Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

              1Կարգավորման ենթակա ոլորտի (խնդրի) սահմանումը

 

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ներկա պահին Հայաստանի Հանրապետությունում որոշակի պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման/արտահանման անհնարինության հետ, որը կապված է այն փաստի հետ, որ «օրգանական պարարտանյութեր», «պարաֆինային յուղեր», «ֆերոմոններ», «մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկներ», «բույսերի աճի խթանիչներ», «բույսերի կենսաբանական ակտիվ նյութեր» և «ինսեկտիցիդներ, ֆունգիցիդներ և ագրոքիմիկատներ, որոնց ազդող նյութը կենդանի օրգանիզմներ (մանրէներ) են» արտադրանքների մասով Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված լաբորատորիաների կողմից փորձաքննության իրականացումն անհնարին է անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության բացակայության պատճառով։ Անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1192-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որով օրգանական պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների և ագրոքիմիկատների մասին եզրակացությունը կտրամադրվի ներմուծման/արտահանման գործընթացում դրանց խմբաքանակի հետ ներկայացվող` ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկման արձանագրությունը  ներառող փաստաթղթային փաթեթի ուսումնասիրության արդյունքում, առանց տեղում լաբորատոր փորձաքննության։

2 Առկա իրավիճակը

Հայաստանի Հանրապետություն ներկայումս ներմուծվում են օրգանական պարարտանյութեր, պեստիցիդ հանդիսացող բույսերի պաշտպանության միջոցներ, որոնք ունեն կենսաբանական ծագում, ինչպես նաև կենդանի օրգանիզմների պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդներ և ագրոքիմիկատներ, սակայն ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բացակայում են հավատարմագրված այն փորձարկման լաբորատորիաները, որոնք իրենց հավատարմագրման ոլորտում ունեն «օրգանական պարարտանյութեր», «պարաֆինային յուղեր», «ֆերոմոններ», «մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկներ», «բույսերի աճի խթանիչներ», «բույսերի կենսաբանական ակտիվ նյութեր» և «ինսեկտիցիդներ, ֆունգիցիդներ և ագրոքիմիկատներ, որոնց ազդող նյութը կենդանի օրգանիզմներ (մանրէներ) են» արտադրանքը, լաբորատորիաները չունեն համապատասխան տեխնիկական հագեցվածություն՝ նշված պատրաստուկների ճշգրիտ փորձաքննություն կատարելու համար, ինչի արդյունքում տնտեսավարողները զրկվում են այդ ապրանքները Հայաստան ներմուծելու և բուսաբուծական ու բանջարաբուծական արտադրանք արտադրողներին դրանք ժամանակին մատակարարելու հնարավորությունից։ Վերոնշյալ խնդրի պատճառով չեն տրվում եզրակացություններ՝ բարձր որակի և նորարարական տեխնոլոգիաներով աշխատող ջերմատներում և ինտենսիվ այգիներում օգտագործվող պեստիցիդների և ագրոքիմիկատների մասով։

Բացի այդ, վերջին տարիներին Հայաստանի ջերմոցներում հայտնաբերվել է Մոզաիկա Պեպինո վիրուսը, որն առաջացնում է պեպինո խճանկարային վարակը, վերջինս հիմնականում տարածվում է լոլիկի բույսի և պտուղների վրա, եթե անգամ մեկ բույս ջերմոցում վարակված է, անհնար է մյուս բույսերը պաշտպանել վարակից՝ վիրուսի կայծակնային արագությամբ տարածման պատճառով՝ ազդելով բերքատվության և բերքի որակի վրա՝ ընդհուպ մինչև բերքի լիակատար կորուստ։  Հայաստանի Հանրապետությունում Alphaflexiviridae ընտանիքին պատկանող վիրուսների, այդ թվում՝ «Պեպինո խճանկարային (մոզաիկ) վիրուս» պարունակող պատրաստուկների, ինչպես նաև բույսերի համար նախատեսված այլ տիպի պատվաստանյութերի փորձաքննություն իրականացնող հավատարմագրված փորձարկման լաբորատորիա ևս առկա չէ։ Իսկ Եվրոպական և Հարավային Ամերիկայի երկրների փորձը հաշվի առնելով Պեպինո խճանկարային (մոզաիկ) վիրուսի դեմ լավագույն պաշտպանությունը պատվաստումներն են։ Հետևաբար, համապատասխան պատվաստանյութերը, ինչպես նաև վերոնշյալ պատրաստուկները Հայաստանի Հանրապետություն ներմուծելու, կայուն բուսասանիտարական իրավիճակ ապահովելու լավագույն միջոցը ներկա պահին սույն նախագծի ընդունումն է։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի Որոշման մեջ կատարելով անհրաժեշտ լրացումներ, որոնց հիման վրա ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կտրվի օրգանական պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների և ագրոքիմիկատների մասին ներմուծման/արտահանման եզրակացություն՝ փորձաքննության ենթարկելով տվյալ պեստիցիդի կամ ագորքիմիկատի տվյալ խմբաքանակին կից ներկայացվող փաստաթղթային փաթեթը, որը ներառում է ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկման արձանագրությունը և  արձանագրությունը տվյալ պեստիցիդի կամ ագրոքիմիկատի ներմուծվող խմբաքանակին նույնականացնող փաստաթուղթը։

Նախագծի ընդունմամբ ավելի պարզ ընթացակարգով, հնարավորինս կարճ ժամանակահատվածում կտրվի ներմուծան և արտահանման եզրակացություն վերոնշյալ պեստիցիդների և ագրոքիմիկատների համար՝ լուծելով ներկա պահին բուսասանիտարիայի ոլորտում առաջացած խնդիրները՝ կապված նշված անուն պեստիցիդների և ագրոքիմիկատների լաբորատոր փորձաքննության անհնարինության հետ։

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում, մասնավորապես, համաձայն 2.4-րդ՝ «Գյուղատնտեսություն» բաժնում ներկայացված կետի՝ 

- ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ օրգանական պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման համար կսահմանվի ավելի պարզ ընթացակարգ, որի հիման վրա վերջիններիս համար կտրվի ներմուծման և արտահանման եզրակացություն, հետևաբար, նախագծով տրված իրավակարգավորումը կարող է խթանել գյուղատնտեսության զարգացման բնականոն ընթացքը, կկանխվի բույսերի կարանտին և ոչ կարանտին վնասակար օրգանիզմերի ներթափանցումն ու տարածումը, ինչպես նաև սննդամթերքի անվտանգությանը սպառնացող իրավիճակների կանխարգելումը։  Միաժամանակ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է գյուղացիական տնտեսություններում ժամանակին ապահովել կենսաբանական ծագման պեստիցիդների և ագրոքիմիկատների պահանջարկը, ինչպես նաև խթանել ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեությունը՝ զարգացնելով տնտեսվարող սուբյեկների ձեռնարկատիրական գործունեությունը։

  • Discussed

    13.02.2024 - 28.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1525

Print

Suggestions

Արտագրո ՍՊԸ

28.02.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, «Արտագրո» ՍՊԸ Տնօրեն՝ Արթուր Կտրակյանից ՀՀ, ք. Արտաշատ, Մարքսի 15/6, հեռ. 077436454: Պարոն Պապոյան Քանի դեռ ՀՀ-ում օրգանական պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների և ագրոքիմիկատների հավատարմագրված լաբորատորիաների կողմից փորձաքննության իրականացումն անհնարին է , առաջարկում եմ. վերը նշված նյութերի մասով եզրակացություններ տրվեն ՀՀ-ում իրավաբանական կարգավիճակ ունեցող բոլոր այն ոչ հավատարմագրված լաբորատորիաները , որոնց տեխնիկական հագեցվածությունը բավարարում է կատարել տվյալ լաբորատոր հետազոտությունը: Այն դեպքում , եթե ՀՀ-ում նման լաբորատորիա առկա չէ , ապա հիմք ընդունել արտադրողի կաղմից տվյալ խմբաքանակի համար տրված լաբորատոր փորձաքննության արդյունքները ։ Հարգանքով Արտագրո ՍՊԸ տնօրեն Ա. Կտրակյան

ԱԳՐՈՏԵԽ ՍՊԸ

28.02.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1192-ն որոշման մեջ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորվել է այն հանգամանքով, որ ներկա պահին անհնարին է դարձել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված լաբորատորիաների կողմից որոշակի պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության իրականացումը անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության բացակայության պատճառով։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1192-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվել է, որ օրգանական պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների և ագրոքիմիկատների մասին եզրակացությունը կտրամադրվի ներմուծման/արտահանման գործընթացում դրանց խմբաքանակի հետ ներկայացվող միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկման արձանագրությունը ներառող փաստաթղթային փաթեթի ուսումնասիրության արդյունքում, առանց տեղում լաբորատոր փորձաքննության։ Ներկայում լուրջ խնդիր է առաջացել նաև միկրոտարրերի և որոշ այլ ազդող նյութեր պարունակող ագրոքիմիկատների ներմուծման հետ նույն այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունում բացակայում են այդ ազդող նյութերի փորձաքննություն իրականացնող հավատարմագրված լաբորատորիաներ։ Նշված ագրոքիմիկատները հանդիսանում են հատկապես արդյունաբերական հիդրոպոնիկ եղանակով արտադրվող մշակաբույսերի սնուցման համար անհրաժեշտ կարևորագույն բաղադրիչներ, որոնց պակասը բույսերի համար կհանգեցնի անդառնալի հետևանքների։ Ագրոտեխ ընկերությունը տարիներ շարունակ նմանատիպ ագրոքիմիկատներ է մատակարարում արդյունաբերական ջերմատներին, սակայն կուտակված պաշարները գրեթե սպառվում են և խնդիրը շուտափույթ լուծում չստանալու դեպքում, ջերմատները կհայտնվեն պաշարները լուրջ խնդիրների առջև։ Հաշվի առնելով վերը նշվածները՝ առաջարկում ենք բոլոր այն ագրոքիմիկատների ներմուծումը, որոնց փորձարկումն անհնարին է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված լաբորատորիաների բացակայության պատճառով, թույատրել միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկման արձանագրության հիման վրա։

Նատալի Ագրո

27.02.2024

Հարգելի պարոն Պապոյան Հայտնում ենք Ձեզ, որ 2024 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից փաստացի չի թույլատրվում ՀՀ-ում պատշաճ գրանցված որոշ ագրոքիմիկատների և պեստիցիդների ներմուծումը, որը բանավոր պատճառաբանվում է համապատասխան լաբորատորիայի բացակայությամբ։ Նշենք, որ չեն տրվում եզրակացություններ հենց բարձր որակի և նորարարական տեխնոլոգիաներով աշխատող ջերմատներում և ինտենսիվ այգիներում օգտագործվող նորարարական պեստիցիդների/ագրոքիմիկատների մասով։ Մասնավորապես՝ ջերմատներում երկաթ պարունակող ագրոքիմիկատի մասով՝ «Սեքվիֆիլլ» գրանցման համար 1.862 , առանց որի ջերմատները չեն կարող լոլիկի բերք ստանալ։ Ինտեսիվ այգիներում քիմիական մշակման փոխարեն օգտագործվող յուղերի մասով՝ «Տրինոլ-2» գրանցման համար 1.764, Ֆերամոնային թակարդների մասով՝ ՌԱԿ 1+2 գրանցման համար 11.007, որոնք կիրառվում են բարձր որակի, քիմիական պեստիցիդներից զերծ բիո բերք և գինու արտադրանք ստանալու համար։ Տեղեկացնենք նաև, որ մեր ընկերությունն է մատակարարում մասնավորապես «Տիեռաս Դե Արմենիա» ընկերությանը Տրինոլ-2 (միներալային յուղ) և ՌԱԿ 1+2 (Ֆերամոնային թակարդ) միջոցները, որոնց շնորհիվ «Կարաս» ապրանքանիշի գինիները կարողանում են արտահանվել ԵՄ երկրներ, որպես Բիո արտադրանք։ Փաստացի հիմա խաթարված է ողջ վերը նշված գործընթացը։ Անհրաժեշտ է մինչ օրենքի փոփոխությունները, որը կտևի որոշ ժամանակ, հրատապ թույլ տալ միջոցների ներմուծումը՝ չստեղծելու համար լրացուցիչ խնդիրներ գյուղատնտեսական սեզոնին ընդառաջ։ Գագիկ Ասատրյան

See more