Add to favourites

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

 ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ և ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          ա) Ռեպո գործարքները աշխարհում ընդունված ֆինանսական գործարքներ և ֆինանսավորում ներգրավելու միջոցներ են: Ռեպոն իրենից ներկայացնում է արժեթղթերի առուվաճառքի գործարք, որը ներառում է հետևյալ 2 փուլերը.

  • գործարքով սահմանված օրը վաճառողը գործարքով սահմանված գնով գնորդին է վաճառում արժեթղթեր;
  • գործարքով սահմանված օրը վաճառողը գնորդից գործարքով սահմանված գնով հետ է գնում վաճառված արժեթղթերը (կամ համարժեք արժեթղթեր):

          Ռեպո գործարքները հիմնականում օգտագործվում են պարտքով լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու, պարտքով գումար տրամադրելու միջոցով եկամուտ ստանալու, իրացվելիության կառավարելու նպատակով: Դրանք հիմնականում կնքվում են ֆինանսական կազմակերպությունների միջև և բարձր իրացվելիություն ունեցող արժեթղթերով: Կենտրոնական բանկերը ռեպո գործարքները օգտագործում են որպես դրամավարկային քաղաքականության իրականացման գործիք: 

      Իր էությամբ և տնտեսական նշանակությամբ ռեպոն շատ է նմանվում ապահովված վարկին, որտեղ ռեպո գործարքով սահմանված վաճառքի գինը հանդիսանում է վաճառողին պարտքով տված գումարի չափը, հետգնման և վաճառքի գնի տարբերությունը՝ պարտքով տրված դրամական միջոցների դիմաց ստացված եկամուտը, իսկ արժեթղթերը՝ պարտավորության ապահովման միջոց: Այստեղից էլ առաջանում է ռեպո գործարքի՝ դատարանի կողմից որպես շինծու գործարք և որպես ապահովված վարկ ճանաչվելու ռիսկը: Եթե ռեպո գործարքը դատարանի կողմից ճանաչվի որպես շինծու գործարք և փոխարենը գործարքի նկատմամբ կիրառի արժեթղթի գրավով ապահովված վարկի կանոնները, ապա վրա կհասնեն մի շարք անբարենպաստ հետևանքներ, այդ թվում.

  • Արժեթղթի նկատմամբ գրավի իրավունքը ծագում է Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից այդ մասին գրանցվելու պահից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 235-րդ հոդված 1-ին մաս): Ստացվում է, որ այն ժամանակահատվածում, քանի դեռ գնորդը չի դիմել իր հաշվի օպերատորին արժեթղթերի նկատմամբ գրավի իրավունքը գրանցելու նպատակով, առհասարակ գրավի իրավունք էլ նույնիսկ չկա:
  • Ստացվում է, որ ռեպոյի ընթացքում գնորդը իրավունք չուներ երրորդ անձի վաճառելու արժեթղթերը:
  • Եթե վաճառողը չկատարի իր պայմանագրային պարտականությունները, ապա արժեթղթերը բռնագանձելու համար գնորդը ստիպված կլինի պահպանելու գրավի բռնագանձման բարդ և երկարատև ընթացակարգերը:

          Վերոնշյալ խնդիրը պատմականորեն առկա է եղել գրեթե բոլոր երկրներում և տարբեր լուծումներ է ստացել: Օրինակ՝ Անգլիայում նախքան ԵՄ ֆինանսական ապահովման միջոցների դիրեկտիվի ընդունումը, որը հետագայում կպաշտպաներ ռեպո գործարքների վավերությունը ԵՄ անդամ երկրներում,  գտնվեց մի իրավաբանական ընկերություն, որը իրավական եզրակացություն տրամադրեց՝ հիմնավորելով, թե ինչու ռեպո գործարքները չեն կարող ճանաչվել որպես գրավով ապահովված վարկ՝ հիմնական շեշտադրումը դնելով այն հանգամանքի վրա, որ արժեթղթերը հետ վաճառելիս գնորդը վաճառում է ոչ թե հենց փաստացի նույն արժեթղթերը, այլ դրանց համարժեք արժեթղթեր: Տարիներ շարունակ շուկան հիմնվում էր այդ եզրակացության վրա:

          2002թ. ընդունվեց ֆինանսական ապահովման միջոց հանդիսացող գործարքների մասին ԵՄ դիրեկտիվը (EU directive on financial collateral arrangements): Ի թիվս այլ հարցերի այն անդրադառնում էր նաև սեփականության իրավունքի փոխանցմամբ պարտավորության ապահովման միջոցների (title transfer collateral), այդ թվում՝ ռեպո համաձայնագրերի՝ որպես շինծու գործարք ճանաչվելու ռիսկին:  Մասնավորապես դիրեկտիվում սահմանված է, որ անդամ երկրները պետք է ապահովեն, որ սեփականության իրավունքի փոխանցմամբ ապահովության պայմանագրերը ունենան իրավական ուժ՝ իրենց պայմաններին համապատասխան:

Դիրեկտիվը տարածվում է որպես ապահովման միջոց տրամադրվող հետևյալ ակտիվների վրա.

  • Դրամական միջոցներ (ոչ կանխիկ)
  • Ֆինանսական գործարքներ (ներառում է բաժնային արժեթղթեր, պարտատոմսեր, կապիտալի շուկայում բանակցման ենթակա այլ պարտքային գործիքներ, արժեթղթեր, որոնք հավաստում են թվարկած արժեթղթերը ձեռք բերելու, փոխանակելու կամ հաշվանց իրականացնելու հնարավորություն, ներդրումային ֆոնդերի փայեր, դրամական շուկայի գործիքները, ինչպես նաև թվարկվածների նկատմամբ պահանջները և իրավունքները)
  • Ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի (փոխառությունների) նկատմամբ պահանջի իրավունք

          Կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ երկու հիմնական հանգամանքներով.

  • Ողջամիտ չէ, որ աշխարհում վաղուց լայն տարածում ստացած գործարքները ՀՀ-ում գնտվեն որպես շինծու գործարք ճանաչվելու ռիսկի ներքո:
  • ՀՀ կենտրոնական բանկը մտադիր է աշխատանքներ տանել, որ Միջազգային պարտքային կապիտալի շուկայի ասոցիացիայի (ICMA) կայքում տեղադրվի իրավական եզրակացություն ՀՀ-ում Գլոբալ ռեպո գլխավոր համաձայնագրի (GMRA) կիրառելիության վերաբերյալ: Գլոբալ ռեպո գլխավոր համաձայնագիրը Միջազգային պարտքային կապիտալի շուկայի ասոցացիայի կողմից մշակված ստանդարտ ռեպո պայմանագրի տիպային ձև է, որը միջազգային շուկայում ամենից շատ տարածվածն է: Միջազգային պարտքային կապիտալի շուկայի ասոցիացիայի կայքում ՀՀ-ում այդ պայմանագրի կիրառելիության վերաբերյալ իրավական եզրակացության տրամադրումը (ապացույցը որ GMRA-ը ՀՀ-ում «աշխատում է») մեծ գովազդ կլինի ՀՀ-ի համար և այդպիսով կնպաստի օտարերկրյա ներդրողների՝ ՀՀ ռեպոյի շուկա մուտք գործելուն: Բացի այդ՝ եթե ICMA անդամ կազմակերպությունները ցանկանան ՀՀ բանկերի հետ ռեպո կնքել, նրանք ստիպված չեն լինի ՀՀ-ում GMRA-ի կիրառելիության վերաբերյալ իրավական եզրակացություն հայցելու համար  լրացուցիչ ծախս անել: ICMA-ի կայքում տեղադրված եզրակացություններին հասանելիություն ունի շուրջ 500 ֆինանսական կազմակերպություն (այդ թվում՝ աշխարհահռչակ ֆինանսական կազմակերպությունների մեծ մասը): Եթե չսահմանվի ռեպո գործարքները որպես շինծու գործարք ճանաչվելու ռիսկը վերացնող կարգավորում, ապա այդ մասին կնշվի իրավական եզրակացությունում, ինչը գրավիչ չի դիտվի օտարերկրյա կազմակերպությունների կողմից կամ հնարավոր է նույնիսկ մերժվի դրա հրապարակումը: Արդյունքում՝ կկորի նման աշխատանք տանելու իմաստը:      

բ) ՀՀ-ում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 907-րդ հոդվածի կարգավորման պատճառով բացակայում է միջօրյա (overnight) ավանդ կնքելու հնարավորությունը: Միջօրյա ավանդը տարածված և պահանջված գործարք է հատկապես միջբանկային գործառնություններում:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

ա) Ռեպո գործարքների՝ որպես շինծու գործարք ճանաչվելու ռիսկը վերացնելու նպատակով, ինչպես նաև ռեպո պայմանագրերում հաճախակի նշվող և աշխարհում ընդունելի (այդ թվում՝ Գլոբալ ռեպո գլխավոր համաձայնագրում նշվող) պայմանների անվավերության ռիսկը վերացնելու նպատակով՝ նախագծով առաջարկվում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանվի հետևյալը. 

  • ռեպո պայմանագրի հասկացությունը:
  • Ռեպո պայմանագրերով կարող են նախատեսվել մարժային փոխանցումներ: Մարժային փոխանցումներ ասելով հասկանում ենք հետևյալը. ռեպո գործարքի ընթացքում կախված վաճառված արժեթղթի տատանումից գործարքի կողմերից մեկը հավելյալ ռիսկ է ստանձնում և հավելյալ ռիսկ ստանձնած կողմը իրավունք է ձեռք բերում դիմացի կողմից պահանջելու լրացուցիչ ապահովման միջոց՝ որպես սեփականություն փոխանցվող արժեթղթերի, ֆինանսական այլ գործիքների կամ դրամական միջոցների տեսքով: Այսպիսի դրույթ նախատեսելու իմաստը այն է, որ մարժային փոխանցումները չճանաչվեն որպես գրավ:
  • Ռեպո գործարքով կարող է նախատեսվել, որ գործարքի ընթացքում թողարկողի կողմից վճարված եկամուտները (տոկոսային վճար, շահաբաժին և նմանատիպ այլ եկամուտներ) գնորդը պարտավոր է փոխանցել վաճառողին: Այս կարգավորման իմաստը հետևյալն է. քանի որ ռեպո գործարքներում արժեթղթերը տրամադրվում են որպես ապահովման միջոց, տրամաբանական է, որ թողարկողի կողմից արժեթղթի հետ կապված վճարումները անցնեն ոչ թե գնորդին, այլ՝ վաճառողին: Այդ իսկ պատճառով պայմանագրում հաճախ նշում են, որ արժեթղթի դիմաց թողարկողի վճարած եկամուտները Գնորդը պարտավոր է անմիջապես փոխանցել վաճառողին: ՀՀ օրենսդրության ներքո պարզ չէ նման փոխանցման բնույթը, այն կարող է դիտվել որպես անհատույց գործարք և ընկնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 598-րդ հոդվածով նախատեսված արգելքի տակ, համաձայն որի՝ առևտրային կազմակերպությունների միջև հարաբերություններում նվիրատվությունը արգելվում է: 
  • Հեռախոսային խոսակցությունների միջոցով ռեպո պայմանագրերի կնքումը, եթե կողմերի միջև այդ մասին առկա է գրավոր համաձայնություն:

բ) Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ հաշվարկելու ավանդի տոկոսագումարը նաև բանկ մուտք լինելու օրվանից:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման շնորհիվ կվերանա ռեպո գործարքների որպես շինծու գործարք ճանաչվելու և միջազգային գործարար պրակտիկայում կիրառվող կետերի՝ անվավեր ճանաչվելու ռիսկը, և ՀՀ կենտրոնական բանկը հնարավորություն կունենա դիմելու Միջազգային պարտքային կապիտալի շուկայի ասոցիացիային, որպեսզի վերջինս իր կայքէջում ՀՀ-ում Գլոբալ ռեպո գլխավոր համաձայնագրի կիրառելիության վերաբերյալ իրավական եզրակացություն հրապարակի: Նախագծի ընդունման շնորհիվ կվերանա նաև միջօրյա ավանդ կնքելու խոչընդոտը:

 

  1. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

Նորմատիվ իրավական ակտի նախագիծը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների համաձայն մշակված գրավոր ակտ է և պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:

 

 

  • Discussed

    04.02.2019 - 22.02.2019

  • Type

    Legal code

  • Area

    Financial

  • Ministry

    Central Bank of the Republic of Armenia

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 13019

Print

Suggestions

Մխիթար Ասլանյան

22.02.2019

Միջազգային պրակտիկայում ռեպո համաձանագրերը դիտարկվում են որպես ածանցյալ գործիքներ, քանի որ դրանք, ըստ էության բաղկացած են երկու մասից, առաջինը հանդիսանում է սփոթ գործարքը, որի միջոցով պայմանագրի կնքման պահին վաճառվում են հիմքում ընկած ֆինանսական ակտիվները, իսկ երկրորդ մասը հանդիսանում է ֆորվարդային գործարք, համաձայն որի կողմերը պարտավորություն են ստանձնում որոշակի ժամանակ հետո` ապագայում կատարեն պայմանագրի հիմքում ընկած ֆինանսական ակտիվի ետ գնում/վաճառաք` պայմանագրում սահմանված պայմաններով: Բացի այդ. 1. եթե դիտարկենք ռեպո գործարքը գործարար պրակտիկայում, ապա կտեսնենք, որ հիմնականում կողմը ով ցանկանում է ստանալ եկամուտ պարտատոմսերի և ռեպոյի տոկոսադրույքների տարբերությունից, նույն առևտրային օրվա ընթացքում իրականացնում է պարտատոմսերի գնում և այն նույն բանկի հետ ում միջոցով ձեռք է բերել պարտատոմսերը կնքում է ռեպո: Արդյունքում մտնում է գործարքի մեջ առանց զգալի դրամական միջոցներ, այն է` պարտատոմսերի ամբողջ անվանական արժեքը, ներդնելով` ապահովելով եկամուտի ստացում: 2. Նախագծով նախատեսվում է նաև մարժային վճարումների իրականցում, ինչը կիրառվում է նաև միջազգային շուկաներում, որի պարագայում ենթադրվում է, որ պետք է լինի փոփոխուն մարժայի հաշվարկ, աջակցող մարժայի վճարումներ, սահմանված նախնական մարժայից ավել մասի ետ ստացում և այլն: Արդյունքում ստացվում է, որ ռեպո համաձայնագրերի կնքման պարագայում կողմերի մոտ ի հայտ են գալիս դրամական հոսքեր կապված պայմանագրի հիմքում ընկած ֆինանսական ակտիվ շուկայական գնի փոփոխությունից: 3. Ռեպոյի ժամկետի ավարտին մարում կարող է իրականցվել միևնույն սխեմայով, որը նկարագրված է 1-ին կետում, ինչը և կապահովի վերջնահաշվարկի իրականցում առանց պարտատոմսերի ետ գնման, բացի այդ, առաջարկվող նախագծով էլ նախատեսվում է պարտատոմսերի մարման դեպքում տարբերության փոխանցում կողմին: Արդյունքում ստացվում է որ ռեպո համաձայնագրի կնքման վերջահշվարկը տեղի ունեցավ դրամական եղանակով `ապագայում: Վերը նշված բնութագրիչները հավաստում են, որ ռեպո համաձայնագիրը համաձայն Հաշվապահական Հաշվառման միջազգային ստանդարտներ 39-ի հանդիսանում է ածանցյալ ֆինանսական գործիք և քաղաքացիական օրենսգրում նման դրույթի ամրագրումը, այն է` ռեպոն չի հանդիսանում ածանցյալ ֆինանսական գործիք, չի համապատասխանում միջազգային ստանդարտներին, չունի հիմնավորում և հետևաբար մեր ֆինանսական շուկան դարձնում “յուրահատուկ”:

Տիգրան Սարաֆյան

07.02.2019

1. Հետաքրքիր է ստացվում եթե քաղ .օրենսգրքով սահմանված չէր ռեպո պայմանագրերը, ապա ԿԲ-ն ինչ հիմքով էր կնքում ռեպո պայմանագրեր բանկերի հետ, որպես դրամավարկային գործիք, 2. նախագծի հոդված 3-ում ոնց որ լավ չի նկարագրված այն որ թողարկողի կողմից վճարվող եկամուտներիը նվիրատվություն չեն համարվում, հիմնավորման մեջ ավելի լավ է բացատրված, տաընթերցում չլինի հետագայում, ֆին .հաշվառման կամ հարկման տեսանկյուններից, 3. նախագծի հոդված 1040.2-ի 3-րդ մասում հարկավոր է լրացնել, որ ձայնագրությունների հիման վրա գոնե եռօրյա ժամկետում պետք է կնքվի գոնե մեկ էջանոց գործարքի հիմնավորման փաստաթուղթ ֆին հաշվառման փաստաթղթավորման նպատակով, ձայնագրությունը դա ընդամենը գործարքը արագ իրականացնելու համար է, իսկ դա հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթուղթ չէ, անկախ գլխավոր համաձայնության առկայությունից,

Տիգրան Սարաֆյան

07.02.2019

1. Հետաքրքիր է ստացվում եթե քաղ .օրենսգրքով սահմանված չէր ռեպո պայմանագրերը, ապա ԿԲ-ն ինչ հիմքով էր կնքում ռեպո պայմանագրեր բանկերի հետ, որպես դրամավարկային գործիք, 2. նախագծի հոդված 3-ում ոնց որ լավ չի նկարագրված այն որ թողարկողի կողմից վճարվող եկամուտներիը նվիրատվություն չեն համարվում, հիմնավորման մեջ ավելի լավ է բացատրված, տաընթերցում չլինի հետագայում, ֆին .հաշվառման կամ հարկման տեսանկյուններից, 3. նախագծի հոդված 1040.2-ի 3-րդ մասում հարկավոր է լրացնել, որ ձայնագրությունների հիման վրա գոնե եռօրյա ժամկետում պետք է կնքվի գոնե մեկ էջանոց գործարքի հիմնավորման փաստաթուղթ ֆին հաշվառման փաստաթղթավորման նպատակով, ձայնագրությունը դա ընդամենը գործարքը արագ իրականացնելու համար է, իսկ դա հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթուղթ չէ, անկախ գլխավոր համաձայնության առկայությունից,

See more