Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԵՐՐՈՐԴ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՋՈՐԴ ԵՐԵԽԱՅԻ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_________________ 2026 թվականի N _____-Ն

 

ԵՐՐՈՐԴ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՋՈՐԴ ԵՐԵԽԱՅԻ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը, 26.1-ին հոդվածի 5-7-րդ մասերը, 26.2-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ և 12-րդ մասերը, և 26.3-րդ հոդվածի 5-րդ և 13-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

1.     Սահմանել որ՝

1)     երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը ամսական 50000 դրամ է,

2)    երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ իր համապատասխան ստորաբաժանումների միջոցով,

3)    երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը նշանակվում և վճարվում է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցության տեղեկատվական համակարգով:

2.     Հաստատել երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու և վճարելու կարգը՝ համաձայն հավելվածի։

3.    Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) ապահովել սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված՝ ինքնաշխատ եղանակով իրականացվող գործընթացների ապահովման ծրագրային գործիքի մշակումն ու ներդրումը՝ մինչև 2026 թվականի մայիսի 1-ը.

4.    Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Ազգային անվտանգության ծառայության պետին՝ ապահովել ինքնաշխատ եղանակով ծառայության ուղարված հարցմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից երեխայի (ում ծննդյան կապակցությամբ նշանակվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը)՝ Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու մասին տեղեկատվությունը ստուգելու գործընթացի ծրագրային գործիքի մշակումն ու ներդրումը՝ մինչև 2026 թվականի մայիսի 1-ը։

5.    Սահմանել, որ մինչև սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված ծրագրային գործիքների մշակումն ու ներդրումն առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը նշանակվում է տարածքային կենտրոն ներկայացված դիմումի համար սահմանված կարգով։

6.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2026 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

_____________    -ի N      -Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

 

ԵՐՐՈՐԴ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՋՈՐԴ ԵՐԵԽԱՅԻՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1.     Սույն կարգով կարգավորվում են երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ (այսուհետ՝ նպաստ) նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները։

2.    Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

1) շահառու երեխա՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխա.

2) շահառու ծնող` շահառու երեխայի ծնող կամ որդեգրող, ում անունից ներկայացվել է նպաստ նշանակելու դիմումը կամ ում նշանակվել է նպաստը

3) երեխա՝ շահառու երեխայի ծնողից սերված երեխա (18 տարին չլրացած անձ).

4) զավակ՝ շահառու երեխայի ծնողից սերված չափահաս (18 տարին լրացած) անձ.

5) դիմող`  նպաստ նշանակելու և վճարելու դիմում ներկայացրած անձ

6) տարածքային կենտրոն` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) համապատասխան ստորաբաժանում.

7) բանկ` ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կամ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.

8) սոցիալական ապահովության հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված հատուկ բանկային հաշիվ

9) միանվագ դրամական վճարների հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված հատուկ բանկային հաշիվ

10) անձը հաստատող փաստաթուղթ՝

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ, իսկ մինչև 16 տարեկանների դեպքում` անձնագիրը (առկայության դեպքում), ծննդյան վկայականը,

բ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթ,

գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:

3.    Բացառությամբ սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերում նշված դեպքերի, նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալները՝ շահառու ծնողի, երեխաների (զավակների), այդ թվում՝ շահառու երեխայի հաշվառման վայրի և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու (Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ունենալու)վերաբերյալ:

4.    Շահառու երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նպաստը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում բնակության վայրի հասցեով հաշվառված`

1) շահառու երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված երեխաները և զավակները (շահառու երեխայի հարազատ քույրերն ու եղբայրները).

2) շահառու երեխայի ծնողից (հորից կամ մորից) սերված երեխաները և զավակները (շահառու երեխայի համահայր կամ համամայր քույրերն ու եղբայրները), եթե`

ա. դատարանի վճռով կամ ծնողի (որը չի հանդիսանում շահառու երեխայի ծնողը) գրավոր համաձայնությամբ այդ երեխայի բնակության վայր է սահմանվել շահառու երեխայի ծնողի բնակության վայրը,

բ. դատական կարգով հաստատված է այն փաստը, որ այդ երեխայի փաստացի խնամքն ու դաստիարակությունն իրականացնում է շահառու երեխայի ծնողը,

գ. շահառու երեխայի ծնողն այդ երեխայի համար ստանում է ալիմենտ (օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով վճռվել է հօգուտ շահառու երեխայի ծնողի բռնագանձել ալիմենտ),

դ. նոտարական ակտով հաստատված է այդ երեխայի՝ շահառու երեխայի ծնողի խնամքի տակ լինելու փաստը կամ նոտարական ակտով հաստատված  է այդ զավակի՝ անչափահաս տարիքում իր փաստացի խնամքն ու դաստիարակությունը նոր ծնված երեխայի ծնողի կողմից իրականացված լինելու մասին հայտարարությունը,

ե. նրանց մյուս ծնողը մինչև շահառու երեխայի ծննդյան օրը մահացել կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ զրկվել կամ նոտարական կարգով հրաժարվել է ծնողական իրավունքներից,

զ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված տեղեկատվության համաձայն` այդ համամայր երեխայի (երեխաների) կամ զավակի ծննդյան ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկությունը լրացվել է մոր գրավոր հայտարարության հիման վրա կամ հոր մասին տեղեկությունը չի լրացվել (եթե նպաստը նշանակվելու է շահառու երեխայի մորը),

է ծնողի (ով չի հանդիսանում շահառու երեխայի ծնողը) գրավոր համաձայնությամբ այդ երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնում է շահառու երեխայի ծնողը,

ը այդ զավակի (շահառու երեխայի համահայր կամ համամայր քույր կամ եղբայր) ծնողներն ամուսնալուծվել են նրա չափահաս դառնալուց հետո:

5.    Սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով երեխայի համար սահմանված պայմանները կիրառելի են նաև այն դեպքում, երբ դրանք բավարարվել են շահառու երեխայի համահայր կամ համամայր չափահաս քույրերի ու եղբայրների՝ անչափահաս տարիքում։

6.   Անկախ սույն կարգի 4-րդ կետով սահմանված պայմանները բավարարելու հանգամանքից՝ շահառու երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի է առնվում նաև շահառու երեխայի հարազատ կամ համամայր կամ համահայր՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով կամ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում զոհված զինծառայող քույրը կամ եղբայրը։

7.    Սույն կարգի 6-րդ կետի իմաստով անձը համարվում է զոհված նաև այն դեպքում, երբ նա մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո և մահվան պատճառը Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով կամ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքն է:

8.   Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի չեն առնվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 949-Ն որոշմամբ սահմանված պերինատալ շրջանում մահացած երեխաները:

9.   Եթե երեխան (զավակը) սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա մեկ անգամ հաշվի է առնվում իր հորից կամ մորից սերված նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս, ապա դրանից հետո նոր կարգաթիվ որոշելիս՝ այդ երեխան (զավակը) կարող է հաշվի առնվել, եթե նոր ծնված երեխայի հետ սերվել է տվյալ հորից կամ տվյալ մորից:

10. Սույն կարգի 4-րդ կետում նշված երեխաների (զավակների) թվում հաշվի չեն առնվում նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումը N 1 հավելվածի 50-րդ կետում նշված՝ շուրջօրյա լրիվ  խնամք տրամադրող հաստատություններում կամ կազմակերպություններում գտնվող կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցող երեխաները։

11.  Բացառությամբ սույն կարգի 21-րդ կետով նախատեսված դեպքերի, նպաստը նշանակվում (վճարվում) է առցանց ներկայացված տվյալների հիման վրա ձևավորված դիմումով։

12.  Նպաստ նշանակելու համար ծնողը www. socservice.am կայքէջից մուտք է գործում առցանց դիմումը (տվյալները) ներկայացնելու ծրագրային միջավայր (այսուհետ՝ ծրագրային միջավայր) և համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով մուտքագրում է անհրաժեշտ և պարտադիր լրացման ենթակա դաշտերի տվյալները։

13. Ծնողը ծրագրային միջավայր մուտք է գործում՝

1) մինչև բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ անհատի խիստ նույնականացման նպատակով բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից մատուցվող ծառայություններից փաստացի (լիարժեք) օգտվելու համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը (ներառյալ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի միջև անհատի խիստ նույնականացման համակարգի սպասարկման մասին պայմանագիր կնքելը, անհատի խիստ նույնականացման ծառայությունների ամբողջական գործարկումը, այդ ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը)՝ www. socservice.am կայքէջի կողմից տրամադրված մուտքի անվան և գաղտնաբառի կիրառմամբ (տրամադրվում է www. socservice.am կայքէջում գրանցվելիս).

2) նույնականացման քարտի կիրառմամբ.

3) բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից թողարկված բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ։

14.  Եթե ծնողը ծրագրային միջավայր մուտք է գործում նույնականացման քարտի կամ հեռախոսահամարի միջոցով, ապա նրա նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման պահանջների համաձայն։

15.  Նպաստն առցանց ներկայացված դիմումի հիման վրա նշանակելու  համար ծրագրային միջավայրում մուտքագրվում են հետևյալ տվյալները՝

1) շահառու ծնողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

2) շահառու երեխայի և շահառու երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխաների (զավակների) անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականը հատկացնող մարմնի տվյալները՝ ըստ ծննդյան վկայականի,

3)  նշում է կատարում նպաստ նշանակելու համար իր տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու համաձայնություն տալու վերաբերյալ,

4) նշում է կատարում այն մասին, որ տեղեկացված է բանկ ներկայանալու և բանկի հետ համապատասխան բանկային հաշվի պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, իր՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին հավաստելու պարտավորության մասին,

5) այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ նպաստի գումարը,

6) ծնողի հետ հետադարձ կապի տեղական բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, որը ներկայացրել է www.socservice.am կայքէջում գրանցվելու համար:

16. Ծրագրային միջավայրում մուտքագրվող դիմումին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում։

17.  Համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված տվյալների հիման վրա դիմում ձևավորվելու համար այդ տվյալներն ինքնաշխատ եղանակով համադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայի և Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալներում առկա տեղեկատվության հետ։

18. Առցանց ներկայացված տվյալների հիման վրա դիմում չի ձևավորվում, եթե ծրագրային միջավայրում մուտքագրված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայի կամ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալներում առկա են անհամապատասխանություններ (սխալներ) և դրա մասին առցանց (անմիջապես) ծանուցվում է դիմողին։

19. Առցանց ներկայացված տվյալների հիման վրա դիմում ձևավորվելու դեպքում մուտքագրված տվյալներն ինքնաշխատ եղանակով ուղարկված հարցմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ՍԷԿՏ համակարգ) միջոցով ստուգվում է երեխայի՝ Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու մասին տեղեկատվությունը և ինքնաշխատ եղանակով՝

1)     նշանակվում է նպաստ, եթե առկա չեն սույն կարգի 26-րդ կետում, բացառությամբ 26-րդ կետի 10-րդ ենթակետում, նշված հիմքերից որևէ մեկը,

2)    մերժվում է նպաստ նշանակելը, եթե առկա է սույն կարգի 26-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկը:

20. Նպաստը նշանակելու կամ նպաստը նշանակելը մերժելու մասին ինքնաշխատ եղանակով համապատասխան հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին՝ մերժման դեպքում նշելով նաև մերժման հիմքը։

21.  Նպաստը նշանակելու համար դիմողը տարածքային կենտրոն է ներկայացնում դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր, եթե նպաստը նշանակվում է՝

1)   դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծնողին կամ նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին, ում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը կամ

2)  ծնողին, ում շահառու երեխայի կամ նրա կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի) ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը կամ

3)  տեղեկատվական շտեմարանների տվյալները բավարար չեն նպաստ նշանակելու համար (ներկայացված էլեկտրոնային դիմումը մերժվում է)։

22. Սույն կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները տարածքային կենտրոն (ծառայություն) ներկայացվում են դիվանագիտական ծառայության մարմնի միջոցով։ Այս դեպքում նպաստը նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը ծառայություն է ուղարկում իր պաշտոնական փոստից՝ դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով հաստատված գրությամբ կամ դրա՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գրությամբ ելքագրված վերընթերցված (սկանավորած) տարբերակը։

23. Սույն կարգի 21-րդ կետի համաձայն ներկայացված դիմումում նշվում են՝

1)     դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, շահառու ծնողի (եթե դիմողը ծնողը չէ) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

2)    շահառու ծնողի բնակության (հաշվառման) վայրի հասցեն, ծնողի էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,

3)    շահառու երեխայի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն,

ե. այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ նպաստի գումարը,

զ. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է բանկ ներկայանալու և բանկի հետ համապատասխան բանկային հաշվի պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, իր՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին հավաստելու պարտավորության մասին, եթե չի հանդիսանում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծնող կամ նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսին կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձ։

24. Դիմումին կից ներկայացվում են նաև՝

1)   դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,

2)  շահառու երեխայի ծննդյան վկայականը, առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը,

3)  շահառու երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի) անձը հաստատող փաստաթուղթը, իսկ եթե ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը՝ ծննդյան վկայականը,

4)  շահառու երեխայի կամ նրա կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի) ծնողի` նպաստի իրավունքը հաստատող փաստաթղթեր (շահառու երեխայի ծնողը, որդեգրողը հանդիսանալը հաստատող փաստաթղթեր՝ հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ կամ երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող այլ փաստաթղթեր), եթե շահառու երեխայի ծնողների ամուսնությունը գրանցված չէ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում կամ ամուսնությունը գրանցված է շահառու երեխայի ծնվելու օրը կամ դրանից հետո,

5)  շահառու երեխայի կարգաթիվը որոշելու համար համահայր կամ համամայր քույրերին ու եղբայրներին հաշվի առնելու համար` սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված դեպքում` համապատասխան դատարանի վճիռը կամ ծնողի (ով չի հանդիսանում շահառու երեխայի ծնողը) գրավոր համաձայնությունը, «բ» պարբերությունում նշված դեպքում` համապատասխան դատարանի վճիռը, «գ» պարբերությունում նշված դեպքում` ալիմենտ վճարելու վերաբերյալ ծնողների միջև կնքված և նոտարի վավերացրած գրավոր համաձայնությունը կամ համապատասխան դատարանի վճիռը, «դ» պարբերությունում նշված դեպքում` համապատասխան նոտարական ակտը, «ե» պարբերությունում նշված դեպքում` ծնողի մահվան վկայականը (եթե մահվան վկայականը տրված է օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից), կամ նրան մահացած կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու կամ ծնողական իրավունքից զրկվելու մասին դատարանի վճիռը կամ ծնողական իրավուններքից հրաժարվելու մասին նոտարական ակտը, «է» պարբերությունում նշված դեպքում՝ ծնողի գրավոր համաձայնությունը, «ը» պարբերությունում նշված դեպքում՝ ամուսնալուծության վկայականը, 6-րդ կետում նշված դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման հավելվածով սահմանված՝ զինծառայողի զոհվելու մասին N 1 ձևի տեղեկանքը, 7-րդ կետի համաձայն՝ զինվորական ծառայությունից արձակվելուց հետո մահացած զինծառայողի մահվան պատճառական կապի մասին անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված որոշումը (վարչական ակտը): Սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «է» պարբերություններում նշված՝ ծնողի (ով չի հանդիսանում շահառու երեխայի ծնողը) գրավոր համաձայնությունում ներառվում են համաձայնությունը կնքելու օրը, ամիսը, տարեթիվը, վայրը, երեխայի (զավակի) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ծնողներից յուրաքանչյուրի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ինչպես նաև ծնողի ստորագրությամբ հավաստումը՝ համաձայնեցվող հանգամանքներին համաձայն լինելու վերաբերյալ,

6) շահառու երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի)` պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելը (ռազմաուսումնական հաստատությունում սովորելը) հաստատող` զինվորական կոմիսարիատի (ռազմաուսումնական հաստատության) տված կամ ազատազրկման վայրում գտնվելը հաստատող` քրեակատարողական հիմնարկի տված տեղեկանքը, եթե սույն կարգի 4-րդ կետում նշված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված կամ ազատազրկման վայրում պատիժը կրող՝ 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն (զավակին) երբևէ չի հատկացվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ կամ նրան հատկացված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտն անվավեր է: Տեղեկանքներում ներառվում են երեխայի (զավակի) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, իսկ առկայության դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը։

25. Նպաստ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային կենտրոնը տեղեկատվական շտեմարաններից ստացված տեղեկատվության (տվյալների) համադրմամբ ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը, ՍԷԿՏ համակարգի միջոցով ստուգում է շահառու երեխայի՝ Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու մասին տեղեկատվությունը և որոշում է ընդունում նշանակել նպաստ կամ մերժել նպաստի նշանակումը։

26. Նպաստ նշանակելը մերժում է, եթե՝

1)     դիմելու օրվա դրությամբ շահառու ծնողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ

2)    դիմումը ներկայացվել է շահառու երեխայի 6 տարեկանը լրանալու ամսին, կամ դրանից հետո

3)    օտարերկրյա պետությունում ծնված շահառու երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, սակայն երեխան չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր

4)  շահառու ծնողը, շահառու երեխան կամ նրա կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխան (զավակը), բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված, ազատազրկման վայրում պատիժը կրող անձի և սույն կարգի 6-րդ կամ 7-րդ կետերում նշված զավակի, դիմելու օրվա դրությամբ հաշվառված չեն Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով

5)      դիմելու օրվա դրությամբ շահառու ծնողը և շահառու երեխան, համաձայն ՍԷԿՏ համակարգում առկա տեղեկատվության՝ չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում (բացառությամբ, եթե նպաստը պետք է նշանակվի դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծնողին կամ նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին)

6)   շահառու երեխան կամ շահառու ծնողը մահացել է

7)    ներկայացված փաստաթղթերով (առկա տվյալներով) շահառու ծնված երեխայի կարգաթիվը երեքից ցածր է.

8)   շահառու ծնված երեխայի համար արդեն նշանակվել է սույն կարգով սահմանված նպաստ.

9)   նոր ծնված երեխան մահացել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 949-Ն որոշմամբ սահմանված պերինատալ շրջանում.

10) տարածքային կենտրոն ներկայացված դիմումին չեն կցվել անհրաժեշտ փաստաթղթերը։

27. Շահառու երեխայից հրաժարվելու, շահառու երեխային սոցիալական պաշտպանության հաստատությունում տեղավորելու, շահառու երեխայի որդեգրվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում ծնողը կորցնում է  նպաստի իրավունքը (մերժվում է նպաստ նշանակելը, իսկ այդ հանգամանքը նպաստ նշանակելուց հետո ի հայտ գալու դեպքում դադարեցվում է նպաստ ստանալու իրավունքը):

28. Շահառու երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխայից հրաժարվելու, նրան սոցիալական պաշտպանության հաստատությունում տեղավորելու, որդեգրելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում ծնողը կորցնում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունքը (մերժվում է նպաստ նշանակելը, իսկ այդ հանգամանքը նպաստ նշանակելուց հետո ի հայտ գալու դեպքում դադարեցվում է նպաստ ստանալու իրավունքը), եթե նշված հանգամանքների հաշվառմամբ շահառու երեխայի կարգաթիվը երեքից նվազում է:

29. Սույն կարգի 21-րդ կետի համաձայն ներկայացված դիմումի հիման վրա նպաստ նշանակելու կամ նպաստ նշանակելը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին համակարգը ինքնաշխատ եղանակով հաղորդագրություն է ուղարկում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին՝ մերժման դեպքում նշելով նաև մերժման հիմքի մասին։ Սույն կետով սահմանված դեպքում, եթե նախորդ դիմումը մերժելու մասին որոշում ընդունելու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում կրկին ներկայացվում է նույն ծնողին նպաստ նշանակելու դիմում, ապա դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը: Այս դեպքում մերժված դիմումին կից ներկայացված փաստաթղթերը համարվում են նոր դիմումին կից ներկայացված փաստաթղթեր՝ բացառությամբ դիմողի անձը հաստատող փաստաթղթի, որը ներկայացվում է անկախ որևէ հանգամանքից:

30.Մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում նպաստ նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար՝ սույն կարգով սահմանված կարգով ներկայացված մեկ դիմումի հիման վրա:

31. Եթե ծնողը, մինչև նպաստ ստանալու իրավունքը դադարելը, հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ ևս ձեռք է բերում նպաստի իրավունք, ապա հաջորդ երեխայի (երեխաների) համար ևս սույն կարգով սահմանված կարգով ներկայացնում է նպաստը նշանակելու դիմում։

32. Տվյալ ամսվա նպաստի գումարը վճարվում է այդ ամսվա ընթացքում` անկանխիկ եղանակով, ծնողի անվամբ բանկում բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելու միջոցով: Շահառու ծնողը կարող է ցանկացած ժամանակ դիմել (առցանց եղանակով կամ տարածքային կենտրոն) բանկը փոխելու համար։

33. Բանկը փոխելու դիմումը ներկայացնելուն նախորդող ժամանակահատվածի չվճարված նպաստի գումարները վճարվում են դիմումում նշված բանկի միջոցով:

34. Տարածքային կենտրոն ներկայացված դիմումում ներառվում են՝

1) շահառու ծնողի անունը, ազգանունը, հայրանունը.

2) անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը.

3)  բանկի անվանումը, որտեղից շահառու ծնողը ցանկանում է ստանալ նպաստը.

4) նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է բանկ ներկայանալու և բանկի հետ համապատասխան բանկային հաշվի պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, իր՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին կամ տարածքային կենտրոնին հավաստելու պարտավորության մասին, եթե չի հանդիսանում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծնող կամ նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսին կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձ:

35. Բանկը փոխելու դիմումը առցանց եղանակով ներկայացնելու համար  շահառու ծնողը www.socservice.am կայքէջից մուտք է ծրագրային միջավայր և համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով մուտքագրում է պարտադիր լրացման ենթակա դաշտերի տվյալները։

36. Բանկի ընտրության՝

1)     առցանց եղանակով դիմումի հիման վրա բանկը փոխվում է ինքնաշխատ եղանակով

2)    տարածքային կենտրոն ներկայացրած դիմումում առկա տեղեկատվությունը դիմումն ընդունող մասնագետը մուտքագրում է տեղեկատվական համակարգի, և ինքնաշխատ եղանակով փոփոխվում է բանկը:

37. Սույն կարգի 32-րդ կետում նշված դիմումը մերժվում է, եթե դիմելու օրվա դրությամբ նպաստի գումարի վճարումը դադարեցված է կամ տարածքային կենտրոն ներկայացված դիմումում նշված կազմակերպությունը կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագիր չի կնքել։

38.Դիմումի հիման վրա բանկը փոխելու կամ փոխելը մերժելու դեպքում դրա մասին ինքնաշխատ եղանակով հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայր մուտքագրված կամ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ մերժելու դեպքում նշելով նաև մերժման հիմքերը։

39.Շահառու ծնողը նպաստ վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու (դրամական աջակցությունն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին: Նպաստ ստացող ծնողի Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց ծնողի բանկ ներկայանալու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման հավելվածի 3.1-ին կետով սահմանած կարգով:

40. Ներկայացված դիմումի հիման վրա բանկը փոխելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու հանգամանքը  հաստատվում է՝

1) բանկի տրամադրած տեղեկատվությամբ.

2) ծնողի՝ տարածքային կենտրոն անձամբ ներկայացրած՝ «Պետական նպաստների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-9-րդ կետերով սահմանված նպաստներին առնչվող ցանկացած գրավոր անձամբ ներկայացված դիմումով.

3) «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա՝ ծնողի  (այդ թվում՝ «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 26.2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում) աշխատելու վերաբերյալ ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությամբ

4) «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքով սահմանված կարգով ստեղծված տեղեկատվական շտեմարանում առկա՝ ծնողի ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությամբ։

41.  Նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը կարող է ներկայացվել նաև առցանց, եթե չի պահանջվում դիմումին կցել փաստաթուղթ:

42. Նպաստ վճարելը օրենքի 26.3-րդ հոդվածի 3‑րդ մասի 2-րդ կետի հիման վրա դադարեցված լինելու դեպքում նպաստի վճարումը վերսկսվում է տարածքային կենտրոն ներկայացրած դիմումի հիման վրա կամ ինքնաշխատ եղանակով՝ սույն կարգի 40-րդ կետով սահմանված տեղեկատվության հիման վրա։

43. Ծնողի մահվան պատճառով չվճարված դրամական աջակցության գումարը վճարելու համար օրենքի 26.3-րդ հոդվածի 12-րդ մասում նշված անձը՝ շահառու երեխայի մյուս ծնողը կամ շահառու երեխայի 18 տարեկան և դրանից բարձր տարիքի քույրը կամ եղբայրը տարածքային կենտրոն է ներկայացնում՝

1) դիմում, որում ներառվում են`

ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),

բ. շահառու երեխայի անունը, ազգանունը, ծննդյան վկայականի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն,

գ. մահացած ծնողի անունը, ազգանունը, մահվան օրը, ամիսը, տարեթիվը,

դ. չվճարված նպաստի գումարը վճարելու համար այն բանկի անունը, որտեղից ծնողի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարն ստանալու համար դիմած անձը ցանկանում է ստանալ գումարը.

2) ծնողի մահվան վկայականը.

3) ըստ անհրաժեշտության՝ շահառու երեխայի ծնողը կամ քույրը կամ եղբայրը հանդիսանալը հաստատող փաստաթղթեր (շահառու երեխայի ծննդյան վկայականը, ըստ անհրաժեշտության, ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ և այլն), եթե նպաստ նշանակելիս այդ փաստաթղթերը ներկայացված չեն եղել:

44.  Ծնողի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը վճարվում է այն անձի անվամբ բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելու միջոցով, ում նշանակվել է այդ գումարը։ Այս դեպքում անձի տված՝ նպաստն այլ անձի վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագրի հիման վրա նպաստը վճարվում է դիմումը և լիազորագիրը տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում, իսկ չվճարված նպաստն անկանխիկ եղանակով վճարվում է լիազորված անձի անվամբ բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցվելու միջոցով:

  • Обсуждалось

    23.12.2025 - 08.01.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 691

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: