Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի N 116-Ն և 2008 թվականի օգոստոսի 4-ի N 1594-Ն և N 1596-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Հասմիկ Ղամբարյան 15.05.2025 21:08:05 Առաջարկում եմ էլեկտրոնային ստորագրություն կիրառվի պետական բոլոր կառույցներում, ապահովագրելու անձի անվտանգությունը։ Շնորհակալություն առաջարկի համար: Ընդունվել է ի գիտություն:
2 Leonid Avetisyan 25.05.2025 19:03:38 Հավաստագրման կենտրոնների համար ներկայացվող որոշ պահանջները կարիք ունեն հավելյալ հիմնավորման, քանի որ կարող են ծայրահեղ սահմանափակել շուկան՝ որոշ մասնակիցներին տալով առավելություններ, իսկ մյուսների համար սահմանելով մուտքային անհաղթահարելի շեմեր. 1. POC հավաստմամբ ճանաչում Հիմնավորված չէ, թե ինչի համար է անհրաժեշտ POC հավաստմամբ ճանաչման ընթացակարգը: Նկարագրված չէ, թե որ դեպքերում և ինչ օբյեկտիվ ընթացակարգով է լիազոր մարմինը ընդունելու կամ մերժելու այդ հավաստումը, որպեսզի խուսափի կողմնակալության ռիսկից: Չի հասկացվում, թե նման հավաստում տրամադրած ընկերությունը ի՞նչ պատասխանատվություն կկրի, եթե նրա POC հավաստմամբ հավաստագրված կազմակերպությունը, օրինակ, չունենա տվյալ ժամանակահատվածի աուդիտի եզրակացությունը կամ ունենա որևէ այլ անհամապատասխանություն: Սահմանված չէ նաև, թե ինչ հարաբերակցությամբ պետք է լինի նման ընկերության հետ փայամասնակցությամբ գործունեությունը: 2. Կանոնադրական կապիտալ Պահանջվում է մեկ միլիարդ դրամի չափով կանոնադրական կապիտալ, սակայն չկա որևէ հիմնավորում, թե ինչու է սահմանվում նման գերբարձր շեմ՝ տեխնոլոգիապես ոչ բարդ լուծումների վրա հիմնված, համեմատաբար պարզ գործառույթներ ունեցող կազմակերպության համար: Հատկանշական է, որ էապես ավելի լայն գործառույթների սպեկտր ունեցող, էապես ավելի բարդ և էապես ավելի թանկ ենթակառուցվածքային լուծումներ պահանջող տելեկոմ ընկերությունների համար նման պահանջ սահմանված չէ, օրինակ Վիվա Արմենիա-ի կանոնադրական կապիտալը 550մլն դրամ է, Յուքոմ-ի՝ շուրջ 24մլն դրամ: 3. Վնասների ապահովագրում Հնարավոր վնասների ռիսկը ապահովագրելու համար հավաստագրվող ընկերություններից պահանջվում է երկու միլիարդ դրամի ապահովագրություն կամ նույն չափով դրամական միջոցների (բանկային երաշխիքների) առկայություն: Բացակայում է որևէ հիմնավորում, թե ինչու է անհրաժեշտ հենց նշված չափով գումարը, չկա որևէ հաշվարկ կամ հաշվարկին հղում, թե ինչու այդ գումարը պետք է լինի այդքան բարձր: Չի հասկացվում նաև ապահովագրության նպատակը: Արդյո՞ք հավաստագրվող ընկերությունը պատասխանատվություն է կրում նախատեսված պարտավորությունները չկատարելու հետևանքով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիտավորությամբ կամ անզգուշությամբ պատճառված վնասի համար: Արդյո՞ք ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը այդ խախտման հետևանքով կրել է նյութական կամ ոչ նյութական վնաս, իրավունք ունի պահանջել փոխհատուցում: Արդյո՞ք այդ ապահովագրությունը այդ նպատակի համար է: Հնարավոր բացասական հետևանք ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված նախագծով առաջադրված վերոնշյալ պահանջները, հատկապես առանց համապատասխան հաշվարկի և հիմնավորման, կարող են բերել շուկայի մոնոպոլացմանը՝ իր բոլոր բացասական հետևանքներով: Առաջարկ Նախագծում հաճախ օգտագործվում է ««eIDAS» ստանդարտներ» եզրույթը, այնինչ «eIDAS»-ը ոչ թե ստանդարտ է կամ ստանդարտների ժողովածու, այլ վստահության ծառայություններին և էլեկտրոնային նույնականացմանը վերաբերելի բարձր մակարդակի Եվրամիության իրավակարգավորում: Նման շփոթմունքը կարող է պատճառ լինել կարգավորման պահանջների սխալ ընկալման: Այս համատեքստում խիստ կարևոր է վերանայել ամբողջ փաստաթուղթը, և, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ունի հանձնառություն մոտարկելու իր օրենսդորությունը ԵՄ eIDAS-ին, առաջարկվում է ավելի խորը ուսումնասիրել Եվրամիության համապատասխան իրավակարգավորումը և դրան համապատասխանեցնել ոչ միայն տվյալ նախագծի տեխնիկական և ընթացակարգային պահանջները, այլ նաև վերանայել առնչվող ավելի բարձր իրավական ակտերը և դրանցից բխող իրավական այլ կարգավորումները: Խիստ անհրաժեշտ է նաև վերանայել նախագծով սահմանվող և դրամով արտահայտած շեմային պահանջները՝ հիմնվելով ՀՀ և միջազգային փորձի մասնագիտական վերլուծության, և դրանից բխող հաշվարկների և կանխատեսումների վրա: Ի գիտություն «Գովթեք» ՍՊԸ-ի թիմն ունի մասնագիտական ունակություն և փորձ իրականացնելու անհրաժեշտ վերլուծությունը և պատրաստ է համագործակցության ցանկացած ձևաչափով լավարկելու նախագիծը՝ համապատասխանեցնելով այն երկրի իրական կարիքին: 1․ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մոտեցումը eIDAS կարգավորումների ներդրման և ազգային eID օրենսդրության՝ Եվրոպական Թվային Անձնագրի (EUDI) շրջանակին մոտարկելու ուղղությամբ, տվյալ պահանջը դիտարկվում է որպես կարևոր նախապայման՝ ապագա վստահելի ծառայությունների տեխնիկական և կազմակերպական համապատասխանությունն ապահովելու համար։ POC կամ միջազգային գործընկերոջ հետ համագործակցության միջոցով փորձառության ապացուցման պահանջը նպատակ ունի նախապես երաշխավորել, որ տվյալ կազմակերպությունն ունի անհրաժեշտ կարողությունները՝ ապահովելու վստահելիության, անվտանգության պահանջները՝ համաձայն eIDAS կարգավորման և Եվրոպական Թվային Անձնագրի (EUDI) շրջանակի։ Այն ծառայում է որպես վստահության նախնական մեխանիզմ՝ հավաստիացնելու, որ ընկերությունը տեխնիկապես պատրաստ է իրականացնել թվային ստորագրության, նույնականացման և այլ վստահելի ծառայություններ՝ համաձայն միջազգային չափանիշների։ Հարաբերակցության կարգավորման անհրաժեշտություն չկա, քանի որ նախագծով սահմանվում է, որ հավաստագրման կենտրոնները պետք է գտնվեն ՀՀ տարածքում։ POC տրամադրող ընկերությունը պատասխանատու է միայն իր հայտարարության իրականությանը համապատասխանելու համար։ Համապատասխանության ստուգումը կարող է իրականացվել անկախ փորձագետների կողմից: 2․ Ինչպես ապահովագրության չափի համար նվազագույն շեմի դեպքում, կանոնադրական կապիտալի դեպքում նույնպես դրամական բարձր շեմը պայմանավորված է հավաստագրման կենտրոնի ֆինանսական կայունությունն ապահովելով։ 3․ Վնասների ապահովագրման մասին ներկայացվում է eIDAS 24-րդ հոդվածում։ Հավաստագրման կենտրոնները պատասխանատու են ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի պատճառված վնասի համար, եթե այդ վնասը տեղի է ունեցել նրանց անփութության կամ դիտավորության արդյունքում։ Խոսքը վերաբերում է գույքային, ֆինանսական կամ գործարար վնասներին։ Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը վստահել է ծառայությանը (օրինակ՝ ստորագրել փաստաթուղթ) և կրել է վնաս հավաստագրման կենտրոնի անփույթ կամ անօրինական գործողության հետևանքով։ Ինչպես նաև հենց հավաստագրման կենտրոնի գործունեության ֆինանսական ապահովության համար։ Այդ դրամական պահանջները պայմանավորված են այն հանգամանքով, որ Հավաստագրման կենտրոնը պետք է ի վիճակի լինի․ - խախտում կատարելու դեպքում վճարել տուգանք, որը չի հանգեցնի հավաստագրման կենտրոնի սնանկանալուն։ - փոխհատուցել իր գործողության արդյունքում տուժած անձանց։ Սա նաև կաևոր է քաղաքացիների՝ հավաստագրման կետրոնների և համակարգի նկատմամբ ունեցած վստահության մակարդակի բարձրացման տեսանկյունից, քանի որ վերջիններս վստահ կլինեն, որ իրենց շահերը առավելագույնս պաշտպանված են։ Որպես միջազգային փորձի օրինակ նշենք, որ Գերմանիայում ապահովագրության չափը սահմանված է 5 մլն․ եվրո, Էստոնիայում՝ 2 մլն․, իսկ Իսպանիայում 5 մլն․։ eIDAS ստանդարտի մասով դիտարկումն ընդունելի է։
3 ԻՄ ԱՅԴԻ ՓԲԸ 30.05.2025 18:33:22 Հանրային քննարկման ներկայացված որոշումների նախագծերը ոլորտի կարգավորման տեսանկյունից առաջադիմական են և արտացոլում են էլեկտրոնային նույնականացման, էլեկտրոնային ստորագրության և վստահության ծառայությունների կարգավորման ժամանակակից մոտեցումները: Նախագծերը հիմնված են եվրոպական առաջատար կարգավորումների, մասնավորապես Էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային գործարքներում վստահության ծառայությունների մասին ԵՄ համապատասխան կանոնակարգի (EU 910/2014) (այսուհետ՝ eIDAS կանոնակարգ) և միջազգային չափորոշիչների (ETSI TS standards) հիմնական սկզբունքների վրա: Այնուամենայնիվ, առաջարկվող նախագծերը պահանջում են լրացուցիչ բարելավումներ, որոնց վերաբերյալ առաջարկներն ու դիտարկումները ներկայացված են ստորև: ԻՄ ԱՅԴԻ ՓԲ ընկերության կողմից ներկայացվող առաջարկությունների համար հիմք են հանդիսացել ոլորտի Եվրոպական փորձի ուսումնասիրությունները, ETSI TS չափորոշիչներով սահմանված պահանջները, eIDAS կանոնակարգին համապատասխանության որակավորում ունեցող և Եվրոպական շուկայում լայն կիրառություն ունեցող տեխնոլագիական լուծումների և համակարգերի ուսումնասիրությունները, ինչպես նաև ոլորտի Եվրոպական փորձագետների կողմից տրամադրված կարծիքները: Առաջարկները խմբավորված են ըստ հանրային քննարկման ներկայացված երկու նախագծերի: 1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ N 572-Ն որոշման նախագիծ) վերաբերյալ ներկայացվող առաջարկություններ 1.1. Բջջային էլեկտրոնային թվային ստորագրության կոդերն ապաբլոկավորելու համար նախատեսված հաճախորդի սպասարկման գործընթացում հաճախորդի նույնականացման պահանջի սահմանում Գործող գործընթացների ուսումնասիրությունները բացահայտում են ներկայումս հաճախորդի սպասարկման կետերում կոդերը ապաբլոկավորելիս առանց հաճախորդին նույնականացնելու (անձը հաստատող փաստաթուղթ պահանջելու) կոդերը փոխարինելու պրակտիկան: Ելնելով նշվածից անհրաժեշտ է այս գործընթացում նույնպես պահանջել հաճախորդի նույնականացման իրականացում: Առաջարկություն N 572-Ն որոշման նախագիծի N 2 hավելվածի 17 կետում ավելացնել հետևյալ պահանջը՝ «PIN1 կամ PIN2 տեսակի կոդերն ապաբլոկավորելու համար նախատեսված հաճախորդի սպասարկման գործընթացում իրականացվում է հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի հետ նույնականացում:» Ընդունելի չէ։ Այս հարցն ընթացակագային է և ենթակա չէ ներառման այս նախագծում։
4 ԻՄ ԱՅԴԻ ՓԲԸ 30.05.2025 18:33:22 1.2. Խելացի սարքի հիման վրա էլեկտրոնային թվային ստորագրության ծրագրային տիրույթի պաշտպանության պահանջների փոփոխություն N 572-Ն որոշման նախագիծի N 2 hավելվածի մաս V-ի կետ 24-ում սահմանված խելացի սարքի հիման վրա էլեկտրոնային թվային ստորագրության ծրագրային տիրույթի պաշտպանության պահանջները մասնակիորեն են արտացոլում eIDAS կանոնակարգի պահանջները: Մասնավորապես կետ 24-ում սահմանված PUK տեսակի կոդի առկայության պահանջը չի համապատասխանում eIDAS կանոնակարգին: Նման նեղ տեխնիկական պահանջների սահմանումը կարգավորման տեսանկյունից չի կարող արդյունավետ լինել, քանի որ սահմանափակում է տնտեսվարող սուբյեկտի կողմից անվտանգ այլ եղանակով նույն գործառույթի իրականացումը: Ներկայումս առաջատար և որակավորված տեխնոլոգիական լուծումներում PIN1 կամ PIN2 կոդերը մոռանալու կամ այլ պատճառով փոխելու անհրաժեշտության դեպքում դրանք վերականգնելու հնարավորություն չի սահմանվում, փոխարենը իրականացվում է հաճախորդի նոր գրանցում: Այսպիսին է Եվրոպական միությունում առաջատար հանդիսացող Էստոնական SMART ID-ի (https://www.smart-id.com/help/faq/pin-codes/pin-codes-are-permanent-and-can-t-be-changed ) և մի շարք այլ լուծումների մոտեցումը: Առաջարկություն Առաջարկվում է խելացի սարքերի դեպքում սահմանել PIN1 կամ PIN2 տեսակի կոդերի փոխարինման անհրաժեշտության դեպքում N 572-Ն որոշման նախագիծի N 2 hավելվածի մաս V-ի կետ 24-ի ենթակետ 3-ում PUK կոդի առկայության պահանջը փոխարինել հաճախորդի նոր գրանցում իրականացնելու պահանջով: Ընդունվել է։
5 ԻՄ ԱՅԴԻ ՓԲԸ 30.05.2025 18:33:22 1.3. Խելացի սարքի հիման վրա էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորների ծրագրասարքավորումային համալիրների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու պահանջի սահմանում: Հաշվի առնելով էլեկտրոնային թվային ստորագրության կիրառության համար ստեղծված և շահագործվող էլեկտրոնային համակարգերի նկատմամբ համարժեք անվտանգության պահանջների սահմանման անհրաժեշտությունը՝ առաջարկվում է նախագծի խելացի սարքի հիման վրա էլեկտրոնային թվային ստորագրության տեխնիկական պահանջներում նույնպես ավելացնել Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց ծրագրասարքավորումային համալիրների գտնվելու պահանջը: Ճիշտ է նման պահանջ առկա է հավաստագրման կենտրոնների հավատարմագրման պահանջները սահմանող որոշման նախագծում, այդուհանդերձ նման պահանջի սահմանումը N 572-Ն որոշման նախագծում կապահովի պահանջների որոշակիությունը և համապատասխանությունը: Այսպիսով առաջարկվում է՝ N 572-Ն որոշման նախագիծի N 2 hավելվածի մաս V-ի կետ 25-ից հետո ավելացնել հետևյալ դրույթը՝ «Հավաստագրման կենտրոնի կողմից ներդրած խելացի սարքի հիման վրա գործող էլեկտրոնային թվային ստորագրության ծրագրասարքավորումային համալիրները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում»: Ընդունվել է։
6 ԻՄ ԱՅԴԻ ՓԲԸ 30.05.2025 18:33:22 2. «էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի N 116-Ն և 2008 թվականի օգոստոսի 4-ի N 1594-Ն և N 1596-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Հավաստագրաման կենտրոնի հավաստագրման կարգի նախագիծ) վերաբերյալ ներկայացվող առաջարկություններ 2.1. Հավաստագրման կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների ցանկի ընդլայնում Հաշվի առնելով, որ eIDAS կանոնակարգով վստահության ծառայությունների ու դրանց հետ սերտ կապված ծառայությունների ցանկը շատ ընդարձակ է և դրանցից որոշները մոտ ապագայում կարող են պահանջված լինել և մատուցվել նաև հայկական շուկայում՝ առաջարկում ենք ընդլայնել թույլատրելի ծառայությունների ցանկը դրանցում ավելացնելով անձի խիստ նույնականացման ծառայության տրամադրում Հավաստագրման կենտրոնի հավատարմագրման կարգի նախագծի կետ 13-ի 1, 2, 3 ենթակետերում նշված միջոցներով, էլեկտրոնային կնիքների թողարկման (eSeal) և ժամանակային դրոշմակնիքի (time stamp) ծառայությունները: Ճիշտ է նշված ծառայությունները Հավաստագրման կենտրոնի հավատարմագրման կարգի նախագծի իմաստով արգելված չեն, քանի որ հանդիսանում են էլեկտրոնային թվային ստորագրության հետ կապված ծառայություններ և չեն հակասի կարգի կետ 15-ին: Այնուամենայնիվ տարընկալումից խուսափելու նպատակով առաջարկում ենք հստակեցնել կարգավորումը: Առաջարկություն  Հավաստագրման կենտրոնի հավատարմագրման կարգի նախագծի կետ 13-ում ավելացնել կետ 13-ի 1, 2, 3 ենթակետերում նշված միջոցներով անձի խիստ նույնականացման ծառայությունը, էլեկտրոնային դրոշմակնիքի և էլեկտրոնային կնիքների թողարկման ծառայությունները, որպես հավաստագրման կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններ:  Հավաստագրման կենտրոնի հավատարմագրման կարգի նախագծի կետ 15-ը սահմանել հետևյալ ձևակերպմամբ «Հավաստագրման կենտրոնները չեն կարող մատուցել էլեկտրոնային թվային ստորագրության, էլեկտրոնային կնիքի և ժամանակային դրոշմակնիքի հետ չկապված այլ ծառայություններ կամ կատարել այլ աշխատանքներ»։  Հավաստագրման կենտրոնի հավատարմագրման կարգի նախագծի Կետ 22-ում «Հավաստագրման կենտրոնները սույն հավելվածի 13-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված ծառայություններից յուրաքանչյուրի համար հավատարմագրում պետք է ստանան առանձին»։ Ընդունելի չէ։ Օրենքում այս պահին էլեկտրոնային կնիքի և ժամանակային դրոշմանիքի վերաբերյալ կարգավորումներ չկան։
7 ԻՄ ԱՅԴԻ ՓԲԸ 30.05.2025 18:33:22 2.2. Հավատարմագրվող հավաստագրման կենտրոնների ռիսկերի ապահովագրության չափի նվազեցում Հավաստագրման կենտրոնների հավատարմագրման կարգի նախագծով պահանջվում է, որ հավատարմագրվող կենտրոնները հնարավոր վնասների համար ապահովագրեն իրենց ռիսկը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով կամ ներկայացնեն բավարար ֆինանսական միջոցներ՝ նույն չափով դրամական կամ երաշխիքի տեսքով, որն անձեռնմխելի է և պահպանվում է գործունեության ամբողջ ընթացքում: Ճիշտ է ապահովագրության և բավարար ֆինանսական միջոցներ ունենալու պահանջը սահմանված է eIDAS կանոնակարգով (հոդված 24), այնուամենայնիվ վնասներից և պահանջներից ապահովագրության կոնկրետ պահանջները սահմանվում են ազգային օրենսդրության կանոններով: Կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ հաճախ ապահովագրությանը ներկայացվող օրենսդրական պահանջները սահմանում են առնվազն 1 միլիոն եվրո ծածկույթ բոլոր ապահովագրական դեպքերի համար միասին և առնվազն 250 000 եվրո յուրաքանչյուր դեպքի համար։ Առավել բարձր ապահովագրական ծածկույթ սահմանում է Գերմանիան՝ առնվազն 5 միլիոն եվրո: Սակայն, սովորաբար Եվրոպական միության անդամ երկրներում փոքր և միջին ընկերություների համար 1-ից 2 միլիոն Եվրո ապահովագրական ծածկույթը որակավորված վստահության ծառայության համար սահմանված միջինացված պահանջ է հիմնականում։ Օրինակ, Էստոնիայի վստահության ծառայությունները կարգավորող ակտով նախատեսված է, որ Եվրոպական պառլամենտի և խորհրդի 910/2014 (ԵՄ) թիվ 910/2014 կանոնակարգի (ԵՄ) 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ հոդվածով նախատեսված վնասի հատուցումն ապահովելու համար որակավորված վստահության ծառայություններ մատուցողները պետք է ունենան ապահովագրություն՝ առնվազն մեկ միլիոն եվրոյի չափով յուրաքանչյուր ապահովագրական դեպքի համար և առնվազն մեկ միլիոն եվրոյի չափով՝ ընդհանուր բոլոր դեպքերի համար։ Որպես մեկ այլ օրինակ ներկայացնում ենք նաև Լեհաստանի օրենսդրությունը, որն էլ իր հերթին նախատեսում է առնվազն 250,000 Եվրոյի չափով յուրաքանչյուր ապահովագրական դեպքի համար և առնվազն մեկ միլիոն եվրոյի չափով՝ ընդհանուր բոլոր դեպքերի համար։ Նախագծում սահմանված ռիսկերի ապահովագրության չափը առաջարկում ենք նվազեցնել այն սահմանելով 500 000 000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամից առավերալգույնը 1 միլիարդ ՀՀ դրամի ծածկույթ բոլոր ապահովագրական դեպքերի համար միասին և մինչև 100 000 000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամ յուրաքանչյուր դեպքի համար սկզբունքով: Ընդունվել է ի գիտություն: Այդ դրամական պահանջները պայմանավորված են այն հանգամանքով, որ Հավաստագրման կենտրոնը պետք է ի վիճակի լինի․ - խախտում կատարելու դեպքում վճարել տուգանք, որը չի հանգեցնի հավաստագրման կենտրոնի սնասնանկությանը։ - փոխհատուցել իր գործողության արդյունքում տուժած անձանց։ Սա նաև կաևոր է քաղաքացիների՝ հավաստագրման կետրոնների և համակարգի նկատմամբ ունեցած վստահության մակարդակի բարձրացման տեսանկյունից, քանի որ վերջիններս վստահ կլինեն, որ իրենց շահերը առավելագույնս պաշտպանված են։ Որպես միջազգային փորձի օրինակ նշենք, որ Գերմանիայում ապահովագրության չափը սահմանված է 5 մլն․ եվրո, Էստոնիայում՝ 2 մլն․, իսկ Իսպանիայում՝ 5 մլն․։ Կարծում ենք, որ նշված դրամական շեմն ընդունելի է։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: