ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
«Ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանի որոշման մեթոդաբանությունը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-380-Ն օրենքի 6-րդ հոդվածը։
Մինչ 13.11.2025թ. «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-380-ն օրենքի ընդունումը, Ջրային օրենսգրքի համաձայն՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում էին նաև, երբ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում էր այն գետերի վրա, որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով կազմում էր 40 տոկոս և ավելի։ Նշված սահմանափակումը պայմանավորված էր տվյալ ժամանակահատվածում արդեն շահագործվող հիդրոէլեկտրակայանների գործունեության արդյունքում առաջացած բնապահպանական խնդիրներով, ինչպես նաև որպես խթանվող ուղղություն հիդրոէներգետիկայի ոլորտի արագ զարգացմամբ։ Քանի որ այդ ժամանակահատվածում չկար ջրային ռեսուրսի ծանրաբեռնվածության հաշվարկի հաստատված մեթոդաբանություն, փոքր հիդրոէլեկտրակայաններով գետերի ծանրաբեռնվածության գնահատումը իրականացվում էր տեխնիկական հաշվարկի հիման վրա՝ հիմքում դնելով փոքր հիդրոէլեկտրակայանների դերիվացիայի գումարային երկարության և գետի երկարության հարաբերակցությունը՝ արտահայտված տոկոսներով, իսկ որպես ծանրաբեռնվածության ռիսկային շեմ ընտրվել էր միջին ծանրաբեռնվածության մակարդակը։
Ներկայումս, հաշվի առնելով իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև ծանրաբեռնվածության հաշվարկի ճշգրտման և ջրային ռեսուրսի ծանրաբեռնվածության հաշվարկը միջազգային փորձին համապատասխանեցնելու նպատակահարմարությունը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել ջրային ռեսուրսի ծանրաբեռնվածության աստիճանի որոշման նոր մեթոդաբանություն՝ հիմքում դնելով ջրօգտագործման ուղղակի և գումարային ազդեցությունը ջրային ռեսուրսի վրա։ Այս մեթոդաբանության առկայությունը հնարավորություն կտա միջազգային փորձին համահունչ հաշվարկել ջրային ռեսուրսի վրա ծանրաբեռնվածության աստիճանի ցուցանիշը, գնահատել ջրային ռեսուրսների և պաշարների վիճակը, դրանց օգտագործման մակարդակը։ Այն ցույց է տալիս, թե որքանով են ջրային ռեսուրսներն օգտագործվում երկրի ջրային կարիքները բավարարելու համար և չափում է ջրօգտագործման ճնշումը ջրային ռեսուրսների վրա՝ լուծելով ջրի կայուն օգտագործման խնդիրը: Ծանրաբեռնվածության աստիճանի ցուցանիշով կարելի է վերլուծել և գնահատել ջրառը՝ ըստ ոլորտների:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով սահմանվել է ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանի որոշման մեթոդաբանությունը։ Մեթոդաբանության հիման վրա հաշվարկված ծանրաբեռնվածության աստիճանը արտացոլում է ջրօգտագործման ճնշումը վերականգնվող ջրային ռեսուրսների վրա և ընդգծում՝ առաջարկի և պահանջարկի հավասարակշռված կառավարման կարևորությունը։ Այն թույլ կտա գնահատել երկրում ջրային ռեսուրսների և պաշարների վիճակը, ինչպես նաև դրանց օգտագործման մակարդակը՝ ըստ ջրի պահանջարկի։
Միաժամանակ, ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանը հանդիսանում է ջրային ռեսուրսների կայուն և արդյունավետ կառավարման գործիք՝ հնարավորություն տալով վերլուծել և գնահատել ջրառը ըստ ոլորտների։
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի ջրային էկոհամակարգերի պահպանությանը, ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը, դրանց ծանրաբեռնվածության նվազեցմանը, ջրի կորուստների կրճատմանը և ջրային ռեսուրսների որակի բարելավմանը։
5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանի որոշման մեթոդաբանությունը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
«Ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանի որոշման մեթոդաբանությունը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի առաջնահերթ ուղղությունից՝ «ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և որակի բարձրացման նպատակով կառավարման գերարդյունավետ համակարգերի ներդրումը, ջրային ռեսուրսների պահպանման, այդ թվում` ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացի կանոնակարգումը, Արարատյան արտեզյան ավազանի և գետային էկոհամակարգերի պահպանությունն ու կառավարումը»։
Նախագծի ընդունումը կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, դրանց ծանրաբեռնվածության նվազեցմանը և ջրային էկոհամակարգերի պահպանությանը։
-
Обсуждалось
17.02.2026 - 09.03.2026
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Охрана природы, Градостроителство, Энергетика и природные ресурсы, Территориальное управление и развитие, Учет государственной собственности
-
Министерство
Министерство окружающей среды
-
Test
Просмотры 589
Принт