Add to favourites

Under development

"Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին" օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

Հիմնավորում

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Կառավարության իրավասությունները, այդ թվում որոշ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությունը, այն է՝ «հաստատում է անվտանգության նորմերը և կանոնները»։

Մինչդեռ բնագավառի իրավական կարգավորման հարաբերությունները բազմաթիվ են՝ միջուկային անվտանգություն, ճառագայթային անվտանգություն և պաշտպանություն, ռադիոակտիվ թափոնների կառավարում, միջուկային և ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանություն, վթարային պատրաստվածություն ու հակազդում, ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարացում և այլ հարաբերություններ, որոնք, կարգավորվում են ոչ միայն անվտանգության նորմերով և կանոններով, այլ նաև պահանջներով, կարգերով, պայմաններով, մեթոդներով, որոնց ընդունման համար կառավարությունը համապատասխան լիազորություն չունի։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքի նախագծով հնարավորինս հստակեցվել է Կառավարության կողմից նորմատիվ որոշումներ ընդունելու ուղղությունները, ամրագրելով նաև իրավական որոշակիության շրջանակը։

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի առանձնահատկություններից ելնելով, օրենքով ամրագրվել է նաև կառավարության՝ օտար լեզվով նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությունը, որն ամրագրված էր «Իրավական ակտերի մասին» նախկին օրենքով (հոդվ․ 36), և վերոհիշյալ լիազորող նորմի հիման վրա ընդունվել են ՀՀ կառավարության մի շարք որոշումներ (8․11․ 2012 թվականի N 1411-Ն, 13․12․2012 թվականի N 1546-Ն, 4․07․ 2013 թվականի N 708-Ն)։

Վերոհիշյալ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը չունի գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք ապահովեն ատոմակայանների նախագծման, կառուցման և  շահագործման նորմատիվատեխնիկական բազայի ստեղծումն ու շարունակական զարգացումը։ Միաժամանակ, Հայկական ատոմային էլեկտրակայանը նախագծվել և շահագործվում է նախկին ԽՍՀՄ (ՌԴ) անվտանգության նորմերով ու կանոններով, և ներկայումս ատոմակայանի նախագծի ցանկացած փոփոխություն համաձայնեցվում է գլխավոր կոնստրուկտորի և նախագծողի հետ, որը ևս պայմանավորում է օտար լեզվով իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը։

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի,  ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանը ճանաչում և կիրառում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության ստանդարտները։

Վերոհիշյալը բխում է նաև ՀՀ կառավարության և ԱԷՄԳ միջև 1999 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրած «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տեխնիկական օգնություն ստանալու մասին» վերանայված լրացուցիչ համաձայնագրից, որի 2-րդ հոդվածի համաձայն, Հայաստանը, որպես աջակցություն ստացող երկիր, պարտավորվում է կիրառել ԱԷՄԳ անվտանգության ստանդարտները։

Վերոհիշյալ պրակտիկան կիրառվում է նաև այլ երկրների կողմից, մասնավորապես   Սլովենիան, Բելգիան օգտագործում են ամերիկյան  միջուկային կարգավորումները (NUREG -nuclear regulations)։

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կառավարությանը տրված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությունը հնարավորինս հստակեցվել և ամրագրվել է իրավական որոշակիության սկզբունքը, ՀՀ Սահմանադրության 6-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխան։

  1. Օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն առկա չեն:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Օրենքի նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի։

  • Discussed

    13.01.2022 - 28.01.2022

  • Type

    Law

  • Area

    Nuclear safety

  • Ministry

    Nuclear Safety Regulatory Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4221

Print