Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

________ 2022 թվականի    N _____Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ  ԱՆՁԱՆՑ   ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ  ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ  ԾՐԱԳԻՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով  «Սոցիալական  աջակցության  մասին» ՀՀ օրենքի  12-րդ  հոդվածի  6-րդ մասը  և  ՀՀ  վարչապետի 2022 թվականի օգոստոսի 18-ի թիվ 948-Ա որոշման հավելվածի 5-րդ կետը,  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել

Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված  անձանց բնակարանային ապահովման ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

   վարչապետ                                                                          Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                     Հավելված  

                             ՀՀ կառավարության 2022 թվականի ______-ի

                                                                                                N  - Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ  ԱՆՁԱՆՑ   ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ  ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ  ԾՐԱԳԻՐ

 

  1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
  2. ՀՀ-ում ապաստան հայցող անձանց  թիվը    տարեկան  միջինում կազմում  է  շուրջ 270 անձ։ Այդ  թիվն  առանձին  տարիներին՝    տարածաշրջանում  առկա  հակամարտություններով պայմանավորած   աճում  է։  Այսպես՝  սիրիական ճգնաժամի  հետևանքով  2012թ.-ին  ՀՀ-ում  ապաստան հայցող  անձանց  թիվը հասել  է  579-ի, իսկ 2013-ին՝ 320-ի։  Ակնհայտ  է  աճի  միտումը   նաև  2022թ.-ին՝  Ուկրաինայում  տեղի  ունեցող  իրադարձությունների  հետևանքով։  2022թ.   առաջին  6  ամիսների  ընթացքում արդեն Հայաստանի  Հանրապետությունում ապաստանի  հայց  են  ներկայացրել   320  անձինք, որոնցից  213-ը  Ուկրաինայի  քաղաքացիներ  են։
  3. ՀՀ-ում տարեկան միջին հաշվով փախստական են ճանաչվում և ապաստան են ստանում շուրջ 150 անձինք: Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստական ճանաչված անձինք հանդիսանում են ինտեգրման քաղաքականության նպատակային հիմնական խմբերից մեկը: Նրանց ինտեգրման տեսանկյունից ամենակարևորը Հայաստանում ժամանակավոր բնակության համար կացարանի խնդրի լուծումն է, քանի որ  այդ  անձինք  փախստական ճանաչվելուց  հետո  հնարավորություն  չունեն  ինքնուրույն լուծել իրենց  կացարանի հարցը, նրանց  անհրաժեշտ  է որոշակի ժամանակ հայոց լեզուն  սովորելու և աշխատանք  գտնելու  համար, որից  հետ  միայն  նրանք  կարող  են    քայլեր  ձեռնարկել   կացարանի ձեռք  բերման  ուղղությամբ։  
  4. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստական ճանաչված անձանց կացարանի խնդիրը մասամբ լուծվում  է Հայաստանի  Հանրապետության  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  միգրացիոն ծառայության «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության սպասարկման ենթակա սոցիալական տներում (այսուհետ՝ Սոցիալական տներ)  նրանց ժամանակավոր  կացարան  տրամադրելու  միջոցով։ Սոցիալական  տներում  իրատեսական  է   բնակեցնել նշված 150 անձանց մեկ  երրորդին, իսկ մնացած  100 անձի (շուրջ 40 ընտանիք) համար կացարանով  ապահովումը  հնարավոր է իրականացնել  բնակարանի  վարձակալության  փոխհատուցման միջոցով:
  5. Ծրագրի նպատակն է, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստական ճանաչված՝ ժամանակավոր կացարանի սուր խնդիր ունեցող և  կյանքի դժվարին  իրավիճակում  հայտնված անձանց Սոցիալական տներում   բնակեցնելու անհնարինության դեպքում, բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցման  տրամադրման  ճանապարհով,   նպաստել  այդ  անձանց   բնակարանային  հիմնախնդրի  լուծմանը։

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն ծրագրով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցման (այսուհետ` փոխհատուցում) տրամադրման հետ կապված հարաբերությունները:
  3. Փոխհատուցումը տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց ժամանակավոր կացարանով ապահովման խնդրի լուծման նպատակով` 6 ամիս ժամկետով: Նշված ժամկետով աջակցության տրամադրման  նպատակն  է հնարավորություն  տալ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց, 6  ամիսների   ընթացքում սովորել լեզուն, լուծել  իրենց  զբաղվածության  հետ կապված  հարցերը՝ այդ  ժամկետը լրանալուց  հետո կացարանի խնդիրն ինքնուրույն լուծելու նպատակով։
  4. Փոխհատուցման տրամադրման շահառուների ընտրության հայտանիշներն են.

 1) Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված  լինելը.

 2) ընտանիքի  անդամներից  առնվազն  մեկի ինքնասպասարկման ունակություն ունենալը.

 3) սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունենալը, և  վերջին  տասը տարում  ՀՀ-ում բնակելի տարածություն օտարած չլինելը.

 4) ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում հաշվառված լինելը և անապահովության 0-ից բարձր միավոր ունենալը.

5)   ստանալու պահին կացարանով ապահովման որևէ պետական ծրագրում, ինչպես նաև  միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից  կացարանով ապահովման որևէ ծրագրում ընդգրկված  չլինելը:

 

  1. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
  2.        Փոխհատուցում ստանալու համար Հայաստանի  Հանրապետությունում  փախստական  ճանաչված  անձը, իսկ ընտանիքի առկայության  դեպքում, ընտանիքի չափահաս անդամներից  մեկը (այսուհետ` դիմող) Հայաստանի  Հանրապետության  տարածքային  կառավարման  և  ենթակառուցվածքների նախարարության  միգրացիոն  ծառայություն (այսուհետ` ծառայություն)  է  ներկայացնում  դիմում, համաձայն N1 ձևի:
  3. Դիմումին կից ներկայացվում են նաև ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերը և ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում հաշվառված լինելու և անապահովության 0-ից բարձր միավոր ունենալու վերաբերյալ տեղեկանքը:
  4. Ծառայությունը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու հաջորդ օրը պարզում է դիմողի Հայաստանի  Հանրապետությունում  փախստական ճանաչված լինելու հանգամանքը,  որից հետո   երկու  աշխատանքային  օրվա  ընթացքում հարցում է ուղարկում  Կադաստրի  կոմիտե`  դիմողի և նրա ընտանիքների անդամների անվամբ Հայաստանի Հանրապետության  տարածքում բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման, ինչպես նաև   վերջին  տասը  տարում ՀՀ-ում բնակելի տարածության օտարման մասին տվյալներ ստանալու նպատակով: Եթե դիմողը  առանց ուղեկցողի, կամ ընտանիքից անջատված, կամ «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հատուկ կարիք ունեցող անձ է,  երկու  աշխատանքային  օրվա ընթացքում հարցում է ուղարկվում  նաև Աշխատանքի  և սոցիալական հարցերի  նախարարություն, դիմումատուի՝ հատուկ հաստատությունում տեղավորված լինելու փաստը պարզելու նպատակով։  Միաժամանակ   հարցում  է  ուղարկվում Հայաստանում տվյալ ոլորտում գործունեություն ծավալող միջազգային և հասարակական կազմակերպություններին, իրենց  կողմից վարվող ծրագրերի  շրջանակներում  դիմողին   բնակարան վարձակալելու նպատակով  փոխհատուցման  տրամադրման, կամ  այլ կացարանով ապահովման   փաստը  պարզելու  նպատակով: Նշված կազմակերպությունները հարցումն ստանալուց հետո պատասխանում են յոթ աշխատանքային օրվա ընթացքում։
  5. Կադաստրի կոմիտեն հարցումն ստանալուց հետո պատասխանում է յոթ աշխատանքային օրվա ընթացքում, բացի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի։
  6. Դիմումը ենթակա չէ բավարարման եթե.

  1) դիմողը հրաժարվել է տեղավորվել Սոցիալական տներում.

 2) դիմողը որպես առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված կամ «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հատուկ կարիք ունեցող` իրավասու մարմինների կողմից տեղավորվել է այնպիսի հաստատությունում, որտեղ ապահովվում են նրա կենսաապահովման հիմնական կարիքները.

 3) դիմելու պահին դիմողը Հայաստանում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից բնակարան վարձակալելու նպատակով փոխհատուցում  է  ստացել  կամ  տեղավորվել  է    կացարանում. 

4) դիմողը տեղավորվել է Սոցիալական տներում.

5) դիմողի տվյալները չեն բավարարում սույն  հավելվածի  7-րդ կետով սահմանված շահառուների ընտրության հայտանիշներին.

6)  դիմողն  արդեն  մեկ անգամ   օգտվել  է սույն  ծրագրից

7) դիմողի ինքնասպասարկման ունակության հետ կապված խնդիրներ ունենալու վերաբերյալ առկա են ապաստանի ընթացակարգի ժամանակահատվածում հոգեբանի/հոգեբույժի կողմից տրված եզրակացաթյուն կամ  դիմողի՝ ինքնասպասարկման  ունակություն չունենալը հաստատող  փաստաթղթեր։

  1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով յուրաքանչյուր դիմողի համար  ծառայությունում բացվում  է  անձնական գործ:

 

  1. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ

14.Դիմումն ընդունելիս, ծառայության աշխատակիցը դիմողին բանավոր ծանոթացնում է փոխհատուցման ընթացակարգին, միաժամանակ  նրան տրամադրելով գրավոր տեղեկատվություն, որում համառոտ ներկայացված են ծրագրին մասնակցելու պայմանները, և փոխհատուցումը դադարեցնելու  հիմքերը։

  1. Փոխհատուցում ստանալու վերաբերյալ դիմումը և դրան կցված փաստաթղթերը, սույն հավելվածի 10-րդ կետում  նշված  հարցումների  պատասխանները  ստանալուց  հետո  երեք  աշխատանքային  օրվա ընթացքում  ներկայացվում են    ծառայության պետին:
  2. Ծառայության պետը երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում դիմողին  փոխհատուցում տրամադրելու կամ  փոխհատուցման  տրամադրումը մերժելու մասին:
  3. Փոխհատուցում տրամադրելու կամ փոխհատուցման  տրամադրումը մերժելու մասին որոշման մասին ծառայությունը  երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր  տեղեկացնում է դիմողին, մերժման դեպքում` նշելով մերժելու պատճառը և որոշումը բողոքարկելու կարգը:
  4. Յուրաքանչյուր դիմումատուին տրամադրվող փոխհատուցման  չափը  կազմում  է   ամսեկան 60,000 ՀՀ դրամ։ Փոխհատուցումը  տրամադրվում  է  ընտանիքին՝  անկախ ընտանքի անդամների  թվից։
  5. Փոխհատուցումը տրամադրվում է բանկային փոխանցումով: Փոխհատուցումը չի կարող տրամադրվել դիմողի ներկայացուցչին` բացառությամբ օրենքով սահմանված կարգով  խնամակալության ներքո  գտնվող  անձի  խնամակալի:
  6. Փոխհատուցումը տրամադրվում է 6 ամիս ժամկետով` փոխհատուցումը տրամադրելու մասին ծառայության որոշման ընդունմանը հաջորդող օրվանից սկսած:

 

  1. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
  2. Փոխհատուցման տրամադրումը դադարեցվում է եթե.

1) դադարեցվել է  դիմողի փախստականի կարգավիճակը՝ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված  հիմքերով.

          2)  դիմողը  օգտագործել  է փոխհատուցումը ոչ նպատակային.

3) դիմողը  մեկնել է  Հայաստանի  Հանրապետությունից

4) դիմողն ընդգրկվել է կացարանով ապահովման որևէ պետական կամ միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրում։

  1. Փոխհատուցման տրամադրումը դադարեցնելու մասին ծառայությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է դիմողին:

 

  1. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ
  2. Փոխհատուցման ստանալու մասին դիմումները, ըստ դրանք ներկայացնելու ժամկետների, ծառայության կողմից գրանցվում են փոխհատուցում ստանալու համար դիմողների գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան):
  3. Գրանցամատյանում նշվում են դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, սեռը, քաղաքացիությունը, Հայաստանի Հանրապետությունում փախստական  ճանաչված  և  ապաստան ստացած լինելը հավաստող  փաստաթղթի  համարը,  փոխհատուցման  ստացման դիմումին  կից ներկայացված  փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետությունում փաստացի բնակության վայրը, հեռախոսահամարը, փոխհատուցման  տրամադրման  մասին  որոշման  ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
  4. Յուրաքանչյուր տարվա վերջում գրանցամատյանը կարվում է, կնքվում ծառայության աշխատակազմի կլոր կնիքով և պահվում ծառայությունում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում:

 

  1. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
  2. Դիմողը    փոխհատուցման տրամադրման մասին որոշումը  ստանալուց  հետո   յոթ   աշխատանքային  օրվա  ընթացքում   ծառայությանը տրամադրում  է բնակարանի վարձակալության վերաբերյալ  պայմանագրի պատճեն (առկայության  դեպքում), կամ  հայտնում  է վարձակալած բնակարանի հասցեն  և բնակարանի  սեփականատիրոջ  կոնտակտային տվյալները: Վարձակալած  բնակարանի փոփոխության դեպքում  դիմողը պարտավոր  է  նույն տեղեկությունները յոթ    աշխատանքային  օրվա  ընթացքում   հայտնել   ծառայությանը:

27.Փոխհատուցման նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն  իրականացնելու նպատակով  ծառայության  աշխատակիցների  կողմից  իրականացվում  է  մշտադիտարկում` առնվազն ամիսը մեկ անգամ վարձակալած բնակարաններ  այցելությունների,  հեռախոսազանգերի  և  պետական  այլ  մարմինների  տեղեկատվական շտեմարաններից  տեղեկատվություն  ստանալու ճանապարհով: Բացի այդ, փոխհատուցման հերթական փոխանցումից առաջ  երեք  աշխատանքային  օրերի ընթացքում  դիմողը  պարտավոր  է  ներկայանալ ծառայություն,  ինչն  անհրաժեշտ  է դիմողի՝  Հայաստանի  Հանրապետությունում  գտնվելու  փաստի հաստատման  համար: Մշտադիտարկման արդյունքների  վերաբերյալ գրավոր  արձանագրությունը  կցվում  է  դիմողի  գործին։ Երեք օրվա ընթացքում ծառայություն չներկայանալու դեպքում ծառայության կողմից ընդունվում է կասեցման որոշում և փոխհատուցումը չի փոխանցվում, բացառությամբ այն դեպքերի  երբ դիմողը  ներկայացնում  է  սահմանված ժամկետում  իր  չներկայանալը  հիմնավորող  հարգելի  պատճառներ:

  1. Դիմողի կողմից փոխհատուցման նպատակային չօգտագործումը բացահայտելու դեպքում, ծառայության պետի կողմից երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է որոշում փոխհատուցման տրամադրումը դադարեցնելու մասին:
  2. Փոխհատուցման տրամադրման մասին որոշումը դիմողին հանձնելիս, ծառայությունը միաժամանակ նրան տեղեկացնում է փոխհատուցումը նպատակային չօգտագործելու հետևանքների՝  21-րդ  կետով  սահմանված  փոխհատուցման տրամադրումը դադարեցնելու մասին:
  3. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
  4. Փոխհատուցման տրամադրման ֆինանսական գնահատականը ներառում է հետևյալը՝

1) Շահառուների ընտրություն -0 դրամ

2) Ժամանակավոր կացարանի տրամադրման իրականացման ապահովում-14.4 մլն դրամ

 ՀՀ-ում տարեկան միջին հաշվով փախստական են ճանաչվում և ապաստան են ստանում շուրջ 150 անձ: Իրատեսական է նշված անձանց  մեկ երրորդի  տեղավորումը Սոցիալական տներում: Մնացած  100 անձի (շուրջ 40 ընտանիք)  համար բնակարանների վարձակալության   փոխհատուցման համար տարեկան անհրաժեշտ կլինի  14.4 մլն դրամ (40 x 60.000 x6):

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 1

ԴԻՄՈՒՄ

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ես`

______________________________________________________________________,

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

20—— թվականի  ---------   -----ին  Հայաստանի Հանրապետության կողմից   ինձ  և (կամ) ընտանիքիս հետևյալ անդամներին, և (կամ)  իմ  խնամարկյալին (անհրաժեշտն  ընդգծել ) տրվել  է  փախստականի  կարգավիճակ   և ապաստան`

    _______________________________________________________________________

----------------------------------------------------------------------------------------------------------------

 

Ժամանակավոր կացարանով ապահովման խնդրի լուծման նպատակով խնդրում եմ տրամադրել  փոխհատուցում:

 

Կցվում է

  1. Ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերը

  

  1. Միասնական սոցիալական ծառայության տարածքային    մարմնի կողմից տրված  ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում հաշվառված լինելու և անապահովության 0-ից բարձր միավոր ունենալու վերաբերյալ  տեղեկանքը:

 

ԴԻՄՈՂ ___________________ ____________________________________________

                 (ստորագրությունը)               (անունը, ազգանունը)

 

 _____ ______________ 20   թ.

  • Discussed

    13.09.2022 - 29.09.2022

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2494

Print

Suggestions

narek abrahamyan

13.09.2022

պետք է

See more