«ԿՈՆՅԱԿ ԱՐՏԱԴՐՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ՇՉՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿՈՆՅԱԿ ԱՐՏԱԴՐՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Անհրաժեշտությունը - «Կոնյակ արտադրող տնտեսավարողների աջակցության ծրագիրը և դրա շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է հանրապետության կոնյակ արտադրող և իրացնող տնտեսավարողների՝ արտահանման խնդիրներով պայմանավորված ֆինանսական ռիսկերը մեղմելու, վերջիններիս բնականոն գործունեությունը շարունակելու նպատակով ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն տրամադրելու անհրաժեշտությամբ։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – 2025 թվականի 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունից շշալցված կոնյակի արտահանման ծավալը նվազել է շուրջ 5,4 մլն բացարձակ լիտրով կամ շուրջ 28 տոկոսով (2025 թվականի 11 ամիսներին շշալցված կոնյակի արտահանման ծավալը կազմել է շուրջ 13,6 մլն բացարձակ լիտր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ շուրջ 19,0 մլն բացարձակ լիտր)։
Մյուս կողմից սույն թվականի ապրիլի 17-ից սկսած Վրաստանի մաքսային ծառայության կողմից կանգնեցվում են հայկական ընկերությունների կողմից Վրաստանով տարանցվող շշալցված կոնյակ տեղափոխող բեռնատարները՝ արտահանվող կոնյակի նմուշների լաբորատոր փորձաքննություն իրականացնելու պատրվագով։
Բեռնատարներում առկա յուրաքանչյուր տեսականուց փորձաքննության նպատակով վերցվում է 5-ական շիշ նմուշ, իսկ բեռնատարները տեղափոխվում են Գեզի մաքսային տերմինալ, որտեղ կանգնում են 10 օրից մինչև 49 օր և միջին օրական կուտակումները կազմում են 150 և ավելի բեռնատար։
Մաքսային տերմինալում կանգնելու ժամանակահատվածում տնտեսավարողների համար առաջանում են լրացուցիչ ծախսեր (1 օրվա կտրվածքով շուրջ 100 ԱՄՆ դոլար վճարվում է բեռնափոխադրող կազմակերպությանը), չեն կարողանում ապահովել ապրանքի մատակարարումն առևտրի ցանցերի հետ կնքված մատակարարման պայմանագրերում նշված ժամկետներում, որի դեպքում ենթարկվում են մատակարարման ենթակա ընդհանուր խնբաքանակի արժեքի 20 տոկոսի չափով տուգանքի և զրկվում են չմատակարարված խմբաքանակը հետագայում մատակարարելու իրավունքից։ Բացի այդ, նման իրավիճակները կրկնվելու դեպքում առևտրային ցանցերը սկսում են խուսափել տնտեսավարողների հետ մատակարարաման պայմանագրեր կնքելուց։
Ստեղծված իրավիճակում էականորեն կրճատվել են ընկերությունների ֆինանսական մուտքերը, և լուրջ խնդիրներ են առաջացել աշխատակիցների աշխատավարձերի վճարման և հարկային ու վարկային պարտավորությունները սահմանված ժամկետում ապահովելու հարցում։
Ոլորտի տնտեսավարողները դիմել են Էկոնոմիկայի նախարարությանը ստեղծված իրավիճակը մեղմելու և բնականոն գործունեությունը շարունակելու նպատակով աջակցություն ստանալու խնդրանքով։
Տրամադրվող վարկերի չափերի համար սահմանվող 200․0-ից մինչև 1500․0 մլն դրամի միջակայքը և մինչև 10000․0 մլն դրամ վարկային պորտֆելը սահմանվել է տնտեսավարողներից ստացված 2024 թվականի ընթացքում վճարված հարկերի և աշխատավարձի չափերի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, որը իրացման շրջանառությամբ պայմանվորված կբավարարի տնտեսավարողների 4-ից 8 ամսվա ընթացքում գոյացող պարտավորությունների կատարմանը։
3. Կարգավորման նպատակը և բնույթը – Նախագծով առաջարկվում է՝
- 2025 թվականին առնվազն 3000 տոննա խաղողի մթերումներ իրականացրած և շշալցված կոնյակի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին ծրագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից մինչև 180 օրվա ընթացքում տրամադրել 200.0-ից մինչև 1500․0 մլն դրամ սահմանաչափով վարկեր՝ աշխատակիցների աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ, պետական կամ համայնքի բյուջե հարկեր և պարտադիր վճարումներ իրականացնելու նպատակով,
- վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով առավելագույնը տարեկան մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, սուբսիդավորվելու է տրամադրված վարկերի տոկոսադրույքի տարեկան մինչև 12 տոկոսային կետին համարժեք մասը, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 2 տոկոս, իսկ ծրագրի վարկային պորտֆելը սահմանվում է մինչև 10000․0 մլն դրամ,
- վարկերն ունեն առավելագույնը 48 ամիս մարման ժամկետ, իսկ վարկի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է ոչ ավելի, քան 24 ամիս,
- ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի գծով կազմակերպությունների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Կառավարության կողմից սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից մինչև 180 օրվա ընթացքում տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք,
- սահմանվում են վարկերի և բյուջետային երաշխիքների տրամադրման ընթացակարգերը։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից շշալցված կոնյակի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող տնտեսավարողների առաջարկությունների հիման վրա: Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
5. Ակնկալվող արդյունքը – Նախագծի ընդունման արդյունքում շշալցված կոնյակի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կտրվի Ծրագրի շրջանակներում՝ մատչելի պայմաններով ներգրավել վարկեր՝ աշխատակիցների աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ, պետական կամ համայնքի բյուջե հարկեր և պարտադիր վճարումներ իրականացնելու նպատակով։
6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Նախագծի ընդունման դեպքում Ծրագրի գծով ըստ Էկոնոմիկայի նախարարության գնահատականների վարկային պորտֆելը կկազմի շուրջ 10․0 մլրդ դրամ, բյուջետային երաշխիքի չափը շուրջ 5,0 մլրդ դրամ, իսկ սուբսիդավորման չափը 4 տարիների համար կանխատեսվում է շուրջ 3․7 մլրդ դրամ, որից՝ 2026 թվականին՝ 904․0, 2027 թվականին 1203․0, 2028 թվականին՝ 1049․0, 2029 թվականին՝ 475․0, իսկ 2030 թվականին՝ 25․0 մլն դրամ։
Նախագծի ընդունման դեպքում առաջացող պարտավորությունները կկատարվեն Էկոնոմիկայի նախարարության 2026 թվականի բյուջեով և 2026-2028 թվականների ՄԺԾԾ-ով հաշվարկված գումարների շրջանակներում և պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու անհրաժեշտություն չի առաջանում։
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Սույն որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառման «Հումքի մթերման գործընթացին, կոնյակի ու կոնյակի սպիրտի արտահանմանն աջակցություն, ինչպես նաև գինեգործության ու կոնյակագործության արտադրության խթանման արդյունքում առաջիկա 5 տարիներին հումքի մթերման և թողարկվող արտադրանքի ծավալների ավելացում մինչև 50 %-ով կամ տարեկան շուրջ 10%-ով» ակնկալվող արդյունքից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf, 227-րդ էջ)։
-
Продолжительность
23.01.2026 12.02.2026 -
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 215
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .