««Ազատ տնտեսական գոտիների մասին»» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Անհրաժեշտությունը
Սույն օրենքի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է` 2011 թվականի մայիսի 25-ի «Ազատ տնտեսական գոտիների մասին» N ՀՕ-193-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկման ընթացքում բացահայտված խնդիրների լուծման և ազատ տնտեսական գոտիների գործունեությունը կարգավորող իրավական ակտի լավարկման, հնարավոր երկիմաստությունների բացառման, Օրենքի հստակեցման, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների շահագործողների գործունեության վերաբերյալ հնարավոր ոչ արժանահավատ տեղեկատվության ստացման հնարավորինս բացառման անհրաժեշտությամբ։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Օրենքի ներկայիս տարբերակով ազատ տնտեսական գոտու շահագործողները ազատ տնտեսական գոտու շահագործողի վկայականի գործողության ժամանակահատվածում` տարեկան կտրվածքով յուրաքանչյուր օրացուցային տարին լրանալուց հետո՝ 30 օրացուցային օրվա ընթացքում լիազոր մարմին են ներկայացնում հերթական հայտարարագրերը։ Հարկ է ընդգծել, որ լիազոր մարմինը որևէ վերահսկողական գործառույթ և լիազորություն չունի ստուգելու շահագործողի կողմից ներկայացված հերթական հայտարարագրում արտացոլված տեղեկատվության իսկությունը։ Ուստի բացառելու համար շահագործողների կողմից ոչ իրական տեղեկատվության ներկայացումը նախատեսվում է սահմանել պահանջ հերթական հայտարարագիրը ներկայացնելուց զատ ներկայացնել նաև աուդիտորական եզրակացություն՝ փաստացի իրականացված ներդրումների, ստեղծված աշխատատեղերի և արտադրության ծավալների մասով։
Օրենքի ներկայիս տարբերակում շահագործողների՝ շահագործողների ռեեստրից հանելու հիմքերը կարիք ունեն հստակեցման, մասնավորապես, հարկ է հստակեցնել՝
Ø շահագործողի՝ շահագործողների ռեեստրից իրավունքի ուժով դուրս գալու դեպքում առանձին իրավական ակտի անհրաժեշտություն առկա չլինելու հանգամանքը,
Ø շահագործողի կողմից սկզբնական հայտարարագրով ներկայացված ցուցանիշները չապահովելու դեպքում շահագործողին շահագործողների ռեեստրից հանելու հիմքը։
Օրենքի ներկայիս տարբերակում հստակ չէ նաև ազատ տնտեսական գոտու կազմակերպչի և շահագործողի գործունեության ժամկետի հաշվարկման կարգը, ինչպես նաև առկա չէ վերջիններիս կողմից գործունեության ժամկետի ավարտից հետո գործունեության ժամկետը երկարաձգելու դրույթ։
Միաժամանակ, Օրենքի ներկայիս տարբերակով ազատ տնտեսական գոտու տարածքում արգելվում է ազատ տնտեսական գոտու շահագործողների և շահագործող չհանդիսացող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միջև այնպիսի գործարքների իրականացում, որոնց շրջանակներում իրականացվում է ապրանքների հանձնում շահագործողից շահագործող չհանդիսացող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը: Սակայն սույն դրույթը բավականին խիստ է, ավելին, հակասում է այլ իրավական ակտերով առկա կարգավորումներին։ Մասնավորապես, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 205-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված բոլոր ապրանքների կամ ապրանքների մի մասի, և (կամ) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ ԱՏԳ տարածքում կարող են իրականացվել գործարքներ, որոնք նախատեսում են այդ ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքների փոխանցում: Ընդ որում, «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը պետք է ավարտվի Օրենսգրքով սահմանված կարգով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նույն հոդվածի 8-րդ, 10-րդ և 11-րդ կետերին համապատասխան՝ թույլատրվում է նշված ապրանքների փոխանցումը՝ առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու: Օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելիս ապրանքների հայտարարատու կարող են հանդես գալ նույն կետում նշված անձինք։ Մասնավորապես, նույն կետի 5-րդ ենթակետի համաձայն` այդպիսի անձ է հանդիսանում ԱՏԳ ռեզիդենտ (մասնակից, սուբյեկտ) չհանդիսացող անձը, որին փոխանցված են «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքները, եթե «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է նույն ենթակետով նշված դեպքերում: Միաժամանակ, «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ» 18.06.2010թ. համաձայնագրի 9-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` ԱՏԳ տարածքում թույլատրվում է ոչ միայն «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված, այլ նաև այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների, այդ թվում` օտարերկրյա ապրանքների տեղակայումը:
Այս հանգամանքները առաջացրել են անհրաժեշտություն՝ մշակելու ազատ տնտեսական գոտիների գործունեության ոլորտի կատարելագործմանն ուղղված սույն Նախագիծը։
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության տնտեսությունում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է արդյունաբերության մրցունակության բարելավմանը և ճյուղի զարգացմանը, արդյունաբերության ճյուղի արտադրողականության բարձրացմանը, ներդրումների ներգրավման, նոր աշխատատեղերի ստեղծման, արտահանման խթանման միջոցով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելուն, որի նպատակով էլ ստեղծվում և գործում են ազատ տնտեսական գոտիները։
4. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով սահմանվում է Օրենքի շրջանակներում աուդիտորական եզրակացության հասկացությունը, ներկայացվում է շահագործողների համար աուդիտորական եզրակացություն ներկայացնելու պահանջ, ինչպես նաև սահմանվում են վերջինիս ներկայացման առնչությամբ ծագող հարաբերություները։
Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է դրույթ՝ համաձայն որի ազատ տնտեսական գոտիների շահագործողների կողմից ներկայացված հերթական հայտարարագրերը լիազոր մարմնի կողմից ներկայացվում են ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին (այսուհետ՝ Հանձնաժողով) և Հանձնաժողովի կազմում ներառված մարմիններ։
Սույն Նախագծով հստակեցվում են Հանձնաժողովի, լիազոր մարմնի լիազորությունները, գործառույթները։
Նախագծով հստակեցվում են ազատ տնտեսական գոտու կազմակերպչի, շահագործողի կողմից գործունության իրականացման ժամկետի հաշվարկումը, սահմանվում գործունեության ժամկետի երկարաձգման դրույթ, ժամկետի երկարաձգման համար հայտի ներկայացման ժամկետները։
Միաժամանակ, Նախագծով ազատ տնտեսական գոտու շահագործողի և շահագործող չհանդիսացող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միջև ապրանքի մատակարարումը սահմանափակող դրույթը, փոխարինվում է ապրանքի Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ձեռք բերելու պայմանով թույլատրելի դառնալու դրույթով։
Նախագծով նաև հստակեցվում են թե´ առանց Կառավարության որոշման՝ իրավունքի ուժով, թե´ Կառավարության որոշմամբ ազատ տնտեսական գոտու կազմակերպչի և շահագործողների գործունեության դադարեցման հիմքերը և դեպքերը։
Նախագծով առաջարկվող փոփոխությունները միտված են կարգավորելու ազատ տնտեսական գոտիների գործունեության ոլորտում առկա հնարավոր խնդիրները և ազատ տնտեսական գոտիների զարգացմանը նպաստելուն։
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կարգավորել ազատ տնտեսական գոտիների գործունեությունը կարգավորող իրավական դաշտում առկա խնդիրները, հստակեցնել տարընթերցումների տեղիք տվող դրույթները, ինչպես նաև բարձրացնել ազատ տնտեսական գոտիների շահագործողների գործունեության զգոնության մակարդակը։
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի 2.1 «ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ» ենթաբաժնի ենթակառուցվածքների և միջավայրի գերազանցություն ապահովելով՝ արդեն իսկ գործող տնտեսական գոտիները զարգացնելու դրույթից։
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։
Նախագծի ընդումամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
-
Продолжительность
03.03.2026 18.03.2026 -
Тип
Закон
-
Область
Экономика, Экономическая
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 355
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .