«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծեր
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիական ծառայության համակարգում փորձնակության ինստիտուտի համապարփակ վերանայման և արդիականացման անհրաժեշտությամբ։ Գործող կարգավորումները, ըստ էության, սահմանում են փորձնակության չվարձատրվող մոդել, որը ժամանակակից սոցիալ-իրավական պայմաններում չի ապահովում երիտասարդ մասնագետների համար քաղաքացիական ծառայության համակարգ մուտք գործելու հավասար հնարավորություններ։
Նախագծի հիմնական նպատակն է ձևավորել մրցունակ, սոցիալապես արդար և ինստիտուցիոնալ առումով կայուն փորձնակության համակարգ, որը մի կողմից կծառայի որպես քաղաքացիական ծառայության համար կադրային ռեզերվի ձևավորման արդյունավետ գործիք, մյուս կողմից՝ կապահովի փորձնակների նվազագույն սոցիալական պաշտպանվածությունը։
Նախագիծը նաև նպատակ ունի ապահովել իրավական ամբողջականություն և փոխկապակցվածություն օրենքի և փորձնակության կարգավորումները սահմանող ենթաօրենսդրական ակտերի միջև՝ բացառելով կարգավորման բացերը և հնարավոր իրավական հակասությունները։
Միաժամանակ, հայտնում ենք, որ Նախագիծը մշակվել է 2025 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ Վարչապետի մոտ կայացած «Հանրային կառավարման բարեփոխումների առաջընթացի մասին» խորհրդակցության արձանագրության 2-րդ կետի 8-րդ ենթակետի շրջանակներում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տ․ Խաչատրյանի մոտ 2025 թվականի դեկտեմբերի 17-ին կայացած քաղաքացիական ծառայության ոլորտում օրենսդրական կարգավորումների վերաբերյալ քննարկման արձանագրության 2-րդ կետի 1․4-րդ ենթակետի հանձնարարականի պահանջների կատարումն ապահովելու նպատակով։
Ինչ վերաբերում է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքով նախատեսվող փոփոխությանը, ապա այդ փոփոխությամբ նախատեսվում է հստակեցնել և ընդլայնել հանրային ծառայության ստաժի իրավական կարգավորումը՝ ապահովելով, որ հանրային ծառայության ստաժի հաշվարկման շրջանակում կարողանան ներառվել նաև այն ժամանակահատվածները, որոնք այլ օրենքներով ճանաչվում են որպես հանրային ծառայության ստաժ։
2․ Կարգավորման նպատակը
Նախագծով առաջարկվում են հետևյալ կարգավորումները.
1) Նախատեսվում է ամրագրել փորձնակի վարձատրության վերաբերյալ կարգավորումներ: Չվարձատրվող փորձնակության ինստիտուտը ժամանակակից իրավական պետության պայմաններում չի կարող դիտարկվել որպես սոցիալապես արդար կամ հավասար հնարավորություններ ապահովող մեխանիզմ։ Այն փաստացի սահմանափակում է գործընթացին մասնակցության հնարավորությունը այն անձանց համար, ովքեր չունեն ֆինանսական անկախություն։ Վարձատրության սահմանումն կապահովի փորձնակների աշխատանքի նկատմամբ արդար փոխհատուցումը, կբարձրացնի գործընթացի գրավչությունը և մրցունակությունը, ինչպես նաև կնվազեցնի սոցիալական խտրականության ռիսկերը, ինչը համապատասխանում է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) մոտեցումներին, ըստ որոնց աշխատանքի փաստացի կատարումը պետք է ուղեկցվի արդար վարձատրությամբ։
Միաժամանակ, փորձնակների հնարավոր վարձատրության չափը նախատեսվում է սահմանել՝ ելնելով քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի համար նախատեսված վարձատրության մակարդակից։ Վերջինս քաղաքացիական ծառայության համակարգում հանդիսանում է սկզբնական մակարդակի մասնագիտական պաշտոններից, որը, ըստ իր բովանդակության, պահանջվող կարողությունների և պատասխանատվության աստիճանի, առավել մոտ է փորձնակի կողմից փաստացի իրականացվող գործառույթներին։ Այս համեմատությունը հիմնավորված է նաև այն հանգամանքներով, որ փորձնակը, թեև չի հանդիսանում քաղաքացիական ծառայող, այնուհանդերձ իրականացնում է մասնագիտական բնույթի առաջադրանքներ և մասնակցում է համապատասխան մարմնի գործառույթների իրականացմանը, ինչպես նաև փորձնակության ընթացքում ձեռք բերվող հմտություններն ու փորձառությունը ուղղակիորեն նպատակաուղղված են քաղաքացիական ծառայության համակարգում հետագա մասնագիտական ներգրավմանը և վարձատրության չափի կապակցումը քաղաքացիական ծառայության ստորին ենթախմբի հետ ապահովում է վարձատրության ներքին համաչափություն և կանխում է ինչպես անհամաչափ բարձր, այնպես էլ սոցիալապես անբավարար փոխհատուցման սահմանումը։
Հարկ է նկատել նաև, որ 2019 թվականից մինչև 2025 թվականի հունիսի 23-ը ներառյալ գործել է փորձնակների ներգրավման 1 մակարդակ` ներգրավում վարկանիշային ցուցակից, իսկ 2025 թվականի հունիսի 23-ից ուժի մեջ մտած կարգավորումներով առկա է փորձնակների ներգրավման 3 մակարդակ՝
1․ Վարկանիշային ցուցակ կազմելու համար թեստավորման արդյունքում առնվազն 30 միավոր հավաքած քաղաքացիների ներգրավում։
2․ Դիմելու օրվան նախորդող 3 տարում ԲՈՒՀ-ն ավարտած և միջին որակական գնահատականի առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոս ապահոված քաղաքացիների ներգրավում։
3․ Աշխատանքի վրա հիմնված (work based learning) մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական գործընթացում ներգրավված ուսանողների գրանցում։
Ինչպես կարելի է նկատել, ներկայացված թվերը վկայում են փորձնակների ներգրավման գործընթացի ցածր ակտիվության մասին թե պոտենցիալ փորձնակների, և թե պետական մարմինների կողմից, ինչը չի բխում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրով, Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» N 691 - L որոշմամբ հաստատված հավելվածով ստանձնած հանձնարառությունների պահանջներից:
2) Նախագծով առաջարկվում է ընդլայնել Օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լիազորող նորմի բովանդակությունը՝ ներառելով ոչ միայն փորձնակի գրանցման, ստաժի հաշվարկման, աշխատաժամանակի և աշխատանքների մասնակցության, այլ նաև վարձատրության և քվոտավորման (այդ թվում՝ պիլոտային քվոտավորման) պահանջի կարգավորման հարցերը։
Այս առումով հարկ է նկատել, որ քվոտավորման ինստիտուտի ներդրումը թույլ կտա փորձնակների ներգրավումը դարձնել ոչ թե կամավոր, այլ համակարգային և պարտադիր բնույթ կրող գործընթաց։ Սա կարևոր է պետական մարմինների միջև անհավասար մոտեցումները բացառելու և ծրագրի կիրառելիությունն ապահովելու համար։
3) Նախագծով առաջարկվում է նաև փոփոխություններ կատարել «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի մի շարք հոդվածներում՝ պայմանավորված նշված օրենքում 2024 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված ՀՕ-475-Ն օրենքով կատարված փոփոխությունների հետևանքով առաջացած հղումների անհամապատասխանությունների վերացման, ինչպես նաև օրենսդրության կիրառման գործընթացում ի հայտ եկած գործնական անհրաժեշտությամբ։
Մասնավորապես՝
1) Օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ մասում «16» թվի փոխարեն առաջարկվում է նշել «17» թիվը,
2) 37-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-րդ կետում «15» թվի փոխարեն՝ «12» թիվը,
3) 39-րդ հոդվածի 6-րդ մասում կատարվում է համալիր խմբագրում՝ հղումները համապատասխանեցնելով օրենքի ներկայումս գործող կառուցվածքին և գործնական անհրաժեշտությանը։
Ձևակերպված փոփոխությունները նպատակ ունեն ապահովելու օրենքի ներքին համահունչ կառուցվածքը, հստակությունը և իրավական նորմերի ճշգրիտ գործածությունն իրավակիրառ պրակտիկայում։ Դրանք բովանդակային փոփոխություններ չեն ենթադրում, չեն վերանայում օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները, և ունեն բացառապես տեխնիկական բնույթ։
Նախատեսվում է նաև Օրենքի 21-րդ և 35-րդ հոդվածներում կատարել համապատասխան լրացումներ, որոնք նպատակ ունեն հստակեցնել, տարանջատել և միաժամանակ համադրել հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող անհամատեղելիության պահանջների խախտման հիմքը։ Գործող կարգավորումների պայմաններում անհամատեղելիության պահանջների չպահպանումը ոչ միշտ է միանշանակ ընկալվում, ինչը կարող է հանգեցնել իրավակիրառ պրակտիկայում անորոշության։ Առաջարկվող լրացումներով նախատեսվում է վերացնել առկա անհամապատասխանությունը։
Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է հանրային ծառայության ստաժի մեջ ներառվող ժամանակահատվածների շրջանակը՝ ներառելով պետական և համայնքային պաշտոններում աշխատանքը, ինչպես նաև նշված օրենքով սահմանված կարգով փորձագետ աշխատելու ժամանակահատվածները։
Ներկայիս ձևակերպումը ամբողջությամբ չի արտացոլում այն դեպքերի ընդգրկման հնարավորությունը, որտեղ ոլորտային օրենքներով կարող են նախատեսվել նաև այլ ժամանակահատվածներ, որոնք օրենքով կհամարվեն հանրային ծառայության ստաժ հաշվարկվող ժամանակահատվածներ, ինչի արդյունքում կարող են առաջանալ մեկնաբանման տարբեր մոտեցումներ կամ իրավակիրառական դժվարություններ։
Ասվածի մասին է փաստում նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասում առկա կարգավորումը, որի համաձայն՝ համապատասխան մարմիններում փորձնակ գրանցված ժամանակաշրջանը նշված օրենքի իմաստով հաշվարկվում է որպես հանրային ծառայության ստաժ։
Արդյունքում, աաջարկվող փոփոխությունը միտված է իրավակարգավորման հստակեցմանը, տարբեր օրենքներով նախատեսված կարգավորումների միջև համադրելիության ապահովմանը և իրավակիրառական պրակտիկայում հնարավոր անորոշությունների կանխմանը։
-
Продолжительность
06.03.2026 21.03.2026 -
Тип
Закон
-
Область
Гражданская служба
-
Министерство
Офис гражданской службы Аппарата Премьер-министра
-
Test
Просмотры 247
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .