Add to favourites

Under development

ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Samvel Hayrumyan 10.02.2020 23:26:38 ՃՈ վերափոխում պարեկային ոստիկանության, որոնք 24ժ/7օր ռեժիմով կշրջեն բոլոր համայնքների բոլոր ճանապարհներով, հետևելով թե ճանապարհային երթևեկության կարգին, թե' հասարակական կարգին։
2 Գևորգ Թորոսյան 11.02.2020 16:05:36 Կառավարության մեջ ռեֆորմներ գեներացնելու և կյանքի կոչելու հարցում առաջամարտիկի՝ Արդարադատության նախարարության, հերթական մտածված ռազմավարական բնույթի փաստաթուղթն է, որը հաշվի է առնում միջազգային լավագույն փորձը և մեր երկրի ինստիտուցիոնալ կարողությունները։ Կառաջարկեմ անձնակազմի վերապատրաստման, գնումների գործընթացի (սարքավորումներ, ավտոպարկ, ՏՏ ապահովում, այլ) և շինարարական-վերանորոգման աշխատանքների հարցում "արագ հաջողություններ" գրանցելու ցանկության հետ մեկտեղ կենտրոնանալ ռազմավարական պլանավորման աշխատանքների վրա։
3 Միքայել Բաղդասարյան 11.02.2020 17:30:36 Բարեփոխումները սկսել առաջին հերթին ճիշտ կադրային քաղաքականությամբ, լյուստրացիաի ենթարկել նոր, բարձր պաշտոնների նշանակվածներին և ընդհանրապես համակարգում ծառայողնեին, քանի որ բազմաթիվ են անձիք, ովքեր ժամանակին հեռացվել են համակարգից և նորից հայտնվել։
4 Էմմա Վարդանյան 13.02.2020 15:56:11 նախաձեռնության բարեփոխում լինելը դեռևս ցույց կտա ժամանակը՝ ներկայացվող փոփոխությունների ռադիկալ լինելու հիմքով: ամեն դեպքում կառույցի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, կարծում եմ, ձևական կողմից զատ անհրաժեշտ է սահմանել հստակ օրենսդրական գործիքներ, որոնց կիրառումը թույլ կտա դեռևս նախաքննության նախնական փուլում փակուղու և օրենսդրական վակուումի առաջ չկանգնել:
5 Լավրենտի Ադուլյան 17.02.2020 18:36:47 Նախատեսվում է դետեկտիվների ինստիտուտի ներդրում 2021թ․։ Սակայն առաջարկում եմ նաև մտածել մասնավոր դետեկտիվների ինստիտուտի ստեղծման մասին, հաշվի առնելով միջազգային, մասնավորապես ԱՄՆ փորձը։
6 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 19.02.2020 14:15:59 Ոստիկանության կրթահամալիրի ուսումնական ծրագրերի աուդիտի, կրթական ծրագրերի մշակման, վերանայման և դասավանդման գործընթացներում ներգրավել նաև ոլորտում աշխատող և շահագրգիռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
7 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 19.02.2020 14:15:59 Ռազմավարության 2-րդ կետի է/ ենթակետում Մարդու իրավունքների պաշտպանության զգայուն հարցերում ներառել նաև զոհակենտրոն մոտեցման սկբունքների կիրառումը:
8 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 19.02.2020 14:15:59 Ռազմավարության 2-րդ կետի ը/ ենթակետում ներառել հանցագործությունների միասնական հանրային հասանելի տվյալների բազայի ստեղծումը, որը կպարունակի դասակարգված (disaggregated) տվյալներ:
9 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 19.02.2020 14:15:59 Ռազմավարության 3-րդ կետում որպես կադրերի համալրման գործընթացի ուղենիշ սահմանել նաև կին ոստիկանների բավարար ներգրավումը:
10 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 19.02.2020 14:15:59 Հաշվի առնելով գենդերային բռնության դեպքերով գործերի քննության առանձնահատկությունները, կառուցվածքային և գործառութային փոփոխություններ կատարելուց առաջ քննարկումներ իրականացնել ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
11 Կարեն Մարտիրոսյան 20.02.2020 16:44:14 Առաջարկում եմ միավորել քնչական կոմիտեն Ոստիկանության հետ իս քնչական կոմիտեի զինվորական քնչական գլխավոր վարչություն միավորել ԱԱԾ քնչական դեպարտամենտին:
12 Կարեն Մարտիրոսյան 25.02.2020 13:36:29 նախարարության անվանում Ներքին գործերի նախարության փոխարեն լինի Ներքին անվտագության նախարություն
13 Հայկ Ափրիկյան 22.02.2020 00:13:16 Նախագծով ոստիկանությունն, ըստ էության, անցնում է Ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո, որի ղեկավար կարող է նշանակվել համակարգում չծառայած քաղաքական գործիչ: Մինչդեռ ըստ վարչապետ Փաշինյանի բազմիցս արտահայտած մտահոգությունների՝ այդպիսով ոստիկանությունը կքաղաքականացվի՝ դրանից բխող բացասական հետևանքներով: Մասնավորապես՝ ինչպես 2019 թ. հունվարի 30-ի իր ելույթում նշել է Փաշինյանը, «միանշանակ է, որ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, սակայն դա չի նշանակում, որ դրա ճանապարհն այդ կառույցները նախարարություն դարձնելն է: Ի՞նչ է նշանակում նախարարություն: Նշանակում է, որ այդ ուժային կառուցի ղեկավար պետք է նշանակվի քաղաքական դեմք, սրանից բխում է, որ այդ ուժային կառույցն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քաղաքականացվելու է»: Ավելին, եթե ոստիկանության ղեկավարի «պաշտոնը լինի քաղաքական, քաղաքական կարգավիճակ ունենա, այսինքն հնարավոր լինի այդ պաշտոնում նշանակել քաղաքական գործիչ, մենք կունենանք նոր Սերժ Սարգսյանի էֆեկտ: Այդ էֆեկտը ո՞րն է. երբ մարդը ոչ թե պրոֆեսիոնալ զինվորական է, այլ քաղաքական գործիչ է, որն ունի քաղաքական նպատակներ: Իսկ երբ ունի քաղաքական նպատակներ ... այդ լծակներն օգտագործում է սեփական քաղաքական ազդեցությունն ուժեղացնելու համար», ինչպես վերահաստատել է վարչապետը նույն թվականի մայիսի 8-ին: Կարծում եմ՝ այս մտահոգությունները ինչպես մեկ տարի առաջ, այսօր էլ արդիական են, և չկա որևէ գործոն, որով կարող է բացատրվել կարծիքի նման կտրուկ փոփոխությունը: Եթե ոստիկանությունը վերածվի նախարարության, մենք անխուսափելիորեն կանգնելու ենք մեկ տարի առաջ մատնանշված այդ ռիսկերի առջև, այնինչ նախագծով որևէ համոզիչ հակափաստարկ չի ներկայացվում, չկա որևէ մեխանիզմ, որով թույլ չի տրվի Սերժիկ Սարգսյանի էֆեկտի կրկնություն: Առաջարկում եմ քննարկել ոստիկանությունը նախարարություն դարձնելու նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով վարչապետի՝ նախկինում նշած մտահոգությունները:
14 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 25.02.2020 16:54:00 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության վերաբերյալ առաջարկ 1. ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022թթ. ռազմավարությամբ առաջարկվում է ստեղծել ներքին գործերի նախարարություն, որի կազմում կգործի ոստիկանությունը: Նման մոդելի գործարկման անհրաժեշտությունը հիմնավորվում է ոստիկանության նկատմամբ պառլամենտական վերահսկողության առավել լայն գործիքակազմի կիրառման հնարավորությամբ: Դրական գնահատելով պառլամենտական վերահսկողության շրջանակների և գործիքակազմի ընդլայնման ապահովմանն ուղղված կարգավորումները, գտնում ենք, որ անհրաժեշտ է ապահովել ոստիկանության գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ինստոիտուցիոնալ և արդյունավետ մեխանիզմով ևս: Առաջարկ. Ռազմավարության մակարդակով ամրագրել քաղաքացիական վերահսկողության ինստուտուցիոնալ մոդելի ներդրման մասին՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից կազմված խորհրդի /խմբի/ ստեղծմամբ՝ ի ապահովումն ոստիկանության գործունեության նկատմամբ անկախ և մասնագիտացված քաղաքացիական վերահսկողության: 2. Ներկայացված ռազմավարությամբ նախատեսվում է ոստիկանության զորքերը ապառազմականացնել և վերափոխել ազգային գվարդիայի: Անհրաժեշտ է փաստել, որ ռազմավարությամբ ըստ էության դրական գնահատական է տրվում ոստիկանության զորքերի վերջին տարիների գործունեությանը և իրավակարգի ապահովմանն ուղղված գործառույթների իրականացմանը պիտանիությանը: Ոստիկանության բարեփոխումների մակարդակով ոստիկանության զորքերի նման գնահատականն անընդունելի է՝ հաշվի առնելով վերջին տարիներին՝ 2015թ. 2016թ. 2018թ. տեղի ունեցած խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանության զորքերի, ինչպես նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումների պրակտիկան: Խաղաղ հավաքների ընթացքում տեղի ունեցած իրավախախտումներին չի տրվել որևէ իրավական գնահատական, հարուցված քրեական գործերով առաջընթաց չի գրանցվել, քրեական գործերով վարույթները կասեցված են, և միայն սակավաթիվ ոստիկաններ են ենթարկվել քրեական հետապնդման: Ավելին, խաղաղ հավաքների ընթացքում տեղ գտած իրավախախտումները չեն ստացել նաև քաղաքական գնահատական՝ ոստիկանության ուժերի՝ օրվա իշխանությանը ծառայելու և նման իրավախախտումները ապագայում բացառելու հավաստիացումներով: Առաջարկ. Ապահովել վերջին տարիներին ոստիկանության զորքերի և այլ ստորաբաժանումների ծառայողների կողմից խաղաղ հավաքների ընթացքում մարդու իրավունքնրի խախտումների առնչությամբ պաշտպանության արդյունավետ միջոցի և փոխհատուցման հնարավորությունը, իրավախախտում կատարած ոստիկանների պատասխանատվությունը, զանգվածային իրավախախտումների ընթացքում ոստիկանության գործողությունների վերաբերյալ ՀՀ ազգային ժողովի քաղաքական գնահատականը՝ բացառելու ապագայում նման պրակտիկայի կրկնությունը և իրավախախտում թույլ տված ոստիկանների հետագա պաշտոնավարումը:
15 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 25.02.2020 17:48:13 Առաջարկ ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության նախագիծը, որն ընդհանուր առմամբ պետք է գնահատել դրական՝ հաշվի առնելով ներկայացված նախագծով ոստիկանության հաշվետվողականության, դրա ստորաբաժանումների գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ առաջարկվող արդյունավետ լուծումները։ Գտնում ենք, որ նախագծով առաջարկվող փոփոխությունները կնպաստեն ՀՀ ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացմանը, հասարակության մոտ կստեղծեն ոստիկանի նոր դրական կերպար՝ նպաստելով ոստիկանության բարի համբավի ձևավորմանը։ Միաժամանակ հարկ ենք համարում ներկայացնել նախագծի վերաբերյալ առկա որոշ նկատառումներ․ 1․ ՀՀ ոստիկանությանը նախաքննության գործառույթի ընձեռման կանոնակարգեր․ Ներկայացված ռազմավարության նախագծով առաջարկվում է ոստիկանությունն ընդգրկել ստեղծվելիք ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՆԳՆ) կազմում՝ որպես կառուցվածքային միավոր՝ վերջինիս ընձեռելով նաև նախաքննություն իրականացնելու գործառույթ։ Մասնավորապես՝ ռազմավարության նախագծի 1-ին մասում ներկայացված է ոստիկանության գործունեության առաջնահերթ ուղղությունների զարգացումը, որտեղ առաջարկվում է ՀՀ ոստիկանությանն ընձեռել որոշ հանցագործությունների գործերով նախաքննության գործառույթ կամ այլ կերպ ասած՝ քրեական գործերով ամբողջական նախաքննություն իրականացնելու լիազորություն։ Գտնում ենք, որ ոստիկանությանը նախաքննության գործառույթի ընձեռումը հակասում է ՀՀ-ում քննչական մարմինների կազմակերպման և վերջիններիս կառուցվածքային համակարգերի զարգացման վերաբերյալ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ ամրագրված տրամաբանությանը՝ քննչական մարմինների անկախության կառուցվածքային և գործառույթային երաշխիքների բարձրացման վերաբերյալ։ Ներկայացված նախագծով ոստիկանության հիմնական գործառույթը պետք է հանդիսանա հասարակական կարգի պահպանումը, հանցավորության դեմ նախականխիչ գործողությունների իրականացումը, ինչպես նաև բնակչությանը մի շարք ադմինիստրատիվ ծառայությունների մատուցումը, ինչպես օրինակ՝ անձնագրային, վիզաների և այլ ծառայությունների տրամադրումը։ Ոստիկանության կառուցվածքում նախաքննության մարմնի ձևավորումը խախտում է վերջինիս անկախության կառուցվածքային բաղադրիչի երաշխիքները, քանզի անկախ ոստիկանության համակարգում քննչական նախատեսվող ծառայության ղեկավարի և այլ ծառայողների ձևավորման մեխանիզմից՝ վերջիններիս կազմակերպչական ենթակայությունը ոստիկանության պետից և ներքին գործերի նախարարից բացառելն անիրատեսական է։ Նման խնդիրներից խուսափելու նպատակով ՀՀ-ում իրականացված և իրականացվող դատաիրավական բարեփոխումների շրջանակներում ամրագրվել է այն մոտեցումը, համաձայն որի՝ բոլոր քննչական մարմինները պետք է գործեն որպես ինքնուրույն կառուցվածքային միավորներ, ինչպես օրինակ՝ հակակոռուպցիոն կոմիտեն, քննչական կոմիտեն, հատուկ քննչական ծառայությունը։ Որպես արդյունավետ տարբերակ գտնում ենք, որ ոստիկանության կողմից հանցագործությունների նախականխման և խափանման նպատակով իրականացվող գործառույթների շրջանակում հանցագործության դեպք հայտնաբերելիս անմիջապես պետք է վարույթում ներգրավվեն վերոնշյալ քննչական ծառայությունների քննիչները։ Առաջարկ․ 1․ ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարությամբ բացառել ՀՀ ոստիկանությանը նախաքննության գործառույթի ընձեռումը։ 2․ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում առկա իրավակարգավորումների շրջանակներում ՀՀ ոստիկանությանը վերապահել հանցագործության դեպքով բացառապես վարույթ նախապատրաստելու գործառույթ՝ այդ պահից ՀՀ քննչական մարմինների քննիչներին իրազեկելու պարտականության սահմանմամբ։ 2․ Ներքին գործերի նախարարության կառուցվածքում ֆինանսական դիտարկումների կենտրոնի ներգրավման մեխանիզմները․ Նախագծի 4-րդ բաժնում առաջարկվում է ՀՀ կենտրոնական բանկի (այսուհետ՝ ԿԲ) ֆինանսական դիտարկումների կենտրոնը (այսուհետ՝ ՖԴԿ) ներառել ստեղծվելիք ՆԳՆ կառուցվածքում։ Գտնում ենք, որ առաջարկվող նման լուծումը ՀՀ-ում դեռևս վիճարկելի է՝ բանկային համակարգի կայունության և բանկային տվյալների՝ օրենքով սահմանված գաղտնիության ապահովման, ինչպես նաև ֆինանսական գործարքներն ու գործառնությունները վերլուծելու կարողությունների ձևավորման հրամայականով պայմանավորված։ Մասնավորապես՝ ՆԳՆ համակարգում միաժամանակ ոստիկանության և ՖԴԿ ներառելը թերևս այսօր ռիսկային է՝ ոստիկանության կողմից ՖԴԿ-ին հասանելի բանկային տվյալները ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ օպերատիվ ծառայությունների կողմից օրենքի խախտմամբ տիրապետելու և օգտագործելու տեսանկյունից։ Բացի այդ, ՆԳՆ համակարգում հնարավոր չէ ձևավորել այնպիսի մասնագիտական կարողություններ և կադրային ներուժ, ինչը ներկայումս առկա է ՀՀ ֆինանսական կառույցներում՝ ԿԲ-ում և ֆինանսների նախարարությունում, ինչը թույլ է տալիս վերլուծել բանկային հաշիվներով անցնող ֆինանսական գործարքները և գործառնությունները և համապատասխան կառույցներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն՝ ապօրինի ֆինանսական գործարքները կանխելու և պատճառված վնասները վերականգնելու համար։ Միաժամանակ գտնում ենք, որ ՖԴԿ կարգավիճակի, այդ թվում՝ այն ՆԳՆ կազմում ներառելու կամ որպես անկախ մարմին ձևավորելու հարցի քննարկումը նպատակահարմար է դիտարկել ոստիկանության բարեփոխումների իրականացումից հետո՝ ակնկալվող վերջնարդյունքի գնահատման պարագայում։ Առաջարկ․ 1․ ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության նախագծով ամրագրված՝ ՀՀ ԿԲ ՖԴԿ ներառումը ՆԳՆ համակարգում քննարկել բացառապես ՀՀ ոստիկանության համակարգային բարեփոխումների ակնկալվող արդյունքների գնահատումից հետո։
16 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.02.2020 18:32:36 Կարծիք, դիրքորոշում և առաջարկություններ «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի» նախագծի վերաբերյալ 2020 թվականի փետրվարի 10-ին ՀՀ արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքէջում հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի» նախագիծը (հետագա տեքստում՝ Ռազմավարություն): Ստորև ներկայայցնում ենք Ռազմավարության վերաբերյալ հետևյալ դիտողություններն ու առաջարկությունները. 1) Ռազմավարությանը կից ներկայացված ՀՀ կառավարության ներքին (լոկալ) որոշման նախագծի նախաբանում, որպես լիազորող նորմի հղում է կատարվել Սահմանադրության 146-րդ և և 153-րդ հոդվածներին, որոնց հիման վրա էլ ՀՀ կառավարությունը պետք է հաստատի Ռազմավարությունը: Այդ առնչությամբ, անհրաժեշտ է նախ հաշվի առնել, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի լույսի ներքո վերոնշյալ հոդվածները ուղղակիորեն ՀՀ կառավարությանը Ռազմավարությունը ընդունելու լիազորող նորմ չեն տալիս, ավելին՝ 153-րդ հովածի 3-րդ մասում խոսք է գնում միայն ՀՀ կառավարության կողմից ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավասության մասին: Երկրորդ. հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ անհրաժեշտ է նշել այն օրենսդրական ակտի հոդվածը կամ մասը, որը լիազորում է ՀՀ կառավարությանը ընդունելու ներքին (լոկալ) իրավական ակտ:
17 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.02.2020 18:32:36 2) Ըստ Ռազմավարության «Գործառնական ամփոփագիր» վերնագրմամբ 2-րդ բաժնի «Ոստիկանության բարեփոխումների նպատակը ժամանակակից մարտահրավերները դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանության վերափոխումն ու ժողովրդավարական իրավակարգին բնորոշ նոր ոստիկանի կերպարի ստեղծումն է։»: Այդ առնչությամբ գտնում ենք, որ Ռազմավարության նպատակի ձևակերպումը, ինչպես նաև Ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախանշված արդյունքային ցուցանիշները չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի նիստում հավանության արժանացած «Պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգին հավանություն տալու մասին» N 42 արձանագրային որոշման (այսուհետ՝ Մեթոդական հրահանգ), 38-րդ և 41-րդ կետերի պահանջներին, որոնց համաձայն՝ «38. Ցանկացած մակարդակում, ռազմավարական նպատակները (ակնկալվող արդյունքները) պետք է սահմանվեն հնարավորինս հստակ և չափելի արդյունքային ցուցանիշներով: Դրանք պետք է հնարավոր լինի ներկայացնել թվային տեսքով և քանակապես՝ որոշակի հենանիշի կամ ժամանակահատվածի նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի մշտադիտարկման ենթարկել դրա իրագործումը: Այլ կերպ ասած, անհնար է հասկանալ և գնահատել որևէ նպատակի իրագործումը կամ դրա գծով առաջընթացը, եթե այն չափելի չի: 41. Ռազմավարական նպատակների համար պետք է սահմանվեն իրատեսական, որակական և քանակական արդյունքային ցուցանիշներ, որոնք հետագայում հիմք կհանդիսանան ծրագրերի նպատակների չափման, առաջընթացի և արդյունավետության գնահատման համար:»:
18 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.02.2020 18:32:36 3) Ռազմավարության «Գործառնական ամփոփագիր» վերնագրմամբ 2-րդ բաժնի «Առաջնահերթ ուղղություններ» ենթաբաժնում նշվում է, որ. «Բարեփոխման յուրաքանչյուր ուղղությամբ անհրաժեշտ կլինի իրականացնել իրավիճակի առավել մանրամասն ուսումնասիրություն, մասնավորապես նկատի ունենալով՝ ոլորտային օրենսդրական ակտերի, նյութական և տեխնիկական ապահովվածության (ներառյալ տվյալների բազաների և տեղեկատվական համակարգերի) աուդիտը։»: Այնուհետև որպես առաջնահերթ ուղղություններ են առանձնացվել՝ - ՀՀ ոստիկանության համակարգում կառուցվածքային փոփոխությունների և գործառույթների հստակեցումը, - պարեկային ծառայությունը և օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը, - նախաքննության արդյունավետության բարձրացումը, - Հասարակական կարգի պահպանությունը, - համայնքային ոստիկանության վերաիմաստավորումը, - ոստիկանությունում ծառայության գրավչությունը, կադրերի պատրաստում և մասնագիտական զարգացումը, - մարդու իրավունքների պաշտպանության բարելավումը, - թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովումը: Նախ հարկ ենք համարում նշել, որ Ռազմավարությամբ առաջնահերթ համարվող ուղղություններով, մեծամասամբ, չեն տրվել ընթացիկ իրավիճակի պատշաճ նկարագրություն, ինչն էլ հնարավորություն չի տալիս արձանագրելու այս կամ այն ուղղության բազային ցուցանիշները, որի նկատմամբ նաև հետագայում գնահատվելու է համապատասխան թիրախային արդյունքի գծով առաջընթացը: Երկրորդ, մի շարք ուղղություններով ներկա իրավիճակի աուդիտի, ուսումնասիրությունների անցկացումը Ռազմավարության իրականացման փուլում նախատեսելը թույլ չի տալիս գնահատելու, արդյոք հիմնավոր է Ռազմավարությամբ հենց այդ ուղղությունը համարելու առաջնահերթ կամ հակառակը: Ավելին, եթե չունենք աուդիտի և ուսումնասիրությունների արդյունքները, ապա ինչպես են գնահատվելու, թե ընտրված թիրախային ցուցանիշները ճիշտ են կամ սխալ: Մինչդեռ, Մեթոդական հրահանգի 43-րդ կետի համաձայն՝ Ռազմավարական փաստաթղթերում արդյունքների ցուցանիշները սահմանելիս, դրանցից յուրաքանչյուրի գծով պարտադիր պետք է սահմանվեն ինչպես համապատասխան թիրախային, այնպես էլ դրանց բազային ցուցանիշները: Բազային ցուցանիշները նկարագրում են համապատասխան ցուցանիշի այն փաստացի մակարդակը, որի նկատմամբ սահմանվել են թիրախային ցուցանիշները և որի նկատմամբ նաև հետագայում գնահատվելու է համապատասխան արդյունքի գծով առաջընթացը: (․․․)»։ Ռազմավարության գործողությունների ծրագրով թերևս 2 ուղղություններով են միայն նշվել բազային ցուցանիշներ: Դրանք են՝ «Նոր ոստիկանության նկարագիր» և «Ոստիկանության ռեֆորմի իրականացման ընթացք և միջազգային համագործակցություն» ուղղությունները:
19 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.02.2020 18:32:36 4) Ռազմավարության «Գործառնական ամփոփագիր» վերնագրմամբ 2-րդ բաժնում որպես խնդիր է ձևակերպվել հետևյալը. «վերանայել ու ըստ մասնագիտական կարիքների բարեփոխել ոստիկանության ծառայողների պատրաստման ու շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգը՝ թե ծրագրերի բովանդակության, և թե պատրաստման մեթոդի տեսանկյունից,»: Այնուհետև, որպես նշված խնդրի լուծում, Ռազմավարության գործողությունների ծրագրով առանձնացվել է «Նոր ոստիկանության նկարագիր» ուղղությունը, որտեղ սակայն վերոնշյալ խնդիրն այլ ձևակերպում է ստացել. «Պետության հարկադրանք կիրառող, օրվա իշխանությանը ծառայող մարմնի իմիջի փոխություն հանրությանը ծառայող, վստահելի և հարգանքի արժանի հանրային ծառայության տեսակի»: Հաշվի առնելով, որ Ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը դիտարկվում են որպես մեկ ամբողջական փաստաթուղթ կամ իրավական ակտ, և դրանում պետք է բացառվեն ներքին հակասությունները, ուստի առաջարկում ենք խմբագրել խնդրի ձևակերպումը:
20 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.02.2020 18:32:36 5) Ռազմավարության «Նոր ոստիկանության նկարագիր» վերտառությամբ 3-րդ բաժնում անդրադարձ է կատարվում նշված ուղղությամբ ձեռնարկվելիք հիմնական գործողություններին, սակայն գործողությունների ծրագրում այդ ուղղությամբ նախատեսված առանձին գործողությունների մեջ ոչ բոլորն են ներառված: Օրինակ, Ռազմավարության մեջ խոսք է գնում ոստիկանության ծառայությունում նոր կադրերի ընդունման ընթացակարգում հոգեբանական թեստավորումից բացի բարեվարքության ու սոցիալական վարքի ստուգման ընթացակարգի, մրցույթների ժամանակ հարցազրույցների անցկացման պրակտիկայի ներդրման մասին, ինչը նաև իրենից ենթադրելում է օրենսդրական ակտերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծերի մշակում և ընդունում, սակայն նշվածի վերաբերյալ առանձին գործողություն, դրա կատարման ժամկետներ և պատասխանատու մարմիններ նախատեսված չեն: Վերոգրյալն առնչվում է նաև ոստիկանության ծառայողների վարձատրության, մարզերում աշխատանք իրականացնող ծառայողների համար առավել գրավիչ սոցիալական երաշխիքների տրամադրման և այլ հարցերին:
21 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.02.2020 18:32:36 6) Ռազմավարության «Նոր ոստիկանության նկարագիր» վերտառությամբ 3-րդ բաժնում նշվում է, որ Ռազմավարության հիմնական նպատակներից է հասարակությանը նոր ոստիկանի կերպարով նոր ոստիկանություն ներկայացնելը, ինչը իրենից ենթադրելու է նոր կադրերի ներգրավում, անձնակազմի վերապատրաստում, ոստիկանության կրթահամալիրի ծրագրերի վերանայում, թիրախային դասընթացների ապահովում և այլ համալիր միջոցառումներ: Այդ առնչությամբ առաջարկում ենք, որպեսզի նշված ուղղությամբ Ռազմավարությամբ ամրագրվի, որ ոստիկանության կրթահամալիրի կրթական ծրագրերի կազմակերպման ու բովանդակային վերանայման հարցերի քննարկումների ժամանակ պատշաճ ուշադրություն է դարձվելու հատկապես ոստիկանության ծառայողի բարեխղճության և հակակոռուպցիոն կրթություն ստանալուն առնչվող հարցերին և կրթական ծրագրերում պարտադիր ներառվելու են բարեխղճության (Integrity) և դրա առանձին բաղադրիչների (հաշվետվողականություն, արհեստավարժություն, էթիկա, հակակոռուպցիոն վարքագիծ), կոռուպցիայի և դրա դրսևորման եղանակների, շահերի բախմանը վերաբերող ուսումնական մոդուլներ: Կարևորում ենք նաև, որպեսզի կրթական ծրագրերը անց կացվեն ուսումնական իրավիճակների (сase study) մեթոդաբանության կիրառմամբ:
22 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.02.2020 18:32:36 7) Առաջարկում ենք որպեսզի Ռազմավարության գործողությունների ծրագրի բոլոր ուղղություններով առանձին գործողությունների իրականացման համար պատասխանատու մարմինների շարքում հիշատակվեն քաղաքացիական հասարակության կառույցները, որոնց դերը նշանակալի և օգտակար է լինելու հատկապես հանրությանը մատչելի ու ժամանակին այս բարեփոխումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու, նոր ոստիկանի կերպարի նկատմամբ հանրության շրջանում վստահություն և հարգանք ձևավորելու, մի շարք ուղղություններով աուդիտի, ուսումնասիրությունների անցկացմանն աջակցելու, ինչպես նաև Ռազմավարության հանրային մշտադիտարկման անցկացման հարցում: Հարկ ենք համարում նշել նաև, որ նման փորձ արդեն իսկ կա, և նախորդ տարվա ընթացքում մշակված և ՀՀ կառավարության կողմից հաստատված հակակոռուպցիոն նոր ռազմավարության մի շարք գործողությունների իրականացման համար պատասխանատու մարմինների շարքում հասարակական կազմակերպությունները ներառվել են որպես համակատարող: Բացի այդ, հաշվի առնելով, որ Ռազմավարության առանձին ուղղություններով նախատեսում է առանձին գործողությունների ծրագրերի մշակում, օրինակ՝ պարեկային ծառայության կամ ռազմավարական հաղորդակցության ծրագրերի, հետևաբար առաջարկում ենք, որպեսզի Ռազմավարությամբ ամրագրի, որ նախքան առանձին գործողությունների ծրագրերի ընդունումը, դրանց մշակումը պետք է կատարվի ներառական գործընթացի միջոցով՝ այդ գործընթացում ընդգրկելով մասնագիտացված քաղաքացիական հասարակության կառույցներին և այդ գործընթացները հասարակական վերահսկողության տակ պահելու գործուն մեխանիզմներ և երաշխիքներ տալ հասարակական կազմակերպություններին: Վերոնշյալը բխում է նաև «Ոստիկանության կառուցվածքային մոդելը» ուղղության մեջ նշված այն մոտեցումից, համաձայն որի՝ նոր ոստիկանությունը պետք է ունենա ժողովրդավարական պետությանը բնորոշ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողության գործուն մեխանիզմներ:
23 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.02.2020 18:32:36 8) Ռազմավարության «Քրեական ոստիկանության զարգացում և արդյունավետ նախաքննություն» ուղղության մի կողմից մեջ նշվում է, որ. «...քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում էլ նախատեսված չեն այնպիսի ընթացակարգեր, որոնցով կմեծանա ոստիկանության աշխատակիցների դերը քրեական գործի քննության ընթացքում», ինչն արդեն իսկ նախանշում է, որ քրեական գործերի քննության հարցում այլ մոտեցում է որդեգրվել, իսկ մյուս կողմից էլ Ռազմավարությամբ առաջարկվում է քննարկման առարկա դարձնել քրեական գործերի քննության ընթացքում ոստիկանության դերի բարձրացումը: Վերոգրյալի առնչությամբ նախ հարկ ենք համարում նշել, որ դեռևս 2014 թվականին կատարված համակարգային փոփոխությունները հիմնավորվել են ոչ միայն Ռազմավարությամբ բերված հետևյալ հիմնավորումներով՝ «...մարդու իրավունքների պաշտպանության առավել բարձր երաշխիքների ապահովմամբ, ինչպես նաև հետաքննություն իրականացնող մարմնի կազմից նախաքննության իրականացման գործառույթով օժտված մարմնի տարանջատմամբ», այլ նաև կարևորագույն համարվող այլ հիմնավորումներ ևս հաշվի առնելով: Մասնավորապես, խոսքը գնում է հետևյալի մասին. « ...Տարբեր մարմինների կողմից նախաքննության իրականացման պրակտիկան վկայում է այն մասին, որ նրանք չունեն կազմակերպման եւ գործունեության միասնական սկզբունքներ եւ աշխատաոճ: Շատ դեպքերում միեւնույն իրավական հարցերի վերաբերյալ ցուցաբերվում են տարբեր մոտեցումներ, որի հետեւանքով խաթարվում է օրենքի առջեւ հավասարության սկզբունքը: Բացի այդ, գործադիր իշխանության մարմինների համակարգում քննչական մարմինների գործունեության հետեւանքով էապես սահմանափակվում է նախաքննության մարմինների դատավարական ինքնուրույնությունը, մի շարք դատավարական հարցերի լուծումն իրականացվում է վարչաիրավական հարաբերություններին հատուկ կառուցակարգերով, ինչն ինքնին հակասում է քննիչի դատավարական գործառույթների բնույթին: Գործադիր իշխանության մարմնի կազմում քննչական մարմինը գործում է տվյալ գործադիր իշխանության մարմնի նյութատեխնիկական բազայի հիման վրա, ինչն ուղղակի ազդեցություն է ունենում քննչական մարմինների անկախության վրա:»1 Հետևաբար, նախկին մոդելին վերադառնալու հարցում Ռազմավարությամբ անհրաժեշտ էր ներկայացնել լուրջ հիմնավորումներ: Երկրորդ. հաշվի առնելով, որ Ռազմավարության ներածական մասում նշվել է, որ. «անհրաժեշտ է լիակատար սիներգիա ապահովել Ռազմավարության և Կառավարության կողմից ոլորտային բարեփոխումների այլ ծրագրերի, մասնավորապես՝ Ազգային անվտանգության, դատական և իրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային ծառայության, մարդու իրավունքների պաշտպանության և ոլորտային բարեփոխումների մյուս ռազմավարությունների և իհարկե, ամփոփման փուլում գտնվող քրեական նոր օրենսդրության հետ:» գտնում ենք, որ եթե քննչական մարմինների քանակի, քննչական ենթակայության հանձնվող գործերի շրջանակի ճշգրտման և այլ հարցերի առնչությամբ պետության կողմից տարվող քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն լիներ, ապա դրանք արդեն իսկ ներառված կլինեին ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» N 1441-Լ որոշման մեջ, ինչպես նաև Ոստիկանության մասով համապատասխան կարգավորումներ պետք է որ նախատեսված լինեին նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագծով: 1.Առավել մանրամասն տես հետևյալ հղմամբ՝ http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=6542&Reading=0
24 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.02.2020 18:32:36 9) Ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման համար որպես ֆինանսավորման աղբյուր հիմնականում նշվում է պետական բյուջեի միջոցները, ինչպես նաև օրենքով չարգելված միջոցները: Այդ առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ Մեթոդական հրահանգի պահանջների համաձայն անհրաժեշտ էր նախապես կատարել Ռազմավարության ուղղությունների (գերակայությունների) համապատասխան ծախսային գնահատում և այդ ծախսային գնահատականները ներառել Ռազմավարության մեջ: Բացի այդ՝ Մեթոդաբանական հրահանգի պահանջների համաձայն՝ ռազմավարություններին առնչվող ծախսային գնահատականները պետք է սահմանվեն ոչ միայն ողջ ռազմավարության, այլ նաև դրա շրջանակներում իրականացվելիք նպատակների և/կամ ռազմավարական ծրագրերի/միջոցառումների մակարդակով, որոնք այնուհետև բյուջետային ծրագրերի միջոցով պետք է փոխանցվեն բյուջետավորման համակարգ և հիմք հանդիսանան ՄԺԾԾ և բյուջետային հատկացումների սահմանման համար:
25 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.02.2020 18:32:36 10) Ռազմավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ում անկախացումից ի վեր հանրության շրջանում ոստիկանության ընկալումը հանրային վստահության առումով տարբեր աստիճաններ է արձանագրել, ինչը պայմանավորված է եղել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգանքների համադրությամբ: Այնուհետև նշվում է, որ այս ոլորտում կայուն փոփոխության հնարավոր է հասնել պետության ու հանրության երկխոսության միջոցով՝ ոստիկանությունում ինստիտուցիոնալ փոփոխությունների (արժեքային, բովանդակային, միջավայրային և նյութական հագեցվածության) իրականացման ճանապարհով, բարեփոխումների մշակման և իրականացման ընթացքում ներառական մասնագիտական քննարկումների միջոցով և իհարկե, փոփոխությունների մասին գրագետ ու թիրախային ռազմավարական հաղորդակցության իրականացմամբ։ Այդ առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ պետության և հանրության ճիշտ երկխոսության ծավալման համար անհրաժեշտ նախապայմաններից մեկը կարող էր լինել Ռազմավարությամբ ոստիկանության նախորդ տարիների գործունեությանը պատշաճ իրավաքաղաքական գնահատական տալը, հաշվի առնելով, որ Ռազմավարությամբ որևէ կերպ չի արձանագրվել այդ գործունեության մեջ տեղ գտած կոպտագույն խախտումներն ու բացթողումները: Մինչդեռ այդպիսի արձանագրում կատարելը կարող է ոչ միայն հետագայում նման երևույթները կանխարգելելու նշանակություն ունենալ, այլ դա կարևորվում է նաև ապագայում ոստիկանության գործելակերպում օրինականության սկզբունքը անշեղորեն ապահովելու համատեքստում: