Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 177-րդ հոդվածի՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Գողությունը՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը, որը կատարվել է զգալի չափերով`»,

  • 2-րդ մասի 1-ին կետը «մի խումբ անձանց» բառերից առաջ լրացնել «զգալի չափերով,» բառերով,
  • 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) անձի կողմից կրվող հագուստից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից՝»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը՝ «գողության,» բառից հետո, լրացնել հետևյալ նոր բառերով.

«եթե չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ,»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշ­տութ­յունը

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 21-րդ գլխի (սեփականության դեմ ուղղված հանցագործություններ) համապատասխան հոդվածների վերլուծությունը հնարավորություն է ընձեռում առանձնացնել հետևյալը՝

  1. զգալի չափը պարտադիր հատկանիշ է հափշտակության եղանակներից գողության թե՛ հասարակ, թե՛ որակյալ հանցակազմերի համար, ինչը պրակտիկ իրացման ընթացքում հանգեցնում է պատիժների անհամամասնությանը.
  2. ի տարբերություն մի շարք արտասահմանյան երկրների օրենսդրական կարգավորումների՝ գրպանահատության եղանակով գաղտնի հափշտակության առանձին սահմանում նախատեսված չէ ՀՀ քրեական օրենսգրքում, ինչի բացակայությունը գործնականում հանգեցնում է լուրջ խնդիրների, այդ թվում՝ անպատժելիության:
  3. Զգալի չափը գողության թե՛ հասարակ, թե՛ որակյալ հանցակազմի պարտադիր տարր նախատեսված լինելու առնչությամբ

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ քրեական օրենսդրությունում հափշտակության համար քրեական պատասխանատվությունը տարբերակվում է կախված հափշտակության չափից:

 Հափշտակությունը, անկախ չափերից հանցագործություն է համարվում միայն ավազակության և կողոպուտի դեպքում, իսկ հափշտակության մյուս եղանակների, այդ թվում՝ գողության համար քրեական պատասխանատ­վությունն առաջանում է սկսած զգալի չափից:

 ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ զգալի չափ է համարվում գողության միջոցով հափշտակություն կատարելու պահին՝ ՀՀ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը): Իսկ նույն օրենսգրքի 177-րդ հոդվածում գողությունը բնորոշվում է որպես ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն:

Մեջբերված քրեաիրավական դրույթների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված է գողության հիմնական (հասարակ) հանցակազմը, որում արտահայտված են հանցագործության տվյալ տեսակին բնորոշ հիմնական հատկանիշները: Մասնավորապես, դրանք են՝

  1. ուրիշի գույք.
  2. զգալի չափերով.
  3. գաղտնի հափշտակություն:

Թե՛ տեսական, թե՛ գործնական աղբյուրներում առկա հիմնական մոտեցման համաձայն՝ հանցագործությունների որակման տեսանկյունից հիմնական հանցակազմի նշանակությունն այն է, որ դրա հատկանիշներն ընդգրկվում են հանցակազմի բոլոր դրսևորումների մեջ: Ստացվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նկարագրված են գողության՝ համապատասխանաբար ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքներով զուգորդված հանցակազմերը, որոնք իրենց մեջ ներառելով գողության հիմնական հանցակազմի հատկանիշները (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մաս)՝ նախատեսում են համապատասխան արարքը որակյալ դարձնող առանձին հատկանիշներ: Վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հասարակ, և նույն հոդվածի 2-րդ ու 3-րդ մասերով նախատեսված որակյալ հանցակազմերը՝ միանշանակ է, որ արարքը ծանրացնող կամ առավել ծանրացնող հատկանիշով որակելու համար անհրաժեշտ է նախ պարզել, որ առկա են հասարակ հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները: Այլ կերպ՝ եթե անձի արարքում բացակայում է գողության հասարակ (հիմնական) հանցակազմի պարտադիր հատկանիշներից որևէ մեկը, ապա այն այլևս չի կարող որակվել ծանրացնող կամ առավել ծանրացնող հատկանիշով[1]:

Միանշանակ է, որ գողության եղանակով հափշտակություն կատարելով՝ հանցավորը ցանկանում է գույքը վերցնել այնպես, որ ոչ ոք այդ մասին չիմանա՝ գիտակցելով, որ այս դեպքում դիմադրության չի հանդիպի, կխուսափի կոնֆլիկտից, իսկ իր կատարածը չի բացահայտվի: Ուստի, անվիճելի է, որ գաղտնի հափշտակության այս եղանակն իր վտանգավորության հարցով զիջում է կողոպուտին և ավազակությանը:

Այդուհանդերձ, կրիմինոլոգիական իրողության հաշվառմամբ, հարկ է նկատել, որ գողության որոշ ծանրացնող հանգամանքներ օժտված են հանրային բարձր վտանգավորության: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է պահեստարան կամ շինություն կամ բնակարան ապօրինի մուտք գործելով և կազմակերպված խմբի կողմից գողություն կատարելուն: Թվարկված ծանրացնող և առանձնապես ծանրացնող հանգամանքների դեպքերում արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի համապատասխան մասով որակելու համար գողոնի չափը չպետք է որոշիչ նշանակություն ունենա:

Տեսադաշտից դուրս չպետք է թողնել նաև այն, որ գողության դեպքում առավելապես բարդ է հանցավորի դիտավորության ուղղվածության ապացուցումը: Այսպես, ենթադրենք, գողությունը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով, սակայն հանցավորին, իր կամքից անկախ պատճառներով, չի հաջողվել գողանալ 5 հազար դրամը գերազանցող գումար: Նմանատիպ պայմաններում, եթե հնարավոր չլինի ապացուցել, որ հանցավորն իրականում մտադիր էր գողանալ, ասենք, 5 միլիոն դրամ (ինչը գործնականում բավական բարդ է), ապա վերջինս կենթարկվի ոչ թե քրեական, այլ վարչական պատասխանատվության: Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 53-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է նախատեսում մանր չափերով գողության, խարդախության, յուրացման, վատնման, համակարգչային տեխնիկայի օգտագործման միջոցով հափշտակության համար:

Մինչդեռ, ակնհայտ է, որ նման դեպքերն օժտված են հանրային բարձր վտանգավորությամբ, իսկ կրիմինոլոգիական իրողության անտեսումը հանգեցնում է հանցագործությունների տարբեր տեսակների համար նախատեսվող պատիժների անհամամասնությանը:

Հարցի առնչությամբ առավել կոշտ մոտեցում է դրսևորված ՀՀ քրեական օրենսգրքի նախագծում, ըստ որի՝ այդուհետ արարքը հափշտակության որևէ տեսակով որակելու համար հափշտակած գույքի չափը որոշիչ նշանակություն չի ունենալու:

Արժանահիշատակ է նաև, որ ինչպես նախկին մի շարք խորհրդային (օրինակ՝ Ռուսաստանի Դաշնություն[2], Ուզբեկստան[3], Ղազախստան[4]), այնպես էլ եվրոպական (Հունգարիա[5], Չեխիա[6], Ֆրանսիա[7], Գերմանիա[8], Լատվիա[9]) երկրներում գողության հասկացության մեջ չափը՝ որպես հանցակազմի պարտադիր հատկանիշ. նախատեսված չէ:

  1. Գրպանահատության եղանակով գաղտնի հափշտակության առանձին սահմանման բացակայության առնչությամբ

Գրպանահատության՝ որպես գողության առանձին դրսևորման տարատեսակի ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածում նախատեսված չլինելը հանգեցնում է անպատժելիության հետևյալ պատճառներով՝

  1. գրպանահատության եղանակով գաղտնի հափշտակության դեպքում գողոնի արժեքը, որպես կանոն, չի գերազանցում 50 հազար ՀՀ դրամը (արժեքը), իսկ այդ պայմաններում արարքը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով: Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն՝ 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման.
  2. քրեաիրավական պատասխանատվության ոլորտից դուրս են մնում բոլոր այն դեպքերը, երբ հանցավորին գրպանահատության միջոցով հաջողվել է գողանալ 5 հազար ՀՀ դրամը չգերազանցող գումար (արժեք):

Ինչ վերաբերում է բարձրացված հարցի առնչությամբ պրակտիկային և վիճակագրական տվյալներին, ապա դրանց ամփոփ ուսումնասիրությունը վկայում է, որ մեր օրերում գրպանահատությունը բավական տարածված երևույթ է:

Այսպես, 2015-2017 թվականների ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կատարված հանցագործությունների շարժընթացի վերաբերյալ տվյալները ցույց են տալիս, որ 2015 թվականի ընթացքում գրպանահատության եղանակով կատարված գողության դեպքերը կազմում են գողության ընդհանուր թվի 23,4%, 2016 թվականին՝ 25,4%, 2017 թվականին՝ 19,8%: Բացի այդ, լուրջ խնդիր է նաև այն, որ ներկայիս կարգավորումների շրջանակներում գրպանահատության ձևով գողություն կատարելը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով (մասնավոր մեղադրանքի գործ), ինչը ևս նպաստում է գողության դեպքերի աճին: Ավելին, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարած անձինք մասնավոր մեղադրանքի դատավարական կարգավորումների արդյունքում հետաքննության կամ նախաքննության փուլում, որպես կանոն, չեն կալանավորվում և մնալով ազատության մեջ՝ կրկին կատարում են նույն հանցանքը:

Մասնավորապես, ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2015-2017 թվականների ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով (առանց այլ հոդվածների կամ նույն հոդվածի այլ մասերի հետ համակցության) հետաքննության և նախաքննության մարմինների կողմից քրեական վարույթ է իրականացվել 5 160 անձի նկատմամբ, որոնցից 4 045-ի նկատմամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է[10], իսկ 780-ի նկատմամբ՝ կարճվել, որոնցից 102-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (դիմողի բողոքի բացակայություն)[11]։

Ավելին, առկա են դեպքեր, երբ միևնույն անձի նկատմամբ գողության (առավելապես կատարված գրպանահատության եղանակով) հատկանիշներով 2015-2018 (փետրվարի դրությամբ) թվականներին 121 անգամ քրեական վարույթ է իրականացվել, ընդ որում միայն 1 դեպքում է դատապարտվել տուգանքի, 1 դեպքում հարուցված քրեական գործը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով (կասկածյալի կամ մեղադրյալի հետ տուժողի հաշտություն), իսկ 119 դեպքում նախապատրաստված նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (դիմողի բողոքի բացակայություն):

Խոսելով արտասահմանյան երկրների միջազգային փորձից, պետք է նկատել, որ դրա ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գրպանահատությունն այլ պետությունների քրեաիրավական կարգավորումներում ձևակերպված է կամ որպես առանձին հանցակազմ, կամ որպես գողության հանցակազմի ծանրացնող հանգամանք:

Այսպես, Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգիրքը գրպանահատությունը դիտել է որպես գողություն հանցակազմի ծանրացնող հանգամանք՝ սահմանելով առավել ծանր պատիժ տուժողի մոտ գտնվող հագուստից, պայուսակից կամ այլ ուղեբեռից կատարված գողության համար (158-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ)[12]: Ավելին, ըստ ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի՝ այն չի դասվում մասնավոր մեղադրանքի գործերի շարքին[13]: Նմանատիպ կարգավորումներ են նախատեսված նաև Ուզբեկստանի Հանրապետության քրեական (169-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ)[14] և քրեական դատավարության (325-րդ հոդված)[15] օրենսգրքերում: Նույնն է պատկերը նաև այլ երկրներում: Մասնավորապես, Հունգարիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 37036 հոդվածի[16], Լիտվայի Հանրապետության քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի[17] համաձայն՝ առավել ծանր պատիժ է նախատեսվում գրպանահատությամբ կատարված գողության համար:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Վերոշարադրյալ խնդիրների կարգավորման, պրակտիկայում առկա իրավիճակի բարելավման նպատակով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի առնչությամբ առաջարկվում է հետևյալ հայեցակարգը՝

  1. ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասը ձևակերպել այնպես, որ «զգալի չափը» լինի ոչ թե գողության հասկացության, այլ միայն գողության հասարակ հանցակազմի պարտադիր տարր:
  2. Հիմք ընդունելով գողության՝ պահեստարան կամ շինություն կամ բնակարան ապօրինի մուտք գործելով և կազմակերպված խմբի կողմից ծանրացնող հանգամանքների հանրային բարձր վտանգավորությունը՝ այսուհետ արարքը դրանցով որակելու դեպքում «զգալի չափը» առհասարակ որոշիչ նշանակություն չի ունենա:
  3. Որպես գողության ծանրացնող հանգամանք ավելացվել են այն դեպքերը, երբ գողությունը կատարվել է անձի կողմից կրվող հագուստից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից: Նման լուծման պայմաններում գրպանահատությունը կդիտարկվի որպես հանրային մեղադրանքի գործ, ինչպես նաև դրա վրա չի տարածվի «զգալի չափով» կատարված լինելու պայմանը:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման պարագայում կբարձրանա գողության տարբեր տարատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը, դրանց համար նշանակվող պատիժները կլինեն առավել համամասնական, ինչպես նաև կվերանա ստեղծված անպատժելիության մթնոլորտը:

 

 

 

 

 

[1] Նման դիրքորոշում է արտահայտել ՀՀ վճռաբեկ դատարանն իր թիվ ԱՐԱԴ/0025/01/15 որոշման մեջ:

[2] http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_10699/57b5c7b83fcd2cf40cabe2042f2d8f04ed6875ad/

[3] http://lex.uz/pages/getpage.aspx?lact_id=111457

[4] http://www.pavlodar.com/zakon/?dok=05552&uro=080189

[5] http://www.parliament.am/library/Qreakan/Hungary.pdf

[6]http://www.legislationline.org/download/action/download/id/6370/file/Czech%20Republic_CC_2009_am2011_en.pdf

[7]http://www.legislationline.org/download/action/download/id/3316/file/France_Criminal%20Code%20updated%20on%2012-10-2005.pdf

[8] http://www.legislationline.org/download/action/download/id/6115/file/Germany_CC_am2013_en.pdf

[9] http://www.legislationline.org/download/action/download/id/4795/file/Latvia_CC_am2013_en.pdf

 

[10] Այդ թվում համաներման ակտի կիրառմամբ՝ 2 543, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37 հոդվածի 1-ին մասի հիմքով՝ 1 469, վաղեմության ժամկետներն անցնելու փաստով՝ 18, անձի մահվան փաստով՝ 13 և այլն:

[11] Այդ թվում համաներման ակտի կիրառմամբ՝ 309, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37 հոդվածի 1-ին մասի հիմքով՝ 406, վաղեմության ժամկետներն անցնելու փաստով՝ 26, անձի մահվան փաստով՝ 8 և այլն

[12] http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_10699/57b5c7b83fcd2cf40cabe2042f2d8f04ed6875ad/

[13]http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_34481/b11b0b48526adb89008bc1b7d5fb33d40be80012/#dst1643

[14] http://lex.uz/pages/getpage.aspx?lact_id=111457

[15] http://fmc.uz/legisl.php?id=k_ug_pr

[16] http://www.parliament.am/library/Qreakan/Hungary.pdf

http://www.legislationline.org/download/action/download/id/5619/file/HUngary_Criminal_Code_of_2012_en.pdf

[17] http://www.legislationline.org/download/action/download/id/4302/file/Lithuania_CC_am2010_en.pdf

  • Discussed

    28.02.2018 - 18.03.2018

  • Type

    Law

  • Area

    Criminal legislation

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 16811

Print