«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1367-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
--- 2026 թվականի N - Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ի N 1367-Ն որոշման մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ կատարելու մասին
Համաձայն Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 26-ի «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1367-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի - -ի N -Ն որոշման |
|
«Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 26-ի N 1367-Ն որոշման |
ԽՈՇՏԱՆԳՈՒՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույն կարգով կարգավորվում են խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններ տրամադրելու կարգն ու պայմանները՝ հիմնվելով զոհակենտրոն, համապարփակ, խտրականությունը բացառող, գիտահեն մոտեցումների և չվնասման սկզբունքի վրա:
2. Խոշտանգումից տուժած անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ռեաբիլիտացիայի շրջանակներում տրամադրվում են հոգեբանական ծառայություններ՝ նրանց ցանկությամբ: Այդ ծառայությունները պետք է լինեն հարմարեցված տուժած անձի անձնական և սոցիալական, այդ թվում՝ գենդերային և մշակութային հատուկ կարիքներին, և ուղղված լինեն անձի հոգեկան առողջության լիարժեք վերականգնմանը։
3. Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններ տրամադրում են հոգեբանական ծառայությունների մատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ Իրավասու մարմին) հետ պայմանագիր կնքած կազմակերպությունները (այսուհետ՝ Կազմակերպություն)։
4. Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունները տրամադրվում են անվճար հիմունքներով:
5. Կազմակերպությունն ապահովում է խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունների տրամադրումը անվտանգ և խորհրդապահական միջավայրում՝ երաշխավորելով ստացած տեղեկությունների գաղտնիությունը և անձնական տվյալների պաշտպանությունը։
6. Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունների տրամադրումը կազմակերպվում է Կազմակերպությունում համապատասխան մասնագետի կողմից:
7. Կազմակերպությունը պարտավոր է ապահովել հոգեբանական ծառայությունների ֆիզիկական և լեզվական հասանելիությունը (մատչելիությունը) խոշտանգումից տուժած բոլոր անձանց համար՝ հավասարության սկզբունքի հիման վրա։
8. Խոշտանգումից տուժած անձի` Կազմակերպությունում ծառայություն ստանալու անհնարինության դեպքում հոգեբանական ծառայությունները տրամադրվում են տուժողի գտնվելու վայրում:
9. Եթե խոշտանգումից տուժած անձը գտնվում է ազատությունից զրկման վայրում, ապա հոգեբանական աջակցությունը տրամադրում է այդ հաստատության համապատասխան իրավասու ստորաբաժանման հոգեբանը։ Սույն կետով նախատեսված դեպքում հոգեբանական աջակցությունը չպետք է տրամադրվի խոշտանգումից տուժած անձի գտնվելու հաստատության այն հիմնարկի կամ ստորաբաժանման աշխատակցի կողմից, որի ներկայացուցիչը խոշտանգման ենթարկող ենթադրյալ անձն է։ Այդ դեպքում ազատությունից զրկման վայրում գտնվող խոշտանգումից տուժած անձին հոգեբանական աջակցությունը տրամադրվում է այդ հաստատության մեկ այլ իրավասու ստորաբաժանման հոգեբանի կողմից:
10. Սույն կարգի 9-րդ կետում նշված դեպքում մասնագետի անվտանգությունը, ինչպես նաև հոգեբանական ծառայությունների պատշաճ մատուցման համար խորհրդապահական սենյակի տրամադրումն ապահովում է տուժողի գտնվելու վայրի վարչակազմը:
11. Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունների տրամադրումը կազմակերպվում է հոգեբանական աջակցություն տրամադրելու վերաբերյալ գրավոր դիմումը սույն կարգի 12-րդ կետով սահմանված սուբյեկտների կողմից Իրավասու մարմնին ներկայացվելուց հետո՝ անհապաղ, բայց ոչ ուշ քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:
12. Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություն տրամադրելու համար կարող են դիմել հետևյալ սուբյեկտները՝
1) խոշտանգումից տուժած անձը.
2) վարույթն իրականացնող մարմինը՝ խոշտանգումից տուժած անձի համաձայնությամբ.
3) անչափահաս կամ անգործունակ ճանաչված՝ խոշտանգումից տուժած անձի համաձայնությամբ՝ մերձավոր ազգականը կամ օրինական ներկայացուցիչը:
13. Խոշտանգումից տուժած անձը տեղեկացվում է անվճար հոգեբանական ծառայություններից օգտվելու հնարավորության մասին։ Տեղեկությունը պետք է տրամադրվի անձին գրավոր ձևով տուժողի կարգավիճակի մասին ծանուցման պահին։
14. Խոշտանգումից տուժած անձի հոգեբանական ծառայությունների կազմակերպումը, մասնագետի ընտրությունը և գնահատումը պետք է իրականացվեն զոհակենտրոն մոտեցմամբ՝ ապահովելով գործընթացում անձի մասնակցությունը և հաշվի առնելով նրա անհատական կարիքները։
15. Հոգեբանական ծառայությունների մատուցման համար մասնագետների կողմից մշակվում են անհատական ծրագրեր։ Հոգեբանական ծառայությունների մատուցման անհատական ծրագիրը մշակելիս մասնագետներն իրականացնում են խոշտանգումից տուժած անձի կարիքների համապարփակ գնահատում, որը պետք է ընդգրկի նաև նրա բժշկական, իրավաբանական և սոցիալական կարիքները։
16. Կախված մասնագետի կողմից մշակված ծառայությունների տրամադրման անհատական ծրագրից՝ ծառայությունները կարող են տրամադրվել մեկանգամյա կամ պարբերական այցելությունների միջոցով՝ մինչև տուժողի հոգեկան առողջության վերականգնումը:
17. Այն դեպքերում, երբ սույն կարգի 15-րդ կետում նշված գնահատումը բացահայտում է այլ ծառայությունների (բժշկական, իրավաբանական, սոցիալական աջակցություն) անհրաժեշտություն, Կազմակերպությունը տուժած անձին ուղղորդում է մասնագիտացված մարմիններ կամ կազմակերպություններ՝ ռեաբիլիտացիայի իրավունքի լիարժեք իրացումն ապահովելու համար։
18. Հոգեբանական ծառայությունները մատուցվում են ավանդական և այլընտրանքային միջամտության եղանակներով՝ ըստ մասնագետի կողմից կազմված անհատական ծրագրի:
19. Իրավասու մարմինը կազմակերպում է Կազմակերպության մասնագետների պարտադիր վերապատրաստում։
20. Իրավասու մարմինը մշակում է մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության մշտադիտարկման և գնահատման կառուցակարգեր՝ հիմնվելով հստակ չափանիշների և ցուցանիշների վրա։ Մշտադիտարկման և գնահատման ընթացքում հաշվի են առնվում ծառայությունների հասանելիության (մատչելիության), անվտանգության, գաղտնիության և զոհերի անհատական կարիքներին համապատասխանության չափանիշները։
21. Հոգեբանական ծառայությունների որակի և արդյունավետության մշտադիտարկումը և գնահատումն իրականացնում է Իրավասու մարմինը՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով։
22. Կազմակերպությունը պարտավոր է Իրավասու մարմին ներկայացնել միջանկյալ հաշվետվություններ, ինչպես նաև ամփոփ հաշվետվություն մատուցված հոգեբանական ծառայությունների առաջընթացի, արդյունավետության և ծախսերի վերաբերյալ։ Հաշվետվությունների ձևը և ներկայացման պարբերականությունը սահմանում է Իրավասու մարմինը։
23. Կազմակերպությունը վարում է խոշտանգումից տուժած անձանց մատուցվող ծառայությունների համար ներկայացված դիմումների հաշվառման մատյան: Մատյանը պետք է արտացոլի դիմումների ներկայացման ամսաթիվը, ծառայությունների տրամադրման ամսաթիվը, տևողությունը, արդյունավետության ցուցանիշները և այն տվյալները (ներառյալ՝ անձի սեռը, տարիքը, բնակության վայրը, խոցելիության մակարդակը), որոնք անհրաժեշտ են ծառայությունների որակի և հասանելիության մշտադիտարկման և գնահատման համար: Մատյանի օրինակելի ձևը կցվում է Կազմակերպության հետ կնքվող պայմանագրին` որպես հավելված:»
-
Продолжительность
04.02.2026 21.02.2026 -
Тип
Pешение
-
Область
Юстиция, Здравоохранение, Европейским суд по правам человека, Уголовное законодательство, Гражданское и коммерческое законодательство
-
Министерство
Министерство юстиции
-
Test
Просмотры 112
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .