Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Սպառողների պաշտպանության կայուն և զարգացած համակարգի ձևավորումը բխում է տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներից։ Մասնավորապես՝ սպառողների շահերի արդյունավետ պաշտպանությունը և ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողությունը էական նշանակություն ունի բարեխիղճ տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծման և ընդհանուր առմամբ տնտեսության զարգացման համար։

Չնայած «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում 2025 թվականի օրենսդրական փոփոխությունների իրականացմանը, ներկա պահին նույնպես ունի դեռևս զգալի բարեփոխման կարիք, ինչը մի կողմից պայմանավորված է իրավական բացերի առկայությամբ և առկա կարգավորումների անկատարություններով, որոնց լուծումն ունի առանցքային նշանակություն սպառողների արդյունավետ պաշտպանության ապահովման համար, մյուս կողմից ուղղակիորեն կապված է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների հետ։

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) 14-րդ գլխով կարգավորվում է սպառողների պաշտպանության ոլորտում համագործակցության առանձնահատկությունները: Համաձայնագրի 81-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը պետք է համագործակցեն սպառողների պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու և սպառողների պաշտպանության իրենց համակարգերի միջև համաձայնեցվածության հասնելու համար, իսկ 83-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է իր օրենսդրության մոտարկումը Եվրոպական միության ակտերին և VI հավելվածում նշված միջազգային փաստաթղթերին՝ այդ հավելվածի դրույթներին համապատասխան։

Վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» թիվ 666–Լ որոշման հավելվածի 5-րդ բաժնի 14-րդ գլխով սահմանված է սպառողների պաշտպանության շրջանակում մոտարկման ենթակա իրավական ակտերը, որոնց թվում են նաև՝

1.         Եվրոպական տնտեսական Խորհրդի 1993 թվականի ապրիլի 5-ի «Սպառողական պայմանագրերում շարադրված անարդար պայմանների վերաբերյալ 93/13/ԵՏՀ հրահանգը,

2.        Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի 2011/83/ԵՄ «Հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի մասով սպառողների իրավունքների պաշտպանության մասին» հրահանգը,

3.        Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2006թ. դեկտեմբերի 12-ի 2006/114/ԵՀ «Մոլորության մեջ գցող և համեմատություններ պարունակող գովազդի մասին» հրահանգը։

4.        Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 1999 թվականի մայիսի 25-ի սպառողական ապրանքների վաճառքի որոշակի հայեցակետերի և տրամադրվող երաշխիքների մասին 1999/44/ԵՀ հրահանգը, որը ուժը կորցրած է ճանաչվել Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2019 թվականի հունիսի 11-ին ընդունված 2019/771/ԵՀ հրահանգով։

Ողջ վերոգրյալը հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան սահմանելու սպառողների պաշտպանության արդյունավետ համակարգի կայացման շրջանակում առկա առանցքային նշանակություն ունեցող մի շարք հիմնահարցերի լուծմանն ուղղված կարգավորումներ, որոնց շարքում հիշատակման են արժանի հետևյալները.

1) Սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմանների սահմանում՝ 93/13/ԵՏՀ հրահանգի կարգավորումներին համապատասխան

Չնայած, որ Ազգային ժողովի կողմից 2023 թվականի մայիսի 24-ին ընդունվել է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-186-Ն օրենքը, որով, ի թիվս այլնի, սահմանվեցին  սպառողների հետ կնքվելիք միանալու պայմանագրերում անարդար պայմաններ ներառելու անթույլատրելիության վերաբերյալ դրույթներ, այնուամենայնիվ կատարված օրենսդրական փոփոխությունները ամբողջությամբ չեն արտացոլում վերը նշված հրահանգի բովանդակությունը, հետևապես, անհրաժեշտ է հրահանգում նշված դրույթները ամբողջությամբ տեղայնացնել նաև ներպետական օրենսդրությամբ։

«Անարդար պայմանների» վերաբերյալ կարգավորումները բավականին լայն տարածում ունեն միջազգային պրակտիկայում և  իրենց արտացոլումն են գտել  Եվրոպական Միության խորհրդի կողմից 1993թ. ապրիլի 5-ին ընդունված «Սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմանների մասին» 93/13/EEC դիրեկտիվով (այսուհետ` Անարդար պայմանների մասին դիրեկտիվ), ինչպես նաև` դրանով պայմանավորված, Վրաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների և ԵՄ այլ առաջատար երկրների օրենսդրությամբ։

Միջազգային իրավական պրակտիկայում հատուկ ուշադրություն է դարձվում այնպիսի դրույթներին, որոնցով միանալու պայմանագրին միացող կողմը (որի դերում գերազանցապես հանդես են գալիս սպառողները) կարող է հայտնվել անհավասար և խտրական իրավիճակներում։

Նմանատիպ իրավիճակների բացառման նպատակով ԵՄ շրջանակներում, ինչպես նաև վերջինիս անդամ հանդիսացող պետությունների ներպետական ակտերով նախատեսվել են այնպիսի դրույթներ, որոնց ուժով միանալու պայմանագրերի որոշակի դրույթների և կարգավորումների առկայության իրավաչափությունը վիճարկվում է (դրանք համարելով անվավեր կամ առոչինչ)՝ նպատակ ունենալով երաշխավորել նկարագրված դեպքերում «թույլ» կողմի շահերը։

Առաջարկվող կարգավորման բնույթը

93/13/ԵՏՀ հրահանգի հաշվառմամբ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում սահմանվել է, որ սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 443-րդ հոդվածի իմաստով՝ պայմանագրի ընդհանուր պայմաններում (այսուհետ սույն հոդվածում՝ պայմանագրի ընդհանուր պայմաններ) չեն կարող ներառվել այնպիսի պայմաններ, որոնցով՝

         սպառողը պարտավորվում է կատարելու այնպիսի գործողություններ, որոնց ծանոթանալու հնարավորություն չի ունեցել նախքան պայմանագիր կնքելը

         արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում առանց հիմնավոր պատճառի փոփոխելու տրամադրվող ապրանքի կամ ծառայության ցանկացած բնութագիրը

         արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում լուծելու պայմանագիրը այն դեպքում, երբ նույն իրավունքը նախատեսված չէ սպառողի համար

         արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում ապրանքի գինը որոշելու կամ փոփոխելու մատակարարման պահին առանց սպառողին պայմանագրից հրաժարվելու իրավունք տալու

         արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում պայմանագրով ստանձնած իր իրավունքներն ու պարտականություններն այլ անձի փոխանցելու այն դեպքում, երբ դա կարող է սպառողի համար առաջացնել երաշխիքների նվազեցում և սպառողը չի տվել իր համաձայնությունը

         արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում սպառողի՝ պայմանագրով ստանձնած իր պարտականությունների չկատարման դեպքում պահանջելու պայմանագրի գնի համեմատ անհամաչափ բարձր փոխհատուցում ։

2) Սպառողների իրավունքների պաշտպանությունը հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի ժամանակ՝ 2011/83/ԵՄ հրահանգով սահմանված կարգավորումներին համապատասխան

Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ Հրահանգով սահմանված կարգավորումները մոտարկված են ԵՄ գրեթե բոլոր երկրներում (օր.՝ Գերմանիա, Ֆրանսիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան և այլն)։ Հրահանգով նախատեսված դրույթները ներառված են  այդ երկրների ազգային օրենսդրության մեջ՝ մասնավորապես՝ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքում և Քաղաքացիական օրենսգրքերում։ Բոլոր ԵՄ երկրներում փոփոխությունները վերաբերվում են մասնավորապես՝ մինչև պայմանագիր կնքելը վաճառողի կողմից տեղեկատվության ապահովման պարտականություններին, ապրանքի 14-օրյա հետվերադարձման սպառողի իրավունքին (withdrawal right)՝ առանց պատճառ նշելու, հեռահար և շենքից դուրս կնքվող պայմանագրերի հստակ կանոններին, վճարումների թափանցիկությանը և այլն։

Առաջարկվող կարգավորման բնույթ

2011/83/ԵՄ հրահանգի հաշվառմամբ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է  ներդնել հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի ինստիտուտը, սահմանել այդ պայմանագրերին ներկայացվող պահանջները, դրանց մասով սպառողին ներկայացման ենթակա տեղեկատվությունը և այդպիսի պայմանագրերից հրաժարվելու սպառողի իրավունքը և ընթացակարգը։

Նախագծով սահմանվել է հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվության պահանջների մասին դրույթներ, որը նպատակ ունի ապահովել սպառողի բարձր մակարդակի պաշտպանություն այն պայմանագրերի դեպքում, երբ նա ապրանքի կամ ծառայության ձեռքբերման պահին չունի ֆիզիկական շփում վաճառողի հետ (հեռակա վաճառք) կամ երբ վաճառողը մոտենում է սպառողին իր գործունեության վայրից դուրս (շենքից դուրս կնքվող պայմանագիր):  Այս իրավիճակներում սպառողը հաճախ հայտնվում է տեղեկատվական անհավասարության և որոշում կայացնելու հոգեբանական ճնշման պայմաններում։ Ուստի՝ դրույթը նախատեսում է վաճառողի պարտականությունը՝ տրամադրել սպառողին ամբողջական, հստակ, հասկանալի և նախնական տեղեկատվություն, որը թույլ կտա սպառողին կայացնել տեղեկացված և գիտակցված որոշում։

Այս դրույթը համահունչ է ԵՄ սպառողների իրավունքի հիմունքներին և ապահովում է տեղեկացված ընտրության իրավունք, պայմանագրային հավասարակշռություն, թվային միջավայրում սպառողների վստահության բարձրացում և տնտեսավարողների միջև արդար մրցակցային դաշտ։

Այն հանդիսանում է հեռակա և շենքից դուրս պայմանագրերի ոլորտում սպառողների իրավունքների երաշխավորման առանցքային մեխանիզմ։

Սահմանվել է պայմանագրից հրաժարվելու սպառողի իրավունքի իրացումը սահմանող դրույթ, որը հանդիսանում է սպառողի պաշտպանական կարևորագույն երաշխիքներից մեկը։ Մասնավորապես՝ հեռակա և շենքից դուրս կնքվող պայմանագրերում սպառողը հաճախ չունի հնարավորություն տեսնելու ապրանքը նախքան վճարելը, համեմատելու տարբեր առաջարկներ, ստանալու լրացուցիչ բացատրություններ կամ խորհրդատվությու, հետևաբար՝ 14-օրյա հրաժարվելու իրավունքը ծառայում է որպես «անվտանգության երաշխիք», որը թույլ է տալիս սպառողին վերանայել իր որոշումը՝ առանց ֆինանսական պարտավորության։

Այս իրավունքը հատկապես կարևոր է այն դեպքերում (ինտերնետային և հեռախոսային պատվերների դեպքում), երբ սպառողը կարող է ընդունել որոշում ոչ լիարժեք տեղեկատվության պայմաններում։ Հետևաբար պայմանագրից հրաժարվելու իրավունքի ամրագրման անհրաժեշտությունը բխում է սպառողական քաղաքականության հիմնարար սկզբունքներից։

Նախագծում ամրագրվել է ապրանքների առաքման ժամկետների և ապրանքների առաքման ժամանակ կորստի և վնասվածքի ռիսկերի հետ կապված իրավահարաբերությունները,  որոնք  ապահովում են հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերով սպառողի իրավունքների լիարժեք պաշտպանությունը։

Մասնավորապես՝ հեռակա պայմանագրերում սպառողը վճարում է ապրանքի համար նախապես՝ առանց դրա անմիջական ստացման։ Ուստի անհրաժեշտ է օրենսդրորեն սահմանել առավելագույն տրամաբանական ժամկետ (30 օր), որպեսզի կանխվի վաճառողի կողմից առաքման անհիմն ձգձգումը։

Միևնույն ժամանակ, սպառողին տրվում է հնարավորություն լրացուցիչ ժամկետ սահմանել՝ առանց պայմանագրի դադարեցման։ Եթե վաճառողը լրացուցիչ ժամկետում չի կատարում պարտավորությունը, սպառողը ստանում է հստակ և արագ պաշտպանության միջոց՝ պայմանագրից հրաժարում և գումարի վերադարձ։

Այս մոտեցումը խթանում է առցանց առևտրի նկատմամբ վստահությունը և նվազեցնում է  անբարեխիղճ առաքումների դեպքերը։

Սպառողը չի կարող վերահսկել ապրանքի առաքման ժամանակ փոխադրման ընթացքը, ուստի Նախագծով սահմանված է նորմ, որը երաշխավորում է, որ սպառողը չի կրում վնաս այն ապրանքների համար, որոնք ինքը դեռ չի ընդունել և որոնց փոխադրումը կազմակերպել է վաճառողը։ Այսինքն՝ ապրանքի առաքման ժամանակ պատահական կորստի կամ վնասման ռիսկը մինչև սպառողի կողմից ապրանքի ֆիզիկական ստացումը կրում է վաճառողը։

Սակայն Նախագիծը սահմանել է նաև բացառություն այն դեպքերի համար, երբ սպառողն ինքն է ընտրում փոխադրողին՝ առանց վաճառողի միջնորդության, այդ դեպքում ռիսկը անցնում է ապրանքը փոխադրողին հանձնելու պահից։ Նշված բացառությունը (երբ սպառողը ինքն է պատվիրում փոխադրողին) նախատեսում է հավասարակշռություն՝ այն դեպքերի համար, երբ վաճառողը այլևս չի վերահսկում փոխադրման գործընթացը։

 

3) Սպառողների պաշտպանությունը մոլորության մեջ գցող և համեմատություններ պարունակող գովազդի դեմ ուղղված իրավախախտումների և դրանց համար պատասխանատվության սահմանում՝ 2006/114/ԵՀ հրահանգի կարգավորումներին համապատասխան

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԵՄ բոլոր անդամ երկրները ազգային մակարդակով մոտարկել են նշյալ հրահանգը, մասնավորապես սահմանելով, որ ցանկացած հաղորդագրություն, որը խաբում է կամ կարող է խաբել սպառողին և ազդում է նրա տնտեսական վարքագծի վրա գնահատվում է որպես մոլորեցնող գովազդ։ Իսկ համեմատական գովազդը թույլատրվում է, եթե համեմատությունը օբյեկտիվ է և վերաբերում է նույն տեսակի ապրանքների կամ ծառայությունների, չի զրպարտում մրցակցին, չի ստեղծում շփոթություն ապրանքանիշերի կամ ապրանքների միջև, չի շահարկում մրցակցի հեղինակությունը և այլն։

Առաջարկվող կարգավորման բնույթ

2006/114/ԵՀ Հրահանգով սահմանված մոտեցումները արտացոլված են «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում, մասնավորապես՝  սահմանվել է «մոլորության մեջ գցող գովազդ» և «համեմատություններ պարունակող գովազդ» եզրույթների վերաբերյալ համապարփակ կարգավորումներ։

 

4) Առուվաճառքի պայմանագրով և օրենքով սահմանված այլ պայմանագրերով ապրանքին ներկայացվող պահանջներին անհամապատասխանության դեպքում սպառողի իրավական պաշտպանության միջոցների սահմանում՝ 1999/44/ԵՀ և 2019/771/ԵՀ հրահանգների կարգավորումներին համապատասխան

Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 1999 թվականի մայիսի 25-ի սպառողական ապրանքների վաճառքի որոշակի հայեցակետերի և տրամադրվող երաշխիքների մասին 1999/44/ԵՀ հրահանգը սպառողների պաշտպանության շրջանակում ՀՀ կողմից մոտարկման ենթակա իրավական ակտերից է, որը ուժը կորցրած է ճանաչվել Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2019 թվականի հունիսի 11-ին ընդունված 2019/771/ԵՀ հրահանգով։

Ի տարբերություն 1999/44/ԵՀ հրահանգի 2019/771/ԵՀ հրահանգը տարածվում է թվային տարրերով ապրանքների և ապրանքների վրա (ապրանքներ, որոնք իրենց գործառույթն իրականացնելու համար պահանջում են թվային բովանդակություն կամ թվային ծառայություններ):

Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված են որոշակի կարգավորումներ ապրանքին ներկայացվող պահանջների, սպառողին ոչ պատշաճ որակի ապրանքի հանձնման դեպքում իրավական պաշտպանության միջոցների և դրանց կիրառման եղանակների վերաբերյալ։ Չնայած վերոնշյալին՝ կարգավորումները ամբողջական չեն և համահունչ չեն ներկայումս գործող միջազգային փորձին։

Մասնավորապես, ներկայումս գործող ներպետական սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենսդրությամբ կարգավորված չէ թվային տարրերով ապրանքներին և տվյալ ապրանքի գործառույթն իրականացնող թվային բովանդակության կամ թվային ծառայություններին ներկայացվող պահանջների շրջանակը և դրանց անհամապատասխանության դեպքում սպառողի իրավական պաշտպանության միջոցների շրջանակը։

Հարկ է նկատել, որ 1999/44/ԵՀ և 2019/771/ԵՀ հրահանգները սահմանում են ընդհանուր կանոններ վաճառողների և սպառողների միջև կնքված առուվաճառքի պայմանագրերին վերաբերող որոշ պահանջների մասով, մասնավորապես՝

1.         ապրանքների առուվաճառքի պայմանագրին և օրենսդրությամբ նախատեսված այլ պահանջներին համապատասխանության կանոններ,

2.        ապրանքի անհամապատասխանության դեպքում դրա հետ կապված վաճառողին դիմելու վաղեմության ժամկետներ,

3.        ապրանքի անհամապատասխանության դեպքում դրա հետ կապված ապացուցման բեռի բաշխում,

4.        սպառողի իրավունքները ապրանքի անհամապատասխանության դեպքում և դրանց բովանդակություն,

5.        առևտրային երաշխիքներ։

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԵՄ բոլոր անդամ երկրները ազգային մակարդակով մոտարկել են նշյալ հրահանգը։

Մասնավորապես՝ Իռլանդիայի Հանրապետությունում 1999/44/EC հրահանգն ամբողջությամբ տեղայնացված է Եվրոպական Համայնքների (սպառողական ապրանքների վաճառքի որոշ ասպեկտներ և դրանց հետ կապված երաշխիքներ) 2003 թվականի նախարարի հաստատած կանոնակարգում , իսկ 2019/771 հրահանգը տեղայնացված է 2022 թվականին ընդունված «Սպառողների իրավունքների մասին» օրենքում ։

«Սպառողների իրավունքների մասին» օրենքի համաձայն՝ եթե ապրանքի համապատասխանության հետ կապված խնդիրը բացահայտվել է ապրանքների առաքման ժամեկտից 6 ամսվա ընթացքում, ապա համարվում է, որ նման խնդիրը եղել է հենց առաքման ժամանակ։

Բացառություն է կազմում վաճառողին կամ նրա ներկայացուցչին համապատասխանության հետ կապված դիմելու վաղեմության ժամկետը՝ ապրանքների առաքման ժամեկտի 6 տարվա ընթացում, հրահանգով սահմանված 2 տարվա փոխարեն (այն սահմանված է որպես ընդհանուր պայման առուվաճառքի պայմանագրերի դեպքում պահանջներ ներկայացնելու համար)  ։

Ֆինլանդիայի Հանրապետությունում «Սպառողների պաշտպանության մասին» օրենքի  և դրանում կատարված փոփոխությունների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերոնշյալ ԵՄ 2 հրահանգները տեղայնացվել են նույն օրենքում՝ փոփոխություններ ու լրացումներ կատարելու միջոցով, այսինքն, օրենսդիր մարմինը անհրաժեշտություն չի համարել այդ կարգավորումները սահմանել առանձին իրավական ակտով, փոխարենը ներառելով սպառողների շահերի պաշտպանության համապարփակ իրավական կարգավորումներում ավելին, դրանք ներկառուցված են որպես առևտրային հարաբերություններում վաճառողի պարտավորությունների մաս այլ պահանջներին զուգահեռ։

Հրահանգների պահանջները ներառված են «Սպառողների պաշտպանության մասին» օրենքում (Գլուխ 5, հոդվածներ 12-21, Գլուխ 5ա, հոդվածներ 10-25), որոնք վերաբերում են ապրանքների վաճառքին, մասնավորապես ներկայացված են որպես ապրանքի բնութագրիչներին ներկայացվող պահանջներից մեկը։ Ընդ որում այդ լրացուցիչ կարգավորումները տարածվում են ինչպես բուն ապրանքի, այնպես էլ նրա բաղկացուցիչ մասերի և թվային բովանդակության վրա։

Լեհաստանի Հանրապետությունում 1999/44/ԵՀ հրահանգը բովանդակային առումով նույնական տեղայնացված է Քաղաքացիական օրենսգրքում ։

Իրավակիրառման տեսանկյունից 2019/771/ԵՀ հրահանգի տեղայնացմամբ գործող իրավակարգավորումները էական փոփոխությունների չեն ենթարկվել, պարզապես համապատասխան օրենքները (Քաղաքացիական  և քաղաքացիական դատավարության  օրենսգիրք, «Մրցակցության և  սպառողների պաշտպանության մասին» , «Սպառողների իրավունքների մասին»  օրենքներ) լրացվել են, ի թիվս, այլնի, թվային բովանդակությամբ ապրանքների անհամապատասխանությանն առնչվող կարգավորումներով։

Ֆրանսիայի Հանրապետությունում 1999/44/ԵՀ հրահանգը հիմնականում տեղայնացված է Սպառողների մասին օրենսգրքում ։ Ապրանքին ներկայացվող համապատասխանության պահանջների մասին կարգավորումները ներառված են սպառողների հետ կնքվող առուվաճառքի պայմանագրերին ներկայացվող կարգավորումների ընդհանուր շրջանակի մեջ։

Ի լրումն վերոնշյալի՝ Քաղաքացիական օրենսգրքում ևս սահմանված են ապրանքին ներկայացվող համապատասխանության պահանջների մասին կարգավորումներ՝ 1641-1649 հոդվածները , որոնք վերաբերում են ապրանքների թերությունների դեպքում դրանց շտկմանը, որոնք նույնպես համապատասխանում են 1999/44/ԵՀ հրահանգի կարգավորումներին, որոնք գործել են մինչ այդ։

Իրավակիրառման տեսանկյունից 2019/771/ԵՀ հրահանգի տեղայնացումը հիմնականում իրականացվել է արդեն իսկ 1999/44/ԵՀ հրահանգի տեղայնացմամբ՝ գործող իրավակարգավորումներում փոփոխություններ և լրացումներ կատարելով։ Մասնավորապես, համանման կարգավորումներ են գործում նաև թվային բովանդակության համար:

Հունաստանի Հանրապետությունում 1999/44/ԵՀ հրահանգի կարգավորումները հիմնականում ներառված են Հունաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում՝ վաճառքի և փոխանակման մասին գլխի համապատասխան հոդվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով  ։

2019/771/ԵՀ հրահանգի տեղայնացման հարցում մոտեցումն այլ է այն միավորված է թվային ծառայությունները կարգավորող 2019/770/ԵՀ հրահանգի հետ և տեղայնացված է, որպես միասնական իրավական ակտ։ Օրենսդրական ակտի  վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ օրենսդիրը թե թվային ծառայությունը, թե դրան ներկայացվող համապատասխանության պահանջները դիտարկել է ոչ թե որպես առուվաճառքի իրավահարաբերությունների մաս, այլ որպես թվային ծառայությունների համապարփակ իրավակարգավորման անբաժանելի մաս, մասնավորապես վերոնշյալ օրենքի 33-52 հոդվածները հղում են կատարում Քաղաքացիական օրենսգրքի՝ համապատասխանությանը վերաբերող հոդվածներին և կրկնում են կարգավորումները՝ հաշվի առնելով թվային բովանդակության առանձնահատկությունները։

Հունգարիայի Հանրապետությունում 1999/44/ԵՀ հրահանգի կարգավորումները տեղայնացված են մի շարք իրավական ակտերում, որոնցից հիմնականը Քաղաքացիական օրենսգիրքն է ։ Միաժամանակ, որոշ հասկացություններ սահմանված են «Սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքում ։

2019/771/ԵՀ հրահանգի տեղայնացումը, համաձայն ԵՄ օրենսդրական տեղեկատվական հարթակի , իրականացված է մի շարք իրավական ակտերում, սակայն ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ապրանքի, այդ թվում թվային բովանդակությամբ ապրանքի համապատասխանության մասին կարգավորումները վերոնշյալ ակտերում կամ բացակայում են, կամ տվյալ իրավական ակտը կարգավորում է սպառողների շահերի պաշտպանության լայն շրջանակ։ Հիմնական մոտեցումն այն է, որ վերջինս տեղայնացված է ԵՄ թվային ծառայությունները կարգավորող 2019/770/ԵՀ հրահանգի կարգավորումների համատեքստում։

Գերմանիայի Դաշնությունում 1999/44/ԵՀ և 2019/771/ԵՀ հրահանգները ներդրվել են Գերմանիայի քաղաքացիական օրենսգրքում (Bürgerliches Gesetzbuch ; «BGB»): Հրահանգների կիրառման նպատակով Գերմանիայի քաղաքացիական նոր օրենսգիրքը («BGB-E») նախատեսում է մի շարք փոփոխություններ առուվաճառքի պայմանագրերի մասին գերմանական օրենքում:

Առաջարկվող կարգավորման բնույթ

1999/44/ԵՀ և 2019/771/ԵՀ հրահանգներով սահմանված կարգավորումները արտացոլված են ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում, որով, ի թիվս այլնի, սահմանվել են թվային տարրեր պարունակող ապրանքներին կամ ծառայություններին, առնչվող մի շարք հասկացություններ, մասնավորապես՝ «համատեղելիություն», «փոխգործունակություն», «դիմացկունություն», «թվային ծառայություն» և մի շարք այլ հասկացություններ։

Միաժամանակ, մի շարք ապրանքների մասով, մասնավորապես՝ շարժական գույքի,  սահմանափակ ծավալով և որոշակի քանակով իրացման համար նախատեսված ջրի, գազի և էլեկտրաէներգիայի, ինչպես նաև սպառողի կամ ծառայության այլ օգտատերերի կողմից վերբեռնվող կամ ստեղծվող էլեկտրոնային տեսքով տվյալների հետ կիսվելու կամ այլ փոխգործակցության հնարավորություն տվող ծառայությունների մասով սահմանվել են ապրանքին ներկայացվող պահանջների առավել խիստ կանոններ։ Ավելին, սահմանված կարգավորումները վերաբերում են նաև վաճառողի պարտականություններին և սպառողի իրավունքներին թվային տարրերով ապրանքների առուվաճառքի դեպքում։

Բացի այդ նշված ապրանքների մասով սահմանվել է ներկայացվող պահանջներին անհամապատասխանության դեպքում վաճառողին դիմելու վաղեմության ժամկետ։ Մասնավորապես՝ նախատեսվող կարգավորման համաձայն՝ արտադրողը (կատարողը վաճառողը) պարտավոր է սահմանել ապրանքի, այդ թվում՝ թվային բովանդակությամբ ապրանքների համար առնվազն երկու տարվա երաշխիքային ժամկետ, որի ընթացքում ապրանքի մեջ թերության հայտնաբերման դեպքում արտադրողը (վաճառողը, կատարողը) պարտավոր է բավարարել սպառողի` օրենքով սահմանված պահանջները, իսկ  օգտագործված ապրանքի դեպքում երաշխիքային ժամկետի սահմանվող նվազագույն ժամկետը չի կարող պակաս լինել մեկ տարուց։

Նախատեսվող կարգավորումները սահմանում են նաև ապրանքի անհամապատասխանության դեպքում դրա հետ կապված ապացուցման բեռի բաշխման հարցը։ Մասնավորապես՝ նախատեսվող կարգավորման համաձայն՝ սպառողին ապրանքի՝ այդ թվում թվային տարրերով ապրանքի առաքման պահից մեկ տարվա ընթացքում ապրանքի ցանկացած անհամապատասխանության հայտնի դառնալու պարագայում, ապացուցման պարտականությունը կրում է վաճառողը (արտադրողը)։

2. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության և Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից:

 

3 Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է ստեղծել սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ գործող համակարգ և բարեխիղճ մրցակցության ու ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայր:

 

4. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների նվազեցում և ծախսերի ավելացում չի նախատեսվում:

 

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագծի ընդունումը բխում է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից (CEPA), Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» թիվ 666–Լ որոշումից, Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» թիվ 1363-Ա որոշումից։

  • Продолжительность

    20.11.2025 05.12.2025
  • Тип

    Закон

  • Область

    Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 633

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: