Add to favourites

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 ___  2020 թվականի N_____-Ն

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու <<Այլընտրանքային ծառայության մասին>> օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Կառավարությունը որոշում է.

  1. Հայտարարել 2020 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրա­պետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ` 2020 թվականի ամառային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի  հունիսի 30-ը ներառյալ,  ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
  2. 2020 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկե­տում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողներին:
  3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
  4. 2020 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետա­կան զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:
  5. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:
  6. Պաշտպանության նախարարին`

    1) <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրաքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման` դրանում նախատեսելով, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2020 թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ.

  2) 2020 թվականի ամառային զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքա­ցիների տվյալներն ուղարկել Ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորա­բաժանումներ, իսկ զորակոչի ավարատից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:

  1. Առաջարկել Գլխավոր դատախազին` շարունակելզորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
  2. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`

     1) հայտարարված զորակոչին Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և (կամ) նրա տարածքային ստորաբաժանումներ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

  2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և (կամ) նրա ստորաբաժանումներ:

  1. Առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստա­նյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:
  2. Արտաքին գործերի նախարարին`

   1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքի պահանջներին համապատասխան Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և (կամ) նրա ստորաբաժանումներ ներկայանալու համար.

    2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին:

  1. Ոստիկանության պետին`

    1) ապահովել`

    ա. հասարակական կարգի պահպանությունը Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ և հանրապետական հավաքակայանի տարածքներում,

    բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ.

   2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի և մարզերի տարածքային ստորաբաժանումներից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

  1. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականցնող կազմակերպությունների ցանկը` <<Գնումների մասին>> օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
  2. Ոստիկանության պետին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:
  3. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`

     1) 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով` փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`

     ա. հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում`  մինչև 2020 թվականի հունիսի 23-ը,

     բ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2020 թվականի հունիսի 1-ը.

    2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը տրամադրել մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելութ­յան քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները.

    3) մինչև 2020 թվականի հուլիսի 14-ը Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության  բարձրագույն  կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն տարածքային ստորաբաժանումների.

    4) Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն տարածքային ստորաբաժանումների բժշկական և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների զոակոչային բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել <<Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով>> կատարելագործման դասընթացներ:

  1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել Կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում օրենքով նախատեսված եզրակացությունների և առաջարկությունների ներկայացման համար մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի նիստերի անցկացումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    30.03.2020 - 14.04.2020

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 18032

Print

Suggestions

Մարտիկ Մարտիրոսյան

10.04.2020

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծում (այսուհետ նաև՝ Որոշման նախագիծ) անտեսվել է այն հանգամանքը, որ ներկայում հայտարարված է արտակարգ դրություն, որը պայմանավորված է նոր կորոնավիրուսի (COVID-19) առկայությամբ: Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ, որ եթե նույնիսկ մինչև մայիսի 1-ը վերացվի արտակարգ դրությունը, դա չի նշանակում, որ վիրուսով վարակվելու վտանգն ինքնին չեզոքացվում է: Վտանգները կարող են լինել բազմաթիվ: Օրինակ՝ բժշկական հաստատություններում բազմաթիվ զորակոչիկներ միասին, այդ թվում՝ այլ քաղաքացիների հետ, հերթի մեջ սպասում են իրենց հետազոտմանը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները: Առաջարկվում է Որոշման նախագծով սահմանել այն գործողությունները, որոնք կկանխեն վիրուսի տարածումը ինչպես զորակոչիկների, այնպես էլ զորակոչով պայմանավորված զինծառայողների շրջանում: Օրինակ՝ սահմանել մեկ օրվա ընթացքում նույն բժշկի մոտ զորակոչիկների հետազոտման առավելագույն չափ, ինչպես նաև ապահովել, որ զորակոչիկների միևնույն ժամանակ այլ քաղաքացիների հետ չգտնվեն նույն տարածքում: Ապահովել, որպեսզի զորակոչված զինծառայողները մինչև ծառայության հիմնական վայր մեկնելը մեկուսացվեն (որը պետք է ներառվի նրանց ծառայության ժամկետում) և թեստ հանձնեն : Եթե չկա այդպիսի անհրաժեշտության առաջարկվում է այն մասին հիմնավորում ներկայացնել Որոշման նախագծի վերաբերյալ կազմված տեղեկանքում:

See more