ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 846-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԾ, ՈՉՆՉԱՑՎԱԾ ԿԱՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՍՊԱՆԴԻ (ՀԱՐԿԱԴԻՐ ՄՈՐԹԻ) ԵՆԹԱՐԿՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՐԿԱԴԻՐ ՄՈՐԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 846-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒՓՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 28-րդ կետերի համաձայն ՀՀ կառավարությունը սահմանում է կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը և կենդանիների ոչնչացման կամ հարկադիր մորթի իրականացման պայմանները, դեպքերը և կարգը, որոնք դեռևս սահանված չեն ՀՀ կառավարության կողմից:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի N 846-Ն որոշմամբ կարգավորվում են անասնահամաճարակների հետևանքով գյուղատնտեսական կենդանիների անկումների և հարկադիր սպանդի դեպքում սեփականատիրոջը ցուցաբերվող օժանդակության հետ կապված հարաբերությունները:
Այս առումով հարկ է նշել, որ անհրաժեշտություն է առաջացել սույն նախագծով վերոգրյալ որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Աշխարհի բոլոր պետությունների համար համընդհանուր խնդիր է կենդանիների, այդ թվում՝ կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ (զոոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպումը։
Հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման կարևոր բաղադրիչ է հանդիսանում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցում տրամադրելու գործընթացը, քանի որ այն միտված է գյուղատնտեսության զարգացմանը և սննդամթերքի անվտանգության ապահովմանը։
Համաձայն «Անասնաբուժության մասին» օրենքի 35-րդ հոդվածի՝ «Կենդանիների բարեկեցությունը պահպանելու գործում անձանց պարտականությունները և սահմանափակումները», կենդանիների սեփականատերերը պարտավոր են իրականացնել կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում և բուժում, հիվանդացության կամ վնասվածքի դեպքում` անմիջական բուժօգնություն և ապահովել կենդանիների պաշտպանության, բարեկեցության պահանջները։
Վարակիչ հիվանդությունների տարածումը կանխող որոշիչ գործոններից է կենդանիների պահվածքի անասնաբուժասանիտարական կանոնների պահպանումը։ Ելնելով վերգրյալից և ուսումնասիրելով միջազգային փորձը, նախագծով նախատեսվում է ներառել կետ, որի համաձայն՝ կենդանու սեփականատիրոջ կողմից անասնաբուժասանիտարական պահանջները չպահպանելու դեպքում՝ փոխհատուցումը մերժվում է։
Նախագծով առաջարկվող կարգավորումները մշակվել են՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության և եվրոպական մի շարք երկրների փորձը՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վերահսկման և հարկադիր ոչնչացման դեպքում փոխհատուցման արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ։
Մասնավորապես, նախագծում ներառված՝ կենդանիների նույնականացման, հիվանդության օջախների և տարածման գոտիների ճշգրտման, ինչպես նաև անասնաբուժասանիտարական պահանջների չպահպանման դեպքում փոխհատուցման մերժման վերաբերյալ դրույթները համահունչ են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 13-ի թիվ 27 որոշմամբ սահմանված մոտեցումներին։
Միաժամանակ, փոխհատուցման տրամադրման և կենսանվտանգության պահանջների պահպանման փոխկապակցվածության սկզբունքը կիրառվում է նաև եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, որտեղ հարկադիր ոչնչացված կենդանիների համար փոխհատուցումը տրամադրվում է միայն անասնաբուժական և բիոանվտանգության կանոնների պահպանման պայմաններում։
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն նախագծի նպատակն է սահմանել կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման իրավակարգավորումը, որը հնարավորություն կընձեռնի հետագայում գնահատել և կառավարել հնարավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը։
Նախագծով նախատեսված է կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգի հանձնաժողովի կազմը համապատասխանեցնել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2–րդ մասի պահանջներին, իսկ փոխհատուցման չափը մեկ միավորի դիմաց կհաշվարկվի շուկայական գնի 45%-ի չափով՝ առավելագույնը անկած գյուղատնտեսական կենդանիների 500 գլխի դիմաց։
Նախագծի 13-րդ կետում կատարված փոփոխությունը բխում է Հայաստանի Հանրապետությունում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների պարտադիր համարակալված լինելու հանգամանքից։
Միաժամանակ, լրացում է կատարվել հանձնաժողովի կազմում՝ ներառելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտը համակարգող նախարարի տեղակալի թեկնածությունը։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
5. Կապը կառավարության ծրագրի և ռազմավարական ծրագրերի հետ
Համաձայն ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 2.4-րդ կետի՝ Գյուղատնտեսությունը բաժնի ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ ներթափանցման ռիսկերի կառավարում՝ բռնկման և տարածման կանխումը, ինչպես նաև կստեղծվեն բարենպաստ պայմաններ անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության արտահանման և ներմուծման համար, կբարելավվի համախառն ներքին արտադրանքի տնտեսական ակտիվության ցուցանիշը։
Սույն նախագծի ընդունման արդյունքում հնարավոր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները կլինեն առավել արդյունավետ, որը կխթանի տնտեսավարողների շրջանում անասնապահության զարգացմանը։
Միաժամանակ, կթեթևանա պետության ֆինանսական բեռը՝ փոխհատուցման չափը միավորի դիմաց 55-ից 45%-ի նվազեցնելու արդյունքում, որը նախատեսվում է տրամադրել առավելագույնը անկած գյուղատնտեսական կենդանիների 500 գլխի դիմաց։
-
Duration
19.05.2026 05.06.2026 -
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 171
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.