Add to favourites

The draft has been accepted

«Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Գագիկ Ավագյան 15.11.2018 21:27:54 <<Բյուջետային համակարգի մաիսն>> ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան համայնքի բյուջեի նախագիծը բաղկացած է համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձից և համայնքի բյուջեյի մասին ավագանու որոշման նախագծից, այնինչ Երևան քաղաքի 2019թ. բյուջեի նախագիծը e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացվել առանց Երևանի քաղաքապետի բյուջետային ուղերձի, ինչն ըստ էության նշանակում է նախագիծը ներկայացվել է առանց իրավական հիմքի, բովանդակության, հիմնավորման և օրենքով նախատեսված այլ պարտադիր պահանջների: 1. Առաջարկում եմ համագործակցելով համայնքների ֆինանսիստների միավորման հետ ամբողջականացնել նախագիծը օրենսդրությանը համապատասխան և կրկին ներկայացնել հանրային քննարկման: 2. Առաջարկում եմ Արդարադատության նախարարությանը հետևել e-draft.am կայքով հրապարակվող նախագծերի ամբողջականությանը և թերի նախագծեր չհրապարակել: Երևանի քաղաքապետի 2019 թվականի բյուջետային ուղերձը տեղադրված է:
2 Գագիկ Ավագյան 19.11.2018 11:30:58 Թեև բյուջեյի նախագիծի որևէ գումար կամ ցուցանիշ ուղերձով հիմնավորված չէ, այնուհանդերձ ներկայացնում եմ առաջարկներ համեմատելով նախորդ տարվա բյուջեների ցուցանիշներըի հետ. Ա. Բազմիցս հարց է բարձրացվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի թվաքանակը ուռճացված լինելու վերաբերյալ, սակայն նախագծում աշխատավարձի ֆոնդը պահպանվել է նախորդ տարվա չափով, ինչը նշանակում է , որ աշխատակազմի կրճատում չի նախատեսվում կամ եթե նախատեսվում է ապա նույն չափով ցուցանիշ նախատեսելը հիմնովին չէ: Առաջարկում եմ ակնկալվող կրճատումների չափով նվազեցնել աշխատավարձի ֆոնդը և այն ուղղել Երևան քաղաքի բնակիչների համար կարևորագույն խնդիրների լուծմանը, օրինակ՝ 3-րդ կարգի վթարային շենքերի ամրացմանը: Բ. Անհասկանալի և անընդունելի է ներկայիս սոցիալական իրավիճակում ուռճացված աշխատակազմի պարգևատրման ֆոնդի շուրջ 2.5 անգամ (1.2 մլրդ. դրամ) ավելացումը այն պարագայում, երբ նախկինում նախատեսված 800 մլն. Դրամ ֆոնդը անընդունելի էր ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել էր: Առաջարկում եմ պարգևատրման ֆոնդը նվազեցնել 1.4 մլրդ. դրամով և այն ուղղել քաղաքի բնակչության կյանքին վտանք սպառնացող վերելակների ձեռքբերմանը և փոխարինմանը: Վերելակների ձեռք բերման և փոխարինման գներն ու բնութագրերը հասանելի են համացանցում կամ առաջարկն ընդունելու դեպքում կարող եմ ներկայացնել լրացուցիչ: Ա. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համայնքի ղեկավարն իր պաշտոնը ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի, համայնքային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը: Հաշվի առնելով ներկայացման սեղմ ժամկետը, և այն, որ հաստիքացուցակի օպտիմալացման շրջանակներում առաջանում է խորքային ուսումնասիրման անհրաժեշտություն, որը պահանջում է որոշակի ժամանակ, որոշվել է հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի փոփոխությանն անդրադառնալ ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո։ Արդյունքում հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը Երևանի ավագանու հաստատմանն են ներկայացվել առանց փոփոխությունների, ուստի Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծում աշխատավարձի ֆոնդը ներկայացվել է նախորդ տարվա չափով։ Բ. Ավելացումը ինքնանպատակ չէ։ Ներկայումս իրականացվում է աշխատակիցների աշխատանքի գնահատման համակարգի մշակման գործընթացը։ Ավելացումը նաև նպատակ ունի խթանել բարձր որակավորում ունեցող սակայն ներկա պահին ցածր վարձատրվող մասնագետների աշխատանքը, ինչպես նաև նոր, որակյալ մասնագետների ներգրավումը տեղական ինքնակառավարման ոլորտ։
3 Գագիկ Ավագյան 20.11.2018 20:51:10 Առաջարկում եմ հրապարակել կապի ծառայությունների համար նախատեսված շուրջ 400 000 դոլարին համարժեք ծախսերի բացվածքը: Ուղերձում առկա են կապի ծառայությունների տեսակները, դրանք ներկայացվում են հայտերով և ունեն հստակ չափելիություն։ Քանի որ ցանկացած ծրագրի մանրակրկիտ բացվածքը Ուղերձի ծավալը կմեծացնի բազմակի անգամ, ուստի դրանցից ցանկացածի բացվածքին կարող եք ծանոթանալ հրապարակային լսումների ժամանակ։
4 Գագիկ Ավագյան 20.11.2018 20:51:10 Նախագծից ակնհայտ է, որ հին ավանդույները ոչ միայն շարունակվում են, այլ նաև զարգանում, ինչը հիմնավոչվում է արտասահմանյան գործուղումների ծախսերի կրկնակի ավելացումը: Բազմակի անգամ թե մամուլով և թե հասարակական կազմակերպությունների միջոցով ապացուցվել է քաղաքապետարանի պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների անարդյունավետությունը: Առաջարկում եմ նվազեցնել գործուղումների ծախսերը 100 մլն դրամով և այն նույնպես ուղղել վերելակների ձեռք բերմանը և փոխարինմանը: Գործուղման ծախսերի ավելացումը պայմանավորված է նոր ձևավորված ավագանու և քաղաքային իշխանության ներկայացուցիչների համար մեկնակետային տարի լինելու հանգամանքով։
5 Գագիկ Ավագյան 26.11.2018 22:02:45 Հանրային քննարկումների միասնական կայքում արված առաջարկների վերաբերյալ ակնհայտ սուտ եզրակացություն ներկայացնելը նոր քաղաքային իշխանությունների պարագայում առնվազն անհասկանալի է: Նախագիծը տեղադրվել էր միասնական կայքում առանց բյուջետային ուղերձի, որի վերաբերյալ ինձ մոտ առկա է կայքի արտատպումը և անհրաժեշտության դեպքում կտրամադրվի հանրային լսումների օրը, սակայն կրկին անգամ հիմք ընդունելով գործող օրենսդրությունը՝ պնդում եմ 1. Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքի համաձայն առանց համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձի բյուջեյի մասին ավագանու որոշումը չի համարվում բյուջեյի նախագիծ: 2. Թերի կամ ոչ լիարժեք ներկայացրած նախագիծը ներկայացրած հանրային քննարկման չի կարող համարվել հանրային քննարկում անցած հետևաբար, եթե նպատակը նախագիծը հանրային կարծիքից խուսափելը չէ, ապա այն օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է նորից դրվի հանրային քննարկման: Հաշվի առնելով ՀՀ Կառավարության 2018թ. հոկտեմբերի 10-ի թիվ 1146-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետը (նույն կարգավորումները գործել են նախորդ կարգի ժամանակ) գտնում ենք , որ տեղի է ունեցել հանրային քննարկումների իրականացման խախտումներ, որի հետ կապված ակնկալում ենք պարզաբանում, որի պատճեն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ Արդարադատության Նախարարություն: Ուղերձի մասով նշենք, որ տեխնիկական վրիպակը և դրա շտկումը չեն խաթարել քննարկման էությունը։ Ինչ վերաբերում է հղում արած որոշմամբ սահմանած կարգին, ապա այն իր մեջ չի պարունակում նման դեպքում հանրային քննարկումը կրկին անգամ անկացնելու դրույթ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի բյուջեի նախագիծը իրավական ակտերի միասնական կայքով հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և այն պարտադիր պայման չէ, հետևապես վրիպակի շտկման մասով ՀՀ Արդարադատության նախարարություն պարզաբանում տրամադրելու անհրաժեշտություն չկա։
6 Գագիկ Ավագյան 26.11.2018 22:12:55 Աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ ներկայացրած պարզաբանումները ընդունելի չեն, քանի որ եթե ակնհայտ կա հաստիքացուցակի օպտիմալացման կամք և ցանկություն, ապա կարելի է դա հաշվարկել և հստակ հաշվարկներով նախատեսել ֆոնդ և ոչ թե ուռճացված հաստիկացուցակով և այդ գումարներ ուղղել հանրային կարևոր խնդիրների լուծմանը, ինչ վերաբերում է պարգևատրման ֆոնդի վերաբերյալ ներկայացրած պարզաբանմանը, ապա այն որևէ կապ չունի ներկայացված առաջարկության հետ, քանի որ էական չէ թե մեր վճարված հարկերից լրացուցիչ 2.5 մլն. ԱՄՆ դոլարը գնահատման որ համակարգով է գնալու քաղաքապետարանի աշխատակիցների հաշիվներին և ոչ թե հանրային բարիքի ստեղծմանը: Այն էական չէ նաև վերելակների վթարներից զոհվող ընտանիքների համար: Հաշվի առնելով, որ այս ծավալի պարգևատրման ֆոնդ նախատեսված չէ նունիսկ որևէ պետական մարմնում, ինպես նաև չի ներկայացվել որևէ էական պատճառ առաջարկը չընդունելու համար, կրկին անգամ պնդում եմ առաջարկը, որի մասին կբարձրաձայնեմ հանրային լումների ժամանակ: Հաստիքացուցակի օպտիմալացման կամք առկա է, այն իրականացվելու է դեկտեմբեր-հունվար ամիսներին, որը միտված է լինելու Երևանի քաղաքապետարանի աշխատանքների արդյունավետ իրականացմանը և հետևաբար հանրային բարքի ստեղծման նպաստմանը։ Պարգևատրման ֆոնդի բաշխման մեխանիզմները փոխվելու են և այն նպաստելու է աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքների մոտիվացիայի խթանմանը և իրական գնահատմանը։ Պատրաստակամ ենք հանրային լսումների ժամանակ լսելու առաջարկի հիմնավոր փաստարկները և պաշտպանելու մեր տեսակետը։
7 Գագիկ Ավագյան 26.11.2018 22:16:31 Գործուղման ծախսերի չավելացման վերաբերյալ ներկայացրած առաջարկի եզրակացությունը որևէ իրավական տրամաբանություն չունի, եթե օրենսդրությամբ մեկնարկային տարվա համար առկա են գործուղումների և այլ անարդյունավետ ծախսերի համար լրացուցիչ հնարավորություններ սահմանված, խնդրում եմ նշել դրանք, եթե ոչ՝ նախագծում կատարել առաջարկված փոփոխությունը: Գործուղումները հիմնականում իրականացվում են Երևանի քաղաքապետարանի արտաքին հարաբերությունների ամրապնդման համատեքստում և նպաստում են շուրջ հինգ տասնյակ գործընկեր և քույր քաղաքների հետ փոխշահավետ կապերի և ընդլայնմանը համագործակցությանը։
8 Գագիկ Ավագյան 26.11.2018 22:18:36 Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների համար նախատեսվցած գումարները աճել են 17 անգամ կամ շուրջ 330.000 դոլարով: Քաղաքում առկա բազմակի խնդիրների պարագայում սա ոչ այլ ինչ է քան ճոխություն: Առաջարկում եմ հրապարակել այս ծառայությունների հասցեականությունը և ակնկալվող արդյունքը: Աշխատակազմի մասնագիտական զարգացումը կարևորագույն խնդիրներից է, առանց որի դժվար է պատկերացնել քաղաքի զարգացումն ու առաջընթացը։
9 Գագիկ Ավագյան 26.11.2018 22:18:36 Առաջարկում եմ հիմնավորել ընդհանուր բնույթի այլ ծառայութունների համար նախատեսված 49,133.8 հազ. դրամի անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել այն խնդիրներն ու նպատակները, որոնց լուծմանն ուղղված են այդ հատկացումները (բյուջետային համակարգի մասին օրենք հոդված 31) Ընդհանուր բնույթի այլ ծառայությունների որոշիչ մասը Երևանի քաղաքապետարանի վարչական երկու շենքերի հասարակական կարգի պահպանման ծառայության մատուցման ծախսն է։ Մնացած ծախսերի անհարժեշտությունը կարող է դառնալ քննարկման առարկա։
10 Գագիկ Ավագյան 26.11.2018 22:18:36 Առաջարկում եմ հրապարակել ծառայողական ավտոմեքենաների և այն պաշտոնատար անձանց ցանկը , ում 2019թ. պետք է հատկացվի ծառայողական ավտոմեքենա: Առաջարվում է ծառայողական ավտոմեքենաների համար նախատեսված գումարները կրկնակի նվազեցնել հակառակ պարագայում նույն չափով գումարների նախատեսումը հակասում է ՀՀ Կառավարության որդեգրած քաղաքականությանը: Համամիտ լինելով առաջարկին, տեղեկացնում ենք, որ ծառայողական ավտոմեքենաների քանակը փոխկապակցված է ոչ թե անձանց այլ հաստիքների հետ և հետևապես հաստիքացուցակի փոփոխությունը բերելու է մեքենաների թվի փոփոխության և կրճատման։ Միաժամանակ, փոխադարձ կապի արդյունավետության տեսանկյունից ելնելով այս և մնացյալ հրապարակման առաջարկների մասով, առաջարկվում է ցանկերի կամ ծրագրերի բացվածքի համար դիմել գրավոր։
11 Գագիկ Ավագյան 26.11.2018 22:18:36 Առաջարկում եմ հրապարակել այլ ծախսեր հոդվածով նախատեսված 52,880.0 հազ. դրամի բացվածքը, իրավական հիմքը, ինչպես նաև այն խնդիրներն ու նպատակները, որոնց ուղղված են այդ գումարները: Յուրաքանչյուր տարվա բյուջե, իր մեջ ներառում է քաղաքային տնտեսությունում առաջացող ֆորս մաժորային իրավիճակների և անհապաղ արձագանքման համար անհրաժեշտ նվազագույն ծախսերի սահմանման սկզբունք, ինչը բացառություն չէ նաև 2019 թվականի բյուջեի նախագծում։
12 Գագիկ Ավագյան 26.11.2018 22:18:36 Առաջարկում եմ հրապարակել ոռոգման ցանցի կառուցում և վերանորոգում ծրագրով նախատեսված գումարների հասցեականությունը. Այն տարածքները, որտեղ նախատեսվում է անց կացնել նոր ոռոգման ցանց: Հանրային կանաչ տարածքների ոռոգման ցանցի կառուցման և վերանորոգման պարագայում, առկա են վարչական շրջանների կողմից ներկայացված նախագծեր և հայտեր, սակայն դրանց վերջնական հասցեականությունը որոշվում է առաջնահերթության անհրաժեշտ հիմնավորումների և ձնհալից հետո ուսումնասիրման արդյունքում։ Միաժամանակ, հստակեցված է, որ առաջնային է համարվում Նորք-Մարաշ վարչական շրջանում Արմենակյան փողոցում ոռոգման ցանցի հատվածի կապիտալ վերանորոգման խնդիրը։
13 Գագիկ Ավագյան 26.11.2018 22:18:36 Առաջարկում եմ նվազեցնել ասֆալտապատման համար նախատեսված գումարները, ինչպես նաև հրապարակել այն փողոցների ցանկը, որտեղ նախատեսվում է ասֆալտապատում 2019թ. ընթացքում: Ասֆալտապատման աշխատանքների համար նույնպես առկա են վարչական շրջանների կողմից ներկայացված վերանորոգվող փողոցների ցանկեր, սակայն դրանց վերջնական ցուցակները կճշտվեն՝ գարնանային ձնհալից հետո առաջնահերթության քննարկումների արդյունքում։
14 Գագիկ Ավագյան 26.11.2018 22:19:46 Սկզբունքորեն անընդունելի է ավտոկայանատեղի կազմապերպման ծառայությունների համար ծախսերի 250 մլն դրամով ավելացումը, այն պարագայում երբ այդ ծախսերը պետք է զրոյացվեին կամ առնվազն նվազեցվեին: Առաջարկում եմ նվազեցնել այդ ծախսերը 300 մլն դրամի չափով և այն ուղղել վերելակների փոխարինմանը, ինչ կապահովի 25 շենքի համար նոր վերելակներ: Միաժամանակ առաջարվում է հրապարակել ավտոկայանատեղի ծառայության գնագոյացման մեխանիզմները: Ավտոկայանատեղի կազմապերպման ծառայության բարեփոխումը առաջնային անհրաժեշտ գործընթաց է և այդ առումով ծախսերի ավելացումը համարժեք է եկամուտների ավելացմանը։ Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ ծառայությունը սահմանված է օրենքով, իսկ տեղական վճարի դրույքաչափերը սահմանում է Երևանի ավագանին։
15 Գագիկ Ավագյան 26.11.2018 22:19:46 Առաջարկվում է հրապարակել թեքահարթակների կառուցման ծրագրով նախատեսվող թեքահարթակների հասցեները՝ հիմք ընդունելով Գնումների մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը համաձայն որի շինարարական աշխատանքների գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծահին փաստաթղթերի հիման վրա: Մեջբերումը վերաբերվում է նախագծով նախատեսված բոլոր շինարարական աշխատանքներին: Երևան քաղաքում թեքահարթակների կառուցման հասցեական պահանջարկն էականորեն ավելին է, քան նախատեսվում է տարեկան բյուջեի նախագծով։ Դրանց առաջնահերթության սկզբունքից ելնելով էլ իրականացվում են տարեկան կտրվածքով նախատեսվող աշխատանքները, ընդ որում սկզբունքորեն նախ և առաջ հաշվի են առնվում հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկները։
16 Գագիկ Ավագյան 26.11.2018 22:19:46 Խիստ անհասկանալի է Երևան քաղաքի կաևորագույն խնդիրներից մեկը հանդիսացող և բնակչության անվտանգության հետ ուղղիղ առնչվող խնդրի՝ վերելակների հիմնանորոգման համար գումարների շուրջ երեք անգամ նվազեցումը: Առաջարկվում է այս ծրագրի գծով նախատեսված գումարը փոխարինել ծառայողական ավտոմեքենաների համար նախատեսված գումարի հետ: Կրկին անգամ տեղեկացնում ենք, որ ներկայումս ուսումնասիրվում է վերելակային տնտեսության բարեփոխման ծրագիրը, որը էականորեն կնվազեցնի դրանց վրա կատարվող ծախսումները։ Այս հանգամանքից ելնելով է, որ 2019 թվականին Երևանի բյուջեով նախատեսվում է ընդամենն իրականացնել ներկայիս վերելակային տնտեսության խիստ անհրաժեշտ և առաջնահերթ ընթացիկ վերանորգման աշխատանքները։
17 Գագիկ Ավագյան 26.11.2018 22:19:46 Առաջարկվում է օրենսդրությամբ քաղաքապետարանի լիազորությունների դաշտում հիմնավորել զբոսաշրջության զարգացում ծրագորվ նախատեսված 138 մլն դրամի անհրաժեշտությունը, ինչպես նաև այն խնդիրներն ու նպատակները, որոնց լուծմանը ուղղված են դրանք: Երևան քաղաքում զբոսաշրջության զարգացմանը միտված ծախսերը նախատեսված են նպաստելու զբոսաշրջային երկրի մայրաքաղաք հանդիսացող Երևանի գրավչության ավելացմանը, ներդրումային ծրագրերի իրականացման օժանդակմանն ու աջակցմանը, զբոսաշրջիկների համար տեղեկատվական առավել բարենպաստ միջավայրի կայացմանը։
18 Գագիկ Ավագյան 26.11.2018 22:21:26 Առաջարվում է հրապարակել աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպություններին ծրագրով, որպես նվիրատվություն նախատեսված 570 մլն դրամ ստացող կազմակերպությունների ցանկը ըստ գումարների և յուրաքանչյուր կազմակերպությանը հատկացվող գումարին վերաբերող ծրագրի նկարագրությունը: Միաժամանակ հիմնավորել այդ գումարների կրկնակի 2.5 անգամ ավելացման անհրաժեշտությունը և դրա առաջնահերթությունը վերելակների ծրագրի նկատմամբ: Ընդհանուր առմամբ ընդունելի չէ որպես նվիրատվություն տարբեր կազմակերպությունների հատկացնել 570 մլն դրամ, իսկ Երևան քաղաքի վերելակների համար նախատեսել 30 մլն դրամ: Սոցիալական, կրթական և մշակութային քաղաքականությունը սկզբունքորեն լինելու է 2019 թվականի համար գերակա, ինչը ենթադրում է այդ ոլորտների աշխուժացմանը նպաստող ֆինանսական ներարկումներ, աջակցությունների և օժանդակությունների տեսքով, որոնք իրականացվելու են հաշվի առնելով ներկայացվող ծրագրերի իրագործելիության և արդյունավետության կարևոր գործոնը։
19 Գագիկ Ավագյան 26.11.2018 22:21:26 Առաջարկվում է հրապարակել այն ներդրումային ծրագրերի ցանկը, որոնք նախատեսվում է իրականացենլ նախագծով նախատեսված 149 մլն դրամի սահմաններում: Ներդրումային ծրագրերի իրականացում ծրագրով 19,000.0 հազ. դրամը նախատեսվում է ներդրումային ծրագրերի վերաբերյալ տարատեսակ տեղեկատվական բրոշյուրների, կատալոգների և ներդրումային տեղեկատվական գրքույկների տպագրության համար, որը նպատակ ունի իրազեկելու հնարավոր ներդրողներին, ինչպես նաև հասարակության լայն շերտերին մայրաքաղաքում հնարավոր ներդրումներ իրականացնելու համար, իսկ 130,000.0 հազ. դրամը նախատեսվում է որպես սուբսիդիա հատկացնել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ին:
20 Գագիկ Ավագյան 26.11.2018 22:21:26 Անհրաժեշտ է ներկայացնել այն կազմակերպությունների ցանկը (հասցեականությունը), որոնց նախատեսվում է հատկացնել սուբսիդիաներ թափառող կենդանիներին վնասազերծելու համար: Ներկայումս դեռևս որոշված է սկզբունքը, որով իրականացվելու է ծառայությունը, իսկ կազմակերպության կամ կազմակերպությունների խնդիրը քննարկման փուլում է։
21 Գագիկ Ավագյան 26.11.2018 22:21:26 Առաջարկվում է ներկայացնել այն բազմաբնակարան շենքերի ցանկը, որոնց համար բյուջեյով նախատեսված են տանիքների նորոգում և այլ բարեկարգման աշխատանքներ: Առաջարկում ենք բազմաբնակարան շենքերի ցանկերին ծանոթանալու համար դիմել գրավոր։
22 Գագիկ Ավագյան 26.11.2018 22:21:26 Առաջարկում եմ հրապարակել աջակցություն առողջապահության կազմակերպությունների ծրագրով նախատեսված գումարների (170 մլն.) իրավական հիմքը, քանակական բնութագիրը և այն խնդիրներն ու նպատակները, որոնց լուծմանն են ուղղվելու դրանք: Առաջարկը մասամբ ընդունվել է և հանրային լսումներից հետո այս ծրագրով նախատեսված ծախսերը կրճատվելու են 100 մլն դրամով, իսկ մնացած գումարը նախատեսվում է համայնքային ենթակայության առողջապահական կազմակերպություններին աջակցություն տրամադրելու համար։
23 Գագիկ Ավագյան 26.11.2018 22:21:26 Առաջարկվում է նվազեցնել մշակութային միջոցառումների համար նախատեսված 614,755.7 հազ. դրամ գումարը կիսով չափ, իսկ մնացած մասով հրապարակել յուրաքանչյուր միջոցառման համար նախատեսվող գումարը և նկարագիրը, իսկ գումարի մյուս մասը ուղղել վերելակների ձեռք բերման և փոխարինմանը: Մշակութային միջոցառումները 2018 թվականի համեմատ արդեն իսկ նվազեցվել են 443,000.0 հազ. դրամով։ Միաժամանակ մայրաքաղաքի, նեռարյալ վարչական շրջանների մշակութային կյանքի աշխուժացմանը ուղղված միջոցառումները ինքնանպատակ չեն, դրանք մայրաքաղաքի ոգու մասնիկն են և իրենց բազմազանությամբ ու իրականացման ոճով, դրական են ընդունվում բնակչության ինչպես նաև մայրաքաղաք ժամանող հյուրերի կողմից։
24 Գագիկ Ավագյան 26.11.2018 22:21:26 Առաջարկվում է հրապարակել այն սկզբունքները և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որի պարագայում բնակիչը հնարավորություն կունենա օգտվելու բյուջեի նախագծով նախատեսված սոցիալական աջակցության ծրագրերից: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների սոցիալական բաժինների գործառույթներից է մայրաքաղաքի սոցիալապես խոցելի խավերի բացահայտումը և դրանց նվազագույն պահանջմունքների մասին տեղեկատվության հստակեցումը։ Աջակցության ծրագրերի հիմնական շահառուները դիտարկվում են նրանք, ովքեր տվյալ ժամանակահատվածում ունեն այդ աջակցության խիստ կարիքը և որի մասին՝ կոնկրետ իրավիճակի փաստաթղթային հիմնավորմամբ, գրավոր իրազեկվում է համապատասխան ստորաբաժանումների և վարչական շրջանների ղեկավարների կողմից։
25 Գագիկ Ավագյան 26.11.2018 22:31:21 Ինչպես նշել եմ նախորդ առաջարկություններում օրենսդրությամբ սահմանված կարգերի խախտմամբ տեղադրված բյուջետային ուղերձի առաջին մասի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ նախագիծը չի ապահովում առաջին և երրորդ կետերի գերակայությունները մասնավորապես՝ բնակչությանը լիարժեք հաշվետու լինելու և քաղաքի մասնակցային կառավարման մշակույթի առումով, հետևաբար, կամ պետք է ուղերձից հանվեն առաջին և երրորդ կետորը, կամ պետք է ապահովել նախագծի լիարժեք հանրային քննարկման հնարավորություններ: Երևանի քաղաքապետարանը ֆինանսական հաշվետվողականության առումով թափանցիկ և հրապարակային գործընթաց է իրականացնում։ Մասնավորապես Երևանի քաղաքապետարանի կայքում ապահովված է ֆինանսական ոլորտի փաստաթղթային սպառիչ տեղեկատվության տեղադրումը, ֆինանսական հաշվետվությունները, ենթակա կազմակերպությունների նախահաշիվները, ամենօրյա թարմացման ռեժիով գործում է ինտերակտիվ բյուջեն։ Ներկայումս տեղադրված են նաև 2019 թվականի բյուջեի նախագիծը և Երևանի քաղաքապետի Ուղերձը և ըստ էության այս գործիքակազմը ապահովում է ֆինանսական գործընթացներում և կարևոր ֆինանսական փաստաթղթերի քննարկման ժամանակ քաղաքացիների արդյունավետ ներգրավման հնարավորությունը։ Այս առումով, Երևանի քաղաքապետարանը ձևավորել և շարունակում է կատարելագործել բնակչությանը լիարժեք հաշվետու լինելու, բնակչության հետ փոխադարձ արդյունավետ կապի և քաղաքի մասնակցային կառավարման մշակույթը։