«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի № 1569-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի № 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Վարչապետի մոտ շրջակա միջավայրի նախարարության 2025 թվականի աշխատանքների վերաբերյալ հաշվետվության քննարկման ընթացքում, ինչպես նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի 2026 թվականի փետրվարի 27-ի հանձնարարականի շրջանակում, շրջակա միջավայրի նախարարությանը հանձնարարվել է շահագրգիռ մարմինների հետ համատեղ քննարկել բնության կառավարման տնտեսական արդյունավետության բարձրացման, անտառային տարածքներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև այդ տարածքներում կիրառելի չափորոշիչների հստակեցման հարցերը։
Այդ հանձնարարականի կատարման շրջանակում իրականացված վերլուծությունների, ինչպես նաև շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների ամփոփման արդյունքում մշակվել է միասնական հայեցակարգ, որի գործնական իրագործման ուղղություններից մեկը Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի № 1569-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխությունների և լրացումների ընդունումն է։
Գործող կարգավորմամբ № 1569-Ն որոշման № 3 հավելվածով հաստատված թեմատիկ տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցում անտառները և բնության հատուկ պահպանվող տարածքները արդեն իսկ նախատեսված են որպես առանձին թեմատիկ խմբեր։ Սակայն դրանց վերաբերյալ ներկայում սահմանված հատկանիշները հիմնականում ապահովում են օբյեկտների հաշվառումն ու ընդհանուր քարտեզագրումը և բավարար չեն տարածքի իրավական ռեժիմի, թույլատրելի և սահմանափակված կամ արգելված գործունեության, կիրառվող իրավական հիմքերի, պատասխանատու մարմնի, ինչպես նաև այլ կարևոր տվյալների արագ և հստակ ընկալման համար։
Այս խնդիրը հատկապես տեսանելի է ազգային պարկերի դեպքում, քանի որ դրանց տարածքագործառնական գոտիները գործող կարգավորմամբ ամբողջությամբ չեն ներկայացվում որպես առանձին տարածական միավորներ։ Արդյունքում գործնականում դժվար է արագ պարզել, թե ազգային պարկի կոնկրետ որ գոտում ինչ գործունեություն է թույլատրելի, ինչը՝ սահմանափակված, իսկ ինչը՝ արգելված։
Նման պայմաններում ազգային գեոպորտալից օգտվող անձը՝ լինի ներդրում իրականացնող, տնտեսավարող սուբյեկտ, պետական մարմին կամ այլ շահագրգիռ կողմ, մինչև որևէ նախաձեռնություն սկսելը չի ստանում բավարար և կառուցվածքային տեղեկատվություն տվյալ տարածքի օգտագործման հնարավորությունների, սահմանափակումների, կիրառվող իրավական հիմքերի և պատասխանատու մարմնի վերաբերյալ։ Սա հանգեցնում է նրան, որ նախնական փուլում ներկայացվում են նաև այնպիսի նախաձեռնություններ, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն համապատասխանում տարածքի գործող իրավական ռեժիմին։ Արդյունքում ավելանում է նաև լիազոր մարմինների վարչարարական բեռը, իսկ ազգային գեոպորտալի գործնական նշանակությունը լիարժեքորեն չի իրացվում։
2. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ վերը նշված խնդրի լուծումը հնարավոր չէ ապահովել առանց գործող ստանդարտացման ուղեցույցի լրամշակման։ Քանի որ խնդիրը վերաբերում է հենց անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների թեմատիկ շերտերի կառուցվածքին, դրանց պարտադիր հատկանիշներին և ազգային գեոպորտալում այդ տվյալների ներկայացման ձևին, անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարել № 1569-Ն որոշման № 3 հավելվածում։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նրանով, որ դա բխում է պետական կառավարման համակարգում արդեն իսկ ձևակերպված հանձնարարականներից և նախարարության գործունեության առաջնահերթություններից։ Հետևաբար առաջարկվող նախագիծը միաժամանակ և՛ գործող կարգավորման կատարելագործման միջոց է, և՛ տրված հանձնարարականների կատարման համար ընտրված կոնկրետ իրավական գործիք։
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է ազգային գեոպորտալը դարձնել ոչ միայն տարածական տվյալների հրապարակման հարթակ, այլ նաև գործնական գործիք՝ անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ նախնական կողմնորոշման, տարածքի իրավական ռեժիմի տեսանելիության և միջգերատեսչական տվյալների համադրման համար։
Այդ նպատակով նախագծով լրամշակվում են № 1569-Ն որոշման № 3 հավելվածի 2-րդ գլուխը՝ անտառների մասով, և 11-րդ գլուխը՝ բնության հատուկ պահպանվող տարածքների մասով։
Անտառների մասով նախագծով ընդլայնվում են «Անտառներ և անտառային ռեսուրսներ» և «Անտառօգտագործում» շերտերի պարտադիր հատկանիշները։ Մասնավորապես նախատեսվում է ներառել տեղեկություններ՝ տվյալ տարածքում կամ օբյեկտի նկատմամբ թույլատրելի գործունեության կամ օգտագործման տեսակների, սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակների, կիրառվող իրավական կամ անտառաշինական հիմքերի, օգտագործման իրավունքի հնարավոր ձևերի, բնապահպանական պարտավորությունների, վերականգնման կամ անտառվերականգնման պահանջների, հատուկ պահպանության կամ այլ հատուկ ռեժիմ ունեցող տարածքների հետ համընկնման, կառավարումն իրականացնող մարմնի, համապատասխան էլեկտրոնային հղումների և տվյալների վերջին թարմացման ամսաթվի վերաբերյալ։
Բնության հատուկ պահպանվող տարածքների մասով՝ նախագծով սահմանվում է իրավական ռեժիմի ընթեռնելիության միասնական նվազագույն ստանդարտ։ Դրա համաձայն՝ պետական արգելոցներին, ազգային պարկերին, պետական արգելավայրերին և բնության հուշարձաններին վերաբերող տարածական շերտերում պետք է արտացոլվեն առնվազն տվյալ տարածքում թույլատրելի գործունեության տեսակները, սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակները, կիրառվող իրավական հիմքը, կառավարումն իրականացնող մարմնի անվանումը, համապատասխան էլեկտրոնային հղումը և տվյալների վերջին թարմացման ամսաթիվը։
Միաժամանակ նախագծով ազգային պարկերի տարածքագործառնական գոտիները պարտադիր ներկայացվում են որպես առանձին պոլիգոնային տարածական շերտ, ինչը թույլ է տալիս յուրաքանչյուր գոտու համար առանձին ներկայացնել դրա տարածական սահմանները և կիրառելի ռեժիմի հիմնական տարրերը։
Նախագիծը չի փոխում անտառների կամ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման գործող իրավական ռեժիմների բովանդակությունը։ Այն ուղղված է այդ ռեժիմների վերաբերյալ տվյալների ավելի ամբողջական, հստակ և գործնականում կիրառելի տարածական արտացոլմանը։ Միաժամանակ նախագծով կատարելագործվում է տվյալների կառուցվածքը, բարձրացվում է դրանց թափանցիկությունը և ընդլայնվում է ազգային գեոպորտալի գործնական կիրառելիությունը։
Հարկ է նշել, որ նախագծով հիմնականում Որոշման 11-րդ գլխում իրականացվել են նաև քերականական, տեխնիկական և մասնագիտական (ոլորտային) մի շարք շտկումներ:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում կձևավորվի ավելի հստակ, թափանցիկ և գործնականում կիրառելի տեղեկատվական միջավայր անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ։
Ազգային գեոպորտալից օգտվող անձը կկարողանա նախապես տեսնել տվյալ տարածքի կամ գոտու իրավական ռեժիմի հիմնական տարրերը, մասնավորապես՝ ինչ գործունեություն է թույլատրելի, ինչն է սահմանափակված կամ արգելված, որն է կիրառվող իրավական հիմքը, որ մարմինն է պատասխանատու տվյալ տարածքի կառավարման կամ պահպանության համար, ինչպես նաև երբ են վերջին անգամ թարմացվել տվյալները։
Ակնկալվում է, որ դրա արդյունքում՝ կնվազի այնպիսի նախաձեռնությունների թիվը, որոնք նախնական փուլում ակնհայտորեն չեն համապատասխանում տարածքի գործող իրավական ռեժիմին, կբարելավվի ներկայացվող առաջարկների որակը, կնվազի լիազոր մարմինների նախնական վարչարարական բեռը, կուժեղանա ազգային գեոպորտալի գործնական նշանակությունը, կբարելավվի տարբեր բազային և թեմատիկ շերտերի համադրումը, իսկ բնապահպանական ռեժիմները կդառնան ավելի տեսանելի և ընկալելի շահագրգիռ կողմերի համար։
6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն ակնկալվում:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը համահունչ է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի այն ուղղություններին, որոնք վերաբերում են պետական կառավարման արդիականացմանը, թվայնացմանը, տվյալահենք կառավարմանը և երկարաժամկետ կայուն զարգացմանը։
Նախագիծը համահունչ է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի այն ուղղություններին, որոնք վերաբերում են պետական կառավարման թվայնացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, թափանցիկության բարձրացմանը, կայուն զարգացմանը և կանաչ քաղաքականության գործիքների ամրապնդմանը։
Միաժամանակ նախագիծը բխում է բնության կառավարման տնտեսական արդյունավետության բարձրացման վերաբերյալ մշակված միասնական հայեցակարգից և փոխկապակցված է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների ոլորտներում իրականացվող օրենսդրական և ենթաօրենսդրական բարեփոխումների հետ՝ որպես դրանց տարածական-տվյալահեն բաղադրիչ։
-
Duration
20.04.2026 14.05.2026 -
Type
Decision
-
Area
Nature protection, Territorial administration and development, State property management, Cadastre, *, Information technologies
-
Ministry
Ministry of Environment
-
Status
Views 300
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.