«ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Առկա իրավիճակը և իրավական ակտի անհրաժեշտությունը։
Հայաստանի Հանրապետությունը նպատակ ունենալով ինտեգրվելու բույսերի սորտերի պահպանության ոլորտում համաշխարհային գործընթացներին և ապահովելու բուծողի իրավունքների երաշխավորված պահպանություն՝ հետևողականորեն իրականացնում է անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներ և ընդունում իրավական համապատասխան կարգավորումներ։
Այդ նպատակով 2017 թվականին ընդունվել է «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), այնուհետև 2023 թվականին Օրենքում կատարվել են անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ, արդյունքում 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունը անդամագրվել է Բույսերի նոր սորտերի պահպանության միջազգային միությանը «ՈՒՊՈՎ (UPOV)»։ ՈՒՊՈՎ անդամակցումից հետո անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում սահմանված և անդամ երկրներում գործող միևնույն կանոնակարգերի համաձայն ստեղծել բուծողի հեղինակային իրավունքների պահպանության համանման համակարգ։
«Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են բույսերի սորտերի պահպանության ոլորտում ՀՀ կառավարության լիազորությունները, որի 1-ին և 2-րդ մասերի համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատվել են «Բուծողի իրավունքի տրամադրման, նոր սորտի համար առաջարկվող անվան փորձաքննության կարգը և փորձարկումների նպատակով ներկայացվող անհրաժեշտ տեղեկատվության, փաստաթղթերի կամ նյութերի ցանկը հաստատելու մասին» և «Բուծողի իրավունքի տրամադրման համար ներկայացված հայտի և իրավունքի տրման վերաբերյալ տեղեկատվության, առաջարկված և հավանության արժանացած սորտի անվանումների հրապարակման կարգը հաստատելու մասին համապատասխան որոշումները։ Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն ՀՀ կառավարությունը սահմանում է նաև բուծողի իրավունք ունեցող անձանց գրանցամատյանի վարման կարգը։
Ներկայացված նախագծով սահմանվում են գրանցամատյանում բուծողի իրավունքը գրանցելու, հաշվառելու և գրանցումից հանելու ընթացակարգերը, մասնավորապես՝ գրանցման նախապայմաններն ու ժամկետները, դրանց տեղեկությունների հասանելիությունը։ Բացի այդ, սահմանվում են նաև գրանցամատյանում արձանագրվող տեղեկությունները՝ հայտի համարը, բույսի սորտի կամ հիբրիդի անվանումը, հայտատուի և բուծողի անունը, ազգանունը կամ անվանումը, բուծողի իրավունքի գործողության ժամկետը, սորտի հատկանիշները, նոր սորտի բուծման երկրի երկնիշ ծածկագիրը։
Միաժամանակ նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Սելեկցիոն նվաճման պետական գրանցամատյանի վարման և հրապարակման կարգը հաստատելու մասին» N 1127-Ն որոշումը, հաշվի առնելով, որ «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» օրենքը բույսերի նոր սորտերի պահպանության մասով ուժը կորցրած է ճանաչվել և բուծողի իրավունք ունեցող անձանց գրանցամատյանի վարումը անհրաժեշտ է իրականացնել ՈՒՊՈՎ կանոնակարգերով։
2. Խնդրի սահմանումը
Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է բուծողի իրավունք ունեցող անձանց գրանցամատյանի վարման կարգը, սակայն այն դեռևս բացակայում է՝ չնայած Հայաստանի Հանրապետությունը 2024 թվականից հանդիսանում է ՈՒՊՈՎ անդամ և պարտավոր է ապահովել բույսերի նոր սորտերի պատշաճ պահպանության ընթակարգերը։
3. Կարգավորման նպատակը
Սույն Նախագծի ընդունման նպատակն է Օրենքի դրույթների և Բույսերի սորտերի պահպանության միջազգային կոնվենցիայի պահանջների համաձայն կարգավորել բուծողի իրավունք ունեցող անձանց գրանցամատյանի վարման հետ կապված հարաբերությունները։
4. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա հստակորեն սահմանել և կարգավորել բուծողի իրավունք ունեցող անձանց գրանցամատյանում բուծողի իրավունքի գրանցման, հաշվառման և գրանցումից հանելու հետ առնչվող գործընթացները՝ ապահովելով բուծողի իրավունքների երաշխավորված պահպանություն։
6. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 1․1 կետի «Առևտրային քաղաքականության բաժնում նախատեսված է, որ Հայաստանը շարունակելու է Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը՝ հիմնվելով Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և այլ համատեղ ստորագրած փաստաթղթերի վրա, ինչպես նաև գործունեության ծրագրում ներառված է Միջազգային առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և խորացման միջոցառման կատարումը։
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսված «Զարգացնել տեղական շուկաները և ավելացնել արտահանման հնարավորությունները» առաջնահերթության միջոցառումներից մեկն է ՈՒՊՈՎ անդամակցության ապահովումը։
-
Duration
13.05.2026 02.06.2026 -
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 135
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.