Under development
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է կենսաթոշակի իրավունքն իրացնելիս իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված են կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) կենսաթոշակ նշանակող իրավասու մարմինները, կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու, կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը, աշխատանքային և զինվորական ստաժները հաշվարկելու կանոնները, կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և այլն։
Կենսաթոշակի իրավունքի իրացման գործընթացում ծագել են հետևյալ խնդիրները, որոնց լուխման նպատակով մշակվել է սույն նախագիծը:
- Օրենքով կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին վերապահված լիազորությունները (քաղաքականության մշակման մասով) իրենց կանոնադրություններին համապատասխան իրականացրել և իրականացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (քաղաքականության մշակման մասով) և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն, (քաղաքականության իրականացման մասով): Պայմանավորված «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի ընդունմամբ, անհրաժեշտություն է առաջացել Որոշման մեջ մեկ անգամ ևս հստակեցնել նախարարության և ծառայության, որպես կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի, լիազորությունների շրջանակը:
- Օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման` կենսաթոշակին վերաբերող որոշումների բողոքարկում վերադասության կարգով:
Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված են կենսաթոշակ նշանակող իրավասու մարմինները, այն է՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը, Պաշտպանության նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Ներքին գործերի նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Պետական պահպանության ծառայությունը:
Որոշման 1-ին կետի 3-4.2-րդ ենթակետերով սահմանված են թե այս մարմիններից յուրաքանչյուրը որ համակարգում է իր համապատասխան (տարածքային) ստորաբաժանումների միջոցով ապահովում կենսաթոշակների նշանակումն ու վճարումը:
Որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ սույն կետի 4-րդ ենթակետում (զինվորական կենսաթոշակների մասով) նշված մարմինների՝ կենսաթոշակներ նշանակող ու վճարումն ապահովող համապատասխան ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է այդ մարմնի ղեկավարը:
Օրենքով և Որոշմամբ նախարարությանը վերապահված՝ կենսաթոշակային ոլորտում նախարարությանը լիազորությունները (սահմանված են Օրենքի 48-րդ հոդվածով) չեն վերաբերում կենսաթոշակ նշանակելուն (նշանակելը մերժելուն), վերահաշվարկելուն, կենսաթոշակների վճարումն ապահովելուն, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելուն, կենսաթոշակ վճարելը վերսկսելուն:
Ուստի իրավական այս հիմքով նպատակահարմար է հստակեցնել կենսաթոշակ նշանակող իրավասու մարմինների վերադաս մարմինը:
- Որոշման N 1 հավելվածի 3.2-րդ կետով կարգավորված են կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակին առնչվող հարաբերությունները՝ հիմք ընդունելով Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս կենսաթոշակ նշանակելու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուն առնչվող հարաբերություններն ամբողջությամբ կարգավորված են նույն հավելվածի II բաժնով, այս կետով այդ հարցին անդրադառնալը նպատակահարմար չէ: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել Որոշման N 1 հավելվածի 3.2-րդ կետով կարգավորել միայն Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա նույնականացված՝ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին կենսաթոշակ նշանակելու պայմանը, այն է՝ անկախ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու հանգամանքից:
- Ծառայությունում 2023 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքներով վեր են հանվել առանձին խնդիրներ, որոնք լուծելու համար անհրաժեշտ է հստակեցնել Որոշման՝ քաղաքացիների ներկայացրած տվյալների (փաստաթղթերի) հավաստիության ուսումնասիրություններ կատարելու դեպքերը սահմանող դրույթները (Որոշման N 1 հավելվածի 12-րդ և 12.1-ին կետեր)։
- Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով Կառավարությանը վերապահված է լիազորություն՝ սահմանելու այն դեպքերը, երբ 1992թ․ հունվարի 1-ից հետո աշխատած ժամանակահատվածի համար սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում։
Անձի համար սոցիալական վճարներ կատարած լինելը ճշտելու համար հիմք է ընդունվում`
1) Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում հաշվառված ապահովադիրներին և նրանց կատարած սոցիալական վճարներին վերաբերող` ապահովադիրների հաշվառման գրանցամատյաններում և էլեկտրոնային տվյալների բազայում առկա տեղեկատվությունը (1992-2003թթ).
2) անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազան և հարկային մարմնի կողմից ծառայությանը տրամադրվող՝ ապահովադիրների սոցիալական վճարների մասին եռամսյակային (ամսական) հաշվետվությունների ու կատարած սոցիալական վճարների (փոխանցումների) մասին տվյալների բազան (2004-2012).
3) Լեռնային Ղարաբաղի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազան (2004-2013), որը մասամբ է պահպանված։
Աշխատավարձի մասին տեղեկատվությունը ստացվում է ազգային արխիվից՝ հարցումների հիման վրա։
Վարչարարությունը, արխիվային փաստաթղթերի ստացման դեպքերը նվազեցնելու նպատակով Օրենքի վերոնշյալ դրույթով կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում Որոշման Ν 1 հավելվածի 14.5-րդ և 14.6-րդ կետերով նախատեսված են այն դեպքերը, երբ աշխատանքային ստաժը հաստատելու համար սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում (հիմք են ընդունվում միայն աշխատելու փաստը հաստատող փաստաթղթերը՝ աշխատանքային գրքույկ, արխիվային փաստաթուղթ, դատական ակտ)։
Նպատակահարմար է ընդլայնել այդ դեպքերի ցանկը՝ ի հաշիվ 1992-2004թթ գործունեություն իրականացրած բյուջետային հիմնարկների, բանկերի, առողջապահական հիմնարկների, որոնց կողմից հիմնականում վճարվել է աշխատավարձ կամ որտեղ աշխատանքներն այդ տարիներին հիմնականում չեն դադարեցվել։
- Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ Լեռնային Ղարաբաղի արխիվները չեն պահպանվել, իսկ սոցիալական վճարներին առնչվող պետական (անձնավորված) հաշվառումը վարվել է 2004 թվականից։ Համեմատության համար հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում ապահովադիրներին և նրանց կատարած սոցիալական վճարներին վերաբերող` ապահովադիրների հաշվառման գրանցամատյանները Միասնական սոցիալական ծառայությունը սկսել է վարել 1998 թվականից և Որոշման N 1 հավելվածի 15.5-րդ և 15.6-րդ կետերով սահմանված մեխանիզմների կիրառմամբ այդ տեղեկատվության հիման վրա հնարավոր է սոցիալական վճար կատարած լինելը հավաստել նաև 1992-1997թթ ընկած ժամանակահատվածի համար։
Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում աշխատած 1992-2013թթ ժամանակահատվածի համար սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթուղթ առկա չէ։ Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ Հողային օրենսգիրքն այստեղ ընդունվել է 1997 թվականին, այսինքն՝ կոլտնտեսությունները գործել են մինչև 1998 թվականը և այս դեպքում կիրառելի են կոլտնտեսության անդամի համար ստաժը հաստատելու կանոնները, որոնք ՀՀ-ում կիրառելի են մինչև 1992 թվականի ստաժը հաստատելիս (ՀՀ հողային օրենսգիրքն ընդունվել է 1991 թվականին):
- Որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ անձի համար սոցիալական վճարներ կատարած լինելը ճշտելու համար հիմք է ընդունվում ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում հաշվառված ապահովադիրներին և նրանց կատարած սոցիալական վճարներին վերաբերող` ապահովադիրների հաշվառման էլեկտրոնային տվյալների բազայում առկա տեղեկատվությունը: Այս դրույթի կիրառմամբ հաստատվում է սոցիալական վճար կատարած լինելը 1992-2003թթ համար: Ընդ որում, իրավակիրառ պրակտիկայում օգտագործվում են ապահովադիրների հաշվառման էլեկտրոնային տվյալների բազայում առկա տեղեկատվությունը, իսկ գրանցամատյաններն այլևս կիրառելի չեն: Այս հանգամանքի հաշվառմամբ, ինչպես նաև աշխատանքային ստաժը հաստատելու գործընթացի այս փուլը թվայնացնելու (սոցիալական վճար կատարած լինելու փաստաթուղթն ինքնաշխատ եղանակով ստանալու) համար անհրաժեշտ է բացառել ապահովադիրների հաշվառման գրանցամատյանները, որպես սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկատվության աղբյուր:
- Անհարկի կարգավորումներով Որոշումը չծանրաբեռնելու համար իրավական տեխնիկայի կանոնների պահպանմամբ հնարավոր է Որոշման N 1 հավելվածի 15.6-րդ կետի կարգավորումն արտացոլել նույն հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետում՝ «և» շաղկապը փոխարինելով «կամ» շաղկապով:
- Օրենքի 32-րդ հոդվածի 1.1-ին մասի 2-րդ կետով սահմանված է, որ աշխատանքային գրքույկի առկայությամբ 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատվում է սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթով: Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի միանման կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ է հստակեցնել աշխատանքային ստաժը հատատելու կարգն այն դեպքերում, երբ աշխատանքային գործունեության տվյալ ժամանակահատվածի համար առկա են միաժամանակ սոցիալական վճար կատարած լինելը և աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթղթեր կամ առկա է դատական ակտ։ Իրավակիրառ պրակտիկայից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել, որ սոցիալական վճարի առկայության դեպքում աշխատավարձ ստանալու մասին տեղեկատվություն չի պահանջվում:
- Որոշման 1-ին հավելվածի1-ին,19.2-րդ և 36.4-րդ կետերով սահմանված է առանձին կատեգորիայի զինծառայողների երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու առանձնահատկությունները: Այժմ այդ դրույթները կիրառելի չեն։
- Որոշման N 2 հավելվածի 21.3-րդ կետով կարգավորված են չաշխատելու պայմանով նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը չդադարեցնելուն առնչվող հարաբերությունները անհատ ձեռնարկատիրոջ համար՝ նրա գործունեությունը անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցրած ժամանակահատվածում։ Նպատակահարմար է դրույթը նախատեսել Որոշման N 1 հավելվածում և միաժամանակ նույնաբովանդակ կարգավորում նախատեսել կենսաթոշակ նշանակելու դեպքում։
- Որոշման N 1 հավելվածի 34-րդ կետով կարգավորված են Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն բնակության ժամանած անձին կենսաթոշակ է նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները, որոնք կիրառելի են նաև այն դեպքում, երբ կենսաթոշակի գործը տեղափոխում են ՌԴ, այնտեղ նշանակում են կենսաթոշակ, իսկ որոշ ժամանակ անց կրկին կենսաթոշակի գործը տեղափոխվում է Հայաստանի Հանրապետություն: Այն դեպքում, երբ կենսաթոշակի գործը տեղափոխում են ՌԴ, այնտեղ կենսաթոշակ չեն նշանակում և կրկին կրկին կենսաթոշակի գործը տեղափոխվում է Հայաստանի Հանրապետություն հարաբերությունները կարգավորված չեն:
- Որոշման N 1 հավելվածի 41-րդ կետով սահմանված են այն դեպքերը, երբ կենսաթոշակը վերահաշվարկվում է առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի: Մասնավորապես զինվորական կենսաթոշակների դեպքում նախատեսված է նաև զինծառայողի անձնական գործակցի փոփոխությունը: Այս կարգավորումը քննարկելիս հարկ է նկատի ունենալ, որ կենսաթոշակը անձնական գործակցի փոփոխության հաշվառմամբ կենսաթոշակը վերահաշվարկվում է Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ երբ զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո անձն անցնում է զինվորական ծառայության (դադարում է կենսաթոշակ ստանալու իրավունքը) և ծառայությունից արձակվելուց հետո դիմում է կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և կենսաթոշակը վերահաշվարկելու համար: Այս դեպքում հարաբերությունները կարգավորվում են N 1 հավելվածի 43-րդ կետի 3-րդ ենթակետով և կենսաթոշակը վերհաշվարկվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա, որին կցվում է նաև նոր անձնական գործակցի վերաբերյալ համապատասխան մարմնի տված տեղեկանք: Խնդրո առարկա դրույթը վերաբերում է կենսաթոշակն առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի վերահաշվարկելուն և համապատասխանում է Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին, որում նախատեսված չէ անձնական գործակցի փոփոխության հիմքով կենսաթոշակի վերահաշվարկ: Անձնական գործակցի փոփոխության դեպքում առանց նոր անձնական գործակցի վերաբերյալ ներկայացված (դիմումին կցված) տեղեկատվության կենսաթոշակը վերահաշվարկել հնարավոր չէ: Ըստ այդմ, Որոշման N 1 հավելվածի 41-րդ կետը Օրենքին համապատասխանեցնելու կարիք ունի:
- Օրենսդրական փոփոխություններին համահունչ՝ անհրաժեշտ է Որոշման ամբողջ տեքստը վերանայել ազգային օպերատորին առնչվող ձևակերպումների մասով, քանի որ ազգային օպերտորը (Հայփոստը) այլևս չի մատուցում անկանխիկ վճարումների ծառայություններ։
- Օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով կառավարությանը վերապաահված է Ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և կենսաթոշակ վճարելը վերսկսելու առանձնահատկությունները սահմանելու լիազորություն։ Որոշման N 1 հավելվածի 50-րդ կետով այդ լիազորությունների շրջանակում սահմանված է, որ ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (առկա ուսման մասին ուսումնական հաստատությունից ներկայացված տեղեկանքի) հիման վրա վերականգնելու դեպքում կենսաթոշակ վճարելը վերսկսվում է՝ անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակառուի կողմից անձամբ ներկայացվելու հանգամանքից։
Հարկ է նկատի ունենալ, որ ունենալ, որ Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է տվյալ տարվա հուլիսի 1-ից, իսկ ստանալու իրավունքը վերականգնվում է կետի առկա ուսման մասին ուսումնական հաստատությունից ներկայացված տեղեկանքի հիման վրա։
Ընդ որում, ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում կենսաթոշակի վճարումը վերսկսելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետությունում գտնվելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված լինելը և Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու մասին տեղեկատվության առկայությունը։ Ստացվում է, որ, օրինակ, կարող է առաջանա մի իրավիճակ, երբ ծնողը ներկայացնում է պահանջվող տեղեկանքը, ուսանողի կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, վճարումը վերսկսվում է, սակայն միաժամանակ վճարումը դադարեցվում է, քանի որ ուսանողը 12-ամսյա ժամկետում բանկ չի ներկայացել կամ ըստ սահմանահատումների վերաբերյալ տեղեկատվության՝ չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում։ Եթե ուսանողը սովորում է Հայաստանի Հանրապետությունում, ինչը հաստատվում է առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորելու մասին տեղեկանքով, ապա Հայաստանի Հանրապետությունում գտնելը բանկի կողմից հաստատելը կամ սահմանահատումներով այդ հանգանաքը ստուգելը չի բխում «Վարչարարության և վարչական վարույթի մասին» օրենքով ամրագրված՝ ձևական պահանջները չարաշահելու արգելքի սկզբունքից։ Եթե ուսանողը սովորում է արտերկրում, ապա նրա՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելը և կենսաթոշակի վճարումը վերսկսելը չի ապահովում նրա կենսաթոշակի վճարումը։
Վերոգրյալի հաշվառմամբ՝ նպատակահարմար է այս դեպքում վերանայել վճարման ընթացակարգը։
- Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ հարկ է վերանայել կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելուն և կենսաթոշակ վճարելը վերսկսելուն առնչվող՝ Որոշման N 1 հավելվածի 50.2-րդ կետի ձևակերպումները։ Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ մասի համաձայն՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա: Ներկայումս այս տեղեկատվությունը ստացվում է ինքնաշխատ եղանակով, ինչը պետք է արտացոլել Որոշման մեջ: Միաժամանակ լինում են դեպքեր, երբ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովից ստացվում է անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանք, սակայն բանկից չի ստացվում անձի՝ ՀՀ-ում լինելու մասին հավաստում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձի ֆունկցիոնալությունը գնահատվում է անձի հետազոտության արդյունքում (կատարվում է Օրենքի պահանջը՝ կենսաթոշակառուի ՀՀ-ում լինելը հավաստելու մասին), նպատակահարմար է սահմանել, որ այս դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է անկախ կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված լինելու հանգամանքից: Միաժամանակ անհրաժեշտ է հստակեցնել կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու ժամկետները՝ Որոշման N 1 հավելվածի 11-րդ կետով սահմանված սկզբունքներին համապատասխան:
- «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով կենսաթոշակ նշանակելու ժամկետներին համահունչ՝ անհրաժեշտ է հստակեցնել աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ժամկետներն այն դեպքում, երբ անձը ձեռք է բերում նշված օրենքով կենսաթոշակ ստանալու իրավունք։
- Կենսաթոշակը վճարվում է նաև լիազորագրով, այս դեպքում կենսաթոշակի գումարները միանվագ վճարվում են կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդողմեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: Նշված լիազորագրով վճարվում է նաև հետագա 12 ամսվա կենսաթոշակի գումարը՝ սկսած լիազորագիրը տալու ամսվանից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը։ Սակայն լիազորագրով կենսաթոշակը վճարելու ընթացքում լինում են դեպքեր, երբ անձի կենսաթոշակի իրավունքը դադարեցվում է (օրինակ՝ ԱՊՀ անդամ պետությունում նշանակվում է կենսաթոշակ)։ Սա նշանակում է, որ հստակեցման կարիք ունեն Որոշման N 1 հավելվածի այն դրույթները, որոնք վերաբերում են լիազորագրով կենսաթոշակը վճարելու ընթացքում և նախատեսել առանձնահատկություն՝ Օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուն։
- Որոշման Ν 13-րդ հավելվածով սահմանված է եղել կենսաթոշակի վկայականի ձևը։ Հավելվածն ուժը կորցրած է ճանաչվել Կառավարության 14.03.19 N 237-Ն որոշմամբ՝ դրանց ոչ կիրառելի լինելու հիմքով։ Ըստ այդմ, անհրաժեշտ է Որոշումից հանել կենսաթոշակի վկայականին առնչվող դրույթները։
Հարկ է նկատի ունենալ, որ ծառայության կողմից արդեն իսկ տրամադրվում են կենսաթոշակի (նպաստի) իրավունքին առնչվող տեղեկանքներ՝ Ծառայության բլանկով, առանց կնիքի և ստորագրության, որոնք գեներացվում են ինքնաշխատ եղանակով՝ QR կոդով և 16 նիշանոց հսկիչ համարով։
Տեղեկանքների վավերականության (իսկության) QR կոդի կամ 16 նիշանոց ունիկալ կոդի (հսկիչ համարի) միջոցով ստուգման իրականացվում է Ծառայության online.ssa.am հարթակում կամ ՀՀ պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման՝ e‑verify.am միասնական համակարգում։
Ընդ որում այդօրինակ տեղեկանքները (ՀՀ-ում կենսաթոշակառու կամ ծերության, կամ հաշմանդամության, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստառու լինելու (չլինելու), կենսաթոշակի (նպաստի) չափի վերաբերյալ) տրամադրվում են անմիջապես։
Եթե շահառուների կողմից պահանջվում են ոչ QR կոդով (հիմնականում՝ այլ պետություն ներկայացնելու համար) տեղեկանքներ, ապա այդ դիմումները մուտքագրվում են Միասնական սոցիալական ծառայության էլեկտրոնային փաստաթղթաշարժի mulberry համակարգ: Այս դեպքում տեղեկանքները տրամադրվում են մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում։
- Մեկ այլ խնդիր առկա է Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառությունում։ Օրենքի 1.1-ին մասի համաձայն՝ 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթը՝
1) աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ և
2) սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` Կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:
Վերջին ժամանակներում ի հայտ են գալիս դեպքեր, երբ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վկայությամբ, որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստ, հաստատում է աշխատային ստաժեր։ Ընդ որում, լինում են դեպքեր, երբ աշխատանքային գրքույկում առկա են գրառումներ այն ժամանակահատվածի վերաբերյալ, որը հաստատվում է նման դատական վճռով։ Հարկ է նկատի ունենալ, որ Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` Կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքին, այսինքն այդ հոդվածի 1.1-ին մասի 1-ին կետին։
Ըստ այդմ, անհրաժեշտ է որոշման մեջ հստակեցնել նման դատական վճիռների հիման վրա աշխատանքային ստաժը հաստատելու կարգը։
- 1992-2003թթ չի վարվել անձնավորված հաշվառում և 1998-2003թթ ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում հաշվառված ապահովադիրներին և նրանց կատարած սոցիալական վճարներին վերաբերող` ապահովադիրների հաշվառման էլեկտրոնային տվյալների բազայում առկա տեղեկատվության հիման վրա Որոշման N 1 հավելվածի 15.5-րդ կետով սահմանված կարգով հաստատվում է 1992-1998թթ սոցիալական վճարներ կատարած լինելը: Այս տրամաբանությամբ, երբ միայն ապահովադիրի կողմից սոցիալական վճար կատարած լինելու փաստը հիմք է կազմակերպության բոլոր աշխատակիցների համար սոցիալական վճար կատարած լինելը հաստատելու համար, նպատակահարմար հիմք ընդունել նաև ապահովադիրի սոցիալական վճար կատարելը վճարման հանձնարարագրերը կամ անդորրագրերը:
- Հաշվի առնելով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվությունը՝ անհրաժաշտ է ընդլայնել ինքնաշխատ եղանակով կատարվող գործողությունները։
- Անհրաժեշտ է Որոշման Ν 2 հավելվածի 31-րդ կետն ուժը կորցրած ճանաչել՝ համապատասխանեցնելով Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասին։
- 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին», 1992 թվականի մայիսի 15-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին», 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների աշխատակիցների կենսաթոշակային ապահովման և պետական ապահովագրության կարգի մասին» համաձայնագրերին իրենց մասնակցությունն են դադարեցրել ՌԴ-ն և Ուկրաինան։ Այս դեպքում լրացուցիչ կարգավորման կարիք ունեն նշված համաձայնագրերի շրջանակում ձեռք բերած աշխատանքային կամ զինվորական ստաժը հաշվարկելու վերաբերյալ՝ Որոշման ΝΝ 2, 3 հավելվածների համապատասխան դրույթները։ Բացի դրանից, նպատակահարմար է Որոշման Ν 1 հավելվածի 15.4-րդ կետը նախատեսել Որոշման Ν 2 հավելվածում (ստաժի հաշվարկման կարգում)։ Այս դեպքում հարկ է նկատի ունենալ, որ ՌԴ-ն՝ չնայած դենոնսացիայի, շարոնկաում է ԱՊՀ համաձայնագրի կիրառումը աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս՝ հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի 12-րդ հոդվածը։
- Ի տարբերություն աշխատանքային կենսաթոշակների՝ ըստ ՌԴ ՆԳՆ և ԱԱԾ մարմիններից ստացված տեղեկատվության՝ համապատասխան համաձայնագրերին անդամակցությունը դադարեցնելուց (16.09.2024թ. և 19.04.2024թ.) հետո նշված մարմինները զինվորական կենսաթոշակ չեն նշանակում, իսկ մինչ այդ նշանակած կենսաթոշակները շարունակում են վճարել ՌԴ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ըստ այդմ, անհրաժեշտ է համարժեք կարգավորումներ նախատեսել ՀՀ օրենսդրությամբ:
- Որոշման Ν 2 հավելվածի 43-րդ կետի համաձայն՝ գրքույկի գրառումները պետք է ձևակերպված լինեն աշխատանքային գրքույկները վարելու այն կարգի համապատասխան, որը գործել է այդ գրառումները կատարելու օրվա դրությամբ։ Լինում են դեպքեր, երբ գործատուն չի պահպանել գրառումները կատարելու կարգը, սակայն դրան հաջորդող գրառումները պատշաճ են։ Նպատակահարմար է սահմանել աշխատանքային գրքույկի գրառումները հաշվի առնելու առանձնահատկություններ։
- Եթե ստաժը հաստատող փաստաթղթում անձի անունը կամ հայրանունը, կամ ազգանունը չի համընկնում նրա անձը հաստատող փաստաթղթում գրառված անվանը կամ հայրանվանը, կամ ազգանվանը, ապա այդ փաստաթուղթը տվյալ անձին պատկանելու փաստը հաստատվում է ամուսնության վկայականով կամ անունը կամ հայրանունը, կամ ազգանունը փոխելու մասին վկայականով, կամ նոտարական ակտով, կամ դատական կարգով (Որոշման Ν 2 հավելվածի 52-րդ կետ): Նպատակահարմար է անդրադառնալ նաև այն դեպքերին, երբ ստաժը և անձը հաստատող փաստաթղթերում անձի անունը կամ հայրանունը կամ ազգանունը տարբերվում են ակնհայտ տառասխալով, ընդունված արտասանական կրճատ տարբերակով և այլն:
- Իրավակիրառ պրակտիկայից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել Որոշման Ν 6 հավելվածի աղյուսակում նշված՝ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների և պաշտոնների անվանումները:
- Նպատակահարմար է Որոշման Ν 10 հավելվածով ընդլայնել ստաժը հստատող փաստաթղթերի ցանկը՝ մեծացնելով ստաժը հաստատելու հնարավորությունը։
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Որոշման մեջ։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Առաջարկվում է ընդունել «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
- Կարգավորման առարկան
Ներկայացված նախագծով առաջարկվում է՝
- հստակեցնել, որ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, բացառությամբ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ, 43-րդ հոդվածի 6-րդ, 47-րդ հոդվածի 2-րդ մասերի, որոնցով սահմանված լիազոր մարմինը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունն է,
- սահմանել, որ կենսաթոշակ նշանակող իրավասու մարմիններն իրենց համակարգի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումների համար վերադաս մարմինն են,
- խմբագրել Որոշման N 1 հավելվածի 3.2-րդ կետը՝ հանելով դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու մասով կարգավորումը, որը նախատեսված է նույն հավելվածի II բաժնով,
- հստակեցնել, որ քաղաքացիների ներկայացրած տվյալների (փաստաթղթերի) հավաստիության ուսումնասիրություններ (այդ թվում՝ կենսաթոշակ նշանակելուց հետո) կատարվում են, եթե ներկայացված փաստաթղթերը լրացված են սահմանված կարգի խախտմամբ կամ նախորդիվ կատարված ստուգումներով հայտնաբերվել են գործատուի կողմից օրենսդրության խախտմամբ տեղեկանքներ տալու դեպքեր (Որոշման N 1 հավելվածի 12-րդ և 12.1-ին կետեր),
- սահմանել կազմակերպությունների (բյուջետային հիմնարկներ, բանկեր, առողջապահական հիմնարկներ և այլն, որոնց կողմից հիմնականում վճարվել է աշխատավարձ կամ որտեղ այդ տարիներին աշխատանքները հիմնականում չեն դադարեցվել) ցանկը, որտեղ 1992-2004թթ (մինչև անձնավորված հաշվառման ներդրումը) աշխատելու փաստը հատատվելու է աշխատանքային գրքույկով, արխիվային փաստաթղթով, դատական ակտով՝ անկախ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթի առկայության (N 1 հավելվածի 14.6‑րդ կետ),
- սահմանել այն ժամանակահատվածները, որոնք աշխատանքային ստաժում հաստատվում են առանց սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթի, եթե անձն աշխատել է (զբաղեցրել է պաշտոն) Լեռնային Ղարաբաղի տարածքում (N 1 հավելվածի 14.7-րդ կետ),
- բացառել ապահովադիրների հաշվառման գրանցամատյանները, որպես սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկատվության աղբյուր (N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետ),
- Որոշման N 1 հավելվածի 15.6-րդ կետի կարգավորումն արտացոլել նույն հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետում՝ «և» շաղկապը փոխարինելով «կամ» շաղկապով,
- հստակեցնել որ, եթե անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում սահմանված կարգով հաստատվում է անձի՝ սոցիալական վճար կատարած լինելու փաստը, աշխատավարձ ստանալու մասին տեղեկատվությունը չի պահանջվում (Որոշման N 1 հավելվածի 15.9-րդ կետ),
- ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 19.1-ին, 19.2-րդ և 36.4-րդ կետերը, որոնք այլևս կիրառելի չեն երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս,
- ուժը կրոցրած ճանաչել Որոշման N 2 հավելվածի 21.3-րդ կետը և սահմանել, որ անհատ ձեռնարկատիրոջը չաշխատելու պայմանով կենսաթոշակ է նշանակվում (Որոշման N 1 հավելվածի 30.3-րդ կետ) կամ նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունքը աշխատելու հիմքով չի դադարեցվում (Որոշման N 1 հավելվածի 47.1‑ին կետ) նրա գործունեությունը անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցրած ժամանակահատվածում, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ՝ բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում։
- հստակեցնել կենսաթոշակ նշանակելու ժամկետներն այն դեպքում, երբ անձի կենսաթոշակի գործը (փաստաթղթերը) տեղափոխվել է (են) Ռուսաստանի Դաշնություն՝ կենսաթոշակ նշանակելու համար և նրան չի նշանակվել կենսաթոշակ (Որոշման N 1 հավելվածի 34.1‑ին կետ): Այս դեպքում նախագծով առաջարկվող ժամկետները համահունչ են նույն հավելվածի 34-րդ կետով սահմանված՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն բնակության ժամանած անձին կենսաթոշակ է նշանակելու ժամկետներին,
- հստակեցնել, որ առանց գրավոր դիմումի կենսաթոշակը չի վերահաշվարկվում, երբ փոխվում է զինծառայողի անձնական գործակիցը (Որոշման N 1 հավելվածի 41-րդ կետի 3-րդ ենթակետ),
- խմբագրել Որոշման այն դրույթները, որոնք վերաբերում են նաև ազգային օպերատորին,
- սահմանել, որ ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հիման վրա վերականգնելու դեպքում կենսաթոշակ վճարելը վերսկսվում է՝ անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակառուի կողմից անձամբ ներկայացվելու, կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը սույն կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու մասին տեղեկատվությամբ կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված լինելու հանգամանքներից,
- սահմանել, որ հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է ինքնաշխատ և անկախ կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված լինելու հանգամանքից, քանի որ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու (կրկնակի գնահատվելու) օրվա դրությամբ անձն արդեն իսկ գտնվել է Հայաստանի Հանրապետությունում (Որոշման N 1 հավելվածի 50.2-րդ կետ),
- սահմանել, որ Եեթե աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն դիմում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար, ապա աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է այդ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված՝ օրենքով կենսաթոշակ նշանակելու օրվանից (Որոշման N 1 հավելվածի 52.5-րդ կետ),
- սահմանել, որ եթե լիազորագրով կենսաթոշակը վճարվում է, եթե լիազորագրով կենսաթոշակը վճարելու ընթացքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը (Որոշման N 1 հավելվածի 62-րդ, 63-րդ, 63.1-ին կետեր),
- Որոշման տեքստից հանել կենսաթոշակի վկայականին առնչվող դրույթները,
- Հստակեցնել, որ անձի՝ 1992 թվականից մինչև 2013 թվականի հունվարի 1-ն (Լեռնային Ղարաբաղում՝ մինչև 2014 թվականի հունվարի 1-ն) ընկած ժամանակահատվածում աշխատելը (աշխատանքային ստաժը), որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստ, դատարանի վճռով հաստատված լինելու դեպքում, այդ ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սոցիալական վճար կատարած լինելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթի առկայությամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 1 հավելվածի 14.5-14.7-րդ կետերով նախատեսված դեպքերի,
- Սահմանել, որ աշխատանքային գրքույկում պատշաճ գրառումների կամ դրանց համապատասխան արխիվային տեղեկանքների առկայության դեպքում 1992-2004 թթ աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է ապահովադիրի կողմից սոցիալական վճար կատարած լինելը հավաստող վճարման հանձնարարագրով կամ անդորրագրով (Որոշման Ν 2 հավելվածի 14.1-ին կետ):
- սահմանել, որ սոցիալական վճարներ կատարելը հաստատող փաստաթուղթը (Որոշման Ν 2 հավելվածի 12-րդ կետ) ձևավորում է, իսկ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է (Որոշման Ν 2 հավելվածի 21.1-ին կետ) ինքնաշխատ եղանակով,
- ուժը կորցրած ճանաչել Որոշման Ν 2 հավելվածի 31-րդ կետը,
- սահմանել, որ 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) շրջանակներում աշխատանքային ստաժում հաշվառվում են՝
1) մինչև 1992 թվականի հունվարի 1-ը ԽՍՀՄ-ի տարածքում աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածները,
2) համաձայնագրի՝ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ մասնակից հանդիսացող այլ պետության տարածքում 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի հունվարի 1-ն աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածները (Որոշման Ν 2 հավելվածի 37-րդ կետ)։
- սահմանել, որ 1992 թվականի մայիսի 15-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին», 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների աշխատակիցների կենսաթոշակային ապահովման և պետական ապահովագրության կարգի մասին» համաձայնագրերին (այսուհետ՝ Համաձայնագիր) մասնակցությունը դադարեցրած պետության տարածքում ձեռք բերված զինվորական ծառայության ստաժը համաձայնագրին մասնակցությունը դադարեցնելու օրվանից հետո կենսաթոշակ նշանակելիս զինվորական ծառայության ստաժում չի հաշվառում (Որոշման Ν 3 հավելվածի 11-րդ կետ),
- սահմանել այն դեպքերը, երբ աշխատանքային գրքույկի որոշ գրառումներ ձևակերպված չեն աշխատանքային գրքույկները վարելու այն կարգին համապատասխան, որը գործել է այդ գրառումները կատարելու օրվա դրությամբ, սակայն այլ իրավաչափ գրառումների հիման վրա կարելի է հիմք ընդունել նաև դրանք,
- սահմանել այն դեպքերը, երբ ստաժը հաստատող փաստաթղթում անձի անունը կամ հայրանունը, կամ ազգանունը չի համընկնում նրա անձը հաստատող փաստաթղթում գրառված անվանը կամ հայրանվանը, կամ ազգանվանը, սակայն այն կարելի է հիմք ընդունել (Որոշման Ν 2 հավելվածի 52.1-ին կետ): Ստաժը հաստատող փաստաթուղթը համարվում է, որ պատկանում է տվյալ անձին, եթե դրանում նշված տվյալներով բնակչության պետական ռեգիստրում անձ չի նույնականացվում, իսկ անձի անունը կամ հայրանունը կամ ազգանունը նրա անձը հաստատող փաստաթղթում գրառված՝
1) անունից, հայրանունից տարբերվում է «իկ» վերջավորությամբ (օրինակ՝ «Արա» և «Արայիկ») կամ նույն անունի՝ ընդունված արտասանական կրճատ տարբերակով (օրինակ՝ «Հովհաննես», «Հովիկ», «Հովո», «Օհանես») կամ տառասխալով (օրինակ՝ «Հովհաննես», «Հովահանես»),
2) ազգանունից տարբերվում է դրա բառարմատ հանդիսացող անունի հնչյունափոխությունից (օրինակ՝ «Հովհաննիսյան» և «Օհանիսյան») կամ տառասխալով (օրինակ՝ «Հովհաննեսյան», «Հովահաննիսյան») կամ վերջավորությամբ (օրինակ՝ «Մարգարյան» և «Մարգարով»):
- Որոշման Ν 6 հավելվածի աղյուսակում նշված՝ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների և պաշտոնների անվանումներում ավելացնել «պիոներ ջոկատավար» պաշտոնը, որը շրջանառվել է նույն պաշտոնի՝ ցանկում առկա՝ «ավագ ջոկատավար» կամ «ջոկատավար» ձևակերպումներին զուգահեռ: Բացի դրանից, նպատակահարմար չէ թվարկել տնօրենի (դիրեկտորի) տեղակալների կարգավորման ոլորտները (ուսումնադաստիարակչական (ուսումնական, դաստիարակչական), ուսումնաարտադրական մասի կամ արտադրական ուսուցման գծով տեղակալներ, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների գծով), քանի որ այս դեպքում ևս իրավակիրառ պրակտիկայում հանդիպում են տարաբնույթ ձևակերպումներ,
- Որպես ստաժը հաստոտղ փաստաթուղթ նախատեսել նաև (Որոշման Ν 10 հավելվածի 6-րդ և 12-րդ կետեր)՝
- ուսումնական հաստատության դիպլոմի (ատեստատի) կամ վկայականի՝ նոտարական կարգով հաստատված կրկնօրինակը,
- արհմիության կամ կուսակցության անդամատոմսը.
- կենսաթոշակ նշանակելու դիմումը անձի խնամակալի կողմից ներկայացնելու (անձի խնամակալին վճարելու) դեպքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի տված տեղեկանքը անձի նկատմամբ խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին, անձին անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը.
- կենսաթոշակը խնամատար ծնողին վճարելու դեպքում՝ երկարաժամկետ խնամատարության պայմանագիրը:
Նախագծով առաջարկվում է կատարել որոշ խմբագրական փոփոխություններ։
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կհաստակեցվեն ստաժի հաշվարկման կանոնները, կլուծվեն նաև իրավակիրառ պրակտիկայում ծագած առանձին խնդիրներ։
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ բաժնի 4.6-րդ ենթաբաժնի վերջին պարբերությունից՝ կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման, վճարման գործընթացները լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը, ընդլայնվելու է առցանց մատուցվող ծառայությունների սպեկտրը՝ ի հաշիվ տեղեկատվական համակարգեր ներառող տվյալների ստացման որակական և քանակական բարելավման։
5. Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Discussed
11.06.2025 - 27.06.2025
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 424
Print