Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներից, ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի 81-րդ կետի 8-րդ ենթակետի «գ» պարբերության պահանջներից։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝

«Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։

ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշմամբ հաստատվել է բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը, որը կիրառվել է 2023-2024 ուսումնական տարվանից /1-ին կուրս ընդունվածների նկատմամբ/, և ամբողջությամբ չի արտացոլում (ԲՏՃՄ) ուղղություններով մասնագիտությունների շրջանակը։

ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1290-Ա, դեկտեմբերի 21-ի N 2214-Ա, 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1293-Ա, դեկտեմբերի 27-ի N 2062-Ա որոշումներով գործող կարգի շրջանակներում 2023-2024 և 2024-2025 ուսումնական տարիներին շուրջ 210 արական սեռի քաղաքացի ստացել է տարկետում։

Ներկայում անհրաժեշտություն է առաջացել վերանայելու և լրացնելու ԲՏՃՄ մասնագիտությունների ցանկը՝ ուղղված պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հնարավորության սահմանման ընդլայնմանը։ Նախագծի ընդունման անհարժեշտությունը պայմանավորված է նաև պետության անվտանգության և գիտատեխնիակական զարգացման համար կարևորագույն ոլորտների զարգացման հեռանկարով՝ անվճար հիմունքներով բուհ ընդունված ու կրթության շարունակություն ապահովող որակյալ կադրերի պատրաստմամբ:

Այսպես, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ հաստատված գիտության, կրթության նվաճումների համար պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու կարգի համաձայն՝ բակալավրի կրթական ծրագրով կրթությունը շարունակելու համար քաղաքացին կա՛մ պետք է հանդիսանա միջազգային օլիմպիադանների մրցանակակիր, կա՛մ սովորի վարկանիշավորման աղյուսակների լավագույն 50 բուհերից մեկում: Նշված կարգավորման պատճառով ՀՀ-ում գործող բուհերը շատ ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ, կորցնում են լավագույն ուսանողներ, իսկ պետությունը՝ ՀՀ-ում սովորող և ապագայում գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող քաղաքացիների: Նշված կարգավորումը նաև սոցիալական անհավասարություն է առաջ բերում, քանի որ շատ քաղաքացիներ, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, նույնիսկ կրթաթոշակի առկայությամբ չեն կարողանում տարկետման իրավունքով կրթություն ստանալու հնարավորություն ունենալ: Բակալավրի կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար տարկետում տրամադրելու գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով վերանայվել են ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշմամբ հաստատված կարգի (հավելված N 1) 1-ին և 2-րդ կետերը, հավելված N 2-ի ցանկը, որոնք կրում են ինչպես տեխնիկական բնույթ, այնպես էլ նախատեսում են տարկետում ստանալու պայմանի փոփոխություն:

Այսպես՝ ըստ գործող կարգի վերոնշյալ կետերի

«1. Սույն կարգով կարգավորվում են բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով (այսուհետ՝ ԲՏՃՄ) պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով՝ ըստ կրթական աստիճանների (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա), համապատասխան բուհերում առկա ուսուցմամբ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ընդունված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգով սահմանվում են բուհերում համապատասխան մասնագիտությամբ ընդունվելու և սովորելու պայմանները, որոնք հիմք են հանդիսանում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելուն՝ ըստ կրթական աստիճանների (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա):»:

Ըստ առաջարկվող նախագծի՝ որոշման հավելված N 1-ի 1-ին կետում հանվում են «առկա ուսուցմամբ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար)» բառերը, իսկ 2-րդ կետը շարադրվում է նոր խմբագրությամբ՝ հստակ սահմանելով կարգով քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համաժամանկյա պայմանները. Դրանք են՝

1) որոշման N 2 hավելվածում սահմանված բուհերում ըստ կրթական աստիճանների (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա) ԲՏՃՄ ուղղությունների համապատասխան մասնագիտություններով առկա ուսուցմամբ ընդունվելը,

2) յուրաքանչյուր ուսումնական տարվա համար սահմանված՝ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերի շրջանակում՝ որոշման N 2 hավելվածում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով տվյալ մասնագիտության համար հատկացված տեղերում ընդունելության մրցույթի արդյունքներով ընդունվելու դեպքում:

Յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության կողմից հաստատվում են ըստ մասնագիտությունների անվճար տեղեր, սակայն արական սեռի քաղաքացիները տարկետման կարող են հավակնել միայն դրանց շրջանակում առանձնացված (ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշմամբ հաստատված հավելված N2-ում ամրագրված) որոշակի քանակի տեղերում մրցույթի արդյունքով ընդունվածները՝ բակալավրի կրթական աստիճանում՝ ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ ըստ միասնական քննությունների արդյունքների՝ նվազման սկզբունքով, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական աստիճաններում՝ համապատասխան կարգերով սահմանված կարգով ընդունելության մրցույթի արդյունքում:

ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշմամբ հաստատված որոշման հավելված N 2-ը, որը շարադրվում է նոր խմբագրությամբ, բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտությունները, որոնցով համապատասխան բուհերում առկա ուսուցմամբ, անվճար ընդունված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվում է տարկետում, համալրվում են նոր մասնագիտություններով՝ բակալավրի կրթական աստիճանում՝ Երևանի պետական համալսարանում՝ 056101.01.6 Մաթեմատիկա, 056201.02.6 Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն, 061901.01.6 Տեղեկատվական անվտանգություն, 051101.01.6 Կենսաբանություն, 051201.03.6 Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա, 054101.01.6 Երկրաբանություն, 054201.01.6 Աշխարհագրություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ 061102.01.6 Ծրագրային ճարտարագիտություն, 072401.01.6 Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում, 071503.03.6 Ռոբոտատեխնիկա և մեխատրոնիկա, 071603.06.6 Ավիատիեզերական ճարտարագիտություն, 061104.02.6 Արհեստական բանականությամբ համակարգեր, 061901.01.6 Տեղեկատվական անվտանգություն, 071101.01.6 Քիմիական տեխնոլոգիա, 071302.02.6 Էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիաներ, 071401.02.6 Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, 071403.03.6 Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում:

Բուհերի և բակալավրի կրթական աստիճանում համապատասխան մասնագիտությունների ընտրության համար հիմք են հանդիսացել տվյալ մասնագիտությամբ ընդունելության ժամանակ սահմանված ԲՏՃՄ մասնագիտական առարկաների առկայության հանգամանքը, միջազգային վարկանիշային աղյուսակներում դիրքավորված լինելու հանգամանքը, միջազգային չափանիշներից համալսարանի հետազոտության որակը՝ ըստ ֆակուլտետների մեջբերումով՝ հաշվի առնելով հինգ տարվա ընթացքում բուհի կողմից տպագրված հոդվածներում ակադեմիական մեջբերումների ընդհանուր թիվը: 2023-2024, 2025-2026 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով սահմանված բուհերի տարկետման իրավունք տվող համապատասխան մասնագիտությունների համար նախատեսվել էին ընդհանուր պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) շուրջ 200 ընդունելության տեղեր: Վերջին տարիներին ԲՏՃՄ ուղղություններով ընդհանուր ընդունվողների մոտ 70 տոկոսը արական սեռի քաղաքացիներ են եղել, հետևաբար նշված բուհերի համապատասխան մասնագիտություններով մոտավորապես 140 քաղաքացի կարող էր հավակնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման:

3. Ակնկալվող արդյունքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կրթություն ստանալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հնարավորությունների ընդլայնում,համապատասխան բուհերի պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության տեղերի մրցակցության բարձրացում: Նախագծի ընդունմամբ կապահովվի գիտության, արդյունաբերության ոլորտներում համապատասխան որակյալ մասնագետներով ապահովածությունը՝ խթանելով պետության համար նշված ռազմավարական ոլորտների զարգացումը:

 4. ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից։

5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

7. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի 81-րդ կետի 8-րդ ենթակետի գ. (մշակել և ներդնել պետության համար ռազմավարական մասնագիտությունների գծով բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում տարկետման նոր համակարգ,) և 82-րդ կետի 4-րդ ենթակետի ը. (մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտություններով պետական աջակցության տրամադրման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդրում) պարբերություններից:

  • Discussed

    09.04.2025 - 24.04.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2483

Print

Suggestions

Մանյա Մադաթյան

23.04.2025

Կարծիք _նախագիծը իրապես ողջունելի է,քանի որ ԲՏՃՄ առարկաների ուսումնասիրությունը կարևոր և արդիական քայլ է ժամանակակից կրթության մեջ։ Այս առարկաները զարգացնում են աշակերտների վերլուծական մտածողությունը, ստեղծարար մոտեցումները և պրակտիկ հմտությունները, որոնք պահանջվում են 21-րդ դարում։ ԲՏՃՄ-ը նաև նպաստում է իրական կյանքի խնդիրների լուծման ունակությունների ձևավորմանը, ինչպես նաև մղում է հետազոտական և թիմային աշխատանքների։Եվ նման փոփոխությունները կբարձրացնեն սովորողների հետաքրքրությունը։Որը խթան կհանդիսանա ապագա զինծառայողների համար սեփական ներդրումը ունենալ նաև բանակաշինության գործում ։ Առաջարկ Առաջարկվում է յուրաքանչյուր բնագիտական դասասենյակ հագեցնել համակարգչով և պռոյեկտով ինտեգրացված և նախագծային աշխատանքներ իրականացնելու համար։ Սա կնպաստի աշակերտների մոտիվացիային և կբարձրացնի նրանց հետաքրքրությունը գիտության ու տեխնոլոգիաների նկատմամբ։

Ռիմա Մանուկյան

22.04.2025

Նախագիծը կարևոր ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար.այն խրախուսում է սովորողների՝բնական գիտությունների ընտրությունը,ինչը կնպաստի տվյալ ոլորտի կայուն զարգացմանը;Ի վերջո ,մեր երիտասարդներն են կերտելու հայրենիքի ապագան ,և ինչու չէ՝իրենց մասնագիտական գիտելիքներով ծառայելու են երկրին ՝ի նպաստ գիտատեխնոլոգիական առաջընթացի:

Հայկուհի Խաչատրյան

22.04.2025

Հաշվի առնելով աշխատանքային շուկայի արագ փոփոխությունները՝ անհրաժեշտ է իրականացնել ամենամյա վերանայում և արդիականացում մասնագիտությունների ցանկի՝ հետևյալ հիմքերով՝ Տվյալ ոլորտի մրցունակություն միջազգային մակարդակում Գիտական ներդրումների և նորարարության հեռանկար Ռազմավարական կարևորություն՝ պետության պաշտպանության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: