«Բնակչության անհատական պաշտպանության միջոցների տեսակները, դրանց ցանկը և ապահովման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«____ » _________ 2026 թվականի N ______-Ն
Բնակչության անհատական պաշտպանության միջոցների տեսակները, դրանց ցանկը ԵՎ ապահովման կարգԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ մասին
Հիմք ընդունելով «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բնակչության անհատական պաշտպանության միջոցների տեսակները, դրանց ցանկը և ապահովման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Բնակչության անհատական պաշտպանության միջոցների տեսակները, դրանց ցանկը և ապահովման կարգը հաստատելու մասին» N 679 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2026 թվականի
___________ի N ______-Ն որոշման
ԿԱՐԳ
Բնակչության անհատական պաշտպանության միջոցների տեսակները, դրանց ցանկը ԵՎ ապահովման
1. Անհատական պաշտպանության միջոցներով ապահովման սկզբունքները
1. Բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովվում են`
1) փրկարար ուժերի անձնակազմը` զտող հակագազերով, շնչադիմակներով, մաշկի պաշտպանության միջոցներով, իսկ քիմիական վտանգավոր օբյեկտներում վթարի վերացման աշխատանքներին մասնակցող փրկարար ուժերի անձնակազմը նաև լրացուցիչ մեկուսացնող և արդյունաբերական հակագազերով.
2) սահմանամերձ` մինչև 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունը` զտող հակագազերով և համազորային պաշտպանական լրակազմերով.
3) կազմակերպությունների աշխատողները, Հայկական ԱԷԿ-ի շուրջ 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունը` զտող հակագազերով և շնչադիմակներով.
4) քիմիական վտանգավոր օբյեկտների անձնակազմը` մեկուսացնող և արդյունաբերական հակագազերով.
5) Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան ու Հրազդան քաղաքների բնակչությունը և այդ քաղաքների կազմակերպությունների աշխատողները` զտող հակագազերով.
6) մնացած բնակավայրերի բնակչությունը` զտող հակագազերով:
2. Անհատական պաշտպանության միջոցներով ապահովման հերթականությունը
2. Բնակչությունն անհատական պաշտպանության միջոցներով ապահովվում է հետևյալ հերթականությամբ`
1) առաջին հերթին`
ա․ սահմանամերձ` մինչև 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունը,
բ․ փրկարար ուժերի անձնակազմը,
գ․ Հայկական ԱԷԿ-ի շուրջ 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունը և կազմակերպությունների աշխատողները.
դ․ քիմիական վտանգավոր օբյեկտների անձնակազմը.
2) երկրորդ հերթին`
ա․ Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան և Հրազդան քաղաքների կազմակերպությունների աշխատողները և այդ քաղաքների բնակչությունը.
3) երրորդ հերթին`
ա․ մնացած բնակավայրերի բնակչությունը:
3. Անհատական պաշտպանության միջոցների կուտակումը
3. Բնակչության պաշտպանության համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցները կուտակվում են նախապես զորահավաքային պահուստում դրանց պահեստավորմամբ և կազմակերպություններում համապատասխան պաշարների ստեղծմամբ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների միջոցների հաշվին:
4. Կազմակերպությունների աշխատողների և կազմակերպությունների փրկարար ուժերի անձնակազմի համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցները կուտակվում են կազմակերպություններում:
5. Բնակչության և կազմակերպությունների աշխատողների ու փրկարար ուժերի անձնակազմի համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցները կուտակվում են Հայաստանի Հանրապետության պետական պահուստի նյութական արժեքների կուտակման համար սահմանված կարգով:
4. Շնչառական օրգանների եվ մաշկի պաշտպանության հասարակ միջոցները
6. Անհատական պաշտպանության միջոցների բացակայության դեպքում, որպես մաշկի պաշտպանության հասարակ միջոցներ, կարող են հարմարեցվել սովորական հագուստը, մարզահագուստները (սպորտային կոստյումները) և կոշիկները, որոնք ենթարկվում են հերմետիկացման: Ցանկացած մարզահագուստ, ռետինե կոշիկներ և ձեռնոցներ կարող են դառնալ պաշտպանական զտող լրակազմ, եթե դրանք նախօրոք հագեցվեն հատուկ բաղադրությամբ: Այդ նպատակով կիրառվում են զանազան լվացող միջոցների լուծույթներ և օճառայուղային էմուլսիաներ: Մաշկի պաշտպանության հասարակ միջոցներն օգտագործվում են հակագազերի հետ զուգորդված` ճառագայթային փոշիներից և մանրէաբանական միջոցներից, իսկ քիմիական լուծույթներով հագեցնելուց հետո նաև մարտական թունավոր նյութերից պաշտպանվելու համար:
7․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը (այսուհետ՝ Փրկարար ծառայություն) բնակչությանն ուսուցանում է սեփական ուժերով շնչառական օրգանների պաշտպանության հասարակ միջոցների պատրաստման ու մաշկի պաշտպանության համար հագուստի հարմարեցման և դրանցից օգտվելու հնարքները:
5. Անհատական պաշտպանության միջոցների պահպանումը
8. Չափահաս բնակչության և երեխաների համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցները պահպանվում են զորահավաքային պահուստի պահեստներում:
9․ Կազմակերպությունների աշխատողների անհատական պաշտպանության միջոցների պաշարները պահպանվում են տվյալ կազմակերպությունների պահեստներում, ինչպես նաև դրանց համար նախատեսված պահարաններում:
10. Անհատական պաշտպանության միջոցների պահպանման պայմանները պետք է բավարարեն տվյալ օբյեկտում Փրկարար ծառայության կողմից սահմանված քաղաքացիական պաշտպանության գույքի երկարատև պահպանման պահանջները:
11․ Պահեստների շենքերի պայմանների անբավարարության և քաղաքացիական պաշտպանության գույքի երկարատև պահպանման պահանջների անհամապատասխանության դեպքում թույլատրվում է անհատական պաշտպանության միջոցները պահել ապաստարաններում ու այլ շինություններում:
6. Զորահավաքային պահուստի անհատական պաշտպանության միջոցների թարմացումը
12. Զորահավաքային պահուստի՝ որակական հատկանիշները կորցրած անհատական պաշտպանության միջոցները, որոնք լաբորատոր հետազոտման են ենթարկվում Փրկարար ծառայությունում (համապատասխան եզրակացությունը հաստատում է Փրկարար ծառայությունը) ենթակա են զորահավաքային պահուստից ապաամրագրման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներկայացմամբ՝ Փրկարար ծառայության և պետական ռեզերվների գործակալության եզրակացությունների հիման վրա։
13․ Կազմակերպությունների՝ պաշտպանական հատկանիշները կորցրած անհատական պաշտպանության միջոցները ոչնչացվում են և փոխարինվում են նորերով՝ կազմակերպությունների միջոցներով:
14. Զորահավաքային պահուստի ապաամրագրված անհատական պաշտպանության միջոցները կարող են օգտագործվել բնակչության և կազմակերպությունների փրկարար ուժերի ուսուցման համար:
7. Անհատական պաշտպանության միջոցների բաշխումը
15. Զորահավաքային պահուստից անհատական պաշտպանության միջոցները բնակչությանը բաշխվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ կազմակերպություններում` տվյալ կազմակերպության ղեկավարի որոշմամբ:
16․ Զորահավաքային պահուստի և կազմակերպությունների անհատական պաշտպանության միջոցների տեղաբաշխումն ու պահպանումն իրականացվում է` հաշվի առնելով կարճ ժամանակահատվածում դրանց բաշխման անհրաժեշտությունը:
17. Վտանգի առկայության դեպքում կազմակերպությունների փրկարար ուժերի անձնակազմերին, Հայկական ԱԷԿ-ի և քիմիական վտանգավոր օբյեկտների աշխատողներին, ինչպես նաև այն քաղաքների բնակչությանը, որտեղ տեղակայված են այդ օբյեկտները, և Հայկական ԱԷԿ-ի շուրջ 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությանն անհատական պաշտպանության միջոցները բաշխվում են նախօրոք:
18. Պատերազմի ժամանակ և արտակարգ իրավիճակներում անհատական պաշտպանության միջոցների բաշխման կարգը սահմանվում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների արտակարգ իրավիճակների ու քաղաքացիական պաշտպանության պլաններով:
19. Նշված պլաններով որոշվում են անհատական պաշտպանության միջոցների բաշխման կետերը, ժամանակը, քանակը և հերթականությունն ըստ համայնքների ու կազմակերպությունների:
20․ Այդ պլաններում նշվում են նաև պահեստներից անհատական պաշտպանության միջոցների ստացման, բաշխման կետեր հասցնելու, դրանց ստուգման և հարմարեցման, բեռնման-բեռնաթափման խմբերը, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ հատկացնող կազմակերպությունները և պատասխանատու անձինք:
-
Duration
29.04.2026 14.05.2026 -
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Internal Affairs
-
Status
Views 155
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.