«ՀՀ կառավարության մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաuտանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 113-Ն և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշումներում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության (այսուհետ նաև՝ Ծառայություն) ծառայողներին, ինչպես նաև Ծառայություն ընդունվողներին ներկայացվող առողջական վիճակի պահանջների ստուգման գործընթացի ընթացքում ի հայտ եկած և չկարգավորված կամ թերի կարգավորված որոշ հարցերի հստակեցմամբ ու կարգավորմամբ:
Այսպես, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
«4. Քրեակատարողական ծառայության պաշտոնի չի կարող նշանակվել այն քաղաքացին, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, և (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:»:
«Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
(…)
3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդությունների ցանկը հաստատում է Կառավարությունը՝ հաշվի առնելով հանրային ծառայության տվյալ տեսակի առանձնահատկությունները:»:
Հայաuտանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 113-Ն որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 3-րդ կետի համաձայն՝
«Ոստիկանության բժշկական հաստատության ծառայությունից օգտվում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ծառայողներն ու կենսաթոշակառուները, նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև դատախազները:»:
Հարկ է նշել, որ Ծառայություն ընդունվող անձինք, նախկինում փաստացի ուղեգրվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության բժշկական հանձնաժողով՝ առողջական վիճակով պայմանավորված ծառայության պիտանելիության հարցը որոշելու համար, մինչդեռ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 113-Ն որոշման մեջ ամրագրված չէ դրույթ առ այն, որ քրեակատարողական ծառայություն ընդունվողների և քրեակատարողական ծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունը և քրեակատարողական ծառայողների առողջական վիճակին ներկայացվող պահանջներից ելնելով` վերջիններիս ծառայողական պիտանիության որոշումը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունների, այդ թվում` նաև բուժկանխարգելիչ միջոցառումների ծրագրավորումը և իրականացումը նույնպես իրականացվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բժշկական հաստատության (այսուհետ նաև՝ Ոստիկանության բժշկական հաստատություն) կողմից:
Կառավարության հիշյալ որոշման հիման վրա՝ քրեակատարողական ծառայողները ներկայում կարողանում են փաստացի օգտվել միայն Ոստիկանության բժշկական հաստատության այլ ծառայություններից:
Բացի այդ, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված են հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը:
Այդ հիվանդություններն են՝
«1. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (F00 - F09)
2. Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20 - F29)
3. Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30 - F39)
4. Սովորույթի և հակումների խանգարումներ (F63)
5. Մտավոր հետամնացություն (F70 - F79)
6. Հոգեկան և վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով (F10- F19)
7. Շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն (A15)»:
Հատկանշական է, որ 2020 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1545-Ն որոշմամբ հիշյալ որոշման մեջ կատարվել են լրացումներ, և առանձին հավելվածով սահմանվել է նաև փրկարարական ծառայության ծառայողների լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ սահմանված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը վերաբերելի է նաև քրեակատարողական ծառայողներին, իսկ նշված ցանկում ընդգրկված հիվանդությունները սահմանափակ են (այդ թվում՝ զենք կրելու իրավասության հաշվառմամբ), ուստի անհրաժեշտ է 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման մեջ լրացում կատարելու միջոցով սահմանել նաև քրեակատարողական ծառայողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը՝ հաշվի առնելով Ծառայության առանձնահատկությունները։
Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է կարգավորել Ծառայություն ընդունվողների և քրեակատարողական ծառայողների կողմից Ոստիկանության բժշկական հաստատությունում համապատասխան ծառայություններից օգտվելու հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև հստակ սահմանել քրեակատարողական ծառայողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը՝ հաշվի առնելով Ծառայության առանձնահատկությունները:
2․ Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.
Ներկայացված նախագծի ընդունմամբ կհստակեցվեն և կկարգավորվեն Ծառայություն ընդունվող անձանց, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների առողջական վիճակով պայմանավորված ծառայության պիտանելիության հարցը որոշելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունների, այդ թվում` նաև բուժկանխարգելիչ միջոցառումների հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև քրեակատարողական ծառայության առանձնահատկությունների հաշվառմամբ կսահմանվի քրեակատարողական ծառայողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների նոր՝ առավել ընդգրկուն ցանկ:
3․ Նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
4․ Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման լրացուցիչ ֆինանասական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Обсуждалось
17.11.2025 - 03.12.2025
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Здравоохранение, Уголовно-исполнительная
-
Министерство
Министерство юстиции
-
Test
Просмотры 527
Принт