Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

Նախագծի ընդունումը կնպաստի քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառման պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների լուծմանը, քաղաքացիական դատավարության արդյունավետության բարձրացմանը և դատավորների ծանրաբեռնվածության թեթևացմանը:  

  • Discussed

    18.04.2023 - 03.05.2023

  • Type

    Law

  • Area

    Justice, Civil procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2700

Print

Suggestions

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

03.05.2023

Նախագծի 60-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 372-րդ հոդվածում՝ 2) 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6) վերաքննիչ բողոքը բերվել է գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ»: Գործող կարգավորումների համեմատ գույքային պահանջներով վերաքննիչ բողոք ներկայացնելու շեմի քառապատիկ ավելացումը հիմնավորված չէ։ Հասկանալի չէ, թե փոփոխությունը Վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացվող բողոքների քանի տոկոսի վրա է տարածվելու և ինչքանով է ծառայելու հռչակված նպատակին, հաշվի առնելով, որ Նախագծի հիմնավորումներում որպես սույն փոփոխության նպատակ նշված է․ «Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվել է 50.000 դարձնել 200.000 դրամ, քանի որ առկա կարգավորումը վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության հարցը փաստացի չի լուծում»: Կատարվող փոփոխությունների նպատակը հաշվի առնելով և դրանց համատեքստում (քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառման պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների լուծումը, քաղաքացիական դատավարության արդյունավետության բարձրացումը և դատավորների ծանրաբեռնվածության թեթևացումը) առաջարկում ենք նաև վերանայել Աշխատանքային վեճերին վերաբերող հատուկ ընթացակարգերը․ Այսպես՝ Աշխատանքային օրենսգրքի 263-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային վեճը աշխատողի կամ տվյալ գործատուի հետ նախկինում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված աշխատողի և գործատուի միջև տարաձայնությունն է, որն առաջանում է կամ առաջացել է աշխատանքային օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, ներքին իրավական ակտերով, աշխատանքային կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված իրավունքների և պարտականությունների կատարման ժամանակ: Միևնույն ժամանակ ՔԴՕ 210-րդ հոդվածը առավել նեղ է սահմանում աշխատանքային վեճ հասկացությունը՝ սահմանելով, որ Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը (այսուհետ՝ աշխատանքային վեճ)։ Ինչը աշխատանքային իրավունքների խախտման ոչ բոլոր դեպքերում է հնարավորություն ունենում դիմել և ստանալ հատուկ ընթացակարգերով դատական պաշտպանություն, և չի համապատասխանում նյութաիրավական նորմեր սահմանող՝ Աշխատանքային օրենսգրքի 263-րդ հոդվածի դրույթներին։ Ուստի առաջարկում ենք Քաղաքացիական դատավարության օրենսգրքի աշխատանքային վեճի հասկացությունը սահմանող դրույթը ընդլայնել՝ համապատասխանեցնելով Աշխատանքային օրենսգրքի դրույթներին։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

03.05.2023

Նախագծի Հոդված 43-ով նախատեսվում է Օրենսգրքի 180-րդ հոդվածով կատարել հետևյալ փոփոխությունը․ ․․․3) 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «11) ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ, բացառությամբ այն գործերի, որոնցում սկզբնական հայցի հետ համատեղ քննվում է նաև հակընդդեմ հայց»: Կարծում ենք, որ նշանակված երկու իրար հաջորդող դատական նիստերին չմասնակցելը և դատական նիստը հետաձգելու կամ այն հայցվոր կողմի բացակայությամբ անցկացնելու միջնորդություն չներկայացնելը չեն կարող մեկնաբանվել ի վնաս հայցվորի այն դեպքերում, երբ Հայցվորը կամ վերջինիս ներկայացուցիչը թեև չեն ներկայացել դատական նիստին, սակայն ներկայացրել են դիրքորոշում, ապացույցներ կամ այլ դատավարական փաստաթղթեր՝ ցույց տալով իրենց հետաքրքրվածությունը և շահագրգռվածությունը գործի ելքով։ Օրենսդրի նման ֆորմալիստական մոտեցումը խոչընդոտում է անձանց՝ արդար դատաքննության և հենց արդյունավետ դատական պաշտպանության միջոց ունենալու իրավունքները: Նորմի գործող խմբագրությամբ տարբերակի կիրառման մասով դատական պրակտիկան միատեսակ չէ, մասնավորապես՝ մի շարք դատական գործերով ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը մեկնաբանել են տարբեր կերպ, և ըստ այդմ՝ կայացրել են միմյանց հակասող դատական ակտեր։ Հատկանշական է, որ նույն դատարանը նույնիսկ նույն դատական կազմով /ՀՀ վերաքննիչ դատարանը/ այս խումբ գործերով կարող է տրամադրել իրարամերժ մեկնաբանություններ և մի դեպքում գտնել, որ հայցն առանց քննության թողնելը եղել է անհիմն, քանի որ Հայցվոր կողմը գործով թեև չի ներկայացել նիստին, այնուամենայնիվ ցուցաբերել է շահագրգռվածություն, մյուս դեպքում՝ նշել, որ վկայակոչվող նորմում վկայակոչված պայմանները սպառիչ են և տարածական մեկնաբանության ենթակա չեն (տե՛ս, օրինակ թիվ ԵԴ/14978/02/19, ՍԴ1/0240/02/20, ԵԴ/27288/02/18, ԵԴ/1977/02/19, ԵԴ/17757/02/19 քաղաքացիական գործերով Դատարանի՝ հայցն առանց քննության թողնելու մասին որոշումները, և որոշման դեմ բերված բողոքի առնչությամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումները)։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից բխում է, որ նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ դատարանի` առանց քննության թողնելու մասին որոշման առկայության դեպքում անձը զրկված չէ կրկին դատարան դիմելու հնարավորությունից, այս առումով հայցն առանց քննության թողնելու մասին որոշումը չի բացառում հետագայում հայցվորի կողմից կրկին նույն առարկային մասին նույն փաստական հիմքերով նույն անձանց դեմ հայցադիմում ներկայացնել։ Հետևաբար այն բոլոր դեպքերում, երբ հայցվորի բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ վերջինս շահագրգռված է գործի ելքով, սակայն չի ներկայանում հերթական երկու նիստերին և այդ հիմքով դատարանը հայցը թողնում է առանց քննության, ապա հայցվորը միևնույն է հնարավորություն է ունենալու նույն հայցը կրկին ներկայացնելու, ինչը լրացուցիչ ծանրաբեռնում է դատարանի գործունեությունը։ Ուստի՝ կարծում ենք, որ դատարանը անգամ նման կարգավորման առկայության դեպքում պետք է առնվազն հնարավորություն ունենա յուրաքանչյուր գործի շրջանակներում գնահատել հայցվորի շահագրգռվածությունը։ Մյուս կողմից՝ պրակտիկայի տեսանկյունից, օրինակ՝ անձի պատվի և արժանապատվության արատավորման հետ կապված գործերով վնասի հատուցում ստանալու հայցով դատարան դիմելու վաղեմության ժամկետը մեկ ամիս է, մյուս կողմից՝ ներպետական դատարանների կողմից այժմ չկա հստակ ձևավորված պրակտիկա հայցն առանց քննության թողնվելու դեպքում կրկին հայց ներկայացնելիս վաղեմության ժամկետի հոսքի վերաբերյալ (տե՛ս, օրինակ, ԵԴ/5520/02/20 քաղաքացիական գործը, որով Դատարանը գտել է, որ հայցն առանց քննության թողնվելուց հետո անձը բաց է թողել կրկին հայց ներկայացնելու համար նախատեսված 1 տարվա ժամկետը, դատական ակտը բողոքարկվել է վերաքննության, այնուհետև վճռաբեկության կարգով)։ Նման պայմաններում, հայցն առանց քննության թողնվելու դեպքում անձը ընդհանրապես զրկվում է իր հիմնարար՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության որևէ միջոցից, ինչը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածին։ Ուստի առաջարկում ենք հոդվածի նշված դրույթը վերանայել վերոգրյալի համատեքստում՝ առնվազն հնարավորություն տալով Դատարանին՝ յուրաքանչյուր գործով գնահատելու Հայցվորի գործողությունները և վերջինիս շահագրգռվածությունը գործով՝ ըստ այդմ կայացնելով որոշում։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

03.05.2023

Նախագծի հոդված 3-ով նախատեսվում է Օրենսգրքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.2-րդ մասով. «3.2. Դատարանը գործը հանձնում է վարչական դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության վարչական դատարանում»: Անհրաժեշտ է հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում ևս վերահասցեագրման հնարավորությունը նախատեսել այն դեպքերի համար, երբ ակնհայտ է, որ վեճը ունի հանրային բնույթ/ սահմանելով նաև նման որոշումների կայացման համար հստակ ժամկետ։ Միևնույն ժամանակ Վարչական դատարվարության օրենսգրքում՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համանմանությամբ սահմանել Ընդդատության և ենթակայության մասին վեճերով Վճռաբեկ դատարանին դիմելու ընթացակարգ։ Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 2. Գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում դատարանի հայեցողությամբ ծանուցվում է գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Առաջարկում ենք կարգավորումը վերացնել, կամ փոփոխել հետևյալ կերպ, ծանուցվում է գործին մասնակցող անձի ներկայացուցիչը, իսկ գործին մասնակցող անձը՝ Դատարանի հայեցողությամբ։ Հակառակ դեպքում պրակտիկայում կստացվի իրավիճակ, երբ դատարանը որոշի իր հայեցողությամբ ծանուցել գործին մասնակցող անձին և ոչ թե ներկայացուցչին՝ նման դիմումի կամ լիազորագրում նշման պայմաններում, և հաշվարկի դատավարական ժամկետներ գործին մասնակցող անձի կողմից դատավարական փաստաթուղթը ստանալու պահից սկսած, ինչի արդյունքում կողմը հետագայում կրի վնաս։ Նախագծի հոդված 14-ով նախատեսվում է Օրենսգրքի 97-րդ հոդվածը լրացնել նոր 4.1-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «4.1. Դատական ծանուցագիրը հեռախոսակապի կամ ինտերնետ կապի կիրառմամբ ուղարկելը կամ այդ մասին հաղորդելը հնարավոր է, եթե կողմն ինքն է դատարանին տրամադրել իր հեռախոսահամարը: Այդ դեպքում նշված հեռախոսահամարին ուղարկված կամ հաղորդած ցանկացած տեղեկություն համարվում է ընդունված կամ ստացված հասցեատիրոջ կողմից: Հեռախոսակապի միջոցով իրականացված ծանուցումը պատշաճ է համարվում, եթե առկա է դատական ծանուցագրի հաղորդագրությունն ուղարկելու և այն հասցեատիրոջ կողմից ստացվելու փաստը հաստատելու հնարավորություն, իսկ հեռախոսային խոսակցության դեպքում՝ դրա բովանդակության մասին ձայնագրություն»: Առաջարկում ենք հստակեցնել նախատեսվող փոփոխությունը՝ Դատական ծանուցագիրը հեռախոսակապի կամ ինտերնետ կապի կիրառմամբ ուղարկելը կամ այդ մասին հաղորդելը հնարավոր է, եթե կողմն ինքը միջնորդել/ խնդրել է իրեն ծանուցել նշված հեռախոսահամարով։ Հակառակ դեպքում, եթե օրինակ կազմակերպության տարբերանշանը, էլ․ հասցեն, հեռախոսահամարը ունեցող ձևաթղթի վրա տպվել է դատավարական փաստաթուղթը, նշվածը կարող է մեխանիկորեն հիմք հանդիսանալ անձին ծանուցելու և ծանուցումը պատշաճ համարելու համար։

See more