Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

 

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի ընդունման անհրա­­­ժեշ­տու­թյունը պայմանավորված է մետաղական օգտակար հանածոների համար վճար­վող ռոյալթիի համակարգը մետաղ­ների միջազգային գներին ավելի արձագանքող և ավելի պրոգ­­րե­սիվ դարձնելու նպատակադրմամբ:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ներ­կա­յումս մետաղական օգտակար հանա­ծո­ների հանքավայրեր շահագործող կազմակերպություն­ների՝ մետաղների խտանյութի իրացումից ստացվող եկամուտները հարկվում են շահութա­հար­կով և ռոյալթիով: Վերջինս նախատեսված է մետաղական օգտակար հանածոների օգտա­գոր­ծումը փոխ­հա­տուցելու, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց կամ ընդերք­­օգտա­գործ­ման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտա­րու­մից ստաց­­վող շահութաբերության համար:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թեև ռոյալթիի գործող համակարգը որոշակիո­րեն արձագանքում է մետաղների միջազգային գներին՝ այն իմաստով, որ վերջիններիս բարձ­րաց­ման պարագայում ռոյալթիի դրույքաչափը, ի հաշիվ շահութաբերությունից կախված բաղա­դրիչի, որոշակիորեն աճում է, այդուհանդերձ ռոյալթիի դրույքաչափի աճը բավարար չէ մետաղ­ների միջազգային գների էական բարձրացման պարագայում պետական բյուջեի համար արդա­րացի և հիմնավորված լրացուցիչ եկամուտներ ապահովելու տեսանկյունից։

Նշված խնդիրն արագ լուծելու նպատակով, որպես կարճաժամկետ միջոցառում, 2021 թվա­կանի հուլիսի 15-ին ընդուն­ված՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում փոփոխու­թյուն և լրացում կատարելու մասին» ՀՕ-310-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2021 թվականի սեպտեմ­բերի 4-ին) պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտա­հան­ման համար սահմանվել է արտահանման պետական տուրք՝ նպատակ ունենալով մետաղ­ների միջազ­­գային բարձր գների պայմաններում ապահովել պետական բյուջեի լրացուցիչ եկա­մուտ­­ներ: Պետական տուրքի սահմանումը, սակայն, մետաղների ոչ բոլոր գների պարագայում կարող է համար­­վել ոլորտի հարկման արդարացի և արդյու­նավետ գործիք, քանի որ մետաղ­ների (խտահանքի) արտա­հանման պետական տուրքը հաշվարկվում է արտահանման ֆիզի­կա­կան ծավալ­ների հիման վրա միայն, և հետևաբար, այն ճկուն չէ մետաղ­ների միջազգային գների փոփո­­­խու­թյան նկատ­մամբ: Ավելին, պետական տուրքի համակարգի պարագայում հաշվի չեն առնվում նաև հանք­արդ­յու­նաբերական կազմակերպություններում կատարվող ծախսերի փոփո­խու­թյունները, հետևա­­­բար նաև՝ արտադրատնտեսական գործունեության շահութաբերության աստի­ճանի փոփո­­խությունները: Ուստի, հանքարդյունաբերության ոլորտի հարկման կայուն և կան­խա­տե­սելի հարկային միջավայր ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ է ներդնել առա­վե­լապես գոր­ծու­նեության վերջնական ֆինանսական արդյունքների վրա հիմնված՝ առավել արդա­րացի ու տնտե­սագիտական տեսանկյունից առավել հիմնավորված հարկային բեռ ձևավո­րող համա­կարգ, որը նաև կերաշխավորի ոլորտում ստեղծվող նոր արժեքից արդարացի մասհա­նում պետա­կան բյուջե։

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկվում է՝

        1) 2023 թվականի հունվարի 1-ից դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը,

        2) պահպանելով ներկայում գործող ռոյալթիի համակարգի հիմքում դրված ընդհանուր սկզբունք­­ները՝ համակարգը դարձնել ավելի պրոգրեսիվ: Մասնավորապես, առաջարկ­վում է ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման բանաձևը վերանայել այնպես, որ՝

ա. մինչև 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպու­թյուն­ների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի բարձրացում չլինի: Այս մոտեցմամբ, նպատակ է դրվել ունե­նալ այնպիսի համակարգ, որի պայմաններում մետաղների միջազգային գների, և հետևա­բար, կազմակերպությունների շահութաբերության մակարդակի նվազման պայմաննե­րում ռոյալթիի գծով հարկային բեռը կազմակերպությունների արտադրատնտեսական գործու­նեու­թյան շարունակականության ապահովման տեսանկյունից չլինի խնդրահարույց,

բ. ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման գործող բանաձևում լրացվի 10 տոկոսից բարձր շահու­թաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչ, որի արդյունքում կհաշ­վարկվի հավելյալ ռոյալթի՝ 15 տոկոս դրույքաչափով:

Ընդ որում, նախագծով առաջարկվում է սահմանել, որ բարձր շահու­թաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչը որոշելիս՝ շահույթը նախքան հարկումը հաշվարկելիս հաշվի են առնվում նաև ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման առաջին և երկրորդ բաղադրիչները, ինչպես նաև ռոյալթի վճարողի ֆինանսական ծախսերը,

       3) սահմանել նաև, որ խտա­նյութի մատակարարման պայմանագրում գնորոշման համար խտանյութի մատա­կա­րար­ման օրն ընդգրկող ամսվան հաջորդող երկրորդ ամիսը ներառյալ ժամա­­­նակահատվածից ավելի երկար ժամանակահատված նախատեսված լինելու դեպքում մատա­­­կարարված խտա­նյութի ֆիզի­կական ծավալի գինը հաշվարկելու համար հիմք են ընդուն­վում խտանյութի մատա­կա­րար­ման օրն ընդգրկող ամսվան հաջորդող երկրորդ ամսվա համար ձևավորված՝ մետաղ­ների միջ­ազգա­յին միջին գները,

       4) առաջարկվում է փոխել նաև ռոյալթի վճարողների կողմից խտանյութի իրացման շրջանառությունը հաշվարկելիս գործող օրենսդրությամբ սահմանված որոշ սահմա­նա­չափեր: Մաս­նավորապես, առաջարկվում է սահմանել, որ եթե հաշվարկված ռոյալթիի իրաց­ման շրջա­նա­ռությունը 15 տոկոս (գործող օրենսդրությամբ սահմանված 20 տոկոսի փոխարեն) կամ ավելի չափով ցածր է միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանա­ռու­թյունից, ապա որպես իրացման շրջանառություն՝ է հիմք ընդունվում միջազգային գների հիման վրա հաշ­վարկ­ված իրացման շրջանառության 85 տոկոսը (գործող օրենսդրու­թյամբ սահմանված 80 տոկոսի փոխարեն):

Նախագծերով առաջարկվող լուծումները քննարկվել են նաև Արժույթի միջազգային հիմնա­­դրամի փորձագետների հետ։ Վերջիններս գտնում են, որ ռոյալթիի հաշվարկման ներկա համա­կարգն, ընդհանուր առմամբ, համահունչ է միջազգա­յին պրակտիկայում կիրառվող արդյունա­վետ համա­կար­գերին։ Հետևաբար, այդ համակարգի ընդհանուր սկզբունքների պահպանման տրա­մաբանությամբ ու նախա­գծով առաջարկվող՝ շահութաբերությունից կախված ռոյալթիի բաղա­դրիչի ամրապնդ­մամբ հնարավոր կլինի մի կողմից ապա­հովել Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան ռոյալթիի համա­կարգի ընդհանուր մրցունակ­ու­թյունը մետաղների խտա­նյութ արդյու­նա­հանող և արտահանող երկրների համեմատությամբ՝ դրանով իսկ կայուն նախադրյալներ ստեղ­ծելով ոլորտի տնտեսավարող սուբյեկտների արտադրատնտեսական գործունեության շարու­նակականության ու ոլորտի հետագա ներդրումային գրավչության համար, իսկ մյուս կող­մից հնարավորություն կստեղծվի պետական բյուջեն լրացուցիչ եկամուտներով ապահովելու համար:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ռոյալթիի հարկման համակարգն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է՝

1) ձևավորել հանքարդյունաբերության ոլորտի հարկման կայուն և կան­խա­տե­սելի հարկա­յին միջավայր, որը նաև կապահովի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպու­թյուն­ների մրցունակությունը միջազգային շուկաներում, կնպաստի ոլորտի ներդրումային գրավ­չու­թյան բարձրացմանը,

2) մետաղական օգտակար հանածոների համար վճար­վող ռոյալթիի համակարգը դարձնել առա­վել արդարացի և տնտե­սագիտական տեսանկյունից առավել հիմնավորված,

3) մետաղական օգտակար հանածոների համար վճար­վող ռոյալթիի համակարգը դարձնել մետաղ­­ների միջազգային գներին ավելի արձագանքող և ավելի պրոգ­­րե­սիվ՝ դրանով իսկ մետաղ­­ների բարձր գների պայմաններում պետական բյուջեի համար ապահովելով լրացուցիչ հար­­կային եկամուտներ։

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2.8-րդ՝ «Բնական ռեսուրսների կայուն կառավարում» և 6.8-րդ՝ «Հարկաբյուջետային քաղաքա­կա­նություն» մասե­րով սահմանված քաղաքականության ուղղություններից: Մասնավորապես՝

  • ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործումն ապահովելու, բնական պաշարների գեր­շա­­­հագործումը բացառելու նպատակով նախատեսվում է հանքարդյունաբերության հարկման արդար և երկարաժամկետ զարգացումն ապահովող արդյունավետ մեխանիզմների ներդրում` ռոյալ­թիների մեխանիզմի բարեփոխում,
  • Կառավարությունը նպատակ ունի ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում առն­վազն 2.6 տոկոսային կետով՝ 2026 թվականին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը հասցնելով առնվազն 25 տոկոսի,
  • հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բար­ձրացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագ­­րերի վրա ծախսելու, ինչպես նաև հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպա­տա­կով քայլեր են իրականացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ:
  • Discussed

    29.04.2022 - 15.05.2022

  • Type

    Law

  • Area

    Justice, State revenue, Economy, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3139

Print