Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Հովհաննես Բուրմանյան 13.07.2023 10:00:30 Հակասություն կա ՀՀ քաղ. օր-ի 440 հոդվածի հետ: Հոդված 440. Պայմանագրի գինը 1. Պայմանագրի կատարումը վճարվում է կողմերի համաձայնությամբ սահմանված գնով: Օրենքով նախատեսված դեպքերում կիրառվում են լիազորված պետական մարմինների կողմից սահմանված կամ կարգավորված գները (տարիֆները, վարձաչափերը, դրույքները և այլն): 2. Պայմանագրի կնքումից հետո դրա գինը թույլատրվում է փոփոխել պայմանագրով կամ օրենքով նախատեսված դեպքերում և պայմաններով: 3. Այն դեպքերում, երբ հատուցելի պայմանագրում գին նախատեսված չէ և չի կարող որոշվել պայմանագրի պայմանների հիման վրա, պայմանագրի կատարումը պետք է վճարվի այն գնով, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար:
2 Աբգար Ավետիսյան 15.07.2023 15:21:04 միևնույն առևտրի օբյեկտում տարբեր հարկ վճարողների կողմից նույն կամ համանման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը Սույն ենթակետի հետ կապված ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքում սահմանվում է առևտրի օբյեկտ և առևտրի իրականացման վայր հասկացությունները, ինչպես նաև ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 21.10.2008թ թիվ 1 պաշտոնական պարզաբանումը ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մասին: Առևտրի իրականացման վայրի կազմակերպման իրականացման իրավունք օրենքով սահմանված դեպքերում կարող է ձեռք բերել առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը, իսկ նորմի կատարման պահանջը չպահպանելու դեպքում ՀՀ հարկային օրենսգրքի 408 հոդվածի 1 մասով ենթարկվում է հարկային պատասխանատվության: Առաջարկում եմ ենթակետը խմբագրել այնպես որ բովանդակությամբ պարզ լինի ՝ ուսումնասիրության հիմքը այլ նորմի խախտումն է:
3 Vahan Gharabaghtsyan 20.07.2023 09:49:46 Նախագծի 9-րդ մասի 1-ին կետում «անհատականացման այլ միջոցի» եզրույթի օգտագործումը սկզբունքորեն անընդունելի է՝ հետևյալ հիմնավորումներով. 1․ Հարկային պլանավորման չարաշահման առկայության կամ բացակայության հիմքերը պետք է հայտնի լինեն ոչ միայն հարկային մարմիններին, այլ նաև հարկ վճարողներին: Հարկ վճարողների համար դա անչափ կարևոր է, որպեսզի չհայտնվեն հնարավոր պատասխանատվության տակ և ի սկզբանե դրսևորեն հարկային պլանավորումը չչարաշահելու վարքագիծ: Նման անորոշ ձևակերպումներով հարկ վճարողներին անհարկի պատասխանատվության ենթարկելն անթույլատրելի է: Հարկ վճարողը չի կարող կռահել, թե որն է անհատականացման այլ միջոցը, որի ներքո հանդես գալը, ըստ վարչական մարմնի, հիմք է հանդիսանալու հարկային պլանավորման չարաշահման վերաբերյալ որոշում կայացնելու և, ըստ այդմ, հարկ վճարողին պատասխանատվության ենթարկելու համար. 2․ Հարկ վճարողներին փոխկապակցված համարելու իրավակիրառ երկարամյա պրակտիկայի ընթացքում հարկային մարմիններին պետք է որ հայտնի լինեն այն անհատականացման միջոցները, որոնք հիմք կարող են հանդիսանալ հարկային պլանավորման չարաշահման հանգամանքը հաշվի առնելու համար: Անհրաժեշտ է անհատականացման այլ՝ վարչական մարմնին հայտնի միջոցները հստակ սահմանել օրենսգրքով. 3․ Նման անորոշ ձևակերպումները վարչարարության չարաշահման լայն հնարավորություններ են ընձեռում վարչական մարմնին (ավելորդ է անգամ խոսել իրավական որոշակիության սկզբունքը պահպանված չլինելու մասին), որը պետք է բացառել:
4 Նարինե Շաբոյան 20.07.2023 11:43:54 ՀՀ հարկային օրենսգրքով հարկ վճարողներին ուղղակիորեն վերապահված իրավունքների իրացման արդյունքում ստացված հարկային օգուտը չպետք է դիտարկվի որպես հարկային պլանավորման մեթոդների չարաշահում: Հակառակ դեպքում ստացվում է, որ պետությունը մի կողմից իրավունք է սահմանում հարկ վճարողների համար՝ ստանալու հարկային օգուտներ, իսկ մյուս կողմից պատժում է այդ իրավունքից օգտվելու համար: Ակնհայտ օրինակներից մեկը՝ հարկ վճարողի ցանկությամբ նվազագույն ամորտիզացիոն ժամկետներից տարբերվող ամորտիզացիոն ժամկետների (նվազագույն ժամկետից ավելի երկար կամ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում՝ ավելի կարճ) ընտրությունն է, որը ՀՀ հարկային օրենսգրքով հարկ վճարողների համար ուղղակիորեն սահմանված իրավունք է: Ակնհայտ է, որ հարկ վճարողը այդ իրավունքից օգտվելու է բացառապես հարկային օգուտներ ստանալու համար: Եթե համանման իրավունքների իրացումը նույնպես համարվելու է հարկային պլանավորման մեթոդների չարաշահում, ապա նախ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված համանման դրույթների գոյությունն է դառնում անիմաստ և, երկրորդ, դիտարկված օրինակում այն լրջորեն վատացնելու է ներդրումային միջավայրը, քանի որ հենց խոշոր ներդրումների դեպքում է կարիք առաջանում առաջին տարիների համար ընտրելու նվազագույն ամորտիզացիոն ժամկետներից ավելի երկար ժամկետներ՝ ամորտիզացիայի գծով ծախսերի մի մասը չկորցնելու համար։
5 Վահե Ասատրյան 20.07.2023 13:01:29 Նախագծի 9-րդ կետի առաջին ենթակետում տարօրինակ ձևակերպում է՝ որևէ ապրանքային շուկայում ունեցած մասնաբաժինը: Տնտեսական գործունեություն իրականացնող ցանկացած հարկ վճարող որևէ ապրանքային շուկայում ունի իր մասնաբաժինը՝ թեկուզև աննշան: Հետևաբար, ցանկացած անձ այս հիմքով հարկային պլանավորումը չարաշահելու ռիսկայնության մեջ է: Պետք է հստակ սահմանվի մասնաբաժնի նվազագույն շեմ:
6 Աշոտ Ներկարարյան 20.07.2023 15:10:30 Կրկին վարչարարության չարաշահման լայն հնարավորություններ են ընձեռվում վարչական մարմնին, որը անխուսափելիորեն հանգեցնելու է ոչ միատեսակ կիրառության: Ինչպե՞ս է հարկային մարմինը որոշելու, որ որպես ձեռնարկատիրական գործունեություն ծառայություններ մատուցելը կամ աշխատանքներ կատարելը աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերություններ են: Օրինակ, գործատուն կարող է ունենալ հաշվապահ՝ որպես վարձու աշխատող, կարող է չունենալ՝ այդ ծառայությունները ստանալով հաշվապահական ծառայություններ մատուցող Ա/ձ-ներից կամ կազմակերպություններից: Վարչական մարմնի իրավասություններից դուրս է տնտեսվարող սուբյեկտների կողմից ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան պայմանագրերերի կնքմանը միջամտելը:
7 «ԻՐԱԶԵԿ ՀԱՐԿԱՏՈՒ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 22.07.2023 15:47:29 Կից ներկայացնում ենք որոշ առարկություններ նախագծի հետ կապված։ Համաձայն նախագծի՝ «Հարկային պլանավորման չարաշահման առկայության ուսումնասիրություն սկսելու, ինչպես նաև համալիր հարկային ստուգման ընթացքում հարկային պլանավորման չարաշահման առկայությունը որոշելու համար կարող են հիմք հանդիսանալ հետևյալ հանգամանքները՝ 4․ հատուկ հարկման համակարգում գործունեություն իրականացնող և բացառապես ծառայությունների մատուցմամբ զբաղվող հարկ վճարողների կողմից որևէ ամսում մատուցված ծառայությունների 50 տոկոս և ավելին բաժին է ընկնում միևնույն հարկ վճարողին: (Ծառայությունները տարբեր են լինում, ամսական մատուցվող կամ միանվագ մատուցվող, օրինակ` խորհրդատվական ծառայություն մատուցող կազմակերպությանը դիմել են, որպեսզի միանվագ ծառայություն մատուցի, իսկ ծառայության մատուցման սկիզբ է համարվում 01 01 23 ավարտը 31 03 23թ բնականաբար հիմք ընդունելով ծառայությունների մատուցման պահի սահմանումը հարկային օրենսգրքի, հարկ վճարողը հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրելու 31 03 23թ-ին։ Հիմա հարց արդյո՞ք արդարացի է օրինակում նշված ծառայության համար, որը փաստացի մատուցվել է երեք ամսվա ընթացքում, սակայն հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել մարտ ամսին համեմատվի մարտ ամսվա ծառայության ծավալի հետ։ ) 5․ հատուկ հարկման համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողներից մեկի գործունեությունը դադարեցվել է և նույն հարկային տարվա ընթացքում նույն հասցեում նույն գործունեությունն է իրականացնում հատուկ հարկման համակարգում գործող մյուս հարկ վճարողը․ (Այս մասով նույն հասցե ասել նկատի ունեք նույն գործունեության թե իրավաբանական հասցեում ) 9․ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունները որպես ձեռնարկատիրական գործունեություն ներկայացնելը և ծառայություններ մատուցելը կամ աշխատանքներ կատարելը. (Այս մասում նշված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների գնահատականը ով է տալու և ինչ իրավական ակտով է հիմնավորվելու այս հարաբերությունը աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերություններ են) 11․ հարկ վճարողների գործադիր մարմնում, ինչպես նաև որպես կազմակերպության հիմնադիր՝ ընտանիքի անդամ հանդիսացող անձանց առկայությունը. (Օրինակ հիմնադիրը ծնողն ա իսկ գործադիր մարմնում աշխատում է երեխան կամ հակառակը՝ հիմա հարց ինչ հարկային պլանավորում ենք տեսնում այստեղ)
8 Վան Գալստյան 24.07.2023 15:10:19 Անընդունելի եմ համարում 5 տոկոս և ավելի շեղումը էական համարելը և այդ հիմքով հարկային պլանավորման չարաշահում որակելը հիմնավոր չէ՝ հաշվի առնելով, որ համանման դեպքերում հարկային պարտավորությունների առաջադրման համար ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված է 20 տոկոս և ավելի շեղումը: Առաջարկում եմ պահպանել համանման դեպքերում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված էականության չափանիշը՝ 20 տոկոս:
9 Marine Budaghyan 24.07.2023 15:16:50 Ստուգման ակտով կամ ուսումնասիորւթյան արձանագրությամբ արդեն իսկ հստակ է հարկ վճարողի՝ որպես շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու ամսաթիվը, հետևաբար, դրա վերաբերյալ հարկային մարմնին լրացուցիչ հայտարարություն ներկայացնելու պահանջի սահմանումը հիմնավոր չէ:
10 Անդրանիկ Ասլանյան 24.07.2023 16:12:46 Հարկային պլանավորման սխեմայի առաջարկվող սահմանումն ինքնին վարչական մարմնի կողմից հնարավոր չարաշահումների մեծ ռիսկ է պարունակում այն առումով, որ տնտեսվարողի կողմից ՀՕ-ով ընձեռնված հարկման դաշտի ընտրության իրավունքի իրացումը հարկման հատուկ համակարգերի օգտին կարող է դիտվել որպես հարկային պլանավորման մեթոդների չարաշահում։ Առաջարկվող փոփոխության 30․1 հոդվածի 10-րդ մասի 6-րդ ենթակետի առումով հստակեցված չէ, թե որոնք են անհատականացման միջոցները։ Նշված դեպքում անգամ միևնույն գործունեության տեսակով զբաղվելը տեսականորեն կարող է համարվել անհատականացման միջոց։ Նույն մասի 8-րդ ենթակետը ևս որևէ կոնկրետություն չի պարունակում․ միևնույն ապրանքնային շուկայում տարբեր տնտեսվարողներ ունեն տարբեր մասնաբաժիններ, նույն ապրանքային շուկայում յուրաքանչյուրը 0,1% մասնաբաժին ունեցող 5 տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը ինչպիսի չարաշահման ռիսկեր կարող է առաջացնել՝ անհասկանալի է։ Նույն մասի 12-րդ կետի մասով հարկ եմ համարում նշել, որ մի տնտեսվարողի կողմից այլ տնտեսվարողից ստացված խորհրդատվական ծառայությունները կապված հաշվապահական հաշվառման, ֆինանսական կառավարման, աուդիտի և նմանատիպ այլ ծառայությունների հետ առաջարկվող խմբագրության համաձայն վարչական մարմնի կողմից կարող են դիտվել որպես ծառայություն մատուցողի ազդեցություն ծառայություն ստացողի ֆինանսական և գործառնական քաղաքականության վրա։
11 Սերգեյ Կարապետյան 24.07.2023 17:51:23 Հատուկ հարկման համակարգում գործող հարկ վճարողների կողմից նախագծի 9-րդ մասի 1-ին կետի 4-րդ և 5-րդ պարբերություններով սահմանված պայմաններին համապատասխանող հանգամանքներում գործունեություն իրականացնելը ինքնին չի կարող հիմք հանդիսանալ համալիր հարկային ստուգման ընթացքում հարկային պլանավորման չարաշահման առկայությունը որոշելու համար: Նման հիմք կարող է հանդիսանալ, եթե հարկային պլանավորման մեթոդների չարաշահման հանգամանքների բազմակողմանի և լրիվ ուսումնասիրության արդյունքում բացահայտվում է, որ հատուկ հարկային համակարգում գործող հարկ վճարողների՝ վերը նշված պայմաններին համապատասխանող հանգամանքներում գործելը հանգեցրել է հարկման բազաների (իրացման շրջանառությունների) տրոհման և այդ կերպ՝ հատուկ հարկային համակարգում գործելու հնարավորությունների ստեղծման: Սա կարևորագույն հանգամանքն է, որը չի կարող անտեսվել: Ընդ որում դա վերաբերվում է ոչ միայն վերը նշված պարբերություններով սահմանված դեպքերին, այլ առհասարակ հատուկ հարկման համակարգում գործող հարկ վճարողների համար այդ մասի մյուս կետերով սահմանված հիմքերին նույնպես: Միգուցե ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովում ներգրավված պատգամավորները ուշադրության արժանացնեն այս նախագիծը, որը առանց խորքային դիտարկումների ու փաստարկների է մշակված։
12 Syuzanna Kroyan 24.07.2023 18:28:04 Տպավորություն է ստեղծվում, որ համալիր հարկային ստուգումների ընթացքում հարկային պլանավորման մեթոդների չարաշահման հանգամանքների բազմակողմանի և լրիվ ուսումնասիրություն չի կարող կատարվել, այլ համալիր հարկային ստուգումների ընթացքում միանգամից հայտնաբերում է տեղի ունենալու։ Բացի այդ, հարկավոր է պարզ գրել, արդյո՞ք հարկ վճարողներին հնարավորություն կտրվի ճշտումներ կատարել և ստուգումից խուսափել։ Եթե ոչ, ապա պետք է հաշվի առնել նաև հարկման հատուկ համակարգերում վճարված հարկերը և նվազեցնել առաջացող պարտավորությունը։
13 Levon Ghazaryan 24.07.2023 22:31:34 Չանդրադառնալով արդեն իսկ ներկայացված առարկություններին, ցանկանում եմ նշել նաև, որ առաջարկվող փոփոխությունների դեպքում որոշ դրվագներով գրեթե անհնարին է լինելու ճշգրիտ որոշել հարկային պլանավորման մեթոդների օգտագործման արդյունքում առաջացող հարկային պարտավորությունների չափը։ Մասնավորապես, եթե առկա է հարկ վճարողի (անձի) ազդեցությունն այլ հարկ վճարողի ֆինանսական և գործառնական քաղաքականության վրա՝ հսկողության, համատեղ հսկողության կամ այլ գործիքների միջոցով, այդ դեպքում ինչ ընթացակարգերով պետք է հաշվարկվի 2 հարկ վճարողներից յուրաքանչյուրի ստացած հարկային օգուտի մեծությունը։
14 Hasmik Vanetsyan 25.07.2023 15:41:27 Վաճառված ապրանքների գների էական տարբերությունները պետք է համեմատվեն նախ և առաջ նույն ապրանքների գների հետ, որը հնարավոր չլինելու դեպքում՝ նոր միայն համանման ապրանքների գների հետ (ոչ թե նույն կամ համանման)։ Համադրումը պարտադիր պետք է կատարվի համեմատելի հանգամանքերում։
15 Կարեն Աղաջանյան 25.07.2023 15:51:33 Նախագծի հիմնավորման մեջ նշել եք, որ նախագծի ընդունման արդյունքում խոշոր բիզնեսները չեն տրոհվի, սակայն նախ բարի եղեք հստակեցնել այն խախտումների ցանկը, որը կատարելուց տնտեսվարողը կհասկանա, որ բիզնես է տրոհել։ Իհարկե դուք կպնդեք, որ չեք կարող բոլոր խախտումները հստակեցնել, բայց համոզված ենք, որ առկա փորձով տիրապետում եք 90% խախտումների տեսակներին։ Բացի տրոհումը ապացուցելը, պետք է ապացուցել նաև, որ տրոհված բիզնեսները կարող էին մեկ տնտեսվարողով աշխատել։ Այլապես ձեր պնդումները ձեր կարծիքներն են, որոնք ոչ բոլոր դեպքերում են ճշմարիտ։
16 Փայլակ Տոնոյան 25.07.2023 17:09:18 5 տոկոս և ավելի շեղումը համարել հարկային պլանավորման մեխանիզմ․․․ նշաակում է, որ եթե ես, որպես բիզեսմեն իմ 100 հաճախորդից 10-ին տրամադրեմ զեղչ 10 տոկոս, նրանց կներգրավեմ հարկային օգուտների չարաշահման և հարկային պլանավորման սխամայում։ Ես 10 տոկոս զեղչ տրամադրելով շատ կորուստ չեմ ունենում, բայց փոխարենը հաճախորդ եմ ներգրավում։ Խնդրում եմ բացատրել այստեղ պլանավորման սխեման որտե՞ղ է։
17 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ 25.07.2023 23:01:50 Նախագծի հարգելի հեղինակներ․ Քանի որ սույն նախագծով սահմանված հարկային պլանավորման մեթոդների չարաշահումը ներառում է նաև հարկ վճարողների իրացման շրջանառությունների տրոհման եղանակով հարկման հատուկ համակարգերում գործելու և որպես մեկ հարկ վճարող հարկման ընդհանուր համակարգում կամ առավել ոչ բարենպաստ համակարգերում գործելուց խուսափելու դեպքերը, և վստահ լինելով, որ նպատակը հարկ վճարողներին իրավական առումով անորոշ կարգավիճակում պահելը և խոցելի դարձնելը չէ, հետագայում վարչարարություն իրականացնելու ընթացքում հարկային պլանավորման չարաշահման առկայությունը որոշելիս Օրենսգրքում լրացվող նոր՝ 30.1-ին հոդվածի 10-րդ մասով սահմանված հիմք հանդիսացող հանգամանքները կիրառելուց հարկ վճարողների նկատմամբ կամայական և սուբյեկտիվ դրսևորումները բացառելու նպատակով՝ առաջարկում ենք օբյեկտիվ մոտեցում ցուցաբերել և 30.1-ին հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ 4․ Հարկային պլանավորման մեթոդների չարաշահումն առկա է, եթե հարկային պլանավորման սխեմայի իրականացման և (կամ) հարկային սխեմայի մեջ այլ կերպ ընդգրկված լինելու արդյունքում հարկ վճարողը ստացել է հարկային օգուտ, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքերի։ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի և 267-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետի կիրառության իմաստով՝ հարկային պլանավորման մեթոդների չարաշահում առկա չէ, եթե հարկային մարմնի կողմից չի հիմնավորվել հարկ վճարողների իրացման շրջանառությունների տրոհման եղանակով՝ 1) շրջանառության հարկի համակարգում գործելու և որպես մեկ հարկ վճարող հարկման ընդհանուր համակարգում գործելուց խուսափելու հանգամանքը։ 2) միկրոձեռնարկատիրության համակարգում գործելու և որպես մեկ հարկ վճարող շրջանառության հարկի համակարգում կամ հարկման ընդհանուր համակարգում գործելուց խուսափելու հանգամանքը։
18 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ 26.07.2023 18:37:45 Իրականությունն այն է, որ ԱԱՀ վճարող տնտեսվարողները անհավասար մրցակցության պայմաններում են աշխատում շրջանառության հարկ վճարող այն տնտեսվարողների համեմատ, ովքեր կարողանում են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չարտացոլել իրենց ամբողջական շրջանառությունը, արտացոլելու դեպքում էլ՝ 120 մլն շրջանառություն ունեցող ԱԱՀ վճարողը անհավասար մրցակցային պայմաններում է աշխատում՝ 110 մլն շրջանառություն ունեցող շրջանառության հարկ վճարողի համեմատ։ Մրցակցությունը խթանելու համար անհրաժեշտ է ոչ թե նմանատիպ անհասկանալի և ոչ հստակ չափորոշիչների վրա հիմնված, իրավական որոշակիությունից զուրկ և հարկային մարմինների կամայական վարքագծի հույսին հիմնված իրավական ակտ ընդունել, այլ փոխարենը ստեղծել հարկման մեկ միասնական համակարգ, իսկ միկրոձեռնարկատիրության դաշտը պետք է խստացնել կամ այնպես վերահսկել, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտը միայն վերջնական սպառողներին կարողանա մատուցել ծառայություններ։ Սա, իմիջայլոց, լսել ենք նաև մեր շահառու հանդիսացող շատ շրջանառության հարկ վճարողներից, ովքեր խուսափում են բիզնեսն ընդլայնել՝ ԱԱՀ-ի դաշտ չանցնելու պատճառով, բայց շատ ուրախ կլինեն բիզնեսն ընդլայնել՝ հարկման մեկ միասնական համակարգի ներդրման դեպքում։
19 Հայկարամ Ավետիսյան 26.07.2023 16:46:26 Նախագծի հիմնավորումներում գրել եք մրցակցության խթանում։ Այստեղ ոչ մի կետ չտեսա մրցակցության խթանմանն ուղղված, հակառակը, այնպիսի տպավորություն է, որ նախագիծն այնպես է մշակված, որ ուզածդ տնտեսվարողին կարող ենք մեղադրել չարաշահման սխեմայում։ Ես աշխատում եմ շրջանառության հարկով, ստանում եմ հաշիվներ, իրացումներս չեմ կարող թաքցնել և չեմ էլ ուզում, բայց այս ամենի ֆոնին, չեմ էլ կարողանում մրցակցել ստվերում աշխատողների հետ, որոնք աշխատում են միկրոյով։ Ավելի լավ չի լինի վերջապես վերացնել հատուկ համակարգը, բոլորն աշխատեն մի հարկատեսակով, ստանան և վաճառեն ԱԱՀ-ով։ Վրաստանի գործընկերներիս հետ խոսելիս ամոթանք եմ զգում, որ այստեղ ստվերային տնտեսություն ենք ստեղծել, ամեն օր մտածում են, թե ինչպես շրջանցեն այսպիսի անիմաստ նախագծերը, եթե դրանք օրենք դառնան։
20 Մավրիկ Գասպարյան 26.07.2023 16:48:18 Արդեն հոգնել ենք այսպիսի անիմաստ նախագծերից ու օրենքներից․․․ Եթե օգուտ եմ ուզում ստանալ՝ օրինականորեն աշխատելով որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, այնուհետև շրջանառությունս մեծացնում եմ, դա դիտարկում եք, որ իսկզբանե հարկային պլանավորման սխեմա եմ իրականացրել՞
21 Վլադ Թամրազյան 26.07.2023 17:08:57 Նախագծի 10-րդ մասի 11-րդ կետի առաջին մասում՝ գործադիր մարմնի ղեկավարի մասով, ենթադրվում է, որ ըստ էության փորձել եք բացառել փոխկապակցված անձի ազդեցությունը բիզնեսի կառավարման որոշումների վրա, իսկ երկրորդ մասում՝ հիմնադրի մասով, ցանկացել եք բացառել ընտանիքի անդամներին՝ որպես հիմնադիր ձևականորեն ձևակերպելը, այն դեպքում, երբ տարբեր կազմակերպություններում միևնույն ֆիզիկական անձը ունի բաժնեմաս և այդ կազմակերպությունները ՀՕ 30․1-ին մասի 2-րդ ենթակետով փաստացի փոխկապակցված են և չէին կարող աշխատել հարկման հատուկ համակարգերում, եթե ընտանիքի անդամների անուններով ձևականորեն բաժնեմասեր չգրանցեին։ Կարծում եմ ավելի ճիշտ կլիներ, եթե հիմնադիրների մասով առաջնորդվեիք ՀՕ 30․1-ին մասի 2-րդ ենթակետով՝ 20% և ավելի փայաբաժին ունեցող հիմնադիրներին։ Բացի այդ այստեղ շատ կարևոր է հաշվի առնել նույն կամ համանման գործունեություն իրականացնելու հանգամանքը, այլապես կստացվի, որ եթե ամուսինը զբաղվում է մանրածախ առևտրի բիզնեսով, իսկ կինը ունի վարսավիրանոց, ապա նրանց մոտ առկա կլինի հարկային պլանավորման մեթոդի չարաշահման ռիսկ։ Ուստի առաջարկում եմ 10-րդ մասի 11-րդ կետը շարադրել հետևայլ կերպ․ 11) միևնույն կամ համանման գործունեությամբ զբաղվող հարկ վճարողների գործադիր մարմնում, ինչպես նաև որպես կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) սեփականության իրավունքով տիրապետող՝ ընտանիքի անդամ հանդիսացող անձանց առկայությունը։
22 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 26.07.2023 19:27:58 Նախագծով նախատեսված սահմանումների անորոշության պայմաններում անսահման հնարավորություն է ստեղծվում գրեթե ցանկացած հարկ վճարողի փոխկապակցած համարել և օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնել: Հաշվի առնելով որոշ օպերատիվ հետախուզական աշխատանք իրականացնողների մոտեցումները, վարքագիծը և մասնագիտական կարողությունները, անսահման լիազորությունների շրջանակներում էական կմեծանան կոռուպցիոն ռիսկերը և լիազորությունների չարաշահումը: Համոզված ենք,որ նախագիծ մշակողմները նպատակ չեն ունեցել կոռուպցիոն ռիսկերն ավելացնել, սակայն այնուամենայնիվ անսահման լիազորությունները բերելու են որոշ դեպքերում կոռուպցիոն երևույթներ:
23 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 26.07.2023 19:43:10 Նախագծի 3-րդ հոդվածում սահմանված է. «Հարկային պլանավորման մեթոդների չարաշահման առկայությունը որոշելու նպատակով հարկային մարմինը պետք է իրականացնի հանգամանքների բազմակողմանի և լրիվ ուսումնասիրություն` հաշվի առնելով չարաշահման առկայությունը և (կամ) բացակայությունը հավաստող յուրաքանչյուր հանգամանք:»: Գաղտնիք չէ, որ նույնիսկ գործող օրենքի շրջանակներում բազմաթիվ են դեպքերը, երբ օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում որոշ աշխատակիցների ոչ բավարար կարողությունների պատճառով, առանց հանգամանքների բազմակողմանի և լրիվ ուսումնասիրության, վերտուալ հաշվարկների արդյունքում քրեական գործեր են հարուցվել, որոնք ձգձգվում են տարիներով: Այդ դեպքում անհասկանալի է, թե օպերատիվ հետախուզական վարչությունը նույն ռեսուրսներով, նոր գործիքի առկայության դեպքում ինչու պետք է այս գործիքի կիրառման համար հանգամանքների բազմակողմանի և լրիվ ուսումնասիրություն իրականացնի?
24 Tigran Ohanyan 27.07.2023 17:58:45 2002 թվականից Հայաստանում զբաղվում եմ ձեռնարկատիրական գործունեությամբ ու բազմիցս հանդիպել եմ ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության կողմից մշակված այնպիսի նախագծերի, որոնց դրույթներից շատերի պրակտիկայում կիրառումը շատ խնդրահարույց է եղել, գործարար համայնքը այս պարագայում վեր է ածվել փորձադաշտի։ Միայն գործարարներին է հայտնի է, թե ինչ ծախսեր են կրել, դատարաններում ինչ քաշքշուկների մեջ են եղել։ Ինչ վերաբերում է այս նախագծին, նշեմ, որ սա իմ հանդիպած ամենաանորոշ, ամենալղոզված, ամենառիսկային նախագիծն է։ Առաջին անգամ եմ այս հարթակում կարծիքս հայտնում, բայց ուզում եմ ԱԺ հարգարժան պատգամավորների ուշադրությունը այս նախագիծը քվեարկելուց առաջ մի պահ սևեռեմ ներքոնշալ դեպքերին։ Ոնց հասկանում եմ մեր վերջին հույսն են, եթե իհարկե այս հարթակի քվեարակությունը օրենսդիր մարմնի համար ինչ որ նշանակություն ունի։ Հերթով անդրադառնամ նախագծի 10-րդ մասի ենթակետերին․ 1.Կազմակերպությունը մատուցում է ծառայություններ, աշխատում է մեծաքանակ հաճախորդների հետ, բայց օրինակ մի տնտեսվարողի հետ ունի ավելի շատ գործարքներ, որը իր գործարքների քանակի մեջ կազմում է 70 տոկոս։ Բացի անտրամաբանական ձևակերպումից, հստակ չէ նաև, թե նախագծի 10-րդ մասի 1-ին կետում նշված գործարքների քանակ եզրույթը վերաբերում է դուրս գրված հաշիվների քանակին, թե գործարքների գումարային մեծությանը։ Բայցևանյպես այս կետի մասով նշեմ, որ յուրաքանչյուր տնտեսվարող կարող է ունենալ այնպիսի հաճախորդ կամ մատակարար, որոնց հետ գործարքները մյուսների համեմատ ավելի շատ են։ 2.Գաղտնիք չէ, որ տնտեսվարողների մեծամասնությունը հավատարիմ հաճախորդների համար կամ հաճախորդ ներգրավելու նպատակով կիրառում է զեղչեր։ Նշանակում է, եթե տնտեսվարողը իր հաճախորդներից 20-ի համար կիրառի 20 տոկոս զեղչ, նրանց կներգրավի հարկային պլանավորման սխեմայու՞մ։ Ընդ որում մեծ և լայնամասշտաբ զեղչեր են կիրառվում որոշ մեծածախ առևտրի կետերում՝ կապված սեզոնային թարմացումների հետ։ 3.Առևտրային վերադիրների մասով նույն մոտեցումն է․հաճախորդների որոշակի խմբի համար վերադիրը կարող է լինել ավելի ցածր՝ մի քանի նախապայմաններով պայմանավորված՝ հավատարիմ հաճախորդ, մարքեթինգային արշավ և այլն։ 4.4-րդ ենթակետի մասով պատկերացնենք այսպիսի իրավիճակ․ թխվածքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողը, կարողացել է սուպերմարկետների ցանցի հետ այնպես բանակցել, որ իր արտադրանքը 80 տոկոսը վաճառվելու է այդ ցանցի խանութներում, որն իր՝ շուկա մուտք գործելու համար համարվում է մեծ ձեռքբերում։ 5.Դիտարկենք իրավիճակ, երբ տնտեսվարողը, որն աշխատում է շրջանառության հարկով և չի գերազանցել շեմը, որոշակի պատճառներով դադարեցնում է գործունեությունը, և տվյալ տարածքի սեփականատերը տարածքը վարձակալությամբ կամ անհատույց տալիս է մեկ այլ տնտեսվարողի, որը նույնպես պետք է զբաղվի նույն գործունեությամբ և էլի շրջանառության հարկով։ Կետը կիրառելուց առաջ պետք է հստակեցնել, որ այն վերաբերում է նույն իրական շահառուն ունեցող տնտեսվարողներին, որոնք խուսափել են շեմը գերազանցելուց։ Թե չէ քանի «անմեղ զոհ» կունենան վարչարարություն իրականացնողները, նույնիսկ սարսափում եմ պատկերացնել։ 6.Նույն ապրանքային նշանով աշխատող տնտեսվարողները, որոնք ֆրանչայզի պայմանագրով աշխատում են մեծ կազմակերությունների հետ, ինչպիսիք են «Սի Փի ԷՍ»-ը, «Վայլդբերիզ»-ը և այլն, փաստացի ասում եք, որ միմյանց հետ ներգրավված են հարկային պլանավորման սխեմայում և վերջնականապես Հայաստանում ջախջախում եք ֆրանչայզինգի մշակույթի մուտքը, որը դեռևս ձևավորման փուլում է։ Նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ անհատականացման այլ միջոց լղոզված տերմինին, որը կարող է լինել նաև վերանորոգման համար նույն հումքի օգտագործումը կամ նմանատիպ կահավորումը։ 7.7-րդ ենթակետը այսպես թե այնպես պատասխանատվություն է եթադրում և հասկանալի չէ, թե ինչ կապ ունի մեթոդի հետ։ 8.Առաջարկում եմ հասկանալի դարձնել էական մասնաբաժնի մեծությունը՝ 1%, 10%, 45%: Իրավակիրառ պրակտիկայում մաթեմատիկորեն կարելի է հաշվել և պնդել, որ այս կետը 1% մասնաբաժնին նույնպես վերաբերում է։ 9.IT ոլորտի մասնագետը, ով ունի որոշակի փորձ, չի ուզում աշխատել գործատուների ենթակայության տակ աշխատանքային գրաֆիկով, ենթարկվել գործատուի ներքին կանոնակարգերին, որոշում է գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր և իր ծառայությունները մատուցել ծառայությունների մատուցման պայմանագրով։ Հիմա քանի որ այս խեղճ ծրագրավորողը չի գերազանցել շրջանառության հարկի շեմը և աշխատում է շրջանառության հարկով, նրան համարելու եք հարկային պլանավորումը չարաշահած անձ։ Այս կետով փաստացի սահմանափակում եք աձի՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքը։ 10.Տնտեսվարողը սեփական խանութում զբաղվում է սննդամթերքի մանրածախ առևտրով։ Խանութի որոշակի հատված վարձակալությամբ տվել է մեկ այլ տնտեսվարողի՝ մսավաճառի, որի հետ չունի ընդհանուր տնտեսական շահ։ Խանութը առևտրի իրականացման վայր չէ, քանի որ 1-ից ավել անձանց չի տրամադրվել։ 11.Ընտանիքի անդամներից հայրը չորամրգեր արտադրող կազմակերպությունում է բաժնետեր և տնօրեն, իսկ որդին՝ դռներ արտադրող ընկերությունում։ Երկու կազմակերպություններն էլ բավարարում են շրջանառության հարկման համակարգում աշխատելու չափանիշներին և աշխատում են շրջանառության հարկով։ Սակայն մաթեմատիկորեն նրանց շրջանառությունների գումարը գերազանցում է շրջանառության հարկով աշխատելու համար սահմանված շեմը։ 12.Ֆիզիկական անձը հանդիսանում է երեք կազմակերպության բաժնետեր՝ 50%, 18% և 5% բաժնեմասերով։ Այս կազմակերպություններում ֆիզիկական անձը կատարել է ներդրումներ, այսինքն այս կազմակերպությունների ֆինանսական միջոցների ծագման աղբյուրներից մեկն է հանդիսանում, իր ներդրումների համամասնությամբ ստանում և տնօրինում է շահաբաժիններ։ 13.Փաստաբանական խոշոր կազմակերպությունը իր գործունեության ընթացքում պարբերաբար ավելի փոքր իրավաբանական կամ այլ նմանատիպ գրասենյակներից ներգրավում է լավագույն աշխատակիցներին՝ ավելի բարձր աշխատավարձով և մոտիվացիայով։ Եթե դիտարկենք քանակապես, 3 տարում փոքր փաստաբանական կազմակերպություններից ներգրավել է 30 աշխատակցի։ Սյս պարագայում ճիշտ կլիներ գոնե շեշտադրել նույն կամ նույնաբովանդակ գործառույթներ իրականացնող աշխատակիցներ, ընդ որում նույն հաճախորդներ սպասարկելու պարագայում։ Հնարավորինս ներկայացարեցի այնպիսի իրավիճակներ, որոնց համար 10-րդ մասի հանգամանքներից և ոչ մեկը կիրառելի և ընդունելի չէր։ Խնդրում եմ ասել, այս կետերից ո՞ր մեկում եք տեսնում հարկային պլանավորման մեթոդի չարաշահման սխեմա։
25 Մանուշակ Դալլաքյան 27.07.2023 18:19:16 Նախագծում մի քանի տերմիններ եք ներդրել, որոնք ոչ մի հստակեցում չունեն, օրինակ՝ 5% տոկոս և ավելի, անհատականացման այլ միջոց, մասնաբաժնի մեծություն, էական նշանակություն և այսպես չհստակեցված մտքերի և բառակապակցությունների շարան։ Բայց չէ որ շատ տնտեսվարողներ, համաձայն չլինելով գրվելիք ակտերի հետ, պետք է դիմեն դատարան։ Այս իրավիճակում դատավորները, չունենալով փորձագիտական կամ մասնագիտական շատ խորը գիտելիքներ, ինչպե՞ս են վճիռներ կայացելու անորոշության պայմաններում։ Չէ որ պետք է լինի հստակ թվային կամ քանակային մեծություն կամ հստակ արգելք կամ հստակ խախտում, որը հնարավոր կլինի փորձաքննության ենթարկել։