ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Առկա իրավիճակը և կարգավորման ենթակա խնդրի սահմանումը
Հայաստանի Հանրապետության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը։ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվել է տարբեր ոլորտներում իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ կառուցել, հիմնանորոգել և վերանորոգել հանրակրթական ուսումնական հաստատություններ, մանկապարտեզներ և այլ կրթօջախներ, կառուցել և վերակառուցել առողջապահական կազմակերպություններ, ջրամատակարարման համակարգեր և այլ ենթակառուցվածքներ։
Ի կատարումն վերոնշյալ միջոցառումների ՀՀ կառավարությունը ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով հաստատել է կառուցվող, հիմնանորոգվող, վերոնորոգվող հանրակրթական ուսումնական հաստատությունների, մանկապարտեզների, առողջապահական կազմակերպությունների, ջրամատակարարման համակարգերի և այլ ենթակառուցվածքների ցանկերը, դրանց միջամտության աստիճանը, և սահմանել պատվիրատու կազմակերպություններին։
Սահմանված պատվիրատու կազմակերպությունները որպես կանոն պետական կառավարման մարմիններն են, դրանց ենթակայությամբ գործող մարմինները, պետության կողմից ստեղծված հիմնադրամները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, դեպարտամենտները և այլն։
Ինչպես այս ծրագրերի շինարարական աշխատանքները այնպես էլ շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգով։
Անհրաժեշտ է նշել նաև, որ հանրապետությունում շինարարության ծավալներով պայմանավորված զգալիորեն աճել են շինարարական օբյեկտների քանակները, ինչի արդյունքում ևս դժվարացել է համապատասխան որակավորում ունեցող կազմակերպություններից ծառայությունների ձեռքբերումը։ Շատ դեպքերում հայտարարված մրցույթներում հաղթող է ճանաչվում միևնույն ընկերությունը, ինչի արդյունքում ելնելով իր սահմանափակ կարողություններից տուժում է որակյալ ծառայության մատուցումը։
Չնայած Պատվիրատու կազմակերպությունների կողմից ձեռնարկվող միջոցներին շինարարական աշխատանքներում ներգրավված կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը բարձարցնելու ուղղությամբ արդյունքներ չեն տալիս և շինարարական աշխատանքների ընթացքը պատշաճ և որակով ապահովելու հիմնական բեռը մնում է պատվիրատու մարմինների և կազմակերպությունների համապատասխան մասնագետների վրա:
Պատվիրատու կազմակերպություններից շատերը, ունենալով մասնագիտական և տեխնիկական կարողություններ, ցանկանում են, ինքնուրույն իրենց միջոցներով կազմակերպել շինարարության որակի տեխնիկական հսկողության գործընթացը, սակայն, քանի որ մեր հանրապետությունում շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, ուստի զրկված են այդ հնարավորությունից։
Չնայած այս ծրագրերով որպես պատվիրատու սահմանված մարմինները և կազմակերպություններն իրենց երկարամյա գործունեության ընթացքում իրականացրել են բազմաթիվ շինարարական աշխատանքներ, որոնք իրենց մեջ ներառել են հիմնականում բարձր ռիսկայնության աստիճանի շինարարական օբյեկտներ, ունեն համապատասխան մասնագիտական և տեխնիկական կարողություններ, դժվարությունների են բախվում ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» N 2106-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան լիցենզիաների ստացման գործընթացում։
Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջանում ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» N 2106-Ն որոշմամբ հաստատված կարգում լրացումներ կատարելու և ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության ծրագրի կատարումն ապահովելու նպատակով նշված մարմիններին և կազմակերպություններին լիցենզիաներ տրամադրելու համար այլ կարգավորում կամ մոտեցում սահմանելու։
2․ Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված կամ վերջինիս մասնակցությամբ իրավաբանական անձինք հնարավորություն կունենան ստանալու քաղաքաշինության բնագավառում գործունեության լիցենզիաներ՝ համապատասխան ներդիրներով և սեփական մասնագիտական և տեխնիկական ռեսուրսներով առավել պատշաճ ապահովել իրենց կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակին և որակյալ իրականացումը։
3․ Նախագիծը մշակող պատասխանատու մարմինը և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ
Նախագիծը մշակվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:
4․ Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում։
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի Հանրապետության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1363-Ա որոշում։
Հայաստանի Հանրապետության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշում։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» N 2093-Ն որոշում։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2026-Ա որոշումը․ «1․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը վերապահված՝ «1126․ Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ» ծրագրի «31003․ Առողջապահական կազմակերպությունների կառուցում, վերակառուցում» միջոցառման` սույն որոշման հավելվածով սահմանված առողջապահական կազմակերպությունների բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչի լիազորությունները (ներառյալ գնման գործընթացների պատվիրատուի ղեկավարի լիազորությունը) վերապահվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:»։