Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈԻ ՄԸ

 

«____» «________________»                    2018 թվականի N

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ  ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հավանություն տալ՝
  • Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարությանը՝ համաձայն N 1 հավելվածի.
  • Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարության իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագրին՝ համաձայն N 2 հավելվածի:
  • Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների  ռազմավարության իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագրի կատարումը համակարգելու և մշտադիտարկելու նպատակով ստեղծել համակարգող խումբ և հաստատել համակարգող խմբի  գործունեության կազմակերպման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

-------------ի N ---------- որոշման

 

 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների շրջանակներում առանձնակի կարևորվում է քրեական պատիժների ոլորտում անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը, դրանց լիարժեք իրացման երաշխիքների ստեղծումը, իրավունքների և օրինական շահերի իրացմանն ուղղված արդյունավետ մեխանիզմների նախատեսումը և շարունակական կատարելագործումը, դրանց նորովի արժևորումը:
  3. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակը բարելավելու, ինչպես նաև ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար նախատեսված ռազմավարության հիմնական նպատակը լինելու է քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների ներդնումն ու պատժի նպատակների արդյունավետ իրացումը, ինչին հասնելու համար առաջնահերթ է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում առկա խնդիրների մանրամասն ուսումնասիրությունը և դրանց լուծմանն ուղղված թիրախային քայլերի ձեռնարկումը: Վերականգնողական արդարադատության սկզբունքներից բխում է, որ քրեական պատիժների ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է ենթադրեն ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը, քանի որ նման գաղափարախոսությունը ապահովում է առավել ճկուն հակազդում հանցագործությանը:
  4. Քրեակատարողական համակարգում իրավիճակը բարելավելու, ինչպես նաև քրեական պատիժների նպատակային իրագործումն առավել արդյունավետ դարձնելու համար որպես թիրախային ուղություններ անհրաժեշտ է առանձնացնել՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը, քրեակատարողական հիմնարկների օպտիմալացումն ու արդիականացումը, անազատության մեջ գտնվող անձանց պահման պայմանների բարելավումը, վերասոցիալականացումը,  անազատության մեջ գտնվող անձանց բժշկական օգնության և սպասարկման պայմանների բարելավումը, քրեակատարողական ծառայության կառավարման մոդելի և կադրային քաղաքականության կատարելագործումը, քրեակատարողական հիմնարկներում գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների ապահովումը: Բացի այդ, քրեակատարողական ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման տեսանկյունից մեծ կարևորություն ունի քրեակատարողական ծառայողների սոցիալական պայմանների բարելավումը, քրեակատարողական ոլորտում կոռուպցիայից զերծ մշակույթի ձևավորումը՝ հակակոռուպցիոն թիրախային միջոցառումների հստակ իրականացմամբ, անչափահասների իրավունքների արդյունավետ պաշտպանության այնպիսի մեխանիզմի նախատեսումը, որի շրջանակում ապահովված է երեխայի ձայնի և մասնակցության իրավունքը, լավագույն շահը: Քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավմանն ուղղված բարեփոխումներն ապահովելու են քրեակատարողական համակարգի շարունակական զարգացումը և  համապատասխանեցումը միջազգային չափանիշներին:
  5. Ռազմավարության և միջոցառումների ծրագրի ֆինանսական կայունությունն ապահովվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հասանելի միջոցների շրջանակում ռազմավարական նպատակներից բխող գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրման միջոցով: Գործողությունների արդյունավետ իրականացման տեսանկյունից կարևորվում է Հայաստանի Հանրապետությունում քրեակատարողական քաղաքականության բարեփոխումներին մշտապես աջակցող գործընկերների, այդ թվում՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսական կամ տեխնիկական աջակցությունը: Ռազմավարության ներդրումն ապահովող ֆինանսավորումն ակնկալվում է այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, միջազգային կազմակերպությունների կողմից տրվող ֆինանսավորումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական աղբյուրները:

 

  1. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
  2. Հայաստանի Հանրապետությունում քրեական արդարադատության և պատիժների համակարգում հիմնարար բարեփոխումների փուլի սկիզբը հիմնականում դրվեց վերջին ժամանակների իրավական և դատական բարեփոխումներով: Այդ բարեփոխումների համար կարևոր նշանակություն ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից (այսուհետ ծրագիր) բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին»  ՆԿ-96-Ա կարգադրության ընդունումը: Ծրագիրն ուղղված էր Հայաստանում իրավունքի գերակայության և ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի ամրապնդմանը: Այդ հիմնական նպատակի իրագործման համար Ծրագիրը նախատեսում էր բարեփոխումներ մի շարք ուղղություններով, այդ թվում՝ քրեական արդարադատության և  քրեական պատիժների համակարգի արդյունավետության բարձրացում: Նշված հիմնական ուղղություններով իրականացված միջոցառումների արդյունքում մասնավորապես՝
  • ընդունվեց «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքը, որի արդյունքում ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում կատարվեց դեպի վերականգնողական արդարադատության գաղափարախոսություն, քայլել ձեռնարկվեցին այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը խրախուսելու, կրկնահանցագործությունները կրճատելու ուղղությամբ.
  • պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով պատիժը կատարող հիմնարկի վարչակազմ - անկախ հանձնաժողով - դատարան եռաստիճան ինստիտուցիոնալ մոդելից անցում կատարվեց անկախ հանձնաժողով - դատարան երկաստիճան ինստիտուցիոնալ մոդելին. հստակեցվեցին անկախ հանձնաժողովի և դատարանի գործառույթները՝ բացառելով նույնաբնույթ գործառույթների իրականացումը, անկախ հանձնաժողովի կազմում ընդգրկվող ներկայացուցիչների ցանկը, ընդլայնվեց անկախ հանձնաժողովների թիվը, սահմանվեցին հստակ չափանիշներ, որոնք պետք է դրվեն անկախ հանձնաժողովի եզրակացությունների և դատարանի որոշումների հիմքում: Բացի այդ, դատապարտյալին իրավունք վերապահվեց մասնակցել իրեն վերաբերող եզրակացության կայացմանը և իրականացնելու համապատասխան պաշտպանություն, այսինքն՝ ապահովվեց դատապարտյալի լսված լինելու իրավունքը:
  • հստակեցվեցին պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկն ու դրանց չափորոշիչները և համապատասխանեցվեցին հիվանդությունների միջազգային դասակարգման տասներորդ վերանայված տարբերակին:
  1. Ներկայումս քրեակատարողական ոլորտում տարվող պետական քաղաքականության կատարելագործման համար թիրախային ուղություններ են արտացոլվել կարևոր նշանակություն ունեցող այնպիսի ռազմավարական փաստաթղթերում, ինչպիսիք են ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը, որով նախատեսվում է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների ներդրման, կրկնահանցագործության կրճատման և հանցանք կատարած անձանց սոցիալական վերաինտեգրման գործընթացն ավելի արդյունավետ իրականացնելու ուղղությամբ, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկելու պրոբացիայի ծառայության նպատակային գործունեությունը և արդյունավետությունն ապահովելու, պատիժը կրող և կալանավորված անձանց իրավունքները պաշտպանելու և օրենքով սահմանված պատժի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ կառուցակարգեր ստեղծելու ուղղությամբ:

Իր հերթին Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվեցին քրեակատարողական ոլորտին առնչվող առանձին միջոցառումներ՝ ուղղված ազատազրկված անձանց սոցիալական կապերի պահպանման համար պայմաններ ստեղծելուն, արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու եղանակներն ընդլայնելուն, կալանավորված անձանց և դատապարտյալների՝ հիվանդության հիմքով պատժից ազատման իրավունքն իրացնելուն, ազատությունից զրկված անձանց համար բողոքարկման հստակ ընթացակարգեր սահմանելուն և, ըստ առաջնահերթության, ազատազրկման վայրերում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների բավարարման նպատակով համապատասխան պայմաններ ապահովելուն։

  1. Հարկ է նշել, որ միջազգային իրավական մի շարք փաստաթղթերով ևս առաջադրում է (մասնավորապես` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիա, «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին»  եվրոպական կոնվենցիա, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիա, Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոններ, Եվրոպական բանտային կանոններ և այլ միջազգային փաստաթղթեր) միջազգային չափանիշներին համահունչ քրեակատարողական համակարգ, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների պաշտպանության ապահովման պատշաճ համակարգ ունենալու անհրաժեշտության պահանջ: Այս համատեքստում հատկապես մեծ կարևորություն ունեն Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (այսուհետ՝ ԽԿԿ) զեկույցներում արձանագրված խնդիրների լուծումը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների իրացման ուղղությամբ հստակ միջոցառումների իրականացումը.

ԽԿԿ Հայաստանի վերաբերյալ իր վերջին՝ 2016 թվականի զեկույցում, ողջունելով պետության կողմից քրեակատարողական ոլորտում ձեռնարկած օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության և կալանավայրերում պահելու պայմանները բարելավելու հարցերի կարգավորմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ նոր կառուցված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացումը, առաջարկել է Հայաստանի Հանրապետությանը շարունակել ձեռնարկել արդյունավետ միջոցներ, որպեսզի ապահովի ազատությունից զրկված անձանց պահելու պայմանների՝ մարդու իրավունքների միջազգային ստանդարտների, այդ թվում՝ ՄԱԿ-ի՝ Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների (Նելսոն Մանդելայի կանոններ) ամբողջական կատարումը, մասնավորապես՝

1)       քրեակատարողական հիմնարկներում ուժեղացնել կյանքի պայմանները բարելավելուն ուղղված ջանքերը և այլ խնդիրների շարքում լուծել կյանքի անհավասար պայմանների խնդիրը, ապագայում ուժեղացնել գերծանրաբեռնվածությունը կանխարգելելուն ուղղված միջոցները, մասնավորապես՝ ազատությունից զրկելու հետ չկապված միջոցները՝ որպես ազատազրկման այլընտրանք ավելի լայնորեն կիրառելու միջոցով՝ ազատությունից զրկելու հետ չկապված միջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների (Տոկիոյի կանոններ) լույսի ներքո.

2)       բարելավել առողջապահության, այդ թվում՝ հոգեբուժական օգնության մատչելիությունը և որակը բոլոր ազատազրկման վայրերում, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտված բանտարկյալների համար, տրամադրել համապատասխան բժշկական սարքավորումներ, ավելացնել մասնագիտական բժշկական անձնակազմի թիվը կալանավորվածներին պահելու բոլոր վայրերում և ապահովել նրանց անկախությունն ու անկողմնակալությունը.

3)       արդյունավետորեն իրականացնել պրոբացիայի իրավական և ինստիտուցիոնալ կարգավորումը, ընդունել կալանավորվածների՝ առողջության հիմքով վաղաժամկետ ազատման հստակ ընթացակարգ, ապահովել նման խնդրանքների պատշաճ ուսումնասիրությունը համապատասխան հանձնաժողովի կողմից, սահմանել վաղաժամկետ ազատման, պայմանական վաղաժամկետ ազատման պահանջների ուսումնասիրության համար պատասխանատու հանձնաժողովների բացասական որոշումների դեմ բողոքարկելու հնարավորություն և հասցեագրել նրանց անկախությունը և անկողմնակալությունը՝ ի թիվս այլոց, ապահովելով այդ հանձնաժողովների ավելի հավասարակշռված անդամակցություն, մշակել և շարունակել ամրապնդել սոցիալական վերականգնման և ազատմանը նախապատրաստելուն ուղղված գործող ծրագրերը՝ ազատումից հետո կալանավորվածների սոցիալական վերաինտեգրումն ապահովելու նպատակով:

  1. Հայաստանի Հանրապետությունում քրեական արդարադատության համակարգում առկա խնդիրներին հաճախ անդրադարձ է կատարվում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող մի շարք վճիռներում, որոնք վերաբերում են կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների և ազատությունների պաշտպանության պատշաճ երաշխավորմանը՝ նրանց պահման պայմաններին, բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելուն և այլն:

 Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի», «Դավթյանն ընդդեմ Հայաստանի» վճիռներով մատնանշվում է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման, մասնավորապես՝ ֆիզիկական անձեռնմխելիության, այդ թվում՝ անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու, անհրաժեշտ դեղամիջոցների առկայությունը երաշխավորելու միջոցով նրանց պաշտպանելու պարտականության ապահովման անհրաժեշտությանը, իսկ Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի,  Կարապետյանն ընդդեմ Հայաստանի Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ անձնական նվազագույն տարածքի բացակայության առնչությամբ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է արձանագրել:

  1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագծով պատժի նպատակների վերաբերյալ որդեգրված հայեցակարգային նոր մոտեցումները և հաշվի առնելով ԽԿԿ առաջարկությունները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումները՝ քրեակատարողական համակարգի արմատական, կայուն և շարունակական բարեփոխումն ապահովելու, համակարգն ամբողջությամբ արդիականացնելու հրատապությունից ելնելով՝ անհրաժեշտ է առանձնացնել այն թիրախային ուղղությունները, որոնց արդյունավետ իրագործումը լուծելու է ոլորտի առջև ծառացած կարևորագույն խնդիրները:

 

III. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Ռազմավարության ընդհանուր նպատակը: Ռազմավարության հիմնական նպատակն է միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական համակարգի կայացումը, քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների ներդնումը, պատժի նպատակների արդյունավետ իրագործումը, վերասոցիալականացման արդյունավետ համակարգի կայացումը, քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց պահման պայմանների բարելավումը, նրանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանության երաշխիքների ստեղծումը, քրեակատարողական ծառայողների սոցիալական պայմանների բարելավումը, կառավարման արդյունավետ մոդելի հիմնումը, կոռուպցիայից զերծ մշակույթի ձևավորումը, քրեակատարողական ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացումը:
  2. Ռազմավարության ուղղությունները: Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավմանն ուղղված բարեփոխումների ձեռնարկման համար առանցքային նշանակություն ունի այս ոլորտի թիրախային ուղղությունների առանձնացումը՝ ելնելով նաև ոլորտի առկա հիմնախնդիրներից: Այդ ուղղություններն են՝

11.1 ՀՀ քրեակատարողական օրենսդրության շարունակական զարգացում: Այս ուղղության ռազմավարական նպատակները միտված են օրենսդրական կարգավորումների միջոցով այնպիսի մեխանիզմների ներդրմանը, որոնք դատապարտյալների իրավունքների պաշտպանությունը կդարձնեն ոչ թե վերացական, այլ իրական: Քրեակատարողական ոլորտին առնչվող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունն ուղղակիորեն բխում է նաև 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններից՝ առաջնային համարելով այդ ակտերի համապատասխանեցումը Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության, օրինականության, համաչափության սկզբունքներին: Մասնավորապես համապատասխան փոփոխություններ և լրացումներ պետք է կատարվեն ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, Քրեակատարողական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում, այլ օրենքներում և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում: Պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության քրեական և քրեակատարողական նոր օրենսգրքերի մշակմամբ և ընդունմամբ սկիզբ կդրվի օրենսդրական բարեփոխումների նոր փուլի, որի իրականացման ընթացքում առանձնակի ուշադրություն պետք է դարձնել, որպեսզի առաջարկվող իրավական կարգավորումներն առավելագույնս համապատասխանեցված լինեն միջազգային իրավական չափանիշներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մակարդակում պետք է  ներդնել այնպիսի գործուն մեխանիզմներ, որոնք կապահովեն նոր ինստիտուտների արդյունավետ գործունեությունը:

  • Քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում և արդիականացում: Այս ուղղության ռազմավարական նպատակները միտված են ՀՀ քրեակատարողական հիմնարկների շենքային և տեխնիկական հագեցվածության ապահովմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, որի արդյունքում անազատության մեջ գտնվող անձանց համար կապահովվեն միջազգային չափանիշներին համապատասխան պահման պայմաններ, քրեակատարողական հիմնարկները կվերազինվեն անվտանգության և հսկողության ապահովման ժամանակակից ինժեներատեխնիկական միջոցներով, որն իր հերթին կնպաստի հիմնարկների արդյունավետ կառավարման գաղափարի ներդրմանը: Անհրաժեշտ է շարունակական քայլեր ձեռնարկել ազատությունից զրկված անձանց ներպետական և միջազգային չափանիշներին համահունչ անձնական տարածությամբ ապահովելու ուղղությամբ: Խնդիրը պետք է դիտարկել ինչպես ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի՝ նվազագույն բնակելի տարածության (չորս քառակուսի մետր), այնպես էլ մարդկային արժանապատվության հետ համատեղելի պայմաններով անձնական տարածության ապահովման տեսանկյունից: Հարկ է նշել, որ 2016 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից քայլեր ձեռնարկվեցին գերբնակեցման խնդիրը լուծելու ուղղությամբ, մասնավորապես՝ շահագործման հանձնելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վեց մասնաշենքերը՝ 1240 լրակազմով, ինչը ստեղծել է ավելի մեծ թվով լրակազմ ունենալու հնարավորություն: Արդյունքում, ավելի քան 649 ազատությունից զրկված անձ, այդ թվում՝ ցմահ ազատազրկման ազատազրկման դատապարտված 20 անձ տեղափոխվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Ներկայումս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կազմում գործում է 12 քրեակատարողական հիմնարկ, որոնցում  հնարավոր է պահել կալանավորված և ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված 5351 անձի:  Հիմնարկներում պահվող անձանց միջին թիվը կազմում է մոտ 314: Նման փոքր հիմնարկների պահպանումը, այն դեպքում, երբ դրանք գտնվում են միևնույն բնակավայրում կամ շատ մոտ են միմյանց, անարդյունավետ է, քանի որ հիմնարկների պահպանման ծախսերի այդ թվում՝ անվտանգության ապահովման զգալի մասը չի համընկնում հիմնարկում պահվող  անձանց թվի հետ: Նման մոտեցումը արդարացված չէ նաև տնտեսական արդյունավետության և ֆինանսական միջոցները խնայելու տեսանկյունից: Հատկանշական է նաև քրեակատարողական հիմնարկների տարածքային տեղակայման խնդիրը: Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության տարածքը (չափերը)՝ տնտեսապես արդյունավետ է քրեակատարողական հիմնարկների կառուցումը և շահագործումը համընդհանուր սկզբունքով: Այսպես՝ նախաքննական մարմինների գործունեությունը հնարավորինս դյուրին ու արդյունավետ դարձնելու նպատակով, հանրապետության տարբեր տարածաշրջաններում  այսպես, թե այնպես պետք է տեղակայված լինեն կալանավորվածներին պահելու վայրեր: Այդ առումով նպատակահարմար է դրանք ունենալ հանրապետության հյուսիսային տարածաշրջանում` Վանաձորում, արևելքում` Արթիկում, հյուսիս-արևմուտքում` Սևանում, հարավում` Գորիսում, ինչպես նաև Երևանում (կամ դրանց մերձակայքում):

Հարկ է նշել, որ  առաջնային խնդիր է նաև մի շարք քրեակատարողական հիմնարկներում շենքային պայմանների բարելավումը և նյութատեխնիկական հագեցվածության ապահովումը: Օրինակ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում առկա շենքային պայմանները խիստ անբավարար են և ենթակա են ապամոնտաժման՝ տեխնիկական պարամետրերին չհամապատասխանելու պատճառով: Ավելին՝ նշված քրեակատարողական հիմնարկները տեղակայված են «հոսող հողերի» վրա, ինչը նույնպես հրատապ լուծում է պահանջում դրանք այլ տեղամասերում կառուցելու համար: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է իրականացնել համապատասխան ենթակառուցվածքային բարեփոխումներ, քանի որ շենք-շինություններն իրենց ներկա վիճակով անբավարար են: Տնտեսական արդյունավետության տեսանկյունից նպատակահարմար է առաջիկա 20 տարիների ընթացքում շահագործման հանձնել նոր քրեակատարողական հիմնարկներ, որոնցից յուրաքանչյուրում հնարավոր կլինի պահել 800-1200 կալանավորված և ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց: ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբն, իր գործունեության 2014-2015 թվականների հաշվետության մեջ անդրադարձ կատարելով ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բնակեցման պայմաններին, նշել է, որ միայն նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելը խնդրի լուծում չէ. հարկավոր են համակարգային փոփոխություններ՝ ուղղված ինչպես օրենսդրության, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայի բարելավմանը, այդ թվում՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և խափանման միջոցների կիրառման խթանմանը, հնարավոր այլընտրանքային պատժատեսակների ընդլայնմանը, ինչպես նաև՝ որոշ հանցագործությունների ապաքրեականացմանը:

ԽԿԿ 2010 թվականի հրապարակված իր զեկույցում ,անդրադառնալով ՀՀ ՔԿՀ-ներում գերբնակեցման խնդրին, նշել է. «…ավելի շատ քրեակատարողական հիմնարկներ կառուցելը հարցի միակ լուծումը չէ։ Դա ենթադրում է, որ, առաջին հերթին, շեշտը պետք է դրվի՝ նախքան պատիժ նշանակելն ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցների վրա, երկրորդ՝ արդյունավետ միջոցներ ընդունելու վրա, որոնք կհեշտացնեն ազատությունից զրկված անձանց վերաինտեգրումը հասարակություն…»։ Այսինքն՝ քրեակատարողական հիմնարկների օպտիմալացումը և արդիականացումը պետք է իրականացվի ոչ թե մեկուսի, այլ Ռազմավարության այլ հիմնական ուղղությունների համատեքստում և ապահովվի կապը նաև ռազմավարության այլ ուղղությունների արդյունավետ իրացման հետ:

  • Անազատության մեջ գտնվող անձանց վերասոցիալականացում: Այս ուղղության ռազմավարական նպատակները միտված են քրեակատարողական համակարգում ստեղծելու և զարգացնելու այնպիսի նախադրյալները, որոնց հիման վրա հնարավոր կլինի արդյունավետ իրացնել վերականգնողական արդարադատության գաղափարախոսությունը, ապահովել պատժի կիրառման նպատակայնությունը: Հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է կատարելագործել դատապարտյալների՝ հասարակությանն ինտեգրվելուն ուղղված քաղաքականությունը (պատժի իրականացման կազմակերպումը) ինչպես քրեակատարողական հիմնարկներում գտնվելու ընթացքում, այնպես էլ դատապարտյալների պատժի կրումից հետո՝ ներդնելով կալանավորված և դատապարտված, պատժից ազատված անձանց  վերասոցիալականացման և հասարակությունում վերաինտեգրման ծրագրեր: Վերոնշյալ խնդրի լուծման համար անհրաժեշտ է կատարելագործել ազատազրկման վայրերում դատապարտյալների ուղղման, նրանց հետ տարվող սոցիալական և հոգեբանական, հասարակության լիիրավ անդամ դարձնելուն ուղղված աշխատանքները, ինչպես նաև ապահովել վերջիններիս կրթական և աշխատանքային զբաղվածությունը: Այս համատեքստում մեծ դերակատարում է ունենալու պատժի անհատական պլանավորումը և ռիսկերի և պահանջմունքների գործիքի մշակումը և հետևողական ներդրումը: Քայլեր
  • Discussed

    19.12.2018 - 25.03.2019

  • Type

    Decision

  • Area

    Justice, Social welfare, Penitentiary

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8633

Print

Related documents / links

Suggestions

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ

28.12.2018

Նշված ռազմավարությամբ նախատեսված գործողությունների կատարման նվազագույն ժամանակահատվածը 4 տարի է, իսկ որոշ գործողությունների դեպքում նույնիսկ 10-20 տարի: Պրակտիկայում 4 տարվա ընթացքում կարելի է հասնել ֆունդամենտալ փոփոխությունների: Խումբը գտնում է, որ նշված ծրագրի մշակման ժամանակ, մշակողները պետք է ունենան անձնական պատասխանատվություն՝ թե ծրագիրը հաջողությամբ իրագործելու և թե այն ձախողելու պարագայում: Իսկ նշված ժամկետում այդ պատասխանատվությունը բացառվում է: Ընդհանուր առմամբ խումբը գտնում է, որ 20 տարվա ռազմավարությունը ժամկետային նման պլանավորմամբ նպատակահարմար չէ և չի կարող ունենալ բարձր արդյունավետություն:

Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան

10.01.2019

Ողջունում ենք Կառավարության՝ քրեակատարողական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամությունը։ Տարիներ շարունակ տեղական և միջազգային կազմակերպություններն ու դիտորդական խմբերը բարձրաձայնել են Հայաստանի քրեակատարողական ոլորտի հիմնախնդիրների մասին և առաջարկություններ ներկայացրել դրանց լուծման ուղղությամբ։ Այսպես, ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն, ՄԻՊ Ազգային կանխարգելման մեխանիզմն ու ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը ներկայացրել են բազմաթիվ մոնիթորինգային և վերլուծական զեկույցներ ՔԿՀ-ներում իրավիճակի վերաբերյալ։ Դրանցում մշտապես բարձրաձայնվել է ՔԿՀ-ներում խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, ազատազրկված անձանց առողջության, այդ թվում՝ հոգեկան առողջության պահպանման իրավունքի արդյունավետ ապահովման, խտրականության բացառման, համակարգային կոռուպցիայի վերացման, պատշաճ պահման պայմանների և արդյունավետ վերականգնողական ծրագրերի ապահովման կարևորության և հրատապության մասին։ Վերոնշյալ համակարգային խնդիրներն աներկբայորեն պահանջում են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հրատապ և հստակ միջոցառումների ձեռնարկում։ Հաշվի առնելով վերջին քաղաքական զարգացումները, այդ թվում՝ նոր կառավարության առաջնահերթությունները մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում, զանգվածային համաներման կիրառումը՝ գտնում ենք, որ այժմ առկա են անհրաժեշտ բարենպաստ պայմանները քրեակատարողական ոլորտի հիմնախնդիրները 20 տարվա փոխարեն 3-5 տարիների ռազմավարությամբ և գործողությունների ծրագրի միջոցով լուծելու համար։ Ուստի, առաջարկում ենք ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպել լայնածավալ հանրային քննարկումներ քրեակատարողական բարեփոխումների շուրջ՝ մշակելու իրատեսական, չափելի և ողջամիտ ժամկետներում իրականացվող գործողություններ։

Արշակ ԳԱՍՊԱՐՅԱՆ

08.01.2019

Միանում եմ վերը նշված կարծիքին՝ ամրագրելով, որ նման փոփոխությունների ժամանակաշրջանում ապրող ու նման կառավարաման համակարգ ունեցող պետությունում, ուղղակի չի կարող լինել բանտային ոլորտի 20ամյա ծրագիր։ Մեկ-երկու բառով․ Մի կողմ թողնելով տեխնիկական թերությունները՝ Փաստաթղթի "հիմնավորում" հատվածում խոսք է գնում քրեական արդարադատության և քրեական պատիժների համակարգի արդյունվետության մասին, սակայն միջոցառումների հատվածում տեսնում ենք միայն քրեակատարողական համակարգը։ Այն դեպքում, երբ պատիժների համակարգի բարելվումն ու վերականգնողական արդարադտության որդեգրումն ուղիղ կապված են ազատազրկման հետ չկապված պատիժների տեսակներն ու կիրառումն ընդլանելու գործընթացների հետ։ Իսկ Պրոբացիայի ծառայության ստեղծումը պատիժների համակարգի բարեփոխման խիստ կարևոր մաս է։ Այս իմաստով, բացակայում է պատիժների կատարման հոլիստիկ մոտեցումը։ Ամբողջական ու համակարգային մոտեցում չի դրսևորվում նաև այն առումով, որ բանտային համակարգի բարեփոխումները խիստ անարդյունավետ են լինում, եթե չեն համապատասխանում սոցիալական ոլորտի ռազմավարական փոփոխությունների հետ։ Կրկնելով նախորդ գրառման միտքը՝ բոլոր միջոցառումները նախատեսում են 6-20 տարի ժամկետ։ Ավելին, վերստուգելի չափանիշներն այնքան տարբեր են իրենց ծավալով ու կշռով, որ չեն կարող հիմնավորվել նույն ժամկետների տրամբանությամբ։ Անհնար է պատկերացնել, որ, օրինակ, վերասոցիալականցումն ու տարբեր ՀԿ-ների կողմից արդենիսկ մշակված կարիքների ու ռիսկերի գնահատման համակարգը ներդնելը կարող է գործարկվել մի ամբողջ 20 տարիների ընթացքում՝ 2018-2038 թվականներին։ Խնդիրները բազմաթիվ են՝ տեխնիկականից մինչև բովանդակային։ Ես ևս առաջարկում եմ հանել սույն փաստաթուղթը շրջանառությունից, աշխատանքային խմբերով քննարկել ոլորտ առ ոլորտ առաջարկությունները, գործի դնել արդեն առկա հետազոտությունները և կազմել նոր՝ 5 տարվա համար ռազմավարական քայերի փաստաթուղթ։

See more