ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը
Արհեստական բանականության (ԱԲ) ոլորտը տեխնոլոգիական առաջընթացի և տնտեսական զարգացման ռազմավարական ուղղություններից մեկն է։ Արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և տեղակայման համար անհրաժեշտ են բարձր արտադրողականությամբ հաշվողական (High Performance Computing – HPC) ռեսուրսներ, մասնավորապես՝ կենտրոնական մշակման միավոր (Central Processing Unit-CPU), գրաֆիկական պրոցեսորային միավորներ (GPU), օպերատիվ հիշողություն (Random Access Memory-RAM), տվյալների պահուստավորման տիրույթ (Storage)։ Առանց CPU/GPU ռեսուրսների մատչելիության՝ ուսանողները, հետազոտողները, կազմակերպությունները չեն կարող լիարժեք մասնակցել արհեստական բանականության գործիքների զարգացմանը և ստեղծել հավելյալ արժեքով կիրառական լուծումներ։ Փոխարենը նրանք բախվում են բարձր պատնեշի՝ վարձել GPU-ներ միջազգային մատակարարներից, որոնք փոքր բյուջե ունեցող հայկական ստարտափների և հետազոտական խմբերի համար էական խոչընդոտ են։
Հայաստանում գործող արհեստական բանականության ոլորտի ստարտափները, հետազոտական խմբերը, ուսումնական հաստատություններն ու անհատ մասնագետները ներկայում չունեն բավարար հասանելիություն նման ռեսուրսների՝ հաշվարկային հզորության և պահուստավորման տեսանկյունից, ինչը խոչընդոտում է գաղափարների ամբողջական իրագործումը։
Պետական ֆինանսավորմամբ CPU/GPU ռեսուրսների տրամադրումը արհեստական բանականության ոլորտի նորարարներին ոչ միայն տեխնիկական քայլ է, այլև ռազմավարական ընտրություն: Նպատակն է տեխնոլոգիական առաջընթացից բխող բարեկեցությունը ուղղորդել ներառական աճի։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հանդիսանալով թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում քաղաքականություն մշակող մարմին, կարևորելով ՀՀ-ում արհեստական բանականության զարգացումը, Կառավարության 2025 թվականի 1-ին կիսամյակի առաջնահերթ ուղղություններից էր սահմանել արհեստական բանականության զարգացումը, որի ակնկալվող արդյունքներից էր Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի հիմնումը: 2025թ. հուլիսից կյանքի է կոչվել նախարարության ռազմավարական նախաձեռնությունը՝ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը (https://ai.gov.am), որի նպատակն է լինել նորարարությունների և համագործակցության բաց հարթակ։ Առաքելությունն է աջակցել տեխնոլոգիական ընկերություններին և արհեստական բանականության հետազոտողներին՝ զարգացնելու գիտական հետազոտությունները և մշակելու արտադրանք՝ անհրաժեշտ ռեսուրսները հասանելի դարձնելով նրանց համար։ Հարթակը ծառայելու է որպես գործառնական հիմք՝ հայտերի ընդունման, դիմողների նույնականացման և ռեսուրսների բաշխման համար։
Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի հարթակի զարգացումը նախարարության 2-րդ կիսամյակի առաջնահերթ ուղղություններից է:
Այս նպատակով առաջարկվում է Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի հարթակի միջոցով իրականացնել հաշվողական հասանելիության տրամադրման ծրագիր՝ ապահովելու արհեստական բանականության ոլորտում գործող դերակատարների կողմից HPC ռեսուրսների կազմակերպված, արդյունավետ և վերահսկելի օգտագործումը պետական աջակցության շրջանակում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սույն նախաձեռնության շրջանակներում առաջարկում է համագործակցել համաշխարհային տեխնոլոգիական հսկաներից մեկի՝ «Ամազոն Վեբ Սերվիսիս (Amazon Web Services-AWS)» ընկերության հետ, որը շարունակական հետաքրքրություն է ցուցաբերել կառուցողական համակագործակցության համար:
AWS (Amazon Web Services)-ը առաջատար ամպային հարթակ է, որն առաջարկում է հզոր հնարավորություններ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների (High Performance Computing - HPC) և արհեստական բանականության նախագծերի իրականացման համար։ AWS-ը անդրազգային խոշոր ամպային ծառայություն տրամադրող է, որը պատրաստակամություն է հայտնել իրեն հասանելի ռեսուրսները հասանելի դարձնել ՀՀ էկոհամակարգի մասնակիցների համար միասնական պայմանագրի դեպքում: AWS-ը տրամադրում է մի շարք բարձր հզորության վիրտուալ սերվերներ (instances), որոնք հարմարեցված են տարբեր կարիքների համար, այդ թվում՝ AI, ML և HPC նախագծերի համար։
Ծրագրի իրականացումը նախատեսվում է «Ամազոն Վեբ Սերվիսիս (Amazon Web Services-AWS)» ընկերությանը սուբսիդիայի տրամադրման եղանակով: Սուբսիդիան տրամադրվելու է Ծրագրով սահմանված պահանջներին համապատասխան հասանելիություն ստացած յուրաքանչյուր դիմողի օգտագործած ռեսուրսի արժեքի 100 տոկոսի չափով:
Amazon Web Services (AWS)-ը աջակցել է Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի ստեղծմանը և կարող է դառնալ գործընկեր՝ պատրաստ ռեսուրսների արագ տրամադրմանը: Համագործակցության շրջանակում AWS-ը կաջակցի ԱԲ վիրտուալ ինստիտուտին՝ տրամադրելով AWS լուծումների ճարտարապետների տեխնիկական փորձագիտական աջակցություն և առաջատար փորձառություն՝ խթանելով արհեստական բանականության առավել լայն կիրառումը Հայաստանում՝ ամպային տեխնոլոգիաների միջոցով:
AWS-ի արագ տեղակայումն այս պահին կարևոր է էկոհամակարգի մասնակիցներին և տնտեսական միավորներին դրական ազդակ ուղարկելու համար, սակայն ապագայում միայն մեկ մատակարարից կախվածությունը կարող է ռիսկեր ստեղծել սահմանափակելով ներառական աճի ապագա պոտենցիալը և անհարաժեշտություն է լինելու քայլեր ձեռնարկելու մատակարարման բազմակի աղբյուրների սահմանման ուղղությամբ: Ապագայում մատակարարների դիվերսիֆիկացումը կապահովի ճկունություն, անվտանգություն և վիրտուալ միջավայրի նորարարական բազմազանություն:
Հարկ է նշել, որ 2022 թվականին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ամազոն Վեբ Սերվիսիսը (Amazon Web Services (AWS)) Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ նպատակ ունենալով արդիականացնելու պետության տեխնոլոգիական ենթակառուցվածքը և արագացնելու ամպային ծառայությունների ներդրումը Հայաստանի պետական և մասնավոր հատվածներում։
2. Կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվում է հաստատել պետության կողմից արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։
Կարգավորումը նախատեսում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կազմակերպում է հայտերի ընդունում և ռեսուրսների բաշխում Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի հարթակի միջոցով, սահմանում է ռեսուրսների տրամադրման պայմանները, իրականացնում է մոնիթորինգ՝ օգտագործման թափանցիկությունն ու նպատակայինությունն ապահովելու համար։
Ակնկալվող արդյունքներն են՝
1) արհեստական բանականության ոլորտում կարողությունների զարգացում և Հայաստանի Հանրապետության մրցունակության բարձրացում,
2) տնտեսական կամ սոցիալական ազդեցություն ապահովում,
3) հայկական և միջազգային ակադեմիական, գիտական և ոլորտային առաջատար հաստատությունների համագործակցության նպաստում,
4) թափանցիկության, էթիկական սկզբունքների պահպանման և վերահսկվող միջավայրում ռիսկերի արդյունավետ կառավարման ապահովում,
5) արհեստական բանականության ոլորտի նորարարներին ԷյջՓիՍի (HPC) ռեսուրսներին անվճար հասանելիության ապահովում՝ նոր գաղափարների իրականացման, գործող նախագծերի ընդլայնման նպատակով,
6) Հայաստանի Հանրապետության թվային էկոհամակարգի զարգացում։
Ծրագրի իրականացման արդյունքը կարող է լինել բազմաշերտ, անդրադառնալով տեխնոլոգիական, տնտեսական և հասարակական ուղղություններին։
Ռեսուրսները տրամադրվելու են հաշվողական ռեսուրսների քանակով (GPU/CPU ժամեր), հիշողության և պահուստավորման ծավալի ու ժամկետների սահմանաչափերով, մենթորական աջակցությամբ:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
4. Պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման ընդունման արդյունքում պետական բյուջեից լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում։
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2․3 բարձր տեխնոլոգիաներ» մասի «թվայնացում» բաժնի դրույթներից: Այն է՝ թվային արդիական միջավայրի ստեղծումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն համարվում է կառավարման, արտադրության, առաջխաղացման արդյունավետ գործիք:
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .