Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

««Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.          Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի հուլիսի 3-ին ընդունված  և օգոստոսի 2-ին ուժի մեջ մտած ՀՕ-246-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) քրեական պատասխանատվություն է նախատեսվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում նույն արարքի կատարման համար։

Նախագծով առաջարկվում է վերափոխել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության նախապայմանը՝ այդպիսին դիտելով ոչ թե անձի՝ նույն արարքի համար վարչական պատասխանատվության ենթարկված լինելը, այլ նրա նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառող վարչական ակտ կայացված լինելն ինքնին՝ անկախ նրանից՝ անձի նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառվել է, թե վարչական ակտը բողոքարկվել է և այն դեռևս չի կիրառվել։

Նման փոփոխությունը պայմանավորված է հետևյալ փոխկապակցված հանգամանքներով

Նախ, տրանսպորտային միջոց վարելու իրավունքի բացակայության պայմաններում այն վարելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու համար որպես նախապայման նույն արարքի համար վարչական պատասխանատվության ենթարկված լինելը նախատեսելը պետության աստիճանական պատժողական քաղաքականության և դրա մարդասիրական բնույթի վկայություն է։ Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձը այն վարելու արգելքը խախտելու համար ենթարկվում է նախ վարչական ներգործության և միայն դրա անարդյունավետության՝ նրա կողմից արարքը մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում՝ քրեական պատասխանատվության։ Եվ այս համատեքստում, տրանսպորտային միջոց վարելու արգելքի մասին պետության կողմից անձին քանիցս ծանուցված լինելու պայմաններում,  այդ արգելքը խախտելու համար քրեական պատասխանատվությունը կարող է և պայմանավորվել վարչական ներգործություն ենթադրող վարչական ակտի գոյությամբ։ Ավելի պարզ՝ միանգամայն արդարացի է քրեական պատասխանատվության ենթարկել այն անձին, ով գիտակցելով, որ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի բացակայության պայմաններում այն վարելն արդեն իսկ արժանացել է պետության վարչական արձագանքին, կրկնում է այդ արարքը։

Ընդ որում՝ պետության կարգադրիչ գործառույթի նշանակության և դրա իրացման արդյունքում կայացված վարչական ակտի հեղինակության տեսանկյունից ևս պատշաճ է քրեական պատասխանատվության ենթարկել իր արարքին պետության վարչաիրավական արձագանքի առկայությունը, դրանով վերահաստատված արգելքը գիտակցող և այն անտեսող անձին՝ անկախ այդ արձագանքի վիճարկումից։ Վարչական պատասխանատվություն կիրառող վարչական ակտի բողոքարկման հնարավորությունը չի կարող դառնալ արարքը կրկնելու համար քրեական պատասխանատվությունը չեզոքացնելու միջոց։

Այս կապակցությամբ նկատենք, որ ներկայիս կարգավորումների պայմաններում անձի նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառված լինելը գործնականում դարձել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված, այն չունեցող կամ դրանից զրկված անձին քրեական պատասխանատվության ենթարկելու ոչ թե նախապայման, այլ գործնական խոչընդոտ։ Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված, այն չունեցած կամ նման իրավունքը կասեցված անձը կարողանում է տևական ժամանակ զերծ մնալ քրեական պատասխանատվությունից՝ վիճարկելու միջոցով հետաձգելով դրա վարչական նախապայմանի վրա հասնելը, ինչը չի բխում այսպիսի արարքների նկատմամբ արագ իրավական հակազդեցության անհրաժեշտությունից և խաթարում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդրի պատշաճ իրացումը։ Քրեական պատասխանատվության վարչական նախապայմանները վիճարկելու արդյունքում իրենց իրավախախտումը կրկնում և ճանապարհային երթևեկությանը շարունակում են մասնակցել անձինք, ովքեր այդպիսի իրավունք չունեն։

Հետևաբար անհրաժեշտ է տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց դեպքում տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության վարչական նախապայմանը ձևակերպել այնպես, որ վարչական ակտը, որպես պետության անունից կայացված և թեկուզ վիճարկվող, բայց չվերացված ու իրավաչափության կանխավարկածով ապահովված իշխանական ակտ, գործի դնի այդ արարքը կրկնելու համար քրեական պատասխանատվության սպառնալիքը:

Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձանց՝ հատկանշական է, որ թե՛ Վարչական դատավարության օրենսգրքի, թե՛ «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտի վիճարկումը որևէ կերպ չի կասեցնում վիճարկվող վարչական ակտի, այն է՝ տրանսպորտային միջոցներ չվարելու՝ պետության պահանջի կատարումը:

Մինչդեռ, ինչպես վերը նշվեց, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու նախապայմանը վարչական պատասխանատվություն կիրառված լինելն է (եթե վարչական ակտը վարչական կամ դատական կարգով անվավեր է ճանաչվել, ապա քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը բացակայում է), և նշված անձինք վարչական ակտի վիճարկման միջոցով տևական ժամանակ կարողանում են խուսափել քրեական պատասխանատվությունից:

Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հանցակազմում՝ քրեական պատասխանատվություն սահմանելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կատարման ենթակա վարչական ակտը չկատարելու համար:

Միևնույն ժամանակ, քննարկվող հանցանքերին պետական պատշաճ հակազդեցության ապահովելու կարևորությունը վկայում է քրեական քաղաքականության վերանայման և հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ ավելի խիստ պատժողական քաղաքականության որդեգրման անհրաժեշտության մասին:

Այս համատեքստում, հարկ է արձանագրել նաև, որ Քրեական օրենսգրքում ամրագրված պատժի նպատակների իրացվելիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է նախ ապահովել նախատեսված պատժատեսակների կիրառելիությունը: Մասնավորապես, Քրեական օրենսգիրքը հանրային աշխատանքներ պատժատեսակի կիրառումը պայմանավորվում է բացառապես անձի համաձայնությամբ, որպիսի պայմաններում, ի տարբերություն այլ այլընտրանքային պատժատեսակների, հանրային աշխատանք պատժատեսակն ավելի քիչ է կիրառվում:

Նշվածի մասին են վկայում նաև վիճակագրական տվյալները: Մասնավորապես,

Ø    2022 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունն ի կատար է ածել 3690 դատական ակտ, որոնցից 2759 դեպքում որպես պատիժ նշանակված է եղել տուգանք, 514 դեպքում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել, 417 դեպքում՝ հանրային աշխատանքներ,

Ø     2023 թվականի ընթացքում կատարված դատավճիռների թիվը կազմել է 4798, որից 3913-ը՝ տուգանք, 341-ը՝ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել, 533-ը՝ հանրային աշխատանքներ, 6-ը ազատության սահմանափակում, 5-ը՝ օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարել,

Ø    2024 թվականի ընթացքում ընթացքում կատարված դատավճիռների թիվը կազմել է 9358, որից 7837-ը՝ տուգանք, 256-ը՝ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել, 1127-ը՝ հանրային աշխատանքներ, 166-ը ազատության սահմանափակում, 22-ը՝ օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարել,

Ø    2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված դատավճիռների թիվը կազմել է 10,573, որից 8935-ը՝ տուգանք, 232-ը՝ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել, 1164-ը՝ հանրային աշխատանքներ, 187-ը՝ ազատության սահմանափակում, 55-ը՝ օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարել:

Մինչդեռ, «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 2-րդ հոդվածի համաձայն՝

«1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «հարկադիր կամ պարտադիր աշխատանք» եզրույթը նշանակում է` որևէ պատժի սպառնալիքի տակ որևէ անձից պահանջվող ցանկացած աշխատանք կամ ծառայություն, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը:

2. Այնուամենայնիվ, «հարկադիր կամ պարտադիր աշխատանք» եզրույթը սույն Կոնվենցիայի նպատակների համար չի ներառում.

(...)

գ) դատարանի կայացրած դատավճռի հետևանքով անձից պահանջվող ցանկացած աշխատանք կամ ծառայություն` այն պայմանով, որ այդ աշխատանքը կամ ծառայությունը կատարվի պետական մարմնի վերահսկողության կամ հսկողության ներքո, և որ նշված անձը չփոխանցվի կամ հանձնվի մասնավոր անձանց, ընկերությունների կամ ընկերակցությունների տնօրինմանը,»:

Այսպիսով, կոնվենցիոն պարտականությունների տեսանկյունից որևէ արգելք առանց անձի համաձայնության նրա նկատմամբ հանրային աշխատանքները որպես պատիժ նշանակելու համար առկա չէ, հետևաբար՝ հիշյալ պատժատեսակի կիրառելիության դեպքերը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է հանել դրա կիրառման պայման հանդիսացող անձի համաձայնությունը:

Բացի այդ, հատկանշական է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու համար: Նույն հոդվածի 4-րդ մասը ավելի խիստ վարչական պատասխանատվություն է նախատեսում հիշյալ արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելու համար:

Միաժամանակ, Քրեական օրենսգրքի 448-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է սահմանված հիշյալ արարքներն օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում կատարելու համար: Նման պայմաններում ստացվում է, որ  նույն արարքները շարունակելու համար նախատեսված է և՛ վարչական, և՛ քրեական պատասխանատվություն: Հետևաբար՝ անհրաժեշտ է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

2.          Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածում՝

-  տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար քրեական պատասխանատվության նախապայման նախատեսելով նրա նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառող վարչական ակտ կայացված լինելն ինքնին,

-  քրեական պատասխանատվություն նախատեսել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կատարման ենթակա վարչական ակտը չկատարելու համար,

-  տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կատարման ենթակա վարչական ակտը չկատարելու դեպքերին համարժեք իրավական արձագանք տալու և քրեական պատասխանատվության կանխարգելիչ գործառույթն ապահովելու համար անհրաժեշտ է նաև խստացնել այդ արարքների համար նախատեսված քրեական, իսկ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում՝ նաև վարչական պատասխանատվությունը:

Նախագծով առաջարկվում է նաև հրաժարվել հանրային աշխատանքների կիրառման նախապայմանից, այն է՝ անձի համաձայնությունից:

Միաժամանակ, Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

3.          Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

 

4.          Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կատարման ենթակա վարչական ակտը չկատարելու դեպքերին պետության պատշաճ իրավական արձագանքը:

 

5.          Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չի նախատեսվում։

 

6.         Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ ոլորտային ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանալու:

 

7.          Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու և օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից:

 

 

 

  • Продолжительность

    20.11.2025 06.12.2025
  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Уголовное законодательство, Безопасность дорожного движения

  • Министерство

    Министерство юстиции

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 619

Принт

Предложения

Սամվել Հակոբյան

21.11.2025

Առաջարկում եմ հետ կանչել նախագիծը, հետևյալ տատճառաբանությամբ.

 

Խնդրո առարկա հարցի կապակցությամբ թիվ ԵԴ1/0372/01/24 գործով դիրքորոշում է արտահայտել ՀՀ Վճռաբեկ դատարանը: Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ վարելու իրավունքից զրկելը կամ այդ իրավունքը կասեցնելը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, այն է՝ իրավաչափ վարչական ակտի հիման վրա: Հակառակ պարագայում, եթե վարչական ակտը կայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ և վարչական կամ դատական կարգով անվավեր է ճանաչվել, ապա քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը բացակայում է, քանզի վերանում է քրեական պատասխանատվության ենթարկվելու պարտադիր նախապայմանը՝ օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկված լինելը:

 

Այլ խոսքով՝ Վճռաբեկ դատարանի հիշյալ դիրքորոշումը հանգում է հետևյալ փաստական իրավիճակին. տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ իրավունքը կասեցված կարգավիճակ ունեցող անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե համապատասխան վարչական ակտը, քրեական պատասխանատվության ենթարկելու պահին, անվավեր չի ճանաչվել վերադասության կամ դատական կարգով: Հակառակ դեպքում, եթե համապատասխան վարչական ակտը, վերադասության կամ դատական կարգով բողոքարկման արդյունքում, կճանաչվի անվավեր, այդպիսով՝ կարձանագրվի իրականացված վարչարարության ոչ իրավաչափ լինելը, ապա անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, իսկ եթե վարչական ակտն անվավեր է ճանաչվել քրեական պատասխանատվության ենթարկվելուց հետո, ապա բացառիկ վերանայման գործիքակազմի կիրառմամբ՝ անձը պետք է արդարացվի: Հետևաբար, այն փաստական իրավիճակը, երբ նախաքննության կամ դատաքնության փուլում քննվում է գործն ըստ մեղադրանքի ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի, ապա այդ ենթադրյալ հանցանքը կատարելու հիմքը՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման վիճարկումը, եթե առկա չէ օրինական ուժի մեջ մտած վերջնական ակտ, արգելք չէ նախաքննությունը կամ դատաքննությունը շարունակելու համար:

 

Վերը նշված եզրահանգումներն ուղղակիորեն բխում են թիվ ԵԴ1/0372/01/24 գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումներից, քանի որ անվավեր ճանաչվելու ենթակա ակտը, որպիսին որ կարող է լինել պարեկային ծառայողի կողմից իրականացված վարչարարության արդյունքում կայացված ակտը, օրինական է, քանի դեռ վերադասության կամ դատական կարգով հակառակը, այն է՝ անվավեր լինելը չի արձանագրվել (ի տարբերություն առ ոչինչ լինելու դեպքերի, ոչ թե անվավեր, այլ՝ առ ոչինչ, քանի որ առ ոչինչ վարչական ակտն ընդունվելու պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման - վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենք, հոդված 62):

 

Մինչդեռ, սույն նախագծի հիմնավորումներում նշել եք, որ //Այս կապակցությամբ նկատենք, որ ներկայիս կարգավորումների պայմաններում անձի նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառված լինելը գործնականում դարձել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված, այն չունեցող կամ դրանից զրկված անձին քրեական պատասխանատվության ենթարկելու ոչ թե նախապայման, այլ գործնական խոչընդոտ։ Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված, այն չունեցած կամ նման իրավունքը կասեցված անձը կարողանում է տևական ժամանակ զերծ մնալ քրեական պատասխանատվությունից՝ վիճարկելու միջոցով հետաձգելով դրա վարչական նախապայմանի վրա հասնելը, ինչը չի բխում այսպիսի արարքների նկատմամբ արագ իրավական հակազդեցության անհրաժեշտությունից և խաթարում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդրի պատշաճ իրացումը։ Քրեական պատասխանատվության վարչական նախապայմանները վիճարկելու արդյունքում իրենց իրավախախտումը կրկնում և ճանապարհային երթևեկությանը շարունակում են մասնակցել անձինք, ովքեր այդպիսի իրավունք չունեն//։

 

Վերը ներկայացված եզրահանգումների լույսի ներքո փաստվում է նախագծով նշված հիմնավորման անհաշտությունը, քանի որ վարչական ակտի վիճարկումը (ինչպես նշվեց, բացառությամբ այն դեպքի երբ առկա է վարչական ակտն անվավեր ճանաչելու օրինական ուժի մեջ մտած ակտ) չի կարող հիմք հանդիսանալ քրեական պատասխանատվության ենթարկելը ձգձգելու համար:

 

Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջին՝ վարչական ակտի վիճարկումը (ոչ թե օրինական ուժի մեջ մտած ակտը, այլ՝ վիճարկումը) նախադատելի չէ քրեական պատասխանատվության հարցը լուծելու համատեքստում, երկրորդ՝ վարչական ակտի վիճարկումը (եթե առկա չէ այն անվավեր ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած ակտ) քրեական վարույթի կամ քրեական գործի կասեցման հիմք չէ:

 

Ողջ վերոգրյալի արդյունքում գտնում եմ, որ նախագծով ներկայացված հիմնավորումները չեն համապատասխանում թիվ ԵԴ1/0372/01/24 գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումներին, հետևապես՝ փաստվում է նախագծով առաջարկվող փոփոխությունները կատարելու անհրաժեշտության բացակայությունը:

 

Հ.Գ. դատական պրակտիկայի ուսումնասիրությունը նույնպես վկայում է իմ կողմից ներկայացված հիմնավորումները դատարանների կողմից ընդունելի լինելու մասին, օրինակ՝ ԿԴ/1171/01/24 ՎԴ/16163/05/24:

Узнать больше

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: