կիրառելիությունը։ Հետևաբար, դրանց հստակեցումը և բովանդակային վերաիմաստավորումը
պայմանավորված է գործնական անհրաժեշտությամբ։ Գործող օրենքով ազգային մարմինը չունի որևէ ֆինանսական
գործիքներ և չի կարող իրականացնել ֆինասնական գործունեություն, սակայն ակնհայտ է, և օրենսդրի
տրամաբանությունից ենթադրվում է նման գործունեության իրականցումը: Նախագծով վերանայվել է «ազգային
ֆիլմ» հասկացությունը՝ այն առավել հստակեցնելու նպատակով։ Նախկին ձևակերպումը չէր ապահովում ազգային
ֆիլմերի սահմանման բովանդակային ճշգրտություն։ Առաջարկվում է նաև դադարեցնել մի շարք հոդվածների
գործողությունը, քանի որ դրանք կրկնվում են կամ հակասում են օրենսդրության այլ նորմերին:
Ստորև նշվում է յուրաքանչյուր հոդվածի և կետի առաջարկվող փոփոխությունները և լրացումները իրենց
հիմնավորումներով՝
Հոդված 1. «Կինեմատոգրաֆիայի մասին» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի (այսուհետ՝
Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը դադարեցնել։
2) Եթե միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն
օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Սույն մասի գործողությունը դադարեցնելը հիմնավորվում է նրանով, որ ՀՀ Սահմանդրության 5-րդ հոդվածով
սահմանված է իրավական նորմերի աստիճանակարգությունը, մասնավորապես նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության
դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Ուստի իրավական ակտերի կառուցակարգերի իմաստով
կարծում ենք նպատակահարմար չէ նույն աստիճանակարգումը կրկնել նաև «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ
օրենքում:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին և 2-րդ կետերի գործողությունը դադարեցնել.
Օրենքի 13-րդ հոդվածով արդեն իսկ տրվում է «ազգային ֆիլմ» հասկացության սպառիչ բացատրությունը,
այդ իսկ պատճառով անհարկի կրկնությունից խուսափելու նպատակով առաջակվում է դադարեցնել Օրենքի 3-րդ
հոդվածի 1-ին մասի 1-ին կետի գործողությունը:
«Աջակցող» հասկացության առկայությունը Օրենքում առարկայազուրկ է, քանի որ ՀՀ քաղաքացիական
օրենսգրքով արդեն իսկ առկա են կարգավորումներ նման գործընթացներ իրականցնելու համար, բացի այդ սույն
փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ ազգային մարմինը չի հանդիսանալու աջակցող:
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Սույն կետը նոր խմբագրությամբ շարադրելը նպատակ է հետապնդում առավել հստակեցնել դրամագլխի
հասկացությունը և համապատասխանեցնել այն օրենսդրությանը:
3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) կինեմատոգրաֆիա` մշակույթի և արվեստի ոլորտ, որը ներառում է մասնագիտական,
ստեղծագործական, արտադրական, տեխնիկական, գիտական և կրթական գործունեության համակցություն՝ ուղղված
ֆիլմի ստեղծմանն ու օգտագործմանը»:
Կինեմատոգրաֆիա հասկացությունը նեղ իմաստով վերաբերում է ֆիլմի ստեղծման գործընթացին, իսկ
տարածումը՝ կոմերցիոն, կազմակերպչական և իրավական առանձին գործընթաց է: Փոփոխությունը նպատակ է
հետապնդել հստակեցնել և որոշակիացնել հասկացությունը։
4) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) կինոթատրոն` ֆիլմի ցուցադրման համար նախատեսված վայր, որը հագեցված է էկրանով և
տեխնիկական միջոցներով»։
Սույն կետը նոր խմբագրությամբ շարադրելը նպատակ է հետապնդում օրենսդրությունը մոտեցնել իրականում
Հայատանում առկա իրավիճակին, քանի որ ոչ բոլոր կինոթատրոնները, հատկապես մարզերում գործող, ունեն
պայմաններ 50 և ավելի դիտողներ ապահովելու համար:
5) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) կինոժառանգություն` ֆիլմեր, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը ունի ոչ գույքային և
գույքային իրավունքներ, ինչպես նաև այնպիսի ֆիլմեր, որոնց հիմնանյութը փոխանցվել է Հայաստանի
Հանրապետության պահպանությանը»։
6) 11-րդ կետում հանել «ազգային» բառը.
Գործող կարգավորումը չի բխում Օրենքի տրամաբանությունից, ինչպես նաև չի համապատասխանում
կինեմատոգրաֆիայի ոլորտում պետության շահերին, քանի որ կինոռեեստրում տեղ են գտնելու ոչ միայն ազգային
ֆիլմերը: Համապատասխան փոփոխություններ անհրաժեշտ է կատարել նաև ՀՀ Կառավարության 07.12.2023թ. N
2127-Ն որոշման մեջ:
7) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13) կինոփառատոն` մշակութային միջոցառում, որը հանդիսանում է նպատակային ընտրված ֆիլմերի
ցուցադրություն, տեղի է ունենում դրա կազմակերպիչների կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան և
կարող է իր մեջ ներառել մեկ և ավելի անվանակարգերում ֆիլմերի մրցութային ծրագիր»:
Սույն կետը նոր խմբագրությամբ շարադրելը նպատակ է հետապնդում առավել հստակեցնել կինոփառատոն
հասկացությունը:
8) 15-րդ կետի գործողությունը դադարեցնել.
Օրենքի 26-րդ հոդվածով արդեն իսկ տրվում է համատեղ արտադրություն հասկացության սպառիչ
բացատրությունը, այդ իսկ պատճառով անհարկի կրկնությունից խուսափելու համար առաջակվում է դադարեցնել
Օրենքի վերոնշյալ կետի գործողությունը:
9) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21) ստեղծագործական խումբ` ֆիլմի ստեղծմանը մասնակցող աշխատախումբ, այդ թվում` բեմադրող
ռեժիսոր, սցենարի հեղինակ, հատկապես տվյալ ստեղծագործության համար ստեղծված երաժշտական
ստեղծագործության հեղինակ, երկխոսության հեղինակ, բեմադրող օպերատոր»։
Սույն կետի փոփոխությունը պայմանավորված է այն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների
մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածին համապատախանեցնելու նպատակով։
10) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
22) «վարձութային վկայական` Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի տարածման և
ցուցադրման համար պարտադիր հանդիսացող ազգային մարմնի կողմից տրամադրվող թույլտվություն:
Սույն փոփոխությունը կատարելով պարզեցվում է վարձութային վկայականի տրամադրման նպատակը և
ավելի է հստակեցվում առանց տվյալ փաստաթղթի ֆիլմի տարածելու և ցուցադրութուն իրականցնելու
անհնարինությունը:
12) 23-րդ կետի գործողությունը դադարեցնել.
Տնտեսավարող սուբյեկտ հասկացության ներառումը Օրենքում անտեղի է, քանի որ այն չունի ոլորտին
հատուկ բովանդակային հղում, չի արտահայտում կինեմատոգրաֆիայի գործընթացների բնույթը և հստակություն չի
ապահովում:
13) 23.1 կետը «ապրանքների և ծառայությունների» բառերը փոխարինել «ապրանքների,
ծառայությունների և աշխատանքների» բառերով
Սույն կետով լրացվում է այն ծախսերի ցանկը, որոնց դեպքում ֆիլմարտադրողները կարող են ստանալ
ներդրումների մասնակի վերադարձը, մասնավորապես ձեռք բերված աշխատանքների մասով:
14) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24) ֆիլմ` տեսալսողական ստեղծագործություն, որը ստեղծվել է գեղարվեստական, վավերագրական,
գիտահանրամատչելի, կրթական, անիմացիոն, հեռուստատեսային կամ այլ ձևով ստեղծագործական հայեցակարգի
հիման վրա, որը բաղկացած է կինոժապավենի կամ այլ կրիչների վրա ձայնագրված պատկերներից և միացված
հաջորդաբար փոխկապակցված շրջանակների թեմատիկ ամբողջության մեջ և նախատեսված է համապատասխան
տեխնիկական սարքերի օգնությամբ ընկալելու համար:»։
Սույն կետը նոր խմբագրությամբ շարադրելը նպատակ է հետապնդում առավել հստակեցնել «ֆիլմ»
հասկացությունը:
15) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26) ֆիլմ տարածող (դիստրիբյուտոր)` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը իրավունք ունի ֆիլմ
տարածելու ինչպես նաև իրականացնում կամ կազմակերպում է դրա տարածումը:»։
Քանի որ Օրենքից դուրս է գալիս տնտեսավարող սուբյեկտ եզրույթը, անհրաժեշտություն է առաջացել
հստակեցնել այս կետը ևս:
16) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27) ֆիլմ ցուցադրող` ֆիլմի ցուցադրումը կազմակերպող կամ իրականացնող իրավաբանական անձ։»։
Քանի որ Օրենքից դուրս է գալիս «տնտեսավարող սուբյեկտ» եզրույթը, անհրաժեշտություն է առաջացել
հստակեցնել այս կետը ևս:
17) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28) ֆիլմարտադրող` ստեղծագործական խմբի հետ կնքված պայմանագրերի հիման վրա ֆիլմի նկատմամբ
բացառիկ գույքային և ոչ գույքային իրավունքներ ունեցող իրավաբանական անձ, որը նախաձեռնել և
պատասխանատվություն է ստանձնել ֆիլմի ֆինանսավորման, արտադրության և տարածման համար:»։
Քանի որ Օրենքից դուրս է գալիս «տնտեսավարող սուբյեկտ» եզրույթը, անհրաժեշտություն է առաջացել
հստակեցնել այս կետը ևս, ինչպես նաև ավելի հստակեցվել է ֆիլմարտադրող հասկացությունը:
18) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31) ֆիլմի հիմնանյութ` նեգատիվը, հակատիպը, ֆիլմի հսկիչ պատճենը, վերաձայնագրման բնօրինակ
մագնիսական հնչյունագրերը, երաժշտությունը, աղմուկը, ձայնասկավառակը և ցանկացած նյութական ձևով ֆիլմը
վերարտադրելու համար անհրաժեշտ այլ նյութեր։»։
Սույն կետը նոր խմբագրությամբ շարադրելը նպատակ է հետապնդում առավել հստակեցնել ֆիլմի
հիմնանյութ հասկացությունը:
19) 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35) ֆիլմի ցուցադրում` ֆիլմի հրապարակային ցուցադրում կինոթատրոնում, կամ հեռարձակում եթերով,
կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ և այլ տեխնիկական միջոցներով։»
Սույն կետը նոր խմբագրությամբ շարադրելը նպատակ է հետապնդում առավել հստակեցնել ֆիլմի
ցուցադրություն հասկացությունը:
20) Լրացնել 36-րդ կետը հետևյալ բովանդակությամբ
«36) պետական ֆինանսավորում` պետական բյուջեի միջոցների հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտին
տրամադրվող ֆինանսավորում։»։
Օրենքի մի շարք հոդվածներում օգտագործվում է պետական ֆինանասավորում հասկացությունը, ինչի
պատճառով անհրաժեշտություն է առաջացել ավելի հստակ ձևակերպել այն Օրենքում:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում հանել «և շահերի բախման
կառավարելիությունը» բառերը.
Ազգային մարմնի կանոնադրությամբ շահերի բախման կառավարելիության գործառույթ վերապահված չէ, այդ
իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել կատարել սույն փոփոխությունը:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի գործողությունը դադարեցնել.
Սույն կետերում նշված գործառույթները նեղ մասնագիտական բնույթ են կրում, ուստի պահանջում են
համապատասխան մասնագիտացված մոտեցում: Արդյունավետության բարձրացման նպատակով նպատակահարմար է
որպեսզի դրանց մշակումը և հաստատումը կատարվի ոլորտային մասնագետների մասնակցությամբ: Այս
պայմաններում գործընթացը կկազմակերպվի ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի
կողմից՝ համագործակցելով ազգային մարմնի հետ և հիմնվելով համատեղ քննարկումների արդյունքների վրա:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10) հաստատում է պետական ֆինանսավորում տրամադրելու մասնաբաժինները և սահմանաչափերը, այդ
նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպման և անցկացման կարգը։»։
Վերը նշված մեկնաբանությունը այս կետին նույնպես վերաբերվում է:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1) հանդիսանում է կինեմատոգրաֆիայի ոլորտի հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ
հիմունքներով կառավարող կազմակերպություն։»։
Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն՝ հեղինակային և հարակից իրավունքների
արդյունավետ պաշտպանությունն ու իրացումը, այդ թվում՝ գույքային իրավունքների կառավարման կազմակերպման
հարցերը, կարող են իրականացվել կոլեկտիվ հիմունքներով գործող կառավարման կազմակերպությունների միջոցով:
Նկատի ունենալով, որ հիմնադրամը հանդիսանում է ՀՀ կողմից ստեղծված և պետական քաղաքականություն
իրականացնող մշակութային կառույց՝ տրամաբանական և իրավաչափ է, որ այն ունենա իրավասություն
իրականացնել նաև գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարում: Միևնույն ժամանակ, հիմնադրամը, ունենալով
բացառապես ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ, կիրականացնի նշված գործառույթը թափանցիկ և
հաշվետու՝ ապահովելով հեղինակների շահերի պաշտպանությունը և գործառընթացի համահունչ լինելը պետական
մշակութային քաղաքականության նպատակներին։
Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
1. Ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության հիմնադրած մշակութային հիմնադրամ է, որն ունի
Օրենքով սահմանված բացառիկ լիազորություններ:
2. Ազգային մարմինը իր կողմից կամ իր միջոցով ֆինանսավորված ֆիլմերի նկատմամբ ձեռք է բերում
գույքային իրավունքներ, ինչպես նաև կարող է իրականացնել ֆիլմարտադրության հետ կապված ձեռնարկատիրական
գործունեություն ինքնուրույն կամ այլ տնտեսավարող սուբյեկտի միջոցով, որում ունի բաժնեմասնակցություն կամ
հնարավորություն` կանխորոշելու վերջինիս կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդելու նրանց
որոշումների կայացման վրա:»։
Գործող օրենքը զրկում է ազգային մարմնին ֆիլմարտադրության շղթայում իրական մասնակցություն
ունենալու հնարավորությունից՝ սահմանափակելով նրա դերը որպես միայն աջակցող: Սա խոչընդոտում է ոչ միայն
նրա արդյունավետությունը, այլ նաև՝ ոլորտում երկարաժամկետ ռազմավարությունների իրականացումը:
Առաջարկվող փոփոխությամբ ազգային մարմնին տրվում է գործիքակազմ՝ մասնակցելու արտադրական
գործընթացներին, ներդրումներ կատարելու, գույքային իրավունքներ ձեռք բերելու և շահույթը հետագա
ֆինանսավորման նպատակով վերաբաշխելու համար։ Սա խթան կհանդիսանա հայաստանյան կինոարտադրության
մրցունակության և կենսունակության բարձրացման գործում։ Եթե պետության կողմից ֆինանսավորվող ֆիլմերի
նկատմամբ գույքային իրավունքները չեն ամրագրվում ազգային մարմնի կամ պետության վրա, ապա դրանք դուրս են
մնում վերահսկողությունից։
Առաջարկվող փոփոխություններով պետությունն ու ազգային մարմինը կկարողանան տնօրինել այդ
իրավունքները՝ թույլ տալով վերահսկել պետական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «ղեկավարը՝ ի պաշտոնե»
բառերը փոխարինել «ներկայացուցիչը» բառով
Ղեկավարների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով՝ նպատակահարմար է, որպեսզի ազգային մարմնի
խորհրդի կազմում պետական մարմինների ղեկավարների փոխարեն ընդգրկել նրանց լիազորված
ներկայացուցիչներին, ինչը կնպաստի խորհրդի աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը:
Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Ազգային ֆիլմ է համարվում այն ֆիլմը, որը միաժամանակ բավարարում է հետևյալ բոլոր
պայմաններին.
1) ֆիլմի ստեղծագործական խմբի կեսից ավելին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.
2) ֆիլմարտադրությանը մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտ կազմակերպություն։
3) ֆիլմի բնօրինակը հայերեն է, կամ Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային
փոքրամասնություններից որևէ մեկի լեզվով, բացառությամբ այն դեպքերի, երբ օտար լեզվի օգտագործումը ֆիլմում
հանդիսանում է ստեղծագործական գաղափարի անբաժանելի մաս.
2. Ազգային ֆիլմեր են համարվում նաև այն ֆիլմերը, որոնց գույքային իրավունքները փոխանցվել են
Հայաստանի Հանրապետությանը կամ ազգային մարմնին:
3. Ազգային ֆիլմի կարգավիճակ տրվում է Լիազոր մարմնի որոշմամբ՝ Կառավարության կողմից սահմանված
կարգով։»
Սույն փոփոխություններով առաջին հերթին մեղմացվում են ազգային ֆիլմ համարվելու պայմանները՝
վերացնելով ֆիլմի սցենարի հեղինակի և (կամ) բեմադրող ռեժիսորի ՀՀ քաղաքացի լինելու պարտադիր պայմանը:
Միաժամանակ սահմանվում է, որ ազգային ֆիլմ կարող է համարվել միայն այն ֆիլմը, որը արտադրվել է ՀՀ
ռեզիդենտ կազմակերպությունների կողմից և պարտադիր հայերեն լեզվով, ինչը բնակաբար բխում է «ազգային
ֆիլմ» որակմանը ներկայացվող էության և բովանդակության պահանջներից:
Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «Ազգային» բառը.
2) 2-րդ մասում «կինոժառանգության հանրային օգտագործումը կազմակերպելու նպատակով ազգային
ֆիլմի փաստաթղթերը» բառերը փոխարինել «կինոժառանգության օգտագործումը կազմակերպելու նպատակով ֆիլմի
փաստաթղթերը» բառերով.
3) 3-րդ մասի գործողությունը դադարեցնել։
ՀՀ կառավարության 18.01.2024 թվականի N 92-Ն որոշմամբ սահմանվում է վարձությաին վկայական
տրամադրելու ընթացակարգը: Նույն որոշմամբ նաև սահմանված է, որ վարձութային վկայականը տրամադրելուց
հետո ֆիլմերը մուտքագրվում են կինոռեեստր, ընդ որում, ինչպես ազգային ֆիլմերը, այնպես էլ բոլոր այլ ֆիլմերը:
Սույն փոփոխությունը կատարվում է իրավական ակտերը միմյանց համապատասխանեցնելու անհրաժեշտությունից
ելնելով:
«Հանրային օգտագործում» տերմինը իրավական առումով պատշաճ ձևակերպում չէ, և դրա կիրառումը չի
ապահովում իրավական որոշակիության պահանջը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթներով արդեն իսկ առկա են նման գործընթացներ իրականցնելու համար
անհրաժեշտ կարգավորումներ:
Սույն կետի գործողությունը դադարեցնելը նպատակ է հետանդում հավասար պայմաններ ստեղծել բոլոր
ֆիլմ ցուցադրողների համար՝ բացառելով որևէ մեկի արտոնյալ կարգավիճակը:
Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածի գործողությունը դադարեցնել ։
Պետական աջակցությունը տվյալ հոդվածում սահմանված ընթացակարգերով և պայմաններով
նպատակահարմար չէ:
Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) վերնագրում «Պետական բյուջեի հաշվին ֆինանսավորումը» բառերը փոխարինել «Պետական
ֆինանսավորում» բառերով։
2) 1-ին մասում «Պետական բյուջեի հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորումն
իրականացվում է» բառերը փոխարինել «Պետական ֆինանսավորումն իրականացվում է» բառերով.
3) 3-րդ մասում «Կառավարության» բառը փոխարինել «Լիազորված պետական մարմնի» բառերով.
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) Յուրաքանչյուր տարվա համար հատկացված պետական ֆինանսավորումը ամբողջությամբ
չօգտագործելը հիմք չէ հաջորդ տարվա համար պետական ֆինանսավորման միջոցներ չնախատեսելու կամ պակաս
նախատեսելու համար:»։
5) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5) պետական ֆինանսավորման տվյալ տարում հատկացված և չօգտագործված միջոցները մինչև հաջորդ
տարվա առաջին եռամսյակի ավարտը փոխանցվում են դրամագլխին:»։
6) 6-րդ մասի գործողությունը դադարեցնել։
Սույն հոդվածով սահմանված փոփոխությունները նպատակ ունեն համապատասխանեցնել բոլոր դրույթները
Օրենքին՝ կատարվելիք բոլոր փոփոխությունների արդյունքում առաջացած անհրաժեշտությունից ելնելով:
Օրենքի 13-րդ հոդվածով արդեն իսկ կարգավորվում է ներդրումների մասնակի վերադարձի դրամական
ծախսերի ֆինանսավորման գործընթացը, այդ իսկ պատճառով անհարկի կրկնությունից խուսափելու նպատակով
առաջակվում է դադարեցնել Օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի գործողությունը:
Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում «շահառուներին տրամադրվում են ազգային ֆիլմերի
ստեղծման, տարածման և կինոժառանգության պահպանման նպատակով» բառերը փոխարինել «օգտագործվում են
ազգային մարմնի կանոնադրական նպատակների իրականացման համար» բառերով։
Ներկայիս գործող ձևակերպումը սահմանափակում է ազգային մարմնի լիազորությունները դրամագլխի
կառավարումից ստացված եկամուտների բաշխման մասով, իսկ սույն փոփոխությունը թույլ է տալիս առավել
արդյունավետ տնօրինել դրամագլխին հատկացվող դրամական միջոցները:
Հոդված 15. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում «Կառավարության» բառը փոխարինել «Լիազորված
պետական մարմնի» բառերով։
Քանի որ արդեն, իսկ նախատեսվել է փոփոխություն որ պետական ֆինանսավորում տրամադրելու
նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպման և անցկացման կարգը հաստատում է Լիազորված պետական
մարմնի կողմից, ապա այս կետի փոփոխությունը դրա տրամաբանական շարունակությունն է:
Հոդված 16. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1.Համատեղ արտադրություն է համարվում օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ
ֆիլմարտադրողների կողմից համատեղ իրականացվող այն ֆիլմարտադրությունը, որը բավարարում է հետևյալ
չափանիշներին.
1) համատեղ արտադրողներից յուրաքանչյուրի մասնակցությունը իրականացվում է ֆինանսական,
ստեղծագործական և տեխնիկական ուղղություններով
2) համատեղ արտադրողներից յուրաքանչյուրի ստեղծագործական, տեխնիկական և դերասանական
անձնակազմին, կատարողներին և տեխնիակական միջոցներին առնչվող մասնակցությունը համամասնական է նրանց
ֆինանսական ներդրմանը.
3) ֆիլմի նկարահանման անձնակազմը բաղկացած է համատեղ արտադրողների պետությունների
քաղաքացիներից
4) ֆիլմի հետարտադրությունը իրականացվել է համատեղ արտադրողների պետություններում
5) առկա է համատեղ արտադրության պայմանագիր, որն ունի եկամուտների բաշխմանը վերաբերող
դրույթներ, սահմանում է յուրաքանչյուր համատեղ արտադրողի գույքային և ոչ գույքային իրավունքները, ապահովում
է նրա համար ֆիլմի նյութերի հասանելիությունը։»։
2) 2-րդ մասի գործողությունը դադարեցնել.
Սույն հոդվածով սահմանված փոփոխությունները նպատակ ունեն համապատասխանեցնել համատեղ
արտադրության հասկացությունը ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերին, ինչպես նաև ներպետական
օրենսդրությանը։ Ելնելով այն տրամաբանությունից որ, եթե ֆիլմը համապատասխանի ազգային ֆիլմ համարվելու
պայմաններին այն արդեն ինքին օգտվելու է ազգային ֆիլմին Օրենքի համաձայն վերապահվող առավելություններից,
այդ իսկ պատճառով սույն մասի անհրաժեշտությունը բացակայում է:
Հոդված 17. Օրենքի 27-րդ հոդվածի գործողությունը դադարեցնել
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով արդեն իսկ սահմանված է
պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար:
Հոդված 18. Օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի գործողությունը դադարեցնել։
Քանի որ մի շարք Կառավարության որոշումներն ու այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունվել են ավելի
ուշ քան սույն մասով նախատեսված 6 ամիսը, իսկ մի շարք այլ ակտեր դեռ պետք է ընդունվեն, այդ իսկ պատճառով
սույն կետը չի համապատասխանում ներկայումս գոյություն ունեցող իրավիճակին:
3. Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի ընդունումը պայմանավորված է իրավական հստակեցման, ֆինանսական կայունության ապահովման,
ոլորտի զարգացման խթանման և օրենսդրական բացերի վերացման անհրաժեշտությամբ։ Ներկայացվող
փոփոխությունները միտված են՝
• ամրապնդել կինեմատոգրաֆիայի ոլորտի իրավական և ինստիտուցիոնալ հիմքերը,
• մշակութային արտադրանքի աջակցման արդիական մեխանիզմներ ներդնել,
• բարձրացնել ազգային ֆիլմարտադրության մրցունակությունը ինչպես ներքին, այնպես էլ միջազգային
մակարդակներում։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի մասնագետների կողմից:
5. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի
բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
Չկան:
6. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
Հստակեցնել իրավական սահմանումները և ապահովել օրենսդրական ամբողջականություն,
Տրամադրել ազգային մարմնին բավարար իրավասություններ՝ ոլորտի պետական աջակցության արդյունավետ
համակարգ ապահովելու համար,
Նվազեցնել իրավական հակասությունները և բացառել բազմիմաստ մեկնաբանությունները,
Ներդնել Նոր մոդելներ՝ ֆիլմերի պետական աջակցությունը պայմանավորելով դրանց մշակութային
արժեքով, ստեղծագործական մակարդակով և հանրային հասանելիությամբ։
7. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման
անհրաժեշտություն.
1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
«Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և
ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը հաստատելու մասին» ՀՀ
կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի N 92-Ն որոշման մեջ փոփոխություններ:
«Կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը
հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 2127-Ն որոշման մեջ
փոփոխություններ:
2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
8. Այլ տեղեկություններ.
Չկան: