Add to favourites

Under development

ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐ (ԿԱՆՈՆԱԳԻՐՔ) ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, ԴԱՏԱՎՈՐԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ, ԴԱՏԱԽԱԶԻ, ՔՆՆԻՉԻ), ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, ԴԱՏԱՎՈՐԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ, ԴԱՏԱԽԱԶԻ, ՔՆՆԻՉԻ),  ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ (ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների հաստատման և ոլորտային կանոնագրքերի մշակման տրամաբանական շարունակությունը հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների ներմուծումն է։ Բարեվարքության համակարգի մաս կազմող պահանջները և սահմանափակումները վերաբերելի են հանրային ծառայողներին և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հետևապես, բարեվարքության համակարգի կայացման ճանապարհին հաջորդ կարևորագույն քայլը վարքագծի կանոնագրքի հաստատումն է՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց՝ օրենքով սահմանված շրջանակի համար։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի  22-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովին վերապահված է լիազորություն ընդունելու պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը (այսուհետ՝ Կանոնագիրք)։ 

Այսպիսով, Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները կոչված են նպաստելու նրանց վարքագծում բարեվարքության՝ օրենքով սահմանված սկզբունքների ու էթիկական նորմերի արտացոլմանը:

 2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայում Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված առավել թիրախավորված և արմատական պայքար մղելու համար առաջնային խնդիր է համարվում հանրության կողմից կոռուպցիոն բնույթի գործողությունների մերժումը և կոռուպցիայից զերծ հանրային ծառայության առկայությունը: Այս նպատակին հասնելու համար ամենաարդյունավետ գործիքներից է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորումը՝ հաշվետվողականության, թափանցիկության և բարեվարքության ապահովումը, ինչպես նաև հանրության շրջանում հանրային ծառայողի վարքագծի կանոնների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովումը:

Հանրային ծառայության մասին օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է, որ բարեվարքության համակարգը ի թիվս այլնի ներառում է նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները, այդ թվում՝ պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու արգելքը։ Վերոնշյալի համատեքստում հարկ է նշել, որ Օրենքի 22-27-րդ հոդվածները սահմանում են վարքագծի սկզբունքները։ Միաժամանակ, Օրենքի 28-րդ հոդվածը սահմանում է վարքագծի կանոնների ընդունման առանձնահատկությունները։ Մասնավորապես, հոդվածը նախատեսում է, թե հանրային պաշտոնների և հանրային ծառայության առանձնահատկություններից ելնելով, որ մարմինների կողմից են սահմանվում պաշտոնների համապատասխան խմբերի վարքագծի կանոնները։ Հարկ է նշել, որ վկայակոչված հոդվածի 7-րդ հոդվածը սահմանում է, որ հանրային ծառայողի վարքագծի կանոնները սահմանվում են վարքագծի տիպային կանոնների հիման վրա՝ կանոնագրքերով։

Հաշվի առնելով վերոնշյալ նորմը և Հանձնաժողովին վերապահված լիազորությունները, մշակվել է «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը (այսուհետ՝ Կանոնագիրք)»։ 

Վարքագծի կանոնների (Կանոնագիրք) մշակման նպատակով ԱՄՆ ՄԶԳ միջազգային փորձագետների ներգրավմամբ կազմվել է վարքագծի կանոնների նախագիծը, որն ունի պարտադիր և խրախուսելի բաղադրիչներ։ Պարտադիր բաղադրիչը անդրադառնում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանած վարքագծի այնպիսի նորմերի, որոնց խախտումը առաջացնում է Օրենքով սահմանված պատասխանատվություն և ի թիվս այլնի ներառում է նաև նորմեր Օրենքով սահմանված շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների վերաբերյալ։ Նախագիծը նաև անդրադառնում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ակնկալվող վարքագծին մասնավոր կյանքում՝ նպատակ ունենալով զերծ պահել հանրային ծառայությունը վարկաբեկման և արատավորման ցանկացած դրսևորումներից։ Խրախուսելի կանոնները միտված են կերտելու հանրային ծառայողի առավել բարեվարք կերպար՝ շեշտադրելով նրանց ինքնազարգացման և ինքնակատարելագործման անհրաժեշտությունը։

 3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի մշակման և կիրարկման ուղեցույցը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փորձագետների ներգրավմամբ:

4. Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Սույն նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման 2-րդ հավելվածի 13-րդ կետից։

6. Նախագիծը մշակող մարմինը

Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:

7. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ամրապնդել  հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության համակարգը, ապահովել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների միասնականությունը, բարձրացնել հանրության վստահությունը հանրային ծառայության նկատմամբ, ստեղծել հանրային հատվածում կոռուպցիայի կանխարգելմանը միտված ևս մեկ գործիք, ինչպես նաև բարձրացնել հասարակության քաղաքացիական պահանջատիրությունը՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից  ակնկալվող վարքագծի առնչությամբ։  

  • Discussed

    31.03.2023 - 15.04.2023

  • Type

    Decision

  • Area

    Fight against corruption

  • Ministry

    Commission for Prevention of Corruption

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3152

Print