«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
Համաձայն «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի՝ ազատ տնտեսական գոտու տարածքում գործում է ձեռնարկատիրական և այլ գործունեության իրականացման առանձնահատուկ (հատուկ իրավական) ռեժիմ, որի էությունը շահագործողների համար բարենպաստ պայմանների ստեղծումն է, այդ թվում՝ ԱԱՀ-ի վճարման արտոնության տրամադրումը։
ՀՀ հակային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 23-րդ կետի համաձայն՝ ԱԱՀ-ից ազատվում են ազատ տնտեսական գոտու կազմակերպչին և ազատ տնտեսական գոտու շահագործողին ծառայությունների մատուցումը, ազատ տնտեսական գոտու կազմակերպչի և ազատ տնտեսական գոտու շահագործողի համար աշխատանքների կատարումը, ազատ տնտեսական գոտու տարածքում ապրանքների մատակարարումը։ Սակայն հարկ է նշել, որ սույն դրույթը չի նախատեսում բարենպաստ պայմանների ստեղծում ազատ տնտեսական գոտու կազմակերպչի և շահագործողների համար։ Ավելին, ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը և շահագործողները ոչ միայն չունեն ԱԱՀ վաճարման բարենպաստ պայմաններ, այլ որոշ դեպքերում կարող են հայտնվել նվազ բարենպաստ պայմաններում, քան սովորական ռեժիմով աշխատող տնտեսվարողները։
Հարկ է ընդգծել, որ գործարքների և գործառնությունների՝ ԱԱՀ-ից ազատման վերոնշյալ դրույթը բխել է «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի նախկին տարբերակի տրամաբանությունից, երբ ազատ տնտեսական գոտու տարածքը համարվել է ՀՀ մաքսային տարածքից դուրս համարվող ՀՀ կառավարության սահմանած հատուկ տարածք։
Նախագծով նախատեսվում է ազատ տնտեսական գոտու կազմակերպչի և շահագործողների համար ստեղծել բարենպաստ պայման՝ որպես ԱԱՀ-ից ազատված գործարք նախատեսելով նաև ազատ տնտեսական գոտու տարածքում ծառայությունների մատուցման գործարքները։ Միաժամանակ, Նախագծով առաջարկվում է նաև սահմանել անցումային դրույթ՝ մինչև Նախագծի ուժի մեջ մտնելը կատարված գործարքների նկատմամբ չկիրառելով ՀՀ հարկային օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, քանի որ վերջինիս կիրառումը խիստ վատթարացնող պայմանները կստեղծի ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալող տնտեսվարողների համար՝ վերջիններիս համար առաջացնելով մեծ ֆինանսական բեռ և հանգեցնելով ազատ տնտեսական գոտու տարածքում գործունեության իրականացման ոչ շահավետ, նույնիսկ, վնասակար լինելուն։
Միաժամանակ, հարկ է նշել, որ հաշվի առնելով ծրագրային ապահովման մշակում, տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակում և կիրառում, օպերատիվ ռեժիմում կրիպտոակտիվների՝ բիտկոինների և այլ ալտկոինների ստեղծում գործունեության տեսակների իրականացման առանձնահատկությունը՝ սույն նախագծով նախատեսվող փոփոխությունը չի վերաբերում գործունեության այդ տեսակներով մատուցվող ծառայություններին։
Առաջարկվող Նախագծի ընդունումը հնարավորություն կտա խթանել ազատ տնտեսական գոտիների գործունեությունը՝ ներգրավելով նոր շահագործողներ, նպաստել ազատ տնտեսական գոտիների զարգացմանը, նոր ներդրումների (այդ թվում՝ օտարերկրյա) ներգրավմանը։ Այն, միաժամանակ, կնպաստի նաև ՀՀ ազատ տնտեսական գոտիների միջազգային մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև ՀՀ ներդրումային գրավչության բարձրացմանը։
-
Discussed
25.06.2025 - 10.07.2025
-
Type
Law
-
Area
Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
Views 1175
Print