Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

 Քրեական գործերով մինչդատական վարույթի ընթացքում առաջացող պրակտիկ խնդիրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ հաճախ հնարավոր չի լինում իրականացնել քննվող գործով անհրաժեշտ քննչական գործողությունները՝ տվյալ քննչական գործողություններին մասնակիցների՝ տարբեր պատճառներով վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհնարինության պատճառով: Նման իրավիճակները հանգեցնում են քրեական գործով վարույթի չարդարացված ձգձգումների, հնարավորություն չեն տալիս վարույթն իրականացնող մարմնին համապատասխան քննչական գործողությունների միջոցով ձեռք բերել գործի համար կարևորություն ունեցող ապացուցողական տվյալներ՝ անհնարին դարձնելով քրեական դատավարության խնդիրների պատշաճ իրականացումը:

 Բացի այդ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) գործող իրավակարգավորումները չեն նախատեսում դատական քննության փուլում վկաներին և փորձագետներին տեսակապի միջոցով հարցաքննելու որևէ հնարավորություն: Մինչդեռ, պրակտիկայում հաճախ առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ հնարավոր չի լինում դատական քննության փուլում հարցաքննել վկաներին վերջիններիս՝ տարբեր պատճառներով վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ չլինելու պատճառով՝ հանգեցնելով գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց՝ իրենց գործի՝ ողջամիտ ժամկետում քննության, ինչպես նաև իր դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու կոնվենցիոն իրավունքների խախտումների: Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում սահմանել որոշակի բացառիկ դեպքեր, երբ, ելնելով արդարադատության պատշաճ իրականացման հանրային գերակա շահից, անհրաժեշտ է վկայի հարցաքննությունն իրականացնել տեսակապի միջոցով:

 Տեսակապի միջոցով վկաներին հարցաքննելու իրավական մեխանիզմի նախատեսումը հատկապես կարևորվում է ՄԻԵԴ որոշ վճիռներում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո: Մասնավորապես, ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 3 (դ) կետով երաշխավորված՝ իր դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու կոնվենցիոն իրավունքին առնչվող՝ Շաչաշվիլին ընդդեմ Վրաստանի վճռով (Schatschaschwili v. Germany, [ՄՊ], թիվ 9154/10, 15 դեկտեմբեր 2015) ՄԻԵԴ սահմանած եռաստիճան թեստը սահմանում է հաջորդաբար քննարկվող պայմանների ամբողջություն՝ 6-րդ հոդվածի 3 (դ) կետին դատաքննության համապատասխանությունը որոշելու համար, այն է՝

  1. արդյոք վկաների չներկայանալը պայմանավորված է եղել հարգելի պատճառներով,
  2. արդյոք վկաների ցուցմունքը եղել է միակը և վճռորոշը,
  3. արդյոք գործով վարույթի ընթացքում եղել են հակակշռող գործոններ (counterbalancing factors):

 Ընդ որում, վերջին պայմանը քննարկելիս ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, դիտարկում է բացակայող վկաներին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորությունը: Մասնավորապես, Ռաստոդերն ընդդեմ Սլովենիայի (Rastoder v. Slovenia, թիվ 50142/13, 28 նոյեմբեր 2017, պարբ. 58) գործով ՄԻԵԴ-ն արտահայտել է այն դիրքորոշումը, որ. « (…) տեղյակ լինելով սույն գործով վկաներին հարցաքննելու դիմումատուի իրավունքի իրացման դժվարությունների մասին՝ Դատարանը համարում է, որ հասանելի ժամանակակից տեխնոլոգիաները, մասնավորապես տեսակապը, կարող են լուծում հանդիսանալ արտասահմանում գտնվող վկաներին հարցաքննելու հարցի լուծման ժամանակ ( (…) being aware of the difficulties in securing the right of the applicant to examine the witnesses in the present case, the Court considers that readily available modern technology, such as a video link, could have offered a solution for the questioning of witnesses abroad)»: Նմանատիպ դիրքորոշում ՄԻԵԴ-ն արտահայտել է նաև Ժուկովսկին ընդդեմ Ուկրաինայի վճռի 45-րդ պարբերությունում (Zhukovskiy v. Ukraine, թիվ 31240/03, 3 մարտ 2011):

 Միջազգային պրակտիկայում ևս տեսակապի միջոցով վկաներին հարցաքննելու մեխանիզմը նախատեսված է: Մասնավորապես, ԵՄ անդամ պետությունների միջև քրեական գործերով փոխադարձ օգնության մասին պայմանագրի 10-րդ հոդվածը նախատեսում է, որ փոխադարձ իրավական օգնության շրջանակներում մի պետության կողմից մյուսին համապատասխան իրավական օգնության խնդրանքի դեպքում խնդրանքի հասցեատեր պետության կողմից տվյալ վկան կարող է ծանուցվել իրավասու մարմին ներկայանալու և տեսակապի միջոցով հարցաքննվելու մասին: Ընդ որում, վերոնշյալ կոնվենցիայով նախատեսված իրավակարգավորումները առնչվում են նաև փորձագետներին:

 Ավելին, վերը նշվածը հավասարապես վերաբերելի է նաև փորձագետների հարցաքննությանը վերաբերող իրավակարգավորումներին: Նախ, ելնելով ՄԻԵԿ նախադեպային իրավունքում «վկա» եզրույթի ինքնավար բնույթից՝ փորձագետները ևս կարող են դիտարկվել իբրև վկա՝ ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 3 (դ) կետի իմաստով: Բացի այդ, փորձագետներին բացառիկ դեպքերում տեսակապով հարցաքննելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ շատ հաճախ փորձագետների հարցաքննությունն իրականացվում է վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրում, և նման դեպքերում խոչընդոտներ են ստեղծվում փորձագետների անմիջական ծառայական պարտականությունների իրականացման համար՝ պայմանավորված ողջամիտ ժամկետներում փորձաքննություն իրականացնելու հետ: Նման պայմաններում դատավարական գործողությունների օպերատիվությունն ապահովելու և նյութական ռեսուրսների և աշխատաժամանակի խնայելու նկատառումներով անհրաժեշտություն է առաջացել նախատեսել նման դեպքերում նաև փորձագետներին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորությունը:

 

   2.Առաջարկվող կարգավորման բնույթը

 Նախագծով առաջարկվում է սահմանել բացառիկ դեպքերում տեսակապի միջոցով քննչական գործողություններ կատարելու իրավական կառուցակարգ:

 Առաջարկվում է նաև դատական քննության փուլում սահմանել բացառիկ դեպքերում տեսակապի միջոցով վկաներին և փորձագետներին հարցաքննելու հնարավորություն: Ընդ որում, վկաներին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորությունը նախատեսվում է այն բանից հետո, երբ ձեռնարկվել են բոլոր ողջամիտ քայլերը վկայի ներկայությունն ապահովելու համար:

 Վկային և փորձագետին տեսակապի միջոցով հարցաքննության ենթարկելու ժամանակ նախատեսվում է պահպանել քննչական գործողության կատարման՝ օրենսդրությամբ նախատեսված դատավարական կարգը:

 

   3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

  Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության կողմից: 

 

   4.Ակնկալվող արդյունքը

 Նախագծով նախատեսվող իրավակարգավորումները, ընդունվելու դեպքում, կնպաստեն դատական քննության ողջամիտ ժամկետների պահպանմանը, որպես մեղադրյալ ներգրավված անձանց կոնվենցիոն իրավունքների ապահովմանը, նյութական ռեսուրսների խնայմանը և աշխատաժամանակի համաչափ բաշխմանը:

 

 

 

  • Discussed

    17.05.2019 - 03.06.2019

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5010

Print

Suggestions

Justice Group

03.06.2019

Գտնում ենք, որ տվյալ նախագիծը իսկապես կնպաստի քրեական գործով վարույթի չարդարացված ձգձգումների կանխմանը և գործի համար կարևորություն ունեցող ապացույցների ձեռքբերմանը։ Հավելյալ առաջարկում ենք, որպեսզի հանցագործությունների մասին հաղորդում տալը ևս հնարավոր լինի անձը նույնացնելու հնարավորություն ընձեռնող հեռակապի միջոցով և հիմք ընդունվի քննություն սկսելու համար։

Վարդան Պետրոսյան

17.05.2019

Առաջարկում եմ նաև հարցաքննությունը, ցուցմունք, վերցնելը, ինչպես նաև քննչական մյուս գործողությունների, որոնք հնարավոր են, ձևը գրավորից փոխարինել տեսաձայնագրությամբ։

Grigor Minasyan

17.05.2019

գաղափարը շատ տեղին է, նույնիսկ մի փոքր ուշացած, այնուամենայնիվ, ինչ է նշանակում երկկողմանի ձայնագրությունը, արդյոք նշանակում է, որ հարցաքննվողը իր հերթին ևս պետք է ձայնագրի։ Այդ դեպքում, ինչպես է նա դա ուղարկելու, կամ արդյոք ցանկություն է ունենալու ձայնագրել կամ ուղարկել։ Արդյոք ավելի լավ չի լինի նախատեսել այդ գործողության պարտադիր տեսաձայնագրում քննիչի կամ հրավիրված մասնագետի միջոցով, որից հետո ձայնագրության կրիչը կցել արձանագրությանը։ Եթե երկկողմանի ձայնագրությունն այլ իմաստ ունի, ապա խնդրում եմ հստակեցնել՝ այլ տեսակի մեկնաբանություններից զերծ մնալու համար։

See more