«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Նախագծով առաջարկվում է ձեռնարկել քայլեր 3,7 միլիարդ ՀՀ դրամ գումարի չափով «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի (այսուհետ նաև՝ Ֆոնդ) փայերի մարում իրականացնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ 2025-2026 թվականների ընթացքում Ֆոնդին պատկանող բաժնետոմսերի օտարումից մուտքերը կազմել են շուրջ 3,61 միլիարդ ՀՀ դրամ (և արդյունքում Ֆոնդի դրամային հաշիվների մնացորդները կազմում են շուրջ 3,7 միլիարդ ՀՀ դրամ), և Ֆոնդի կողմից նոր ներդրումներ այլևս չեն նախատեսվում, քանի որ ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 771-Լ որոշման համաձայն Ֆոնդում պետության մասնակցության առավելագույն ժամանակահատված է հանդիսանում Ֆոնդի փայերի առաջին տեղաբաշխման պահից հաշված 10 տարին, ընդ որում, առաջին 5 տարին հանդիսանում է Ֆոնդի ակտիվ ներդրումային ժամանակահատված, իսկ դրան հաջորդող 5 տարին՝ Ֆոնդի ակտիվների իրացման (լիկվիդացիա) և պետության փայերի մարման ժամանակահատված: Մասնավորապես՝
2020 թվականին, հաշվի առնելով աշխարհում առկա ընդհանուր իրադրությունը, մասնավորապես՝ կորոնավիրուսի համաճարակի (COVID-19) հետևանքով առաջացած տնտեսական իրավիճակը, ՀՀ կառավարությունը ձեռնամուխ էր եղել սեփական մասնակցությամբ խթանել ՀՀ կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումների իրականացմանը:
Այդ նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 771-Լ որոշումը (այսուհետ նաև՝ Որոշում), որով հաստատել էր ՀՀ կառավարության նախատեսած 80 միլիարդ ՀՀ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում առաջին ծրագիրը։
Որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի համաձայն՝ ծրագրի շրջանակներում նախատեսվել էր պետության մասնակցությունը «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Կառավարիչ) «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդում ՝ մինչև 50 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ Ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով: ՀՀ կառավարության կողմից Ֆոնդի փայերի ձեռքբերումը նախատեսվել էր իրականացնել տասը մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը մինչև 5 միլիարդ ՀՀ դրամի չափով։
ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 24-ի թիվ 224-Ն որոշման 1-ին կետի համաձայն՝ որոշվել էր Ֆոնդի փայերի ձեռքբերման նպատակով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 2021 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 2 միլիարդ ՀՀ դրամ, 2021 թվականի առաջին կիսամյակում՝ 5 միլիարդ ՀՀ դրամ՝ բյուջետային ծախսերի «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» տնտեսագիտական դասակարգման հոդվածով:
ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 30-ի թիվ 434-Ն որոշման 1-ին կետի համաձայն՝ որոշվել էր Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում Ֆոնդի փայերի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2023 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 5 միլիարդ ՀՀ դրամ՝ բյուջետային ծախսերի «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» տնտեսագիտական դասակարգման հոդվածով:
Արդյունքում ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 771-Լ, 2021 թվականի փետրվարի 24-ի թիվ 224-Ն,2023 թվականի մարտի 30-ի թիվ 434-Ն որոշումների հիմքով ՀՀ կառավարության կողմից իրականացվել է Ֆոնդի փայերի ձեռքբերում՝ 2 մասնաբաժնով, յուրաքանչյուրը 5 միլիարդ ՀՀ դրամի չափով։
Առաջին մասնաբաժինը ձեռք է բերվել ՀՀ կառավարության և Ընկերության միջև 2020 թվականի նոյեմբերի 6-ին կնքված թիվ 332-20 ներդրումային պայմանագրի (պայմանագիրը հետագայում 2 անգամ փոփոխվել է՝ 2021 թվականի հունիսի 4-ին և 2022 թվականի հուլիսի 6-ին), իսկ երկրորդ մասնաբաժինը՝ 2023 թվականի ապրիլի 10-ին կնքված ներդրումային պայմանագրի հիման վրա։ Նշված ներդրումային պայմանագրերն առ այսօր ևս երեք անգամ ենթարկվել են համատեղ փոփոխությունների՝ 2024 թվականի հուլիսի 12-ին, 2025 թվականի հուլիսի 15-ին և 2025 թվականի հոկտեմբերի 27-ին կնքված համաձայնագրերով։
ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի թիվ 1002-Ն որոշման հիմքով 2024 թվականի հուլիսի 31-ին իրականացվել է Ֆոնդի փայերի մարում 1,7 միլիարդ ՀՀ դրամի չափով՝ Ֆոնդի չտեղաբաշխված միջոցներից։
Կառավարչի տնօրենների խորհրդի որոշումների հիման վրա 2021-2023 թվականների ընթացքում Ֆոնդի կողմից իրականացվել են բաժնեմասնակցային ներդրումներ թվով 10 փակ բաժնետիրական ընկերություններում (այսուհետ նաև՝ պորտֆելային ընկերություններ), որոնց արդյունքում Ֆոնդի միջոցներից նշված ընկերություններին փոխանցվել է շուրջ 6,65 միլիարդ ՀՀ դրամ։ Բացի այդ, Ֆոնդի կողմից ստանձնվել է 4 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ԵՄ – Հայաստան ՓՄՁ Հիմնադրամ ՀՍԳ ֆոնդի փայերի ձեռքբերման հանձնառություն (2026 թվականի փետրվարի 6-ի դրությամբ փաստացի ձեռք են բերվել 2,97 միլիոն ԱՄՆ դոլարի չափով փայեր)։ Ֆոնդի կողմից իրականացված ներդրումների մանրամասները ներկայացված են ստորև․
1․ «Սիդ թու Ֆարմ» ՓԲԸ – 49% – 265,925,000 ՀՀ դրամ,
2․ «Ժամանակակից վիրաբուժության կլինիկա» ՓԲԸ – 49,32% – 63,000,000 ՀՀ դրամ,
3․ «Յունիվերսալ Քլոզրս» ՓԲԸ – 49,01%, - 1,676,999,973 ՀՀ դրամ,
4․ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ - 49% – 1,539,580,000 ՀՀ դրամ,
5․ «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ – 49% – 700,000,000 ՀՀ դրամ,
6․ «Տավրոս ԿՎՄ» ՓԲԸ – 49% – 83,300,000 ՀՀ դրամ,
7․ «Դոմ Արենա» ՓԲԸ – 48%– 277,203,077 ՀՀ դրամ,
8․ «ԷյԷմՍի» ՓԲԸ – 32,12% – 287,460,568 ՀՀ դրամ,
9․ «Բերրիմաունթ» ՓԲԸ – 31% – 960,000,000 ՀՀ դրամ,
10․ «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ – 25% – 796,250,000 ՀՀ դրամ,
11․ ԵՄ- Հայաստան ՓՄՁ Հիմնադրամ ՀՍԳ Ֆոնդ – 4 միլիոն ԱՄՆ դոլարի չափով հանձնառված ներդրման պարտավորություն (փաստացի իրականացված շուրջ 2,97 միլիոն ԱՄՆ դոլար առ 2026 թվականի փետրվարի 6-ը)։
Ֆոնդի կառավարչի հիմնադիրը և 100% բաժնետերը հանդիսացել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերությունը, սակայն ի կատարումն ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 29-ի թիվ 1391-Ա որոշման՝ 11.09.2024 թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի միջև կնքվել է Կառավարչի բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիր, և Կառավարչի բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները վերապահվել են Կոմիտեին:
Մինչ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն կատարելը վերը նշված պորտֆելային ընկերություններից 2-ի դեպքում արդեն իսկ իրականացվել էր Ֆոնդին պատկանող բաժնետոմսերի վաճառք՝ «Սիդ Թու Ֆարմ» ՓԲԸ-ի դեպքում Ֆոնդին պատկանող բաժնետոմսերը մյուս բաժնետիրոջը վաճառելու միջոցով (ներդրված գումար 265,9 միլիոն ՀՀ դրամ, վաճառքի գումար 346 միլիոն ՀՀ դրամ), իսկ «Ժամանակակից վիրաբուժության կլինիկա» ՓԲԸ դեպքում՝ երրորդ անձի վաճառելու միջոցով (ներդրված գումար 63 միլիոն ՀՀ դրամ, վաճառքի գումար 63,9 միլիոն ՀՀ դրամ)։
Ելնելով այն հանգամանքից, որ Ֆոնդի կառավարչի կողմից առևտրային ընկերություններում իրականացված վերոնշյալ գրեթե բոլոր ներդրումները կրել են չափազանց բարձր ռիսկայնություն, ինչի արդյունքում վտանգված էր նաև այդ ներդրումների հետվերադարձելիությունը (նշվածն արձանագրվել է նաև ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2024 թվականի նոյեմբերի 13-ի տեղեկանքի եզրակացությունում)՝ Կառավարիչը 2024 թվականի երկրորդ կեսից սկսած Ֆոնդի թվով 6 պորտֆելային ընկերությունների (բաժնետիրական համագործակցություն առկա չէ «Տավրոս ԿՎՄ» և «Սի Էֆ Դաբլյու» ՓԲ ընկերությունների մասով) մասնավոր գործընկերներին (պորտֆելային ընկերություններին և դրանց՝ Ֆոնդից բացի մյուս բաժնետետերին) առաջարկել է դիտարկել Ֆոնդին պատկանող բաժնետոմսերի գնման հարցը՝ կնքված բաժնետիրական համաձայնագրերի շրջանակներում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնավոր գործընկերների կողմից ներկայացվել էին բաժնետիրական համաձայնագրերում սահմանված պայմաններից տարբերվող պայմաններով (ի վնաս Ֆոնդի) առաջարկություններ՝ ՀՀ կառավարությունը 2025 թվականի օգոստոսի 28-ին ընդունեց թիվ 1240-Լ որոշումը, որի հիման վրա թույլատրվեց այլընտրանքային առաջարկ ներկայացնել մասնավոր ներդրողներին՝ պետության համար ընդունելի պայմաններով։
Մասնավորապես, լրացումների արդյունքում Որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 3.2 կետի 1)-ին ենթակետով Կառավարչին թույլատրվեց սահմանված ժամկետում մասնավոր գործընկերներին օտարել Ֆոնդի կողմից մասնավոր բաժնեմասնակցային ներդրումների արդյունքում ձեռք բերված բաժնետոմսերը՝ որպես օտարման գին սահմանելով մասնավոր բաժնեմասնակցային ընկերությունում ներդրված գումարի չափի և դրա ներդրման օրվանից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվարկված տոկոսավճարների հանրագումարը՝ նվազեցնելով վճարված շահութաբաժինները, իսկ որպես տոկոսավճարների հաշվարկման տարեկան դրույքաչափ (պարզ տոկոս) սահմանելով 10.2720%` 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը։
2025 թվականի սեպտեմբերի 30-ին Կառավարիչը պորտֆելային ընկերություններին և այդ ընկերությունների մյուս բաժնետերերին ուղարկել է պաշտոնական օֆերտաներ, որոնք ընդունել են հետևյալ ընկերությունները (կամ նրանց մյուս բաժնետերերը)՝
- «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» ՓԲԸ
2025 թվականի նոյեմբերի 14-ին Ֆոնդի և ընկերության մյուս բաժնետերերից մեկի միջև կնքվել է «Յունիվերսալ Քլոզրս» ՓԲԸ-ի՝ Ֆոնդին պատկանող բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր։ Նույն օրը՝ մինչ բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքումը, գնորդի կողմից Ֆոնդին ամբողջությամբ վճարվել է առուվաճառքի պայմանագրի գինը՝ 2,118,744,370 ՀՀ դրամ, և կնքվել է համաձայնագիր ընկերության բաժնետերերի բաժնետիրական համաձայնագիրը փոփոխելու մասին։
- «ԳԼՈԲԱԼ ՔՈՆՆԵՔԹ» ՓԲԸ
2025 թվականի դեկտեմբերի 24-ին ընկերության և Ֆոնդի միջև կնքվել է Ֆոնդին պատկանող բաժնետոմսերի առուվաճառքի նախնական պայմանագիր, որի հիման վրա 2025 թվականի դեկտեմբերի 29-ին ընկերությունն իրականացրել է 700,000,000 ՀՀ դրամ գումարի (Ֆոնդի կողմից ներդրված գումարի) փոխանցում Ֆոնդի գանձապետական հաշվին, իսկ մնացած՝ 221,229,384 ՀՀ դրամը փոխանցվել է Ֆոնդին 2026 թվականի հունվարի 29-ին և նույն ամսաթվին կնքվել է համաձայնագիր ընկերության բաժնետերերի բաժնետիրական համաձայնագիրը փոփոխելու մասին և Ֆոնդին պատկանող բաժնետոմսերի առուվաճառքի հիմնական պայմանագիր։
- «ԷՅԷՄՍԻ» ՓԲԸ
2025 թվականի դեկտեմբերի 29-ին «ԷՅԷՄՍԻ» ՓԲԸ-ի մյուս բաժնետիրոջ (գնորդ) և Ֆոնդի միջև կնքվել է Ֆոնդին պատկանող բաժնետոմսերի առուվաճառքի նախնական պայմանագիր, որի հիման վրա նույն օրը գնորդի կողմից իրականացվել է 287,460,568 ՀՀ դրամ գումարի (Ֆոնդի կողմից ներդրված գումար) փոխանցում Ֆոնդի գանձապետական հաշվին, իսկ մնացած՝ 90,525,412 ՀՀ դրամ գումարը փոխանցվել է Ֆոնդին 2026 թվականի հունվարի 16-ին և նույն ամսաթվին կնքվել է համաձայնագիր ընկերության բաժնետերերի բաժնետիրական համաձայնագիրը փոփոխելու մասին և Ֆոնդին պատկանող բաժնետոմսերի առուվաճառքի հիմնական պայմանագիր։
Ստորև նշված ընկերությունը և/կամ դրա մյուս բաժնետերը թեև չեն ընդունել Կառավարչի կողմից ներկայացված օֆերտան, այնուամենայնիվ ընկերության՝ Ֆոնդին պատկանող բաժնետոմսերն օտարվել են բաժնետիրական համաձայնագրով սահմանված պայմաններին համապատասխան։ Այսպես՝
- «ԴՈՄ ԱՐԵՆԱ» ՓԲԸ-ն և մյուս բաժնետեր ընկերությունը (գնորդ) չեն ցանկացել օգտվել Որոշմամբ սահմանված պայմաններով Ֆոնդի՝ «Դոմ Արենա» ՓԲԸ-ում ունեցած բաժնետոմսերի ձեռքբերման առաջարկից։ Փոխարենը, օգտվելով «Դոմ Արենա» ՓԲԸ-ի և վերջինիս բաժնետերերի միջև 2021 թվականի հունիսի 23-ին կնքված բաժնետիրական համաձայնագրով նախատեսված գնման օպցիոն կիրառելու իր իրավունքից (Որոշումից տարբերվող պայմաններով), 2025 թվականի սեպտեմբերի 5-ին «Դոմ Արենա» ՓԲԸ-ի մյուս բաժնետեր ընկերության կողմից Ֆոնդին ուղարկվել է գնման օպցիոն կիրառելու մասին ծանուցում, որի հիման վրա 2025 թվականի հոկտեմբերի 16-ին կնքվել է Ֆոնդին պատկանող ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր (ներառելով 2021 թվականի հունիսի 23-ին կնքված բաժնետիրական համաձայնագրով սահմանված պայմանները), համաձայն որի գնորդը պարտավորվել է մինչև 2026 թվականի հունվարի 6-ը չորս փուլով վճարել բաժնետոմսերի օտարման գինը։
2026 թվականի հունվարի 30-ի դրությամբ Ֆոնդին վճարվել է 195,000,000 ՀՀ դրամ, և դեռևս առկա է վճարման ենթակա գումար։
Այսպիսով, «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» ՓԲԸ, «ԳԼՈԲԱԼ ՔՈՆՆԵՔԹ» ՓԲԸ, «ԷՅԷՄՍԻ» ՓԲԸ և «ԴՈՄ ԱՐԵՆԱ» ՓԲ ընկերություններում Ֆոնդի կողմից կատարված ներդրումների հանրագումարը կազմել է 2,941,663,618 ՀՀ դրամ: Նշված ընկերությունների բաժնետոմսերի առուվաճառքի ընդհանուր գնից 3,612,959,734 ՀՀ դրամը 2026 թվականի հունվարի 30-ի դրությամբ արդեն իսկ վճարվել է Ֆոնդին։
Հաշվի առնելով, որ Որոշման համաձայն Ֆոնդի կողմից նոր ներդրումներ այլևս չեն իրականացվելու՝ սույն Նախագծով նախատեսվում է իրականացնել Ֆոնդի փայերի մարման պահանջ։
Նախագծով նախատեսվում է նաև Ֆոնդի փայերի մարման արդյունքում նշված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրվելուց հետո 3,7 միլիարդ ՀՀ դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությանը հետևյալ հիմնավորմամբ.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 29-ի թիվ 1391-Ա որոշման համաձայն՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ նաև՝ Ընկերություն) գտնվում է լուծարման գործընթացում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված դրույթների համաձայն՝ Ընկերության լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին 2025 թվականի հոկտեմբերի 16-ին հայտարարություն է հրապարակվել http://www.azdarar.am ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն հոդվածի համաձայն՝ պարտատերերի պահանջների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի դեկտեմբերի 16-ը: Պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո լուծարման հանձնաժողովը պետք է կազմի լուծարման միջանկյալ հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակելու Ընկերության գույքի կազմի և պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի մասին։
Նշված ժամանակահատվածում ՀՀ վարչապետի աշխատակազմի (այսուհետ նաև՝ Վարչապետի աշխատակազմ կամ Աշխատակազմ) և ՀՀ էկոնոմիկայի նախարարության (այսուհետ նաև՝ Էկոնոմիկայի նախարարություն) կողմից ներկայացվել են 1,800,000,000-ական ՀՀ դրամի, իսկ «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 100,000,000 ՀՀ դրամի պարտավորության պահանջ։ Ընդհանուր՝ 3,700,000,000 ՀՀ դրամ։
Ըստ Վարչապետի աշխատակազմի կողմից տրամադրված տեղեկատվության՝ Վարչապետի աշխատակազմի և Ընկերության միջև 2022 թվականի մայիսի 3-ին կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» NԴՄ-22/26 պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր 1)` 1,800,000,000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով` «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում ներդրումային և ՊՄԳ ծրագրերի իրականացմանը» միջոցառման իրականացման համար: Համաձայն Պայմանագիր 1-ի վճարման կարգի և ժամկետի՝ 1,800,000,000 ՀՀ դրամն ամբողջությամբ փոխանցվել է Ընկերությանը:
Պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման արդյունքի ընդունումն ապահովելու նպատակով Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2022 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամաշնորհի հատկացման գործընթացի համակարգող և պատասխանատու ստորաբաժանում սահմանելու մասին» N 95-Ա հրամանով ձևավորվել է միջգերատեսչական մասնագիտական խումբ:
Ընկերության կողմից ներկայացված ծրագրի կատարման 2022 թվականի ամփոփ-տարեկան հաշվետվության վերաբերյալ միջգերատեսչական մասնագիտական խմբի դիտարկումներն Աշխատակազմի ղեկավարի 2023 թվականի փետրվարի 28-ի N 02.18.1/7123-2023 գրությամբ ներկայացվել է Ընկերությանը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ միջգերատեսչական մասնագիտական խմբի և Աշխատակազմի կողմից ամփոփ-տարեկան հաշվետվությունը չի ընդունվել, ուստի Աշխատակազմը «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում ներդրումային և ՊՄԳ ծրագրերի իրականացմանը» միջոցառման շրջանակում 1,800,000,000 ՀՀ դրամ ընդհանուր գումարը ձևակերպել է որպես դեբիտորական պարտք։
Համաձայն Էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության՝
Էկոնոմիկայի նախարարության և Ընկերության միջև 2023 թվականի դեկտեմբերի 28-ին կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» N 734-2023 պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր 2)։ Ընկերության կողմից Էկոնոմիկայի նախարարությանը 2024 թվականի փետրվարի 2-ին հասցեագրված Ե/Ն-12 գրությամբ ներկայացվել է նշված դրամաշնորհի օգտագործման ամփոփ տարեկան հաշվետվություն, որը պետք է ներկայացվեր Պայմանագիր 2-ով սահմանված ժամկետներում և պայմաններով։ Սակայն հաշվետվությունը ներկայացվել է սահմանված ժամկետից ուշ, և հաշվետվությունում արտացոլված ծախսային ուղղությունների ուսումնասիրությունից ակնհայտ է դարձել, որ հաշվետվությամբ ներկայացված տվյալներն էականորեն տարբերվում են Պայմանագիր 2-ով տրամադրված կանխավճարի նպատակային նշանակությունից։ Պայմանագիր 2-ի 2.1 կետի համաձայն՝ Ընկերությանը փոխանցվել է 1,800,000,000 (մեկ միլիարդ ութ հարյուր միլիոն) ՀՀ դրամ որպես կանխավճար։ Պայմանագիր 2-ի 2.4.3 կետով սահմանված է, որ Ընկերությունը պարտավոր էր մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը ներկայացնել միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվություն։ Մինչ օրս նման հաշվետվություն Էկոնոմիկայի նախարարության կողմից չի ընդունվել։ Արդյունքում՝ Պայմանագիր 2-ի համաձայն տրամադրված կանխավճարը մարված չէ, և ամբողջ գումարը Էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվառված է որպես դեբիտորական պարտք։ Բացի հաշվետվությունից, Պայմանագիր 2-ով նախատեսված էր նաև Պայմանագիր 2-ի հիմք հանդիսացող արդյունքային ցուցանիշների ներկայացումը, որոնց կատարման վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարությանը տեղեկատվություն կամ հաշվետվություն չի տրամադրվել։
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ Էկոնոմիկայի նախարարությունը 2024 թվականի փետրվարի 23-ի թիվ 03/3706-2024 և 2024 թվականի մարտի 26-ի թիվ 01/5857-2024 գրություններով դիմել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ խնդրելով Վարչապետի հանձնարարականը Պետական վերահսկողական ծառայությանը՝ ուսումնասիրելու Էկոնոմիկայի նախարարության և Ընկերության միջև կնքված Պայմանագրով տրամադրված դրամաշնորհի կատարողականի հաշվետվության հիմնական ծախսային ուղղությունները, ինչպես նաև ներկայացված գերածախսի հիմնավորվածությունը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 8-ի թիվ № 02/16.5/12749-2024 գրությամբ Էկոնոմիկայի նախարարությանը տրամադրվել է Վարչապետի հանձնարարականը՝ վերոնշյալ ուսումնասիրությունն իրականացնելու վերաբերյալ։
Միաժամանակ «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության և Ընկերության միջև 2023 թվականի ապրիլի 13-ին կնքվել է փոխառության պայմանագիր, որը 2023 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված համաձայնագրով ենթարկվել է ճշգրտման։ Պայմանագրի հիմքով 2024 թվականի փետրվարի 9-ին «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվել է 100,000,000 ՀՀ դրամի չափով փոխառության տրամադրում Ընկերությանը։
Ընկերության լուծարման հանձնաժողովը քննարկել է ներկայացված պահանջների ամբողջ փաթեթը և որոշում է ընդունել 3,700,000,000 ՀՀ դրամ պարտքը ընդգրկել Ընկերության լուծարման միջանկյալ հաշվեկշռում։
Արդյունքում 2026 թվականի հունվարի 15-ի դրությամբ կազմված լուծարման միջանկյալ հաշվեկշռի համաձայն Ընկերության պարտավորությունների չափը կազմում է 3,751,320,634 ՀՀ դրամ, որից 3,700,000,000 ՀՀ դրամի չափով վերը ներկայացված պարտավորություններն են, իսկ շուրջ 50 միլիոն ՀՀ դրամը ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի թիվ 1002-Ն որոշման հիմքով Ընկերությանը տրամադրված 1,7 միլիարդ ՀՀ դրամի չափով դրամաշնորհի գումարի դեռևս չօգտագործված մասի գծով պարտավորությունն է (Ընկերության դրամական միջոցների մնացորդները կազմել են 71,408 հազար ՀՀ դրամ)։
Սույն նախագծով առաջարկում ենք 3,7 միլիարդ ՀՀ դրամի չափով գումարը Ընկերությանը տրամադրել դրամաշնորհի պայմանագրով 2026 թվականի Պետական բյուջեի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։ Դրամաշնորհի գումարը նախատեսվում է ամբողջապես օգտագործել Ընկերության՝ վերոհիշյալ պարտավորությունները մարելու նպատակով՝
· 1,8 միլիարդ ՀՀ դրամ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը,
· 1,8 միլիարդ ՀՀ դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին,
· 100 միլիոն ՀՀ դրամ՝ «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերությանը։
Տրամադրվող դրամաշնորհը հնարավորություն կտա մարել Ընկերության պարտավորությունները՝ ապահովելով լուծարման պետական գրանցման իրականացումը։
Ընկերությանը պետական բյուջեից վերոնշյալ ֆինանսավորումը նախատեսվում է «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի կողմից կառավարվող «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից մասնավոր բաժնեմասնակցային ներդրումների արդյունքում ձեռք բերված բաժնետոմսերի՝ 2025-2026 թվականների ընթացքում օտարումից առաջացած գումարը և Ֆոնդի դրամային հաշիվներին առկա գումարի մնացորդը ՀՀ պետական բյուջե փոխանցելու միջոցով՝ 3,7 միլիարդ ՀՀ դրամի չափով Ֆոնդի փայերի մարման արդյունքում:
-
Продолжительность
20.02.2026 15.03.2026 -
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
-
Test
Просмотры 98
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .