Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը առևտրա­­­կան (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղ­վող շահութահարկ վճա­րողների մոտ խոտան ապրանքի տեսքով ձևավորված որակական կորուստները համա­­­­խառն եկամ­տից նվա­զեց­նելու հնարավորությունների ընձեռումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Հար­կա­­յին օրենս­­­գրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 122-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գույքի՝ փաս­տա­թղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համա­խառն եկա­մտի մեկ տոկոսը չգերազանցող չափով՝ տվյալ հարկային տարվա ընթացքում: Նույն մասի կիրա­ռության իմաստով՝ գույքի որակական կորուստ է համարվում պիտանիության (պահ­պան­ման) ժամկետ ունեցող ապրանքի պիտանիության (պահպանման) ժամկետի սպառման կամ ժամա­նակի ընթացքում մաշվածության և (կամ) քայքայման արդյունքում գույքի սպառողական հատ­կանիշների անկման կամ Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահ­մանված դեպքերում ապրանքի մատակարարման արգելքների կամ սահմանափակումների առա­ջացման արդյունքում շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը:

Խնդիրը կայանում է նրանում, որ առևտրա­յին գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբ­յեկտների մոտ առևտրա­կան (առք ու վաճառքի) գոր­­ծունեության նպատակով ձեռք բերված խոտան ապ­րանքների մասով ձևավորված որակական կորուստները համախառն եկամտից նվա­զեցնելու նպատակով գործող հարկային օրենսդրությամբ համապատասխան կար­գա­վո­րում­ներ նախատեսված չեն:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել, որ որակական կորուստ է համարվում նաև առևտրա­կան (առք ու վաճառքի) գոր­­ծու­նեու­թյան նպատակով ձեռք բերված խոտան ապ­րանքը, եթե Օրենսգրքի 122-րդ հոդվածի 6-7-րդ մասերին համապատասխան՝ որպես այլ կորուստ չի նվա­զեց­վում համախառն եկամտից:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան առևտրա­­կան (առք ու վաճառքի) գործունեության մասով շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպա­տակով համախառն եկամտից նվազեցվող՝ գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որա­կա­կան կորուստներն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հնարավորություն ընձեռել շահութահարկ վճա­րողներին առևտրա­­­կան (առք ու վաճառքի) գոր­­ծու­նեու­թյան նպատակով ձեռք բերված խոտան ապ­րանքը նվազեցնել համա­­խառն եկամ­տից:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

Բացի այդ, նախագծի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան լրացումներ կատա­­րելու անհրաժեշտություն կառաջանա նաև ՀՀ կառավարության 2017 թվականի հոկ­տեմ­բերի 5-ի  N 1261-Ն որոշման մեջ:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հարկային օրենսդրության բարելավման միջոցով կարևորվելու է ներդրողների համար արդար, ընկալելի և կանխատեսելի միջավայրի ձևավորումը:

  • Discussed

    16.12.2021 - 31.12.2021

  • Type

    Law

  • Area

    Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4251

Print

Suggestions

"Զիգզագ" ՍՊԸ

24.12.2021

Հարգելի գործընկերներ, «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետևյալ կարծիք / առաջարկությունը։ 1․ ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ «Օրենսգիրք») 122-րդ հոդվածի 3-րդ մասում «շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը» բառերից հետո առաջարկվել է լրացնել «ինչպես նաև առևտրա¬կան (առք ու վաճառքի) գոր¬¬ծունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը, եթե սույն հոդվածի 6-7-րդ մասե¬րին համապատասխան՝ որպես այլ կորուստ չի նվազեցվում համախառն եկամտից» բառերը։ Ներկայացված ձևակերպումը նշանակում է, որ նվազեցվել կարող են միա՛յն ձեռք բերված ապրանքների, և միա՛յն ի սկզբանե խոտան ապրանքների գծով կորուստները։ Այս պարագայում կարգավորումից դուրս են մնում՝ • ի սկզբանե առանց խոտանի, սակայն շահագործման ընթացքում խոտանված ապրանքները, • գնորդին վաճառված՝ շահագործման ընթացքում խոտանված ապրանքները, որոնք ենթակա չեն վերանորոգման և վաճառողի կողմից ետ են ընդունվում՝ փոխարինվելով նոր ապրանքով։ Նկարագրված դեպքերը գերակշռող են՝ ի տարբերություն ձեռքբերված, ի սկզբանե խոտան հանդիսացող ապրանքների դեպքերի, որոնք նշվել են նախագծում, որի պարագայում առաջարկում ենք Օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ մասում լրացումը կատարել հետևյալ խմբագրությամբ՝ «շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը, ինչպես նաև առևտրա¬կան (առք ու վաճառքի) գոր¬¬ծունեության նպատակով ձեռք բերված խոտան և/կամ հետագայում խոտանված և/կամ որպես խոտան հաճախորդից ետ ընդունված ապ¬րանքը։»։ 2․ Միևնույն ժամանակ, առաջարկում ենք նույն լրացումից հանել «եթե սույն հոդվածի 6-7-րդ մասե-րին համապատասխան՝ որպես այլ կորուստ չի նվազեցվում համախառն եկամտից» բառերը, հետևյալ հիմնավորմամբ․ լրացման մեջ ներառված այս ձևակերպումն, ըստ էության, նշանակում է, որ 122-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան խոտան ապրանքի գծով կորստի յուրաքանչյուր նվազեցման դեպքում տնտեսվարողը, ըստ անհրաժեշտության, պետք է միանշանակորեն հիմնավորի, որ բացակայում էին այդ կորուստը 6-7-րդ մասերին համապատասխան նվազեցնելու հիմքերը։ Դա էապես բարդացնում է փոփոխության գործնական կիրառելիությունը։ Միաժամանակ, քանի որ նույն ապրանքի գծով կորստի նվազեցումը համախառն եկամտից կարող է կատարվել մեկ անգամ, տրամաբանական է, որ եթե առկա են տվյալ ապրանքի գծով կորստի նվազեցումը 6-7-րդ մասերին համապատասխան իրականացնելու հիմքերը, ապա տնտեսվարողը կկատարի հենց այդ նվազեցումը՝ ապրանքի ամբողջ արժեքի չափով, այլ ոչ թե կկիրառի 3-րդ մասով առաջարկվող նվազեցման հնարավորությունը, որի դեպքում գործում է տարեկան շրջանառության 1 տոկոսի սահմանափակում։ «Զիգզագ» ՍՊԸ

See more