Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ <<ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

     Կառավարության որպես գործադիր իշխանության բարձրագույն մարմնի հիմնական գործառույթներն են քաղաքականության սահմանումը և պետական կառավարումը: Նշված գործառույթները իրականացվում են պետական կառավարման համակարգի մարմինների միջոցով:  Սահմանադրության 159-րդ հոդված համաձայն՝ Պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը և լիազորությունները սահմանվում են օրենքով: Սրա հիման վրա Պետական կառավարման համակարգի մարմինների մասին ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներով նախատեսված է վարչապետին և կառավարությանը ենթակա մարմինների սպառիչ ցանկը:

Հիմք ընդունելով վերոնշյալը` նախագծով առաջարկվում են իրավակարգավորումներ, որոնց հիման վրա շահագրգիռ անձիք  նշված մարմինների, ինչպես նաև մարզպետների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել ակտն ընդունած մարմին կամ դատարան: Այս առումով կարևոր է նշել, որ վարչական ակտերի բողոքարկումը վարչական կամ դատական կարգով ինքնանպատակ չէ և կոչված է ապահովելու անձանց ենթադրյալ խախտված իրավունքների լիարժեք, արդյունավետ և իրական վերականգնումը: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել վարչական մարմինների թույլ տված սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով վարչարարության նպատակների իրականացմանը: Միևնույն ժամանակ պետք է փաստել, որ վարչական ակտը բողոքարկելու իրավունքը չի կարող համարվել բացարձակ իրավունք, այն կարող է անհրաժեշտաբար ենթարկվել ողջամիտ և իրավաչափ սահմանափակումների և այդ իրավունքի իրացումն օբյեկտիվորեն ունի որոշակի սահմաններ և շրջանակներ: Հենց նշվածի հիման վրա է նախագծում առաջարկվում վարչապետին կամ կառավարությանը ենթակա մարմինների,  նախարարությունների վարչական ակտերը բողոքարկել ակտն ընդունած մարմին կամ դատարան՝ բացառելով դրանց բողոքարկումը վարչապետին կամ կառավարություն կարգով: Նշված իրավակարգավորումը ոչ միայն բխում է վարչարարության խնայողության սկզբունքից, այլ նաև  անհրաժեշտ և արդարացի հավասարակշռություն է սահմանում հանրային և մասնավոր շահերի միջև, քանի որ անհամաչափ կամ անհաղթահարելի ծանրաբեռնվածություն չի ստեղծում կառավարության կամ վարչապետի համար՝ միաժամանակ ապահովելով վարչական ակտերի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը:

   Նախագծում ամրագրված իրավական կառուցակարգերը դիտարկելով հանրային և մասնավոր շահերի միջև արդարացի հավասարակշռություն սահմանելու անհրաժեշտության տեսանկյունից, կարևոր ենք համարում ընդգծել, որ անձի հիմնարար իրավունքների և հանրային շահի միջև այդպիսի հավասարակշռությունն ապահովվում է միջամտության համաչափությամբ: Համաչափության սկզբունքի առանցքային կարևորությունն այն է, որ դրա կիրառումը հնարավորություն է տալիս գնահատել պետության միջամտության ընթացքում կիրառվող միջոցների գործադրմամբ նպատակին հասնելու հնարավորությունը և թույլատրելիությունը: Համաչափության սկզբունքը կոչված է երաշխավորելու, որպեսզի այս կամ այն հանգամանքներում համարժեքություն ապահովվի կիրառվող միջոցների և դրանց կիրառմամբ հետապնդվող նպատակի միջև՝ համարժեք արձագանքելով որևէ իրավիճակի: Ըստ այդմ, համաչափության սկզբունքը բաղկացած է երեք տարրերից՝ պիտանիություն, անհրաժեշտություն և չափավորություն: Այսինքն՝ գործադրվող միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:Համաչափության սկզբունքի այն պահանջը, համաձայն որի՝ հետապնդվող նպատակին հասնելու համար գործադրվող միջոցները պետք է լինեն պիտանի, նշանակում է, որ իր հայեցողությանը վերապահված միջոցներից պետությունը պետք է ընտրի այն միջոցը, որով կարող է հասնել այդ նպատակին: Եթե պիտանի միջոցները մեկից ավելի են, ապա դրանցից պետք է ընտրվի տվյալ նպատակին հասնելու համար առավել անհրաժեշտը, իսկ պիտանի և անհրաժեշտ միջոցներից՝ այն միջոցը, որը, առավել նվազ ձևով միջամտելով անձի իրավունքներին, այդուհանդերձ, թույլ է տալիս առավելագույնս հասնել հետապնդվող նպատակին: Չափավորությունը ենթադրում է, որ անհրաժեշտ և պիտանի միջոցը միևնույն ժամանակ պետք է ապահովի ողջամիտ հավասարակշռություն ձեռնարկվող միջամտության և հետապնդվող նպատակի միջև:

Վերոնշյալ վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով առաջարկվող կարգավորումներին, հարկ ենք համարում ընդգծել և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ խոսք անգամ չի կարող լինել հանրային և մասնավոր շահերի միջև արդարացի հավասարակշռություն և հետևաբար համաչափության սկզբունքի պահպանվածության մասին, եթե իրավունքի սուբյեկտները ունենալով անսահմանափակ իրավունքներ, պաշտպանության գործող մեխանիզմը օգտագործեն հանրային շահին ի վնաս՝ բողոքարկելով վարչապետին կամ կառավարությանը ենթակա մարմինների,  մարզպետների վարչական ակտերը, ինչպես նաև նշված մարմինների գործողությունները կամ անգործությունը հենց վարչապետին կամ կառավարություն, քանի որ ինչպես արդեն նշվեց այդպիսի իրավիճակը առաջ կբերի անհամաչափ կամ անհաղթահարելի ծանրաբեռնվածություն, ինչի հետևանքով կխաթարվի կառավարության  լիազորությունների պատշաճ և արդյունավետ իրականացումը: Նշված իրավիճակը կխախտի նաև նպատակահարմարության և օրինականության միջև ողջամիտ հարաբերակցությունը:

Միաժամանակ հարկ է շեշտել այն հանգամանքը, որ նախագծում տեղ գտած դրույթներով ոչ թե նոր լուծումներ են տրվում, այլ այդպիսիք պարզապես նպատակ են հետապնդում բացառելու իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկող տարընթերցումները՝ հստակեցնելով, որ աստիճանակարգության առկայությունն ինքնին չի ենթադրում մեխանիկորեն նաև վարչարարության իմաստով վերադասության առկայություն: 

                                    

   2. Առաջարկվող կարգավորման բնույթը

   Նախագծով առաջարկվող իրավակարգավորումներով որոշակիացվում է, որ շահագրգիռ անձիք Վարչապետին կամ կառավարությանը ենթակա մարմինների,  մարզպետների վարչական ակտերը, ինչպես նաև նշված մարմինների գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկել ակտն ընդունած մարմին կամ դատարան:

 

    3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

    Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

        4. Ակնկալվող արդյունքը

     Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն գործող օրենսդրական կարգավորումները և կապահովվի  անհրաժեշտ և արդարացի հավասարակշռություն հանրային և մասնավոր շահերի միջև, ինչպես նաև ահնամաչափ կամ անհաղթահարելի ծանրաբեռնվածություն չի ստեղծվի կառավարության համար՝ միաժամանակ ապահովելով վարչական ակտերի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը        

 

 

 

 

 

  • Discussed

    08.07.2019 - 23.07.2019

  • Type

    Law

  • Area

    Constitutional and administrative legislation, *, Public management

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6548

Print

Suggestions

Տիգրան Սարաֆյան

09.07.2019

իսկ հիմա ինչն է խանգարում վարչական ակտերի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը ապահովելուն, արդյոք որևէ մեխանիզմ չկա,

Գևորգ Մալխասյան

09.07.2019

Նախագծի 1-ին հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի պահանջներին: Նախագծի 2-րդ հոդվածը հակասում է " Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի 69-րդ և 70-րդ հոդվածների պահանջներին: Գտնում եմ, որ ավելորդ լրացումը ոչ միայն չի նպաստելու հարցի կարգավորմանը, այլ ընդհակառակ խոչընդոտելու է ողջ բողոքարկան գործընթացը:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

08.07.2019

Կարծում եմ նախագծով նախատեսվող իրավակարգավորումները հակասության մեջ են մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի այն իրավակարգավորումների հետ, որոնք նախատեսում են վերադասության կարգով վարչական վարույթի իրականացումը: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

See more