«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 727-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է`
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության, հաշվետվություն ներկայացնելու, շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի ներկայացման, ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու, վկայականի տրամադրման գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, հանձնաժողովի ձևավորման և գործունեության, ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն և 2012 թվականի մարտի 15-ի N 292-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 727-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով.
«2.1 . Սույն կարգի կիրառության իմաստով`
1) գործառնական ծախս է համարվում գործառնական գործունեության ծախսերի խումբը, որն իր մեջ ներառում է իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի, իրացման, վարչական ծախսերի և գործառնական այլ ծախսերի հանրագումարը.
2) որակավորված, լրիվ դրույքով աշխատող է համարվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետը, որն ունի տվյալ ոլորտում մասնագիտական կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ (հավաստագիր, վկայական) և աշխատում է աշխատաժամանակի նորմալ տևողությամբ:»։
2) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ գլխով.
«3. ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- Ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը կարող է երկարաձգվել կազմակերպչի հայտի հիման վրա, եթե միաժամանակ պահպանվում են հետևյալ պայմանները`
1) չեն փոխվում գործարար ծրագրով սահմանված ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը և ազատ տնտեսական գոտում իրականացվող գործունեության տեսակները.
2) ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը դիմել է ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 4 ամիս առաջ:
- Ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը երկարաձգելու համար կազմակերպիչը լիազոր մարմին է ներկայացնում հայտ, որում ներառում է հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) ամփոփագիր, որը ներառում է ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետի երկարաձգման նպատակը, տարածքի հատակագիծը, տարածքում նոր շինությունների առկայության դեպքում՝ նաև շինությունների նոր նախագիծը, իրականացվող ներդրումների ուղղությունների, ծավալի, ստեղծվող աշխատատեղերի քանակի, իրականացվող մարքեթինգային միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն։
- Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում այն էլեկտրոնային եղանակով ուղարկում է հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովի անդամները հայտն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են այն և էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին են ներկայացնում հայտի վերաբերյալ դիրքորոշում:
- Lիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում, ամփոփելով հանձնաժողովի անդամների գնահատականները, դրանց հիման վրա կազմելով հանձնաժողովի եզրակացություն և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն։
- Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննարկում է ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետի երկարաձգման նպատակահարմարության հարցը, որի արդյունքում 20 աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է հայտը բավարարելու կամ մերժելու մասին որոշում։
- Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մասին տեղեկացնում է դիմումատուին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:
- Ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետի երկարաձգման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս լիազոր մարմնի, կազմակերպչի հետ կնքում է ազատ տնտեսական գոտու գործունեության երկարաձգման մասին համաձայնագիր:»։
3) N 3 հավելվածի լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1.-ին և 14.2.-րդ կետերով.
«14.1. Լիազոր մարմինը հերթական հայտարարագիրը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և դրանում տեխնիկական թերությունների առկայության դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է շահագործողին 2 աշխատանքային օրվա ընթացքում ճշգրտված հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ։ Շահագործողի կողմից սույն կետում նշված ժամկետում ճշգրտված հայտարարագիր չներկայացվելու դեպքում հիմք է ընդունվում հերթական հայտարարագրի ներկայացված տարբերակը։
14.2. Լիազոր մարմինը հայտարարագրերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ստացված հայտարարագրերը, իսկ ճշգրտման ենթակա հայտարարագրերի դեպքում՝ ճշգրտված հայտարարագրերը ստանալուց 10 աշխատանքային օրվա ընթացքում, դրանք ներկայացնում է ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին՝ կարծիք ստանալու նպատակով։»։
4) N 3 հավելվածի 34-րդ կետի 4-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
5) N 3 հավելվածի 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով․
«5) օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող շահագործողների դեպքում՝ համապատասխանությունն օրենքի 7-րդ հոդվածի 3.1 մասում նշված անհրաժեշտ հիմնական պայմաններին՝ բաշխված ըստ տարիների։»։
-
Discussed
13.12.2024 - 28.12.2024
-
Type
Decision
-
Area
Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
Views 1961
Print