Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____________________2025 թվականի   N     - Ն

 

ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8․2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝
  • Ջերմատնային տնտեսություններում աշխատանքի անվտանգության կանոնները՝ համաձայն N 1 հավելվածի.
  • Բաց դաշտում և այգիներում աշխատանքի անվտանգության կանոնները համաձայն N 2 հավելվածի։
    1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Հայաստանի Հանրապետության

                        վարչապետ                                                                      Ն.  Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2025 թվականի
———— -ի         N — -Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

 

1․ Սույն կանոններով կարգավորվում են ջերմատնային տնտեսություններում աշխատանքի  անվտանգության հետ կապված հարաբերությունները։

2․ Ջերմատնային տնտեսությունները հանդիսանալով հատուկ կառույցներ, որտեղ իրականացվում են արտադրական տարատեսակ գործընթացներ, աշխատանքներում ներգրավված են ինչպես տարբեր մասնագիտացում ունեցող աշխատողներ, այնպես էլ բանվորական աշխատուժ, ուստի աշխատանքի անվտանգության նպատակով սահմանվում են համապատասխան պահանջներ, որոնց ապահովման համար ջերմատնային տնտեսության ղեկավարը պարտավոր է՝

  • ջերմատան աշխատողների համար կազմակերպել  լրացուցիչ ուսուցում՝ հրդեհային անվտանգության հրահանգների, աշխատանքի անվտանգ գործելակերպերի և իրականացվող միջոցառումների վերաբերյալ.
  • ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ ջերմատան աշխատողների համար կազմակերպել աշխատանքի անվտանգության հրահանգների վերաբերյալ ուսուցումներ կամ վերապատրաստումներ, չպլանավորված և նպատակային հրահանգավորումներ՝ տեխնոլոգիական, արտադրական սարքերի, սարքավորումների, գործիքների փոխարինման կամ կատարելագործման, աշխատանքի կազմակերպման և աշխատանքային պայմանների փոփոխության դեպքերում․
  • ջերմատանը ապահովել անվտանգության պահանջներն ազդարարող նշանների առկայությունը, դրանք են՝ արգելող  նշանները  (ցույց են տալիս որոշ գործողությունների կատարման արգելքը), պարտադիր նշանները (հուշում են պարտադիր գործողությունների մասին, օրինակ՝ անհատական պաշտպանիչ միջոցներ կրելու վերաբերյալ), նախազգուշացնող նշանները (զգուշացնում են առկա ռիսկերի մասին), հրդեհաշիջման սարքավորումների նշանները (տեղեկատվություն հրդեհի մարման կամ հրդեհից խուսափելու համար նախատեսված սարքավորումների կամ միջոցների առկայության   մասին)․
  • ջերմատան տարածքները պետք է ունենան հարթ և չսահող հատակներ: Դռները և դարպասները պետք է ունենան հեշտությամբ բացվելու հնարավորություն․
  • աշխատանքի ընթացքում թունաքիմիկատների ժամանակավոր պահպանման համար պետք է հատկացվեն հատուկ պահեստներ կամ առանձնացված տարածքներ, որտեղ արգելվում է սնունդ, ջուր, անասնակեր, կենցաղային իրեր պահելը․
  • սրսկումներից հետո չօգտագործված թունաքիմիկատների մնացորդները պետք է վերադարձվեն պահեստ և գրանցամատյանում կատարվեն համապատասխան նշումներ․
  • արգելվում է թունաքիմիկատներից ազատված տարաները, պարկերը լցնել ջրավազանների, գետերի, ջրատարների մեջ, այրել կամ թողնել հարակից տարածքներում․
  • թունաքիմիկատներ տեղափոխող փոխադրամիջոցները պետք է ապահովված լինեն անհատական ​​պաշտպանության միջոցներով, առաջին բուժօգնության համար նախատեսված պայուսակով և կրակմարիչներով։

3․ Ջերմատնային տնտեսություններում ներգրավված աշխատողները պետք է՝

  • լինեն 18 և ավելի տարիքի․
  • աշխատանքի ընդունվելիս անցնեն բժշկական զննում․
  • կրեն արտահագուստ, ձեռնոց և անջրաթափանց կոշիկ․
  • աշխատանքի ընթացքում լինեն ուշադիր, զգոն, չշեղեն այլ անձանց ուշադրությունը, թույլ չտան աշխատավայրում կողմնակի անձանց ներկայությունը, աշխատատեղը պահեն մաքուր և կարգավորված վիճակում․
  • էլեկտրական ամբարձիչի վրա երկու և ավել աշխատողների կողմից աշխատանքների իրականացման ընթացքում գործողությունները փոխհամաձայնեցնեն․
  • պահպանեն աշխատանքային ներքին կանոնները, հրդեհային և էլեկտրական անվտանգության միջոցառումները, սարքավորումների գործարկման պահանջները, ինչպես նաև խնամքով ու նպատակային օգտագործեն անհատական պաշտպանության միջոցները․
  • պահպանեն անձնական հիգիենայի կանոնները, սնունդ ընդունեն, ծխեն, հանգստանան այդ նպատակի համար առանձնացված տարածքներում և վայրերում․
  • անհրաժեշտության դեպքում ցուցաբերեն առաջին բժշկական օգնություն, իրազեկված լինեն այդ նպատակի համար նախատեսված միջոցների գտնվելու վայրերի, գլխավոր և պահուստային մուտքերի, վթարի կամ հրդեհի դեպքում՝ տարհանման ուղիների մասին, առանց ջերմատան ղեկավար անձանց գիտության իրեն հանձնարարված աշխատանքը չփոխանցեն այլ անձանց․
  • կրակի բռնկման վտանգի առկայության կամ հրդեհի դեպքում անջատել էլեկտրական սարքավորումները, փակել գազատարի փականները, անմիջապես հայտնել հրդեհային անվտանգության ծառայությանը և ջերմատան ղեկավարին, հրահանգներին համապատասխան իրականացնել հրդեհի մարումը՝ ջերմատանը առկա հրդեհաշիջման միջոցներով,  հնարավորության դեպքում՝ հրավտանգ նյութերը  տեղափոխել անվտանգ հեռավորության վրա, իսկ կյանքին վտանգ սպառնալու դեպքում՝ լքել ջերմատան տարածքը.
  • դժբախտ պատահարի դեպքում տուժողին անհապաղ ցուցաբերել առաջին բժշկական օգնություն, պատահարի մասին հայտնել անմիջական ղեկավարին, իսկ շրջապատի մարդկանց համար վտանգի բացակայության դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սարքավորումների անվնաս պահպանման համար.
  • աշխատանքի ավարտից հետո աշխատավայրը բերել մաքուր, անվտանգ վիճակի, արտահագուստը հանել և տեղավորել դրա համար նախատեսված պահարանում, լվանալ ձեռքերը և դեմքը, հնարավորության դեպքում ցնցուղ ընդունել։

4․ Ջերմատնային տնտեսություններում աշխատանքը սկսելուց առաջ ղեկավարը   պարտավոր է՝

  • ստուգել, որ ջերմատունը լինի բավարար լուսավորված, անցուղիները և ելքուղիները փակված չլինեն այլ իրերով, ապահովել աղբամանների կամ աղբատարների առկայությունը․
  • ստուգել ջերմատան օդում ածխաթթու գազի պարունակությունը, եթե բույսերին տրված ածխաթթու գազի բաղադրության մեջ ուղեկցող գազերի պարունակությունը բարձր է թույլատրելի նորմայից, ապա օդափոխել ջերմատունը․
  • ստուգել հրդեհաշիջման, հակահրդեհային և անհատական պաշտպանության միջոցների առկայությունը և դրանց սարքին լինելը, իսկ անսարքության հայտնաբերման դեպքում՝ ձեռնարկել դրանց վերացմանն ուղղված միջոցառումներ։

5․  Ջերմատնային տնտեսություններում արգելվում է՝

  • փոփոխել, վերածրագրավորել կամ միացնել և անջատել որևէ սարքավորում, համակարգչային սարք կամ ավտոմատ անջատիչներ․
  • այլ ջերմատներից կամ ցանկացած այլ վայրերից չստուգված և առանց թույլտվության բույսերի մուտքը ջերմատուն կամ ջերմատան ներսում բույսերի տեղափոխությունը․
  • որպես սնունդ օգտագործել չլվացված բանջարեղեններ ու պտուղներ․
  • աշխատել անսարքություններ ունեցող սարքերով, սարքավորումներով և գործիքներով, իսկ դրանց անսարքության վերացման դեպքում՝ աշխատանքի անցնել առանց համապատասխան թույլտվության․
  • տարբեր տեսակի ֆրեզներով հողի մշակության աշխատանքներ իրականացնելիս մարդկանց գտնվելը ոչ անվտանգ հեռավորության վրա․
  • կանգնել կամ աշխատել չկարգավորված, անսարք վիճակում գտնվող  շարժասանդուղքների վրա․
  • բարձրության վրա աշխատել առանց լրացուցիչ ամրակապման  հնարավորության առկայության․
  • ապակու հետ աշխատել առանց ձեռնոցների, ապակին կտրել առանց պաշտպանիչ ակնոց կրելու կամ տեղափոխել հորիզոնական դիրքով՝ առջևում բռնած վիճակում։

6․ Անվտանգության պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար աշխատողը  կրում է անձնական պատասխանատվություն։

      7․ Բույսերի խնամքի աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտ է՝

  • բույսերը ամրացնող լարերը ձգելիս միջշարային տարածություններից հեռու գտնվել՝ լարից անվտանգ հեռավորության վրա․
  • կիրառվող գործքիները օգտագործելուց առաջ և հետո ախտահանել  70%-անոց սպիրտով կամ այլ ախտահանող նյութերով․
  • բույսերի ձևավորումը (բճատում, փաթաթում, տերևների կտրում), պտղաբերած ցողունների, չորացած և հիվանդ տերևների, տձև պտուղների, ինչպես նաև առողջ տերևների ու ծաղիկների հեռացումը կատարել բացառապես ջերմատնային տնտեսության ղեկավարի կամ ագրոնոմի ցուցումների համաձայն․ 
  • ջերմատնից հեռացնել բուսական մնացորդները և ծածկել հողի հաստ շերտով․
  • բույսերի պաշտպանության և պարարտացման աշխատանքներն իրականացնել անհատական պաշտպանության միջոցներ կրող ոչ պակաս երկու աշխատողների միջոցով․
  • ագրոքիմիկատների և պեստիցիդների, ինչպես նաև դրանց բանվորական լուծույթների պատրաստումը իրականացնել բացառապես առանձնացված տարածքում, որը ապահովված է օդափոխության համակարգով, հոսող ջրով, ախտահանող և լվացող նյութերով, առաջնային հրդեհաշիջման և առաջին բուժօգնության միջոցներով ու  անհատական պաշտպանության  պարագաներով․
  • պեստիցիդներով կամ ագրոքիմիկատներով սրսկման ընթացքում աշխատողները միմյանցից գտնվեն ոչ պակաս քան 10 մ հեռավորության վրա, իսկ սրսկման աշխատանքներում անմիջականորեն չընդգրկված անձինք պետք է լքեն ջերմատան տարածքը․
  • պեստիցիդները և ագրոքիմիկատները օգտագործել ագրոնոմի կամ բույսերի պաշտպանության մասնագետի ցուցումներով և վերահսկողությամբ․
  • սրսկումից առաջ փակել մեղվափեթակների ելքերը, սրսկումն ավարտելուց հետո ջերմատան արտադրական տարածքի դուռը փակել՝ վրան փակցնելով զգուշացնող ցուցանակ․
  • սրսկման աշխատանքների ավարտից հետո պեստիցիդների և ագրոքիմիկատների մնացորդները հանձնել պահեստ կամ տեղափոխել դրանց պահպանման համար առանձնացված տարածք․
  • պեստիցիդների ու ագրոքիմիկատների օգտագործված չափաքանակների, ազդող նյութերի, չօգտագործված քանակների վերաբերյալ պարտադիր նշումներ իրականացնել գրանցամատյանում․
  • սրսկման աշխատանքների ավարտից հետո ձեռքերն ու դեմքը օճառով լվանալ հոսող ջրի տակ և ողողել բերանի խոռոչը․
  • բացառել սրսկված բանջարեղենի օգտագործումը սննդի նպատակով։

8․ Բույսերի խնամքի աշխատանքների իրականացման ընթացքում  անհրաժեշտ է պահպանել հետևյալ պահանջները՝

  • դրսում 12 մ/վ-ից ավել արագությամբ քամու առկայության դեպքում պատուհանները փակել, աշխատանքը դադարեցնել ջերմատանը ոչ բավարար լուսավորվածության ու օդափոխության պարագայում․
  • մայիս-օգոստոս ամիսներին ջերմատանն օդի փոշով աղտոտվածությունը նվազեցնելու համար իրականացնել ջրցողում․
  • ոռոգման և սնուցման համակարգերը պետք է պարբերաբար ենթարկվեն պլանային հետազոտությունների, ստուգումների և կարգավորման։ Վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեն սարքավորումների ախտահանումից հետո․
  • աշխատանքների հետագա անվտանգության ապահովման նպատակով՝ գործընթացները վերսկսել հաշվի առնելով պեստիցիդների ֆիզիկա-քիմիական և տոքսիկ հատկությունները, պրեպարատի ծախսի նորման և օդում պեստիցիդի բաղադրության թույլատրելի սահմանը՝ նկատի ունենալով, որ պեստիցիդների առավելագույն կոնցենտրացիան արտադրական գոտու օդում դիտվում է սրսկման աշխատանքների ավարտից 6-10 ժամ հետո․
  • ֆումիգացիայի աշխատանքները իրականացնել բերքահավաքից հետո՝ ջերմատան բոլոր բլոկներում միաժամանակ․
  • բերքահավաքի աշխատանքները իրականացնել ագրոնոմի ցուցումների համաձայն` հաշվի առնելով պեստիցիդներով սրսկումներից հետո անհրաժեշտ սպասման ժամկետները․
  • պտուղներով բեռնված արկղերի տեղափոխումը  իրականացնել սայլակներով՝ տարաները իրար վրա դասավորելով ոչ ավել, քան 1,8 մ բարձրությամբ.
  • բանջարեղենի հավաքման և տեղափոխման նպատակով նախատեսված բեռնարկղերը պետք է հարմար լինեն տեղաշարժման հարմար։ Բերքով բեռնված արկղի ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 15կգ-ը․
  • երկարատև կանգնած կամ անհարմար դիրքով անշարժ վիճակից հոգնածության առաջացումը կանխելու նպատակով աշխատանքային տարածքներում պետք է նախատեսվեն նստատեղեր՝ կարճաժամկետ հանգստի համար․
  • ջերմատան անցուղիներում տեղաշարժերը անվտանգ կազմակերպելու համար երթուղին պետք է լինի գծանշված, իսկ փոխադրամիջոցի  վարորղները  տեղեկացված լինեն շարժման թույլատրելի ուղղությունների մասին։ Փոխադրամիջոցի արագությունը  ջերմատներում չպետք է գերազանցի 5 կմ/ժ-ը։

     9․Սույն կանոններով չկարգավորվող հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2025 թվականի
———— -ի         N — -Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ԲԱՑ ԴԱՇՏՈՒՄ ԵՎ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

 

1․ Սույն կանոններով կարգավորվում են բաց դաշտում և այգիներում աշխատանքների իրականացման անվտանգության հետ կապված հարաբերությունները։

           2․ Բաց դաշտում և այգիներում աշխատանքների կազմակերպումը կրում է սեզոնային բնույթ և բնակլիմայական պայմաններով պայմանավորված ունի մի շարք առանձնահատկություններ։

3․Գյուղատնտեսության  ոլորտում աշխատանքի անվտանգության կանոնները սահմանում են  պետական ​​կարգավորող պահանջներ՝ գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության, բերքահավաքի և հետբերքահավաքյա հիմնական  գործընթացների  արդյունավետ կազմակերպման և անվտանգ իրականացման գործում:

4․Մշակաբույսերի ցանքի կամ տնկման համար հողի նախապատրաստական աշխատանքները սկսելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել հողատարածքը,  հեռացնել խոշոր քարերը և այլ օտար առարկաները, որոնք կարող են վնասել  գործիքներն և սարքավորումները, ինչպես նաև վտանգել աշխատողների անվտանգությունը։

5․ Փոքր տարածքներում մեքենաների օգտագործման անհնարինության դեպքում  հողի նախապատրաստումը կարող է իրականացվել  օգտագործելով ձեռքի գործիքներ (բահեր, փոցխեր և այլն): Ձեռքի գործիքներով աշխատելիս աշխատողները պետք է գտնվեն միմյանցից անվտանգ  հեռավորության վրա։

 6․ Հանքային կամ օրգանական պարարտանյութերով հողերի պարարտացումը  պետք է կատարվի պարարտանյութ ցրող սարքերով կամ հարմարություններով, ինչպես նաև ձեռքի գործիքներով՝ օգտագործելով ձեռքերը պաշտպանող անհատական ​​միջոցներ: Պարարտացման աշխատանքը կատարելիս աշխատողը պետք է շարժվի քամու ուղղությամբ:

7․ Ծառերի և թփերի տնկման համար փոսեր փորելուց առաջ անհրաժեշտ է նախօրոք ճշտել ստորգետնյա ենթակառուցվածքների (էլեկտրական մալուխային գծեր, կոյուղի, ջրագծեր, ջեռուցման ցանց, գազատարներ, կապուղիներ և այլն) գտնվելու վայրը և իրականացվելիք գործողությունները համաձայնեցնել դրանք շահագործող կազմակերպությունների հետ:

8․ Առկա ստորգետնյա ենթակառուցվածքների տեղակայման վայրերում  հողային աշխատանքները պետք է իրականացվեն աշխատանքի ղեկավարի ներկայությամբ՝ դրանք շահագործող կազմակերպության գրավոր թույլտվությամբ:

9․ Վտանգավոր իրավիճակների դեպքում (սողանքներ, էլեկտրահաղորդման գծերի խափանում) աշխատանքները պետք է անհապաղ դադարեցվեն, աշխատողները հեռացվեն վտանգավոր գոտուց, իսկ տարածքները ցանկապատվեն։

10․ Պեստիցիդներով մշակված տարածքներում անհրաժեշտ է տեղադրել նախազգուշացնող նշաններ։

11․ Անօդաչու թռչող սարքերի միջոցով բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման ընթացքում անհրաժեշտ է՝

  • օգտագործել պաշտպանիչ հագուստ, ձեռնոցներ, ակնոց և շնչադիմակ՝ քիմիական նյութերից պաշտպանվելու համար․
  • սրսկումը կատարել միայն բարենպաստ եղանակային պայմաններում (քամու արագությունը ≤5 մ/վ, առանց տեղումների)․
  • խուսափել սրսկում իրականացնել օրվա շոգ ժամերին կամ բարձր խոնավության     պայմաններում․
  • սրսկվող տարածքում արգելել մարդկանց և կենդանիների ներկայությունը կամ մեղվափեթակների առկայությունը․
  • պահպանել նվազագույնը 50-100 մ հեռավորություն բնակավայրերից, ջրային աղբյուրներից ու անվտանգ հեռավորություն՝ հարակից հողատարածքների գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից ու բազմամյա տնկարկներից, որոնք ենթակա չեն սրսկման․
  • անցկացնել սրսկիչ դրոնի տեխնիկական զննություն նախքան օգտագործումը․
  • օգտագործել ծրագրավորվող թռիչքի ուղիներ՝ սխալներից խուսափելու համար․
  • հետևել մարտկոցի լիցքավորմանը՝ անսպասելի անջատումներից խուսափելու համար․
  • օգտագործել միայն թույլատրված և ճիշտ չափաբաժնով ագրոքիմիկատներ և պեստիցիդներ․
  • խստորեն հետևել արտադրողի կողմից ներկայացված ցուցումներին․
  • աշխատանքից հետո լվանալ սրսկման սարքավորումները և համապատասխան նյութերով չեզոքացնել պեստիցիդների ու ագրոքիմիկատների մնացորդները։

12․ Արտադրության վնասակար և վտանգավոր գործոնների (փոշի, արտանետվող ծուխ, գազեր) ազդեցությունը աշխատողների վրա մեղմելու համար գյուղատնտեսական մեքենաների և միմյանց հետևից շարժվող մեքենատրակտորային ագրեգատների միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն՝

1) վարի (գութան), ցանքի, տնկման, բերքահավաքի սարքավորումներ` 30 մ.

2) պտտվող (ֆրեզ, սրսկիչ, խոնհնձիչ) աշխատանքային դետալներով ագրեգատներ՝ 50 մ.

3) պտղատու ծառերի ճյուղերի եզրագծային էտման մեքենաներ՝ 75 մ.

4) քամու ուղղությանը հակառակ աշխատանքի դեպքում ագրեգատների միջև  պետք է պահպանվի այնպիսի հեռավորություն, որի դեպքում  արտադրական վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությունը օպերատորների վրա կհասնի նվազագույնի․

      5) 9°-ից ավելի թեքություն ունեցող կտրուկ լանջերով տեղամասերում տրակտորների և  գյուղատնտեսական նշանակության մեքենաների աշխատանքը արգելվում է։

    13․ Հողատարածքների առավելագույն  թեքության անկյունները, որոնցում թույլատրվում է մեքենաների շահագործումը, սահմանվում են տրակտորներ և գյուղատնտեսական գործիքներ արտադրողների գործառնական փաստաթղթերով: 8°-ից ավելի թեքություն ունեցող տարածքներում հիմնադրված այգիներում աշխատողներին բարձրացնելու կամ տեղափոխելու համար օգտագործվող հարթակների, ինչպես նաև պտղատու ծառերի եզրագծային էտման մեքենաների աշխատանքը արգելվում է։

     14․ Եթե տրակտորը հարկադրաբար  կանգնեցվել է թեքության վրա, ապա այն պետք է արգելակել և անջատել շարժիչը։

     15․ Տրակտորի  խցիկում վարորդից  բացի այլ մարդկանց ներկայությունը արգելվում է։ 

16․Գյուղատնտեսական տեխնիկայի աշխատանքային մասերի մաքրումը պետք է իրականացվի այդ նպատակով հատուկ նախատեսված գործիքի միջոցով` ագրեգատի լրիվ կանգից հետո։

     17․  Արգելվում է անձրևի, մառախուղի և ուժեղ քամու ժամանակ օգտագործել էլեկտրական ֆրեզերային սարքեր։

     18․ Արգելվում է ձեռքով կամ այլ գործիքով անջատել խափանված տեխնիկան կամ միացված այլ կցասարքեր։

     19․ Նախքան աշխատանքը սկսելը պետք է ստուգել աշխատողներին բարձրացնելու և տեղափոխելու համար նախատեսված այգու հարթակների սանդուղքի վրա անվտանգության շղթաների առկայությունը, բազրիքի սպասարկելիությունը և ագրեգատների վիճակը։

     20․Այգիների կամ դաշտերի և ճանապարհների այն հատվածներում, որոնց օդային տարածքով անցնում են էլեկտրահաղորդման գծեր, պետք է տեղադրվեն մեքենաների անվտանգ անցումը կարգավորող անցման նշաններ։

21․Մեքենայական բերքահավաքի համար նախատեսված դաշտերում ելքային ջրերի հեռացման և ոռոգման համար անցկացված խորը ակոսները պետք է ծածկվեն, իսկ փոխադրամիջոցների ազատ անցուդարձը խոչնդոտող անհարթությունները վերացվեն։  

22․Աշխատանքային կցասարքեր (գութաններ, կուլտիվատորի թաթիկներ, սկավառակներ և այլն) փոխարինելիս հողամշակող սարքի շրջանակը (կամ առանձին հատված) պետք է տեղակայվի սարքի իջեցումը կանխող հենարանների վրա։

23․ Զառիթափ լանջերում  սահքի վտանգի պատճառով չի թույլատրվում բարձր խոնավության կամ սառած հողի, ինչպես նաև 50 մետրից պակաս տեսանելիության պայմաններում մեքենայական մշակության աշխատանքների իրականացումը։

       24․ Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործումը արգելվում է բարձր լարման  հոսանքալարերի տակ, անսարք  վիճակում և ոչ բավարար լուսավորվածության պայմաններում։

       25․  Տրակտորների թույլատրելի արագությունը պետք է լինի 5կմ/ժամ։

       26․ Գործատուն անվտանգ աշխատանքի կազմակերպման համար պետք է  ապահովի՝

  • այգու, դաշտի, արտադրական շենքերի, շինությունների, մեքենաների, գործիքների, սարքավորումների անվտանգ շահագործումը․
  • գյուղատնտեսական աշխատանքներում օգտագործվող հումքի և նյութերի անվտանգությունը․
  • վնասակար ազդեցություն ունեցող հումքի, արտադրական թափոնների հետ աշխատողների անմիջական շփումների կանխումը՝ ապահովելով տեխնոլոգիական սարքավորումների պատշաճ օգտագործումը․
  • արտադրական գործընթացների մեքենայացման և ավտոմատացման մակարդակի բարձրացում, հեռակառավարման կիրառում․
  • վնասակար և (կամ) վտանգավոր արտադրական գործոնների առկայության պայմաններում աշխատանքի համար նախատեսված  անհատական և կոլեկտիվ պաշտպանության արդյունավետ միջոցներով և վերահսկել դրանց ճիշտ օգտագործումը․
  • աշխատանքի լիարժեք իրականացման համար աշխատանքային համապատասխան գործիքներով, ձեռնոցներով և անձրևապաշտպան հագուստներով․
  • աշխատանքի և հանգստի ռացիոնալ ռեժիմների կիրառումը, սնվելու և հանգստանալու համար նախատեսված վագոնների տրամադրումը։

27․ Սեզոնային աշխատանքներ կատարելու համար օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումները նախապես պետք է բերվեն տեխնիկապես սարքին վիճակի՝ արտադրողի գործառնական փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան՝  շահագործման ողջ ընթացքում՝ իրականացնելով դրա սպասարկումն ու վերանորոգումը։

28․ Ցուրտ եղանակային պայմաններում բացօթյա դաշտային պայմաններում  աշխատողների համար պետք է տրամադրվեն աշխատանքային ժամանակում ներառված հանգստի և ջերմանալու հատուկ ընդմիջումներ՝ մինչև մեկ ժամ տևողությամբ, այդ նպատակի  համար նախատեսված  տարածքներում։

29․ Ծայրահեղ բարձր կամ ցածր ջերմաստիճանային պայմաններում ընդմիջումների կամ աշխատանքի տևողությունը չպետք է գերազանցի հերթափոխի աշխատանքի մեկ հինգերորդը։

30․ Աշխատողները պետք է ապահովված լինեն խմելու ջրով, ընդ որում դաշտային գյուղատնտեսական աշխատանքների կատարման տարածքում գտնվող աղբյուրներից ջրի օգտագործումը թույլատրվում է ջրի բաղադրության սահմանված ցուցանիշներին համապատասխանության դեպքում։

31․ Գյուղատնտեսական աշխատանքներում կանանց և մինչև տասնութ տարեկան անձանց համար պետք է պահպանվեն ձեռքով ծանր բեռներ բարձրացնելու և տեղափոխելու  առավելագույն թույլատրելի  նորմերը։

32․ Գործատուն, աշխատանքի  առանձնահատկություններով և մասնագիտական ռիսկայնությամբ պայմանավորված կարող է՝

1) սահմանել անվտանգության լրացուցիչ պահանջներ, որոնք չեն հակասում սույն կարգով սահմանված կանոններին։ Աշխատանքի անվտանգության պահանջները պետք է ներառվեն աշխատանքի պաշտպանության համապատասխան հրահանգներում, որոնք աշխատողին փոխանցվում են հրամանների, հրահանգների  միջոցով․

2) աշխատանքի անվտանգ կատարումը վերահսկելու համար օգտագործել ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքեր և սարքավորումներ, որոնք ապահովում են աշխատանքային գործընթացների հեռահար, տեսա, աուդիո կամ այլ ձայնագրում:

33․ Աշխատողներին արգելվում է՝

  • պեստիցիդների և ագրոքիմիկատների հետ աշխատելիս  սնունդ ընդունել, խմել և ծխել․
  • բաց կրակ օգտագործել վառելիքի բաքի շրջակայքում․
  • մեքենա-տրակտորային ագրեգատների շահագործման ընթացքում նստել սկավառակավոր կուլտիվատորների, խոտհնձիչի կցորդիչների, կցասայլերի կամ այլ գործիքների վրա․
  • սրսկումների ընթացքում առանց ագրոնոմի իմացության անջատել կամ միացնել սրսկիչի խառնիչը, փոփոխել ճնշման կամ սրսկման ինտենսիվությունը։

34․ Աշխատողները պարտավոր են՝

  • կցորդիչով ամրացված գյուղատնտեսական գործիքների և մեքենաների աշխատանքային հանգույցների փոփոխությունը, մաքրումը և կարգի բերումը իրականացնել միայն դրանց հանկարծակի իջեցումը կանխելու միջոցներ ձեռնարկելուց հետո․
  • էտի աշխատանքների ընթացքում պարբերաբար ախտահանել էտի մկրատները այդ նպատակի համար նախատեսված նյութերով․
  • ծառերի ճյուղերից հասցվող վնասվածքներից խուսափելու համար աշխատել ծառերի պսակների անմիջական հարևանությամբ գտնվող հարթակների և մեխանիզմների վրա, եթե դրանց վրա կան պաշտպանիչ ցանկապատեր․
  • պեստիցիդների հետ աշխատելիս պարտադիր կրել համապատասխան վերնահագուստ, շնչադիմակ, ակնոցներ, ռետինե ձեռնոցներ և կոշիկներ։

35․ Օձերի խայթոցներից խուսափելու համար անհրաժեշտ է՝

1) նախապես իրազեկել աշխատողներին տարածքում թունավոր օձերի հանդիպելու հավանականության մասին՝ օձի հանդիպելիս կտրուկ գործողությունների չդիմել, բռնելու կամ վնասազերծելու փորձեր չկատարել, դանդաղ և զգուշորեն հեռանալ նույն ճանապարհով․

2) բարձր խոտածածկ ունեցող տարածքներում աշխատանքի ընթացքում նախապես զննել տարածքը և լինել ուշադիր, անզգուշորեն ոտքը չդնել օձի վրա, հագնել երկար, ազատ տաբատ, երկարաթև շապիկ և տաբատի փողքերը դնել գուլպայի կամ կոշիկների մեջ, կրել երկարաճիտ և ամուր կոշիկներ.

3) նկատի ունենալ, որ օձերը հարձակվելուց առաջ սպառնացող դիրք են ընդունում, փաթաթվում օղակ-օղակ, գլուխը ներս քաշում․

4) օձերի հայտնվելու  հավանական վայրերով քայլելիս ծանր փայտով կամ այլ առարկայով հարվածել գետնին (օձերը լսում են հողի ցնցումները, տատանումները)։

36․ Օձի խայթելու դեպքում պետք է սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցնել կամ նստեցնել նրան), հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը. ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ արագ կարող է այտուց զարգանալ և տարածվել: Եթե օձը խայթել է վերջույթը, ապա պետք է անշարժացնել այն, տուժածին խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ (հյութ, թան, թեյ և այլն)։

37․ Օձի խայթելու դեպքում առաջին օգնությունից հետո հարկավոր է ահազանգել կամ արագ կազմակերպել տուժածի պասիվ վիճակում (պատգարակով կամ աթոռի վրա նստած)  տեղափոխումը մոտակա բուժկենտրոն, որտեղ կցուցաբերվի մասնագիտական օգնություն և հակաթույնի ներարկում։ Շատ կարևոր  է, որ հակաթույնի առաջին դեղաչափը հիվանդը ստանա խայթոցից 6 ժամվա ընթացքում։

38․ Օձի խայթոցի դեպքում արգելվում է  վերքից վերև վերջույթը կապել, խայթոցի տեղում կտրվածք անել, սառույց դնել կամ այրել, տուժածին ալկոհոլ առաջարկել, տալ ուժեղ ազդող դեղամիջոցներ։

  1. Դաշտային աշխատանքների ընթացքում կայծակից պաշտպանվելու համար անհրաժեշտ է՝

 1) դադարեցնել աշխատանքը բաց դաշտում․

      2) գետնին չպառկել․

 3) եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում․         

 4) չպատսպարվել կամ չթաքնվել բարձր ծառի տակ․

 5) անհապաղ  դուրս գալ ջրից․

 6) չդիպչել մետաղե առարկաներին և  հեռու մնալ դրանցից․

 7) թաքնվել շինություններում, քարանձավներում, բնակելի շենքում, ավտոմեքենայում՝ փակելով պատուհանները․

 8) հրաժարվել մոտոցիկլետով կամ հեծանվով երթևեկելուց։

  • Discussed

    13.06.2025 - 03.07.2025

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1605

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: