Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.       Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Թվային տեխնոլոգիաների զարգացման պայմաններում խաղային գործունեությունը և դրա հետ կապված ծառայությունները լայնորեն տեղափոխվել են առցանց միջավայր։ Միաժամանակ ձևավորվել են իրավիճակներ, երբ Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի են դառնում չլիցենզավորված կազմակերպիչների կողմից առաջարկվող խաղային ծառայություններ, ինչպես նաև դրանց գովազդը։

Գործող իրավակարգավորումը լիարժեք չի ապահովում՝

·       Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված կազմակերպիչների կողմից խաղային գործունեության մասնակցության հնարավորության արդյունավետ սահմանափակումը,

·       նման կայքերի և դրանց ապրանքային նշանների գովազդի կանխումը,

·       վճարահաշվարկային գործարքների նկատմամբ բավարար վերահսկողությունը,

·       լիցենզավորման պայմանների և պահանջների արդյունավետ վերահսկման գործիքակազմը։

Արդյունքում ստեղծվում է իրավական և գործնական անհամաչափություն լիցենզավորված կազմակերպիչները գործում են խիստ կարգավորման պայմաններում, մինչդեռ չլիցենզավորված սուբյեկտները կարող են առանց համարժեք վերահսկողության ներգրավել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձանց։ Սա խաթարում է հավասար մրցակցային պայմանները, նվազեցնում է կարգավորվող շուկայի բաժինը և թուլացնում պետական վերահսկողության արդյունավետությունը։

Միաժամանակ առցանց միջավայրում գովազդի թիրախավորման տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս շրջանցել գործող սահմանափակումները՝ ապահովելով արգելված կամ չթույլատրված առաջարկների հասանելիություն Հայաստանի Հանրապետության տարածքում։

Նշված խնդիրները պայմանավորում են իրավական հստակեցումների և լրացուցիչ գործիքների ներդրման անհրաժեշտությունը՝ ուղղված.

·       չլիցենզավորված խաղային առաջարկների հասանելիության սահմանափակմանը,

·       դրանց գովազդի կանխմանը,

·       ֆինանսական հոսքերի վերահսկելիության բարձրացմանը,

·       լիցենզավորման պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողության արդյունավետության ուժեղացմանը։

Այսպիսով, նախագծերի ընդունումը պայմանավորված է առցանց միջավայրում ձևավորված կարգավորման բացերի վերացմամբ և խաղային ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության ապահովման անհրաժեշտությամբ։

 

2.       Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

2.1. Գործող ընթացակարգի բարդությունն ու տևողությունը

Ներկայումս օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպվող ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կայքերի արգելափակումը իրականացվում է բազմափուլ և համադրական վարչարարական ընթացակարգով։

Ընթացակարգը ներառում է.

·       մշտադիտարկում և տեղեկատվության հավաքագրում,

·       միջգերատեսչական հանձնաժողովի կողմից քննարկում,

·       շահագրգիռ մարմինների (ԱԱԾ, ԲՏԱՆ) դիրքորոշումների ստացում,

·       հանձնաժողովի եզրակացության ընդունում և հրապարակում,

·       լիազոր մարմնի ղեկավարի կողմից ցանկի հաստատում,

·       ցանկի փոխանցում ՀԾԿՀ,

·       ՀԾԿՀ-ի կողմից այն օպերատորներին ուղարկում,

·       օպերատորների կողմից DNS արգելափակում։

Նորմատիվ ժամկետների հաշվարկով՝

·       շահագրգիռ մարմինների դիրքորոշումները ներկայացվում են հանձնաժողովի նիստից առնվազն 2 օր առաջ,

·       ցանկը հաստատելուց հետո 1 օրվա ընթացքում փոխանցվում է ՀԾԿՀ,

·       ՀԾԿՀ-ը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է օպերատորներին,

·       օպերատորները արգելափակում են կայքերը 5 աշխատանքային օրվա ընթացքում (առաջին ցանկի դեպքում՝ 10 աշխատանքային օր)։

Այսպիսով, միայն իրավական-տեխնիկական փուլերի հանրագումարով արգելափակումը կարող է տևել առնվազն 9–11 աշխատանքային օր, իսկ առաջին ցանկի դեպքում՝ մինչև 14 աշխատանքային օր, չհաշված նախորդող մշտադիտարկման, վերլուծության և հանձնաժողովային քննարկման ժամանակահատվածը։

Միաժամանակ, կայքերի ադմինիստրատորներին տրամադրվում է 15-օրյա ժամկետ՝ միջոցներ ձեռնարկելու համար։

Գործնականում սա նշանակում է, որ չլիցենզավորված կայքը կարող է շարունակել հասանելի լինել և ներգրավել խաղացողներին մի քանի շաբաթվա ընթացքում, մինչդեռ թվային միջավայրում դոմեյնների փոփոխությունը, «mirror» կայքերի ստեղծումը և նոր հասցեներով գործունեության շարունակումը հնարավոր է ժամերի կամ օրերի ընթացքում։

Արդյունքում առկա մեխանիզմը հաճախ արձագանքող է, այլ ոչ կանխարգելիչ։

2.2. Միջազգային փորձը և շուկայի վերահսկելիության ռիսկերը

Եվրոպական շուկաների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե չկան արագ և արդյունավետ գործիքներ չլիցենզավորված առաջարկների սահմանափակման համար, շուկայի մի հատված տեղափոխվում է չկարգավորվող դաշտ։

PwC-ի եվրոպական համեմատական ուսումնասիրության համաձայն՝ կարգավորման խստացում արձանագրած երկրներում օնլայն խաղային կազմակերպիչների (լիցենզավորված օպերատորների բաժինը ընդհանուր շրջանառության մեջ) միջինում նվազել է շուրջ 2 տոկոսային կետով, մինչդեռ կայուն կարգավորում ունեցող երկրներում աճել է 7 տոկոսային կետով, իսկ լիբերալացման դեպքում՝ 15 տոկոսային կետով։

Գերմանիայի օրինակով նշվում է, որ խաղացողների մոտ 49%-ը օգտվել է օֆշորային չլիցենզավորված կայքերից։

Ուսումնասիրությունը նաև ցույց է տալիս, որ բարձր ծախսող խաղացողների 5%-ը ձևավորում է ընդհանուր խաղադրույքների շուրջ 80%-ը։ Այս խմբի տեղափոխումը չլիցենզավորված հարթակներ էական ազդեցություն է ունենում շուկայի վերահսկելիության և պետական եկամուտների վրա։ Այս տվյալները ցույց են տալիս, որ առանց արդյունավետ արգելափակման և վերահսկողության մեխանիզմների, լիցենզավորման համակարգը չի կարող ապահովել շուկայի ամբողջական վերահսկելիություն։

2.3. Գովազդի բաղադրիչը

Թվային միջավայրում չլիցենզավորված կայքերի տարածմանը նպաստում է նաև միջազգային առցանց գովազդային հարթակների միջոցով իրականացվող թիրախավորված գովազդը։

Գործող կարգավորումները չեն ապահովում բավարար գործիքակազմ՝

·       Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օգտատերերի նկատմամբ արգելված կամ չթույլատրված խաղային առաջարկների թիրախավորումը կանխելու,

·       միջազգային հարթակների հետ արդյունավետ փոխգործակցություն իրականացնելու համար։

Արդյունքում ձևավորվում է իրավիճակ, երբ մի կողմից իրականացվում է բազմափուլ և ժամանակատար արգելափակում, իսկ մյուս կողմից նույն առաջարկը կարող է նոր դոմեյնով կամ այլ հարթակով շարունակել գովազդվել և հասանելի լինել օգտատերերին։

 

3.       Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի հիմնական նպատակը խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության բարձրացումն է՝ առցանց միջավայրում չլիցենզավորված առաջարկների հասանելիության սահմանափակման, դրանց գովազդի կանխման և ֆինանսական հոսքերի վերահսկելիության ուժեղացման միջոցով։

Կարգավորումը միտված է՝

1.     Հայաստանի Հանրապետության տարածքում չլիցենզավորված կազմակերպիչների կողմից խաղային գործունեության մասնակցության հնարավորության կանխարգելմանը,

2.     նման կայքերի և դրանց ապրանքային նշանների գովազդի սահմանափակմանը,

3.     լիցենզավորված և չլիցենզավորված սուբյեկտների միջև հավասար մրցակցային պայմանների ապահովմանը,

4.     լիցենզավորման պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողության գործիքների ընդլայնմանը։

Արգելափակման մեխանիզմի բարելավում

Գործող կարգավորմամբ չլիցենզավորված կազմակերպիչների կայքերի արգելափակումը իրականացվում է բազմափուլ վարչարարական ընթացակարգով, որը ներառում է միջգերատեսչական հանձնաժողովի ձևաչափով քննարկումներ, շահագրգիռ մարմինների դիրքորոշումների ստացում, եզրակացության ընդունում, ցանկերի հաստատում և փոխանցում կարգավորող մարմիններին, այնուհետև՝ օպերատորների կողմից տեխնիկական արգելափակում։

Այս գործընթացը, նույնիսկ նորմատիվ ժամկետների պայմաններում, կարող է տևել առնվազն 9–14 աշխատանքային օր՝ չհաշված նախնական մշտադիտարկման և վերլուծության փուլերը։ Միաժամանակ, կայքերի ադմինիստրատորներին տրամադրվում է լրացուցիչ 15-օրյա ժամկետ միջոցներ ձեռնարկելու համար։

Թվային միջավայրում, որտեղ դոմեյնների փոփոխությունը կամ հայելային կայքերի ստեղծումը հնարավոր է կարճ ժամանակում, նման բազմափուլ ընթացակարգը հաճախ չի ապահովում բավարար օպերատիվություն և կանխարգելիչ ազդեցություն։

Նախագծով առաջարկվում է վերանայել գործող մոտեցումը և ամրագրել ավելի հստակ ու օպերատիվ մեխանիզմ՝

·       չլիցենզավորված կազմակերպիչների խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի արգելափակում՝ վերահսկող մարմնի ղեկավարի կողմից սահմանվող կարգով և դեպքերում,

·       արգելափակման իրականացում ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող օպերատորների կողմից՝ հաստատված ցանկի հիման վրա,

·       տվյալ կայքերի և դրանց ապրանքային նշանների միջոցով իրականացվող դրամական գործարքների սահմանափակում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից։

Այսպիսով, նախագծով առաջարկվում է անցում կատարել միջգերատեսչական երկարատև ընթացակարգից դեպի ավելի կենտրոնացված և իրավասու մարմնի կողմից ղեկավարվող մեխանիզմ՝ պահպանելով իրավական հիմնավորվածությունը, բայց բարձրացնելով գործնական արդյունավետությունն ու արձագանքման արագությունը։

Կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվող փոփոխությունները կրում են կարգավորող և պաշտպանական բնույթ։ Դրանք ուղղված չեն օրինական գործունեության սահմանափակմանը կամ շուկայի ընդհանուր խստացմանը, այլ միտված են գործող լիցենզավորման համակարգի արդյունավետության ապահովմանը և դրա շրջանցման հնարավորությունների նվազեցմանը։

Կարգավորումը նախատեսում է անցում արձագանքող մեխանիզմներից դեպի ավելի համակարգային և կանխարգելիչ մոտեցում՝ ապահովելով, որ չլիցենզավորված սուբյեկտները չկարողանան տեխնիկական կամ իրավական բացերի միջոցով ներգրավել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող խաղացողներին։

Այսպիսով, կարգավորման նպատակը լիցենզավորված շուկայի պաշտպանությունն է, պետական վերահսկողության գործնական արդյունավետության բարձրացումը և առցանց միջավայրում իրավական արգելքների կիրառելիության ապահովումը։

 

4.       Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

5.       Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է.

1.     Չլիցենզավորված խաղային առաջարկների հասանելիության նվազում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ կայքերի արգելափակման և ֆինանսական գործարքների սահմանափակման համակցված մեխանիզմների կիրառման շնորհիվ։

2.     Գովազդային ազդեցության սահմանափակում, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օգտատերերի նկատմամբ չթույլատրված կամ չլիցենզավորված խաղային առաջարկների թիրախավորման նվազեցում։

3.     Լիցենզավորված շուկայի մրցակցային պայմանների հավասարեցում, քանի որ օրինական գործունեություն իրականացնող կազմակերպիչները չեն գտնվի անհավասար վիճակում՝ չլիցենզավորված սուբյեկտների նկատմամբ։

4.     Պետական վերահսկողության արդյունավետության բարձրացում, պայմանավորված արգելափակման և վերահսկողական գործիքների օպերատիվ կիրառմամբ։

5.     Շուկայի վերահսկելիության (channelisation) պահպանման կամ բարձրացման հնարավորություն, քանի որ չլիցենզավորված հարթակների սահմանափակումը նպաստում է խաղացողների ներգրավվածությանը լիցենզավորված և վերահսկվող հատվածում։

6.     Ֆինանսական հոսքերի թափանցիկության բարձրացում, ինչի արդյունքում հնարավոր կլինի ավելի արդյունավետ իրականացնել հարկային և կարգավորող քաղաքականությունը։

Միաժամանակ նախագծով առաջարկվող կարգավորումները ուղղված չեն օրինական խաղային գործունեության սահմանափակմանը կամ հարկային բեռի ավելացմանը, այլ միտված են գործող լիցենզավորման համակարգի արդյունավետության ապահովմանը և դրա շրջանցման ռիսկերի նվազեցմանը։

Ակնկալվում է, որ համակցված տեխնիկական, ֆինանսական և գովազդային սահմանափակումների կիրառումը կնվազեցնի շուկայի արտահոսքի ռիսկերը և կբարձրացնի կարգավորվող ոլորտի կայունությունը։

 

6.    Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխութ­յուններ չի նախատեսվում։

7.    Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումը բխում է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 12 դեկտեմբեր 2019թ. «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 1830-Լ որոշման 2-րդ նպատակի 2.1.5 ենթանպատակից։

 

 

 

  • Продолжительность

    02.03.2026 18.03.2026
  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 75

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: