«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱ - ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱ - ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Նախագծի անհրաժեշտությունը.
Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում է Իսակով և Արշակունյաց փողոտաների միացումն ապահովող ճանապարհի կառուցման աշխատանքներ: 2014 թվականին Երևանի քաղաքապետարանն ավարտել է Մոնթե Մելքոնյան փողոցի շինարարական աշխատանքները և այն հանձնել է շահագործման (Իսակով – Լենինգրադյան ճանապարհ): Այս փողոցի տրամաբանական շարունակությունն է հանդիսանում Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը (այսուհետ՝ Ճանապարհ), որը հանդիսանում է Լենինգրադյան փողոց–Ծովակալ Իսակովի պողոտա կառուցված ավտոմայրուղու շարունակությունը և անցնելով նախատեսվող «Դաունթաուն Երևան» (Նորագյուղ) նախագծային թաղամասի միջով և Հրազդան գետի վրայով` միանում է Արշակունյաց պողոտային: Նախագծով նախատեսված է լրացնել Իսակով պողոտայի հանգույցի թևերը, որով կապահովվի երթևեկության ուղղությունների բոլոր կապերը: Մայրուղու երկու հատվածների ամբողջականությունը է մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափման տարանցիկ լուծումներից մեկն է՝ միմյանց կապելով Երևան քաղաքի 3 վարչական շրջան և իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ճանապարհահատվածի կառուցման համար Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրվել է վարկային համաձայնագիր: Ծրագիրն իրականացնելու համար հատկացվել է 85.67 միլիոն ԱՄՆ դոլար, որից 20,5 միլիոն ԱՄՆ դոլար նախատեսվել է պետական ֆինանսավորմամբ: Նշված համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման ժամկետը 4 տարի է, ավարտը՝ 2028 թվականի մարտի 30-ին։ Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից:
Ծրագրի իրականացման նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, շինարարության թույլտվությունը ստացված է: Նախագիծը ներառում է Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում՝ ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս, Հրազդան գետի վրա 269մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ: Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց: Հիմնական ճանապարհի երկարությունը 1.86 կմ է (իջատեղերով՝ 6.57 կմ): Ճանապարհը հիմնականում բաղկացած է 6 երթևեկելի գոտուց (3x3), որտեղ ճանապարհի երևեկելի հատվածի լայնությունը կազմում է 24.5 մ:
Իրականացված են վարկային ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների և նախագծի վերանայման ու տեխնիկական հսկողության խորհրդատուի մրցութային գործընթացները։ Շինարարական աշխատանքների համար միջազգային մրցույթն ավարտված է, ընթանում են հաղթող ընկերության հետ պայմանագրի բանակցությունները։ Տեխնիկական հսկողության ծառայությունների մրցույթը ամփոփման փուլում է։
Ակնկալվում է, որ 2026 թ. գարնանը կմեկնարկեն շինարարական աշխատանքները, և այս օտարման գործընթացների իրականացումը կրիտիկական անհրաժեշտություն է։
ՀՀ կառավարությունն 2023 թվականի օգոստոսի 11-ին ընդունել է «Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյանց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1357-Ն որոշումը, որում ներառվել են 21 (քսանմեկ) ֆիզիկական և 6 (վեց) իրավաբանական անձանց պատկանող թվով անշարժ գույքեր (ընդամենը՝ 27 միավոր)։ Նշված անձանց հետ գույքերի օտարուման գործընթացն ընթանում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Սակայն, նշված գործընթացի հետ մեկտեղ, տվյալների բազայի ուսումնասիրման և տեղում օտարման գործընթացի իրականացման ընթացքում պարզվել է, որ առկա են գույքեր, որոնք չեն ներառվել վերը նշված որոշման մեջ, մասնավորապես՝
1. Կաշեգործների փող․, 468, հողամասի կադաստրային ծածկագիր՝ 01-011-0066-0131
2. Կաշեգործների փող․, 466, հողամասի կադաստրային ծածկագիր՝01-011-0066-0132:
Այսպես՝ Կաշեգործների փող․, 468, կադաստրային ծածկագիր՝ 01-011-0066-0131 անշարժ գույքը թիվ 1357-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված չի եղել կադաստրային քարտեզում առկա անճշտությունների պատճառով, իսկ Կաշեգործների փող․, 466, կադաստրային ծածկագիր՝ 01-011-0066-0132 գույքի վերաբերյալ 2025 թվականի ապրիլի 7-ին ՀՀ վարչական դատարանը կայացրել է վճիռ՝ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ։ Վճռից ծագող իրավունքների գրանցման պարագայում առաջանում է նոր գույքային միավոր, առանց որի օտարման հնարավոր չէ իրականացնել ծրագիրը:
Կաշեգործների փ., 468/2, Ծովակալ Իսակովի պողոտա 10/6 և Կաշեգործների փ., 474 գույքերի հարկադիր օտարման հայցադիմումը ընթացակարգային թերությունների պատճառաբանությամբ դատարանի կողմից վարույթ չի ընդունվել, և ըստ այդմ՝ հանրության գերակա շահի ռեժիմն այս գույքերի մասով համարվում է ուժը կորցրած:
3. Նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակը և բնույթը.
Հաշվի առնելով արդեն իսկ վարկային համաձայնագրով հաստատված ճանապարհի ծրագրի իրականացման անհրաժեշտությունը և այն, որ ՀՀ կառավարության 11.08.2023 թ. N 1357-Ն որոշմամբ արդեն իսկ գերակա շահ է ճանաչվել ճանապարհի ազդեցության գոտում ընդգրկված գույքերի նկատմամբ, իրականացվել է մասնակի օտարման գործընթաց, ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է օտարել վերը նշված թվով 5 միավոր գույքերը, որի համար առաջարկվում է նշված գույքերի նկատմամբ ճանաչել նոր հանրության գերակա շահ:
4. Ակնկալվող արդյունքը
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում հնարավոր կլինի ամբողջությամբ իրականացնել և ավարտին հասցնել Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման համար պահանջվող օտարման գործընթացը, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից:
6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունման արդյունքում այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
7. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում ավելացում և/կամ նվազեցում չի առաջանում:
8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Նախագիծն ուղղակիորեն բխում է Երևանի ավագանու կողմից ընդունված՝ Երևանի զարգացման 2024-2028 թթ․ ծրագրից և Երևանի գլխավոր հատակագծից, որում Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցումն առաջնահերթություն է, ինչպես նաև՝ կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. Ծրագրի 3.2 կետից, որտեղ որպես տնտեսության զարգացման և սոցիալական կյանքի բարելավման կարևոր նախադրյալ ընդգծվում է ճանապարհային ցանցի զարգացումը և դրա միջոցով տնտեսական ներուժի և մարդկանց կենսական մակարդակի բարձրացումը։
-
Продолжительность
20.02.2026 07.03.2026 -
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
-
Test
Просмотры 128
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .