ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ, ՈՒՍՈՒՄՆ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------------------------ 2026 թ. № --------- Ն
ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ, ՈՒՍՈՒՄՆ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները` համաձայն հավելված N 1-ի:
2. Ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները` համաձայն հավելված N 2-ի:
3. Սահմանել ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու համար համապատասխան ոլորտները՝ համաձայն հավելված N 3-ի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար ծագած հարաբերությունների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ` Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2026 թվականի
------ N ------ որոշման
ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններ է համարվում https://www.shanghairanking.com/ կայքի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու կամ դրան նախորդող տարվա Academic Ranking of World Universities ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատությունները:
3. Սույն կարգի համաձայն քաղաքացուն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացմամբ:
4. Սույն կարգի համաձայն աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով դիմումը ներկայացնելու պահին 17 տարին լրացած քաղաքացին կարող է տվյալ տարվա ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը դիմում ներկայացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու անձը հաստատող, ինչպես նաև համապատասխան ուսումնական հաստատության ուսանող կամ դիմորդ հանդիսացող փաստաթղթերը: Սույն կետով նախատեսված համապատասխան ժամկետներից հետո ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման, և դիմումի ստացման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են դիմումատուին՝ նշելով դիմումը վերադարձնելու հիմքը:
5. Սույն կարգի հիմքով տարկետում չեն կարող ստանալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման N 1 հավելվածի համաձայն տարկետում ստացած քաղաքացիները, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան զորակոչի ոչ ենթակա քաղաքացիները, ինչպես նաև սույն որոշման հավելված N 2-ի հիմքով տարկետում ստացած կամ հավելված N 2-ի 8-րդ կետով համապատասխան հայտ ներկայացրած քաղաքացիները:
6. Մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը ներկայացված դիմումների մասով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրում և դրանց սույն կարգի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ դիրքորոշումը քաղաքացիներին ներկայացնում է ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը, իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների մասով՝ ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա նոյեմբերի 20-ը: Քաղաքացին կարող է ներկայացված դիրքորոշման վերաբերյալ առարկություններ ներկայացել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ դիրքորոշումը ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
7. Սույն կարգի 6-րդ կետի համաձայն մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը ներկայացված դիմումների մասով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների նախագծերը պաշտոնապես շրջանառության մեջ կարող են դրվել ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների մասով՝ ոչ ուշ, քան տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պաշտոնապես շրջանառության մեջ դնելու օրը որոշման նախագիծը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի հրապարակման www.e-draft.am միասնական կայքում՝ հրապարակային քննարկման նպատակով:
8. Սույն կարգի պահանջներին համապատասխանող, սակայն այլ հիմքով տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում, որով նշված քաղաքացիների համար տարկետումն ուժի մեջ է մտնում այլ հիմքով ստացած տարկետումը դադարելու օրվանից:
2. ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
9. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման https://www.shanghairanking.com/ կայքի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու կամ դրան նախորդող տարվա Academic Ranking of World Universities ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի՝ ներառյալ տվյալ ուսումնական հաստատությունում նախապատրաստական ծրագրի մինչև մեկ տարի ժամկետով սովորելու (եթե նախապատրաստական ծրագիրը չի համարվում ինքնուրույն հանրակրթական կամ միջին մասնագիտական ծրագրի մաս), կամ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու համար:
10. Սույն կարգի համաձայն քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրի ուսումնառության ժամկետով: Ուսումնական հաստատությունը և ուսումնառության ժամկետն ամրագրվում են քաղաքացու զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից սույն կարգի 17-րդ կետով սահմանված տեղեկատվությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ստանալուց հետո, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը:
11. Ստացած տարկետման ժամկետի ընթացքում յուրաքանչյուր տարվա մինչև հոկտեմբերի 30-ը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը` հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ:
12. Տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու, ինչպես նաև սույն կարգի 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմինը հոկտեմբերի 30-ից սկսած 15-օրյա ժամկետում ամփոփված տվյալները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմնին: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով:
13. Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացին ուսումնառության ընթացքում ընդունվել է համապատասխան ավելի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն: Տվյալ դեպքում քաղաքացու ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից դրական դիրքորոշում ստանալու դեպքում վերջինս կարող է օգտվել տարկետման իրավունքից՝ մինչև նոր ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը:
14. Ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում ստացած այն քաղաքացիները, որոնց ատենախոսության պաշտպանությունը կամ որոնց օտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանի վկայագրի համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին իրականացվում է հայտարարված զորակոչի ընթացքում, պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում հաջորդ զորակոչի ժամանակ:
15. Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար տարկետում ստացած ու տարկետման ժամկետի ավարտից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները կարող են մասնակցել զինված ուժերի գիտական ստորաբաժանման համալրման մրցույթին և այլ հավասար պայմանների ապահովման դեպքում՝ օգտվել այդ ստորաբաժանումում ծառայության նշանակվելու նախապատվության իրավունքից:
16. Սույն կարգի համաձայն համապատասխան կրթական ծրագրով քաղաքացուն տրված տարկետման ժամկետը կարող է երկարաձգվել` համաճարակով կամ այլ արտակարգ իրավիճակով (տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքեր) պայմանավորված քաղաքացու ուսումնառության ավարտի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա, ինչպես նաև այն դեպքերում, երբ քաղաքացու դիմումում նախապես նշված ժամկետի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ուսումնառության ժամկետը չի համապատասխանում քաղաքացու փաստացի ուսումնառության ժամկետին կամ քաղաքացու առողջական վիճակով պայմանավորված սահմանված ժամկետում ուսումնական հաստատությունը չավարտելու դեպքում՝ բժշկական հաստատության (բժշկի) և ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքների համադրության արդյունքում: Տրված տարկետման ժամկետի սույն կետի համաձայն երկարացումը ձևակերպում է համապատասխան զինվորական կոմիսարիատը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տարկետումը երկարացնելու վերաբերյալ տրված եզրակացության հիման վրա: Սույն կետով քաղաքացիների տարկետման ժամկետը կարող է երկարացվել ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը:
17. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններ սովորելու հանգամանքը գնահատվում է նաև դիմորդի կարգավիճակի առկայության դեպքում։ Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման մեջ սահմանվում է, որ տարկետում ստացած քաղաքացին ամառային զորակոչի ժամանակ մինչև սեպտեմբերի 30-ը, իսկ ձմեռային զորակոչի ժամանակ՝ մինչև մարտի 1-ը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն է ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու և ուսումնառության ժամկետների վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք։ Համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու և ուսումնառության ժամկետների վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքն ուսումնասիրվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից և 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացվում Պաշտպանության նախարարություն՝ քաղաքացիների համապատասխան ուսումնական հաստատությունում ուսումնառության և դրա ժամկետների վերաբերյալ կամ տեղեկատվություն քաղաքացիների կողմից համապատասխան տեղեկանքները չներկայացվելու մասին: Սույն կետով սահմանված ժամկետներում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն համապատասխան տեղեկանքները չներկայացնելու դեպքում քաղաքացին համարվում է տարկետման իրավունք չունեցող, իսկ նրան տրված տարկետումը համարվում է դադարեցված և նա չի կարող նույն հիմքով հաջորդ զորակոչին հավակնել տարկետման իրավունքի:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2026 թվականի
------ N ------ որոշման
ՈՒՍՈՒՄՆ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են սույն որոշման N 1 հավելվածի կարգավորումների համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի համաձայն քաղաքացուն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացմամբ:
3. Սույն կարգի համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի կարող է հավակնել սույն որոշման հավելված N 1-ի կարգավորումների համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և ուսումն ավարտած ու համապատասխան որակավորում ստացած քաղաքացիները:
4. Սույն կարգի համաձայն ուսումն ավարտելուց և համապատասխան որակավորում ստանալուց հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք ստանալու նպատակով քաղաքացին կարող է տվյալ տարվա ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը դիմում ներկայացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Դիմումին կից ներկայացվում են.
1) քաղաքացու անձը հաստատող փաստաթղթեր,
2) քաղաքացու նախազորակոչային տարիքի զինվորական հաշվառման գրքույկ,
3) ուսումնական հաստատությունը ավարտելու և համապատասխան որակավորումը փաստող հիմքեր,
4) սույն որոշման N 3 հավելվածում սահմանված ոլորտներում և համապատասխան կազմակերպությունում աշխատելու վերաբերյալ տեղեկանք, իսկ Սույն հավելվածի 11-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված կազմակերպություններում աշխատելու դեպքում նաև տվյալ կազմակերպության սույն հավելվածի 11-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված պայմաններին համապատասխանելու վերաբերյալ հիմքեր: Քաղաքացին կազմակերպությունում պետք է աշխատի որպես հաստիքային հիմնական (ոչ համատեղությամբ) աշխատող:
5. Մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը ներկայացված դիմումների մասով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրում և դրանց սույն կարգի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ դիրքորոշումը քաղաքացիներին ներկայացնում է ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը, իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների մասով՝ ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա նոյեմբերի 20-ը: Քաղաքացին կարող է ներկայացված դիրքորոշման վերաբերյալ առարկություններ ներկայացել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ դիրքորոշումը ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
6. Սույն կարգի 5-րդ կետի համաձայն մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը ներկայացված դիմումների մասով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների նախագծերը պաշտոնապես շրջանառության մեջ կարող են դրվել ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների մասով՝ ոչ ուշ, քան տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պաշտոնապես շրջանառության մեջ դնելու օրը որոշման նախագիծը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի հրապարակման www.e-draft.am միասնական կայքում՝ հրապարակային քննարկման նպատակով:
7. Սույն կարգի պահանջներին համապատասխանող, սակայն այլ հիմքով տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում, որով նշված քաղաքացիների համար տարկետումն ուժի մեջ է մտնում այլ հիմքով ստացած տարկետումը դադարելու օրվանից:
8. Սույն կարգի համաձայն առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքին հավակնելու նպատակով դեռ ուսումնական հաստատությունը չավարտած և համապատասխան ոլորտում աշխատանքի չընդունված զորակոչի ենթակա քաղաքացին կարող է տվյալ տարվա մայիսի 1-ից մինչև 31-ը կամ նոյեմբերի 1-ից մինչև 30-ը դիմում հայտ ներկայացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու անձը հաստատող և ուսումնական հաստատության ավարտական կուրսում գտնվելու վերաբերյալ տեղեկանք:
9. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված դիմում հայտը ուսումնասիրվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից և դիմումների ընդունման վերջնաժամկետից հետո 20-օրյա ժամկետում ներկայացվում է Պաշտպանության նախարարություն՝ որի արդյունքում քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվում հաջորդ զորակոչի ժամանակ:
10. Սույն կարգի 4-րդ և 8-րդ կետերով նախատեսված համապատասխան ժամկետներից հետո ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման, և դիմումի ստացման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են դիմումատուին՝ նշելով դիմումը վերադարձնելու հիմքը:
2. ՈՒՍՈՒՄՆ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
11. Սույն կարգի իմաստով կազմակերպությունում աշխատանք է համարվում.
1) Սույն որոշման 3-րդ հավելվածով սահմանված հանրային կառավարման ոլորտում աշխատանք է համարվում Հանրապետության նախագահի աշխատակազմում, նախարարություններում, ինչպես նաև կառավարությունում, կառավարության, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմիններում, Ազգային Ժողովում, դատական իշխանության մարմիններում և անկախ պետական մարմիններում աշխատանքը,
2) կրթական (այդ թվում հանրակրթական), գիտական, կազմակերպություններում աշխատանքը,
3) Ռազմարդյունաբերության ոլորտի այն կազմակերպություններում (ցանկը (ռեեստր) սահմանում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը) աշխատանքը, որոնք առնվազն 5 տարի անընդմեջ գործունեություն են ծավալել (համաձայն գրանցող իրավասու մարմնի տվյալների) և որոնց հաստիքային աշխատողների քանակը վերջին 5 տարվա ընթացքում չի եղել 50-ից պակաս (համաձայն Պետական եկամուտների կոմիտեի տվյալների),
4) Բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն կազմակերպություններում (ցանկը (ռեեստր) սահմանում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը) աշխատանքը, որոնք առնվազն 2 տարի անընդմեջ գործունեություն են ծավալել (համաձայն գրանցող իրավասու մարմնի տվյալների) և որոնց հաստիքային աշխատողների քանակը վերջին 2 տարվա ընթացքում չի եղել 20-ից պակաս (համաձայն Պետական եկամուտների կոմիտեի տվյալների),
5) Արդյունաբերության ոլորտ՝ այդ թվում նաև բարձր տեխնոլոգիաների արտադրությունը, գյուղմթերքի արտադրությունը և հանքարդյունաբերությունը - սույն կարգի իմաստով արդյունաբերության ոլորտում աշխատանք է համարվում նշված ոլորտի այն կազմակերպություններում աշխատանքը, որոնք առնվազն 10 տարի անընդմեջ գործունեություն են ծավալել (համաձայն գրանցող իրավասու մարմնի տվյալների) և որոնց հաստիքային աշխատողների քանակը վերջին 5 տարվա ընթացքում չի եղել 100-ից պակաս կամ 5 տարի անընդմեջ գործունեություն են ծավալել (համաձայն գրանցող իրավասու մարմնի տվյալների) և որոնց հաստիքային աշխատողների քանակը վերջին 5 տարվա ընթացքում չի եղել 300-ից պակաս (համաձայն Պետական եկամուտների կոմիտեի տվյալների) կամ Էներգետիկ ոլորտի ՊՓԲԸ-ներում աշխատանքը,
6) Առողջապահության ոլորտի այն կազմակերպություններում (ցանկը (ռեեստր) սահմանում է Առողջապահության նախարարությունը՝ ներառյալ մարզային բժշկական կազմակերպությունները) աշխատանքը, որոնք առնվազն 5 տարի անընդմեջ գործունեություն են ծավալել (համաձայն գրանցող իրավասու մարմնի տվյալների) և որոնց հաստիքային աշխատողների քանակը վերջին 5 տարվա ընթացքում չի եղել 100-ից պակաս (համաձայն Պետական եկամուտների կոմիտեի տվյալների): Սահմանված կազմակերպությունում աշխատանքը պետք է ներառի նաև առնվազն 6 ամիս` մարզային բժշկական կազմակերպություններում աշխատանքը:
7) Ֆինանսական ոլորտի այն կազմակերպություններում (ցանկը (ռեեստր) սահմանում է Ֆինանսների նախարարությունը) աշխատանքը, որոնք առնվազն 5 տարի անընդմեջ գործունեություն են ծավալել (համաձայն գրանցող իրավասու մարմնի տվյալների) և որոնց հաստիքային աշխատողների քանակը վերջին 5 տարվա ընթացքում չի եղել 100-ից պակաս (համաձայն Պետական եկամուտների կոմիտեի տվյալների) կամ կենտրոնական բանկում աշխատանքը:
12. Առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացին տարկետման ընթացքում յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում պարտավոր է Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել 183 և ավելի օր, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել գործատուի կողմից գործուղվելու կամ գործատուի համաձայնությամբ որակավորման բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու հանգամանքներով:
13. Առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում աշխատելու պահանջը կարող է կատարվել չորս տարվա ընթացքում, եթե քաղաքացին որակավորման բարձրացման նպատակով գտնվում է այլ երկրում կամ քաղաքացու կամքից անկախ հանգամանքներում նա չի աշխատում տվյալ կազմակերպությունում:
14. Աշխատանքը ընդհատվելու դեպքում քաղաքացին պարտավոր է երեք ամսվա ընթացքում սույն կարգի պահանջներին համապատասխան անցնել նոր աշխատանքի: Նշված պահանջը չկատարելու դեպքում քաղաքացին ենթակա է լինում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով:
15. Ստացած տարկետման ժամկետի ընթացքում յուրաքանչյուր տարվա մինչև դեկտեմբերի 30-ը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում տարկետում ստանալու համար հիմք հանդիսացած կազմակերպությունում աշխատանքը շարունակելու և Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 և ավելի օր գտնվելու վերաբերյալ տեղեկանք:
16. Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմինը դեկտեմբերի 30-ից սկսած 15-օրյա ժամկետում ամփոփված տվյալները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմնին: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով:
17. Սույն հավելվածի 11-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նախատեսված կազմակերպությունների ցանկը (ռեեստր) սահմանվում կամ դրանցում փոփոխություն կամ լրացում է կատարվում և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն է ներկայացվում՝ ամառային զորակոչի դեպքում՝ մինչև ապրիլի 1-ը, իսկ ձմեռային զորակոչ դեպքում՝ մինչև հոկտեմբերի 1-ը:
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2026 թվականի
------ N ------ որոշման
ՈՒՍՈՒՄՆ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
1. Աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի՝ Academic Ranking of World Universities ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կամ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու և ուսումն ավարտելուց ու համապատասխան որակավորում ստանալուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրվում է հետևյալ ոլորտներում ստացած որակավորմամբ և մասնագիտությամբ աշխատելու համար.
1) Հանրային կառավարման ոլորտ,
2) Կրթության և գիտության ոլորտ,
3) Ռազմարդյունաբերության ոլորտ,
4) Բարձր տեխնոլոգիաների ոլորտ,
5) Արդյունաբերության ոլորտ՝ այդ թվում նաև բարձր տեխնոլոգիաների արտադրությունը, գյուղմթերքի արտադրությունը և հանքարդյունաբերությունը,
6) Առողջապահության ոլորտ,
7) Ֆինանսական ոլորտ:
-
Duration
10.04.2026 26.04.2026 -
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
-
Status
Views 263
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.