Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, ««ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Նախագծերի նպատակն է նախատեսել դատավորին էթիկայի և կարգապահական հարցերով գաղտնի խորհրդատվություն տրամադրելու հնարավորությունը, բարձրացնել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների ձայների կշռի ու հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը, օրենքով սահմանել դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների կազմում դատավոր չհանդիսացող անդամներին ներկայացվող պահանջները:

  • Discussed

    08.01.2025 - 23.01.2025

  • Type

    Law

  • Area

    Justice, Fight against corruption

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 618

Print

Suggestions

Իրավաբանների հայկական ասոցիացիա

23.01.2025

Օրենքի 78-րդ հոդվածում՝ 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.5-րդ մասերով. 2.1. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը լուծելու կամ հարուցված կարգապահական վարույթի արդյունքում միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդի դիմելու հարցը լուծելու համար Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի առնվազն ինը անդամ: Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցի վերաբերյալ որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդը:․․․ ԴԻՏԱՐԿՈՒՄ 8. Առաջարկվող փոփոխությունը պարունակում է իրավական անորոշություն քվեարկության արդյունքների հաշվարկման մեխանիզմի վերաբերյալ, ինչը կարող է հանգեցնել տարաբնույթ մեկնաբանությունների և գործնական խնդիրների: Հատկապես խնդրահարույց է այն հանգամանքը, որ հստակ չէ՝ արդյոք քվեարկության արդյունքները պետք է հաշվարկվեն հանձնաժողովի բոլոր անդամների, թե միայն նիստին մասնակցող անդամների թվից: Տառացի մեկնաբանության դեպքում կարող ենք նշել, որ նկատի է ունեցվում հանձնաժողովի բոլոր անդամներին, ոչ թե նիստի մասնակից անդամներին։ Այդ մոտեցումը ճիշտ չէ, քանի որ ոչ բոլոր անդամներն են մասնակցել նիստին և քննարկումներին, հետևաբար իրենց կարծիքը որոշումների կայացմանը հաշվի առնելը կխոչընդոտի ճիշտ որոշում կայացնելուն։ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ 8. Առաջարկում ենք հստակեցնել քվեարկության արդյունքների հաշվարկման մեխանիզմը՝ սահմանելով, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցի վերաբերյալ որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի՝ նիստին մասնակից անդամների առնվազն մեկ երրորդը:

Իրավաբանների հայկական ասոցիացիա

23.01.2025

Օրենքի 120-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «խորհրդակցական սենյակում՝» բառերը: ԴԻՏԱՐԿՈՒՄ 7. Այս փոփոխությունը համահունչ է թափանցիկության սկզբունքին, սակայն որոշակի մտահոգություններ է առաջացնում դատավորների անկախության երաշխիքների տեսանկյունից: Ներկայիս ձևակերպումը չի նախատեսում դատավորների համար հնարավորություն՝ խնդրելու իրենց դիմումի քննարկումը խորհրդակցական սենյակում, ինչը կարող է խնդրահարույց լինել այն դեպքերում, երբ փոխանակման պատճառները կապված են անձնական կամ գաղտնի տեղեկությունների հետ: ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ 7. Առաջարկում ենք ավելացնել դրույթ, որը թույլ կտա դատավորներին միջնորդել քննարկումն անցկացնել խորհրդակցական սենյակում՝ պատշաճ հիմնավորման դեպքում: Հստակեցնել «հիմնավոր պատճառներ» հասկացությունը։ Սահմանել կոնկրետ ժամկետներ դիմումի քննության և որոշման կայացման համար: Նախատեսել դրույթ, որը կպարտավորեցնի ԲԴԽ-ին տալ պատճառաբանված որոշում՝ հատկապես մերժման դեպքերում:

Իրավաբանների հայկական ասոցիացիա

23.01.2025

ԴԻՏԱՐԿՈՒՄ 6. Գործող օրենքով և առաջարկվող փոփոխություններով չի նախատեսվում Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների կողմից հատուկ կարծիք ներկայացնելու հնարավորությունը։ Հատուկ կարծիք ներկայացնելու հնարավորության բացակայությունը էական թերություն է իրավական համակարգում: Այս սահմանափակումը խոչընդոտում է արդարադատության համակարգի թափանցիկությունը և հաշվետվողականությունը: Հանձնաժողովի անդամները ունենալով մասնագիտական խորը գիտելիքներ, զրկված են իրենց տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես արձանագրելու հնարավորությունից: Այս իրավիճակը բացասաբար է անդրադառնում մի քանի կարևոր ասպեկտների վրա: Նախ՝ տուժում է որոշումների կայացման գործընթացի բազմակողմանիությունը, քանի որ հնարավոր այլընտրանքային տեսակետները չեն արձանագրվում և չեն դառնում քննարկման առարկա: Երկրորդ՝ սահմանափակվում է դատական համակարգի նկատմամբ հասարակական վերահսկողության արդյունավետությունը, քանի որ հանձնաժողովի անդամների հիմնավորված դիրքորոշումները չեն կարող պաշտոնապես ամրագրվել: Երրորդ՝ նվազում է էթիկայի և կարգապահական հարցերի քննության օբյեկտիվությունը, քանի որ բացակայում է տարբեր մասնագիտական դիրքորոշումների պաշտոնական արձանագրման մեխանիզմը: ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ 6. Առաջարկում ենք օրենսդրական փոփոխությունների միջոցով ամրագրել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների՝ հատուկ կարծիք ներկայացնելու իրավունքը: Այս փոփոխությունը պետք է ներառի հստակ ընթացակարգեր հատուկ կարծիքի ձևավորման, ներկայացման և անհրաժեշտության դեպքում (ելնելով հատուկ կարծիքը ներկայացնելու փուլից) հրապարակման վերաբերյալ: Անհրաժեշտ է սահմանել նաև հատուկ կարծիքի բովանդակային պահանջները, ներկայացման ժամկետները և դրա հետագա քննարկման մեխանիզմները: Այս փոփոխությունները կնպաստեն դատական համակարգի թափանցիկության բարձրացմանը, որոշումների կայացման գործընթացի բարելավմանը և հանրային վստահության ամրապնդմանը:

See more