«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Կոռուպցիայի դեմ պայքարն Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականության կարևոր ուղղություններից է, որն իրենից ներկայացնում է տարաբնույթ գործողությունների համակցություն։ Այն իր մեջ ներառում է մի շարք տարրեր, որոնցից կարելի է առանձնացնել կոռուպցիայի կանխարգելումը:
Հատկապես կարևորվում է կոռուպցիայի կանխարգելումը իրավաստեղծ գործունեության ընթացքում, որը հնարավորություն կտա դեռևս նորմատիվ իրավական ակտերի մշակման փուլում բացահայտել կոռուպցիոն ռիսկերը և վերացնել դրանց հավանական հետևանքները։ Նորմատիվ իրավական ակտերի մշակման փուլում կիրառվող կոռուպցիայի կանխարգելման կարևորագույն գործիքներից է համարվում հակակոռուպցիոն փորձաքննության իրականացումը, որի նպատակն է կանխարգելել կոռուպցիան` նախապես վերացնելով նորմատիվ ակտերի անորոշ հասկացությունները և կարգավորման բացերը, իրավական համակարգի խոցելի ոլորտներում կոռուպցիայի հիմնարար պատճառների վերլուծության և գնահատման միջոցով բարելավել հակակոռուպցիոն քաղաքականության իրացումը, բարձրացնել հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետությունը:
Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններով ևս նորմատիվ իրավական ակտերի հակակոռուպցիոն գնահատումը/փորձաքննությունը առանձնացվում է որպես կոռուպցիայի կանխարգելման կարևոր միջոց:
Մասնավորապես, ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 5-րդ հոդվածով նշվում է, որ յուրաքանչյուր մասնակից պետություն պետք է ձգտի պարբերաբար գնահատել համապատասխան իրավական փաստաթղթերը և վարչական միջոցները` կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի տեսանկյունից դրանց համարժեքությունը որոշելու նպատակով։
Իրավական ակտերի հակակոռուպցիոն գնահատման իրավական մեխանիզմները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են դեռևս 2009 թվականին: Մասնավորապես, հակակոռուպցիոն գնահատումն իրականացվել է Կառավարության «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1205-Ն որոշմամբ[1] սահմանված կարգով, որով, ի թիվս այլնի, սահմանվել են հակակոռուպցիոն գնահատման գործոնները և եզրակացության ներկայացման կարգը: Նշված որոշումը ընդունվել է «Իրավական ակտերի մասին» 2002թ. ընդունված օրենքի[2] հիման վրա, որն ուժը կորցրել է 2018 թվականին «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի ընդունմամբ:
Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշմամբ վարչական կոռուպցիայի վերահսկման համար (inter alia) առանցքային է համարվել օրենսդրական կարգավորումների հստակեցումը, օրենսդրական բացերի վերացումը, ինչպես նաև կարգավորումների թեթևացումն ու ավելորդ գործընթացների և պարտավորությունների վերացումը։ Այս տեսանկյունից առանձնապես կարևորվել է կարգավորումների կոռուպցիոն ազդեցության գնահատումը կամ հակակոռուպցիոն փորձաքննությունը, որը պետք է հնարավորություն տա բացահայտել կոռուպցիոն ռիսկերը դեռևս օրենսդրական նախագծերի մշակման փուլում և վերացնել դրանց հավանական հետևանքները։
Կառավարության N 1871-Լ որոշմամբ հաստատված 2023-2026թթ. հակակոռուպցիոն ռազմավարությամբ[3] կարևորվել է իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննության` որպես կանխարգելիչ հակակոռուպցիոն գործիքի արդյունավետ վերագործարկումը և զարգացումը։ Վերջինիս կիրառմամբ բացահայտվում և նվազեցվում են կոռուպցիոն ռիսկերը իրավական ակտերի նախագծերում, ինչպես նաև գործող իրավական ակտերում։
Գործիքն օգնում է բարձրացնել գործընթացների թափանցիկությունը պետական կառավարման մարմիններում և հանրային ծառայություններ մատուցող պետական կազմակերպություններում: Ըստ այդմ, անհրաժեշտ է իրականացնել մշակվող իրավական ակտերի (ex ante) և անհրաժեշտության դեպքում` դրանց հիմքում ընկած կամ դրանց հետ փոխկապակցված իրավական ակտերի (ex post) հակակոռուպցիոն փորձաքննություն։ Այսպիսով, վերոգրյալ կարգավորումների սահմանման անհրաժեշտությունը բխում է նորմատիվ իրավական ակտերում կոռուպցիոն ռիսկերը վաղ փուլում բացահայտելու, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմների արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակից։
Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ հակակոռուպցիոն փորձաքննությունը որակյալ իրականացնելու համար անհրաժեշտ է առանձին ընթացակարգի ապահովում, հատուկ մասնագիտացված ստորաբաժանման առկայություն, փորձաքննության անցկացման ընթացակարգի մշակում և այլն:
Այսպես․
Մոլդովայում իրավական ակտերի հակակոռուպցիոն գնահատումն իրականացվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին»[4] օրենքով այսուհետ՝ Օրենք սահմանված կարգով:
Օրենքի 35-րդ հոդվածով սահմանվում է հակակոռուպցիոն գնահատման կարգը, համաձայն որի՝
1. Հակակոռուպցիոն փորձաքննությունը պարտադիր է իրավական ակտերի բոլոր նախագծերի համար, ներառյալ պատգամավորների կողմից մշակված նախագծերի համար և ուղղված է.
● ապահովելու նախագծի դրույթների համապատասխանությունն ազգային և միջազգային հակակոռուպցիոն ստանդարտներին․
● կոռուպցիոն երևույթների համար նպաստավոր պայմաններ ստեղծող նոր իրավական կարգավորումների կանխումը, հատուկ առաջարկությունների միջոցով, որոնք ուղղված են նման դրույթների վերանայմանը կամ դրանց բացասական ազդեցության նվազեցմանը:
2. Հակակոռուպցիոն փորձաքննությունն անցկացվում է Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կենտրոնի կողմից հաստատված մեթոդական կարգի համաձայն:
3. Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կենտրոնի կողմից կարող է իրավական ակտերի հակակոռուպցիոն գնահատման նպատակով այլ մարմիններից ներգրավել փորձագետ, իսկ հանրային իշխանության մարմինները կարող են իրենց լիազորությունների շրջանակում ցուցաբերել օգնություն:
4. Նորմատիվ ակտերի նախագծերը, բացառությամբ օրենքի 6-րդ հոդվածի «e» և «h» կետերի (տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային նշանակության կենտրոնական արդյունաբերական մարմինների ակտերը), ուղարկվում են Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կենտրոն՝ փորձաքննության նպատակով:
5. Օրենքի 6-րդ հոդվածի «e» և «h» կետերով սահմանված իրավական ակտերի փորձաքննությունն իրականացվում են այդ իրավական ակտերը մշակող մարմինների կողմից, հակակոռուպցիոն փորձաքննությունների համար սահմանված մեթոդոլոգիայի հիման վրա: Այն նախագծերը, որոնք պարունակում են կոռուպցիոն տեսանկյունից խոցելի կարգավորումներ, հակակոռուպցիոն փորձաքննություն իրականացնելու գործընթացում Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կենտրոնը ցուցաբերում է աջակցություն:
6. Հակակոռուպցիոն փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո նախագծի հեղինակը լրացնում է բացատրական գրություն նախագծի վերաբերյալ, և անհրաժեշտության դեպքում, կցում է նաև Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կենտրոնի կողմից արված դիտարկումները և առաջարկությունները:
Լատվիայում իրավական ակտերի հակակոռուպցիոն գնահատումն իրականացվում է «Կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման բյուրոյի մասին» օրենքով այսուհետ՝ Օրենք և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Օրենքի 7-րդ հոդվածով սահմանվում է Կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման բյուրոյի այսուհետ՝ Բյուրո լիազորությունները:
Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Բյուրոն վերլուծում է իրավական ակտերը և դրանց նախագծերն, ինչպես նաև առաջարկում է դրանցում կատարել համապատասխան փոփոխություններ, կատարում է նոր իրավական ակտերի մշակման առաջարկություններ[5]:
Բյուրոն իրավական ակտերի հակակոռուպցիոն գնահատումն իրականացնում է մշակված ուղեցույցի համաձայն: Սույն ուղեցույցով սահմանվում են այն իրավական ակտերի շրջանակը, որոնք ենթակա են հակակոռուպցիոն գնահատման, իրավական ակտերի մշակման որոշ սկզբունքները, առավել ռիսկայնություն ունեցող ոլորտները և այլն:
Լատվիայում Բյուրոյի կողմից տրվող եզրակացությունների պարտադիր բնույթի վերաբերյալ հստակ կարգավորումներ առկա չեն։
Լիտվայում նորմատիվ իրավական ակտերի հակակոռուպցիոն գնահատումն իրականացվում է «Լիտվայի Հանրապետությունում կոռուպցիայի կանխարգելման մասին»[6] օրենքի համաձայն:
Նշված օրենքի 8-րդ հոդվածում ամրագրված է իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննության իրականացման կարգը, համաձայն որի՝ հանրային իրավահարաբերությունների կարգավորման նպատակով իրավական ակտեր ընդունող և մշակող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է իրականացնեն իրավական ակտի հակակոռուպցիոն գնահատում և ուսումնասիրեն նույն նախագծի վերաբերյալ այլ պետական մարմինների կողմից իրականացված հակակոռուպցիոն եզրակացությունը:
Նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվում են բոլոր այն իրավական ակտերի տեսակները, որոնց նախագծերը ենթակա են հակակոռուպցիոն կարգավորման գնահատման: Փորձաքննության են ենթակա, օրինակ՝ հանրային կարիքների համար իրականացվող գնումների, պետական ռեգիստրերում անձանց և կազմակերպությունների գրանցման, հանրային կարիքների համար ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման վերաբերյալ և այլ իրավական ակտեր: Մինչդեռ հարկ է նշել, որ չի սահմանվում փորձաքննության ենթակա իրավական ակտերի սպառիչ ցանկ: Բոլոր այն դեպքերում, երբ օրենսդրական նախագիծը կազմողի կարծիքով այն կարող է ունենալ կոռուպցիոն ազդեցություն, նույնպես իրականացվում է հակակոռուպցիոն փորձաքննություն:
Համաձայն նույն օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ կետի՝ այն գործող իրավական ակտերի և դրանց նախագծերի հակակոռուպցիոն գնահատումը, որոնք կարգավորում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանրային իրավահարաբերություններ, իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունն՝ իր նախաձեռնությամբ կամ Հանրապետության նախագահի, Սեյմի նախագահի, Վարչապետի, Կոմիտեի, Սեյմի հանձնաժողովի կամ ֆրակցիայի հարցմամբ:
Իրավական ակտի հակակոռուպցիոն գնահատման ժամանակ գնահատող մարմինները կարող են դիմել պետական այլ մարմինների կամ գիտական հաստատությունների օժանդակությանը:
Հատուկ քննչական ծառայությունն իրավական ակտերի գնահատում իրականացնելու համար մշակել է «Գործող իրավական ակտերի և նախագծերի հակակոռուպցիոն գնահատման գործընթացը» վերտառությամբ կարգավորումը այսուհետ՝ Կարգավորում: Նշված կարգավորմամբ «Կոռուպցիայի կանխարգելումը» հասկացությունը մեկնաբանվում է հետևյալ կերպ. «Ընդունված իրավական ակտերի կամ նախագծերի վերանայում, իրավական այնպիսի բացերը գտնելու համար, որոնք կարող են առաջացնել կոռուպցիոն, ինչպես նաև ոչ արդար, անազնիվ, սուբյեկտիվ երևույթներ։»[7]:
Ուկրաինայում իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննությունն իրականացվում է «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքով[8] (այսուհետ՝ Օրենք) սահմանված կարգով: Օրենքի 55-րդ հոդվածը սահմանում է՝
1. Հակակոռուպցիոն փորձաքննությունն իրականացվում է գործող իրավական ակտերում և իրավական ակտերի նախագծերում կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը նպաստող կամ հնարավոր գործոնները բացահայտելու, ինչպես նաև դրանց վերացման համար առաջարկություններ մշակելու նպատակով։
2. Հակակոռուպցիոն փորձաքննությունն իրականացվում է Ուկրաինայի Արդարադատության նախարարության կողմից, բացառությամբ՝ Ուկրաինայի ժողովրդական պատգամավորների կողմից Ուկրաինայի Վերխովնա Ռադայի քննարկմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննությունների, որոնք իրականացվում են Ուկրաինայի Վերխովնա Ռադայի կոմիտեի կողմից:
Արդարադատության նախարարությունը որոշում է հակակոռուպցիոն փորձաքննություն անցկացնելու կարգը և մեթոդաբանությունը, ինչպես նաև դրա արդյունքների հրապարակման կարգը։
3. Ուկրաինայի Նախարարների կաբինետի քննարկմանը ներկայացված բոլոր իրավական ակտերի նախագծերը ենթակա են հակակոռուպցիոն պարտադիր փորձաքննության, որոնք իրականացվում են Արդարադատության նախարարության կողմից։
4. Արդարադատության նախարարությունը հակակոռուպցիոն փորձաքննություն է անցկացնում իր հաստատված տարեկան ծրագրի համաձայն։ Նշված հակակոռուպցիոն փորձաքննությունն իրականացվում է Ուկրաինայի օրենքների, Ուկրաինայի նախագահի և Ուկրաինայի Նախարարների կաբինետի ակտերի համաձայն՝ հետևյալ ոլորտներում՝
1) մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները,
2) պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և պետական կամ տեղական ինքնակառավարման գործառույթներ կատարելու լիազորություն ունեցող անձանց լիազորությունները,
3) վարչական ծառայությունների մատուցումը,
4) պետական բյուջեի և տեղական բյուջեների բաշխումը և ծախսերը,
5) մրցույթային (տենդերային) ընթացակարգը։
Պետական մարմինների իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննությունն իրականացվում է պետական գրանցման ընթացքում։
5. Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը կարող է իր նախաձեռնությամբ անցկացնել Ուկրաինայի Վերխովնա Ռադային և Ուկրաինայի Նախարարների կաբինետին քննարկման ներկայացված իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննություն՝ հետևելով իր կողմից սահմանված ընթացակարգերին։ Ուկրաինայի Նախարարների կաբինետը Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությանն է ուղարկում բոլոր համապատասխան իրավական ակտերի նախագծերը՝ հակակոռուպցիոն փորձաքննություն անցկացնելու համար։
Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը տեղեկացնում է Ուկրաինայի Վերխովնա Ռադայի համապատասխան կոմիտեին կամ Ուկրաինայի Նախարարների կաբինետին համապատասխան իրավական ակտի հակակոռուպցիոն փորձաքննության անցկացման մասին, որը հիմք է հանդիսանում դրա քննարկման կամ հաստատման կասեցման համար, բայց ոչ ավելի, քան 10 օրով։
Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությանը կից հանրային խորհուրդը պարտավոր է մասնակցել Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալության կողմից իրականացվող հակակոռուպցիոն փորձաքննությանը։
6. Գործող իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննության արդյունքները, այն դեպքերում, երբ հայտնաբերվում են կոռուպցիոն ռիսկեր, ենթակա են պարտադիր հրապարակման համապատասխան մարմնի պաշտոնական կայքում, որն անցկացրել է տվյալ փորձաքննությունը։
7. Գործող իրավական ակտերի և իրավական ակտերի նախագծերի հանրային հակակոռուպցիոն փորձաքննությունը կարող է իրականացվել անհատների, հասարակական միավորումների և իրավաբանական անձանց նախաձեռնությամբ։ Իրավական ակտերի, իրավական ակտերի նախագծերի հանրային հակակոռուպցիոն փորձաքննությունը, ինչպես նաև դրա արդյունքների հրապարակումը իրականացվում է համապատասխան անձանց, հասարակական միավորումների, իրավաբանական անձանց կամ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին։
8. Հակակոռուպցիոն փորձաքննության արդյունքները, ներառյալ հանրային փորձաքննության արդյունքները, պարտադիր քննարկման են ենթարկվում համապատասխան ակտի հրապարակման (հաստատման) սուբյեկտի, դրա իրավահաջորդի կամ այն մարմնի կողմից, որին փոխանցվել են այս ոլորտում համապատասխան օրենսդրական լիազորությունները։
9. Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը պարբերաբար վերանայում է օրենսդրությունը կոռուպցիոն գործոնների բացահայտման համար և առաջարկություններ է ներկայացնում Արդարադատության նախարարություն՝ դրանք ներառելու համար սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված հակակոռուպցիոն փորձաքննության ծրագրում։
Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը կառավարության ցանկությամբ կարող է նաև ներգրավել հասարակական միավորումների և գիտական հաստատությունների՝ բաց մրցույթի հիման վրա։
Ռուսաստանում իրավական ակտերի հակակոռուպցիոն գնահատումը իրականացվում է «Կոռուպցիայի հակազդման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի և նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն գնահատման մասին» օրենքներով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի և նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն գնահատման մասին» ՌԴ կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
Նշված կարգավորումների համաձայն՝ իրավական ակտերի հակակոռուպցիոն գնահատումը իրականացվում է որոշակի սկզբունքների պահպանմամբ:
● Առաջին սկզբունքը սահմանում է իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննության պարտադիրության պահանջ, որպիսի պայմաններում բոլոր իրավական ակտերի նախագծերը ենթակա են հակակոռուպցիոն գնահատման: Ընդ որում, իրավական ակտի և դրա նախագծի փորձաքննությունը իրականացվում է փոխկապված իրավական ակտերի հետ միասին:
● Մյուս սկզբունքը վերաբերում է հակակոռուպցիոն փորձաքննության հիմնավորվածությանն, օբյեկտիվությանը և ստուգելիությանն, ինչը ենթադրում է, որ փորձաքննության եզրակացությունը պետք է պարունակի փաստարկված եզրակացություններ կոռուպցիոն երևույթների առկայության կամ բացակայության վերաբերյալ, ինչպես նաև պետք է հնարավորություն տա համադրելու եզրակացության արդյունքները օբյեկտիվ տվյալների հետ:
● Փորձաքննություն իրականացնող անձինք պետք է լինեն կոմպետենտ: Նշված սկզբունքը ենթադրում է, որ փորձաքննությունը պետք է անցկացնեն անձինք, ովքեր ունեն բավարար գիտելիքներ, և համապատասխան լիազորություն:
● Պետական իշխանության մարմինները, այլ պետական մարմինները և կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները և քաղաքացիական հասարակության անդամները պետք է համագործակցեն իրավական ակտերի փորձաքննության շրջանակներում: Բացի այդ, անկախ հակակոռուպցիոն փորձաքննության համար անհրաժեշտ է իրավական ակտերի նախագծերի հանրային հասանելիություն, փորձաքննության եզրակացությունը պատրաստելիս նեղ մասնագետների ներգրավում:
Իրավական ակտերի և դրանց նախագծերի փորձաքննությունն իրականացնում են ՌԴ դատախազության, արդարադատության նախարարության, իրավական ակտերի մշակողների և անկախ փորձագետների կողմից:
Դատախազությունը իրականացնում է գործադիր իշխանության մարմինների իրավական ակտերի, ՌԴ դաշնությունների գործադիր մարմինների իրավական ակտերի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց իրավական ակտերի հակակոռուպցիոն գնահատում՝ անձի և քաղաքացու իրավունքներին և պարտականությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող գույքի, բյուջետային, հարկային, մաքսային, անտառային, ջրային, հարկային և այլ ոլորտների, ինչպես նաև պաշտոնատար անձանց սոցիալական երաշխիքների շրջանակներում:
Միևնույն ժամանակ հարկ է նշել, ՌԴ դատախազությունն իրավասու չէ իրականացնելու օրենքների և դրանց նախագծերի, ՌԴ նախագահի կառավարության, միջազգային պայմանագրերի հակակոռուպցիոն գնահատումը:
Օրենքների, դրանց նախագծերի, ՌԴ կառավարության որոշումների նախագծերի, ՌԴ նախագահի որոշումների նախագծերի, գործադիր մարմինների կողմից մշակվող որոշումների նախագծերի հակակոռուպցիոն գնահատումն իրականացվում է ՌԴ արդարադատության նախարարության կողմից նշված իրավական ակտերի իրավական փորձաքննության շրջանակներում: Արդարադատության նախարարությունը իրականացնում է նաև այլ իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննություն: ՌԴ արդարադատության նախարարության կողմից կազմված եզրակացության արդյունքներն ունեն խորհրդատվական բնույթ օրենքների նախագծերի, նախագահի հրամանների և որոշումների, կառավարության որոշումների նախագծերի պարագայում: Նշված դեպքերում նախարարությունը գրավոր տեղեկատվություն է տրամադրում հայտնաբերված թերությունների վերաբերյալ:
Նշվածի համատեքստում անհրաժեշտություն է առաջացել միջազգային փորձի հաշվառմամբ ընտրել իրավական ակտերի նախագծերի փորձաքննության կիրառելի մոդելը Հայաստանի Հանրապետության համար: Բացի այդ, իրականացված ուսումնասիրությունների և կիրառելի մոդելի հաշվառմամբ կարևորվել է գործադիրի կառուցակարգում իրավասու մարմնի և մեթոդաբանության մշակման հարցի հստակեցումը, այն հաշվառմամբ, որ փորձաքննությունը իրականացվի մասնագիտացված կերպով։
Այսպիսով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նորմատիվ իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննության կառուցակարգերի ներդրման, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով ստանձնած հանձնառությունների իրագործման, Կառավարության կողմից ընդունված ռազմավարական փաստաթղթերով սահմանված առաջնահերթությունների կատարման անհրաժեշտությամբ։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1871-Լ որոշման (այսուհետ նաև՝ Հակակոռուպցիոն ռազմավարություն) հավելված 2-ի գործողությունների ծրագրով նախատեսվում է իրականացնել իրավական ակտերի նախագծերի կամ դրանց հիմքում ընկած կամ դրանց հետ փոխկապակցված իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննություն:
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիր․
Նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1871-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի գործողությունների ծրագրի 1․7-րդ գործողության պահանջներից:
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծով առաջարկվում է համապատասխան ոլորտներում ներդնել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի և դրանց հիմքում ընկած կամ դրանց հետ փոխկապակցված իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննության իրականացման կառուցակարգ։ Հարկ է նշել, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հիմքում ընկած կամ դրանց հետ փոխկապակցված իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննությունն իրականացվում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պետաիրավական փորձաքննություն կարգավորման շրջանակներում: Այսինքն, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հիմքում ընկած կամ դրանց հետ փոխկապակցված իրավական ակտերը ենթակա են հակակոռուպցիոն փորձաքննության նորմատիվ իրավական ակտերի նախագծերով կարգավորվող իրավահարաբերությունների շրջանակներում և այս դեպքերում գործող իրավական ակտերը չեն կարող ենթարկվել հակակոռուպցիոն փորձաքննության ամբողջությամբ՝ դուրս գալով նորմատիվ իրավական ակտի նախագծով կարգավորվող իրավահարաբերությունների շրջանակներից։ Բացի այդ, հակակոռուպցիոն փորձաքննության են ենթակա այն իրավական ակտերի նախագծերը, որոնք ընկած են նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հիմքում կամ փոխկապակցված են դրանց հետ։
Հակակոռուպցիոն փորձաքննությունը իրականացվում է արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից։ Իրականացված փորձաքննության արդյունքում տրվում է եզրակացություն։ Այն նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, որոնք ենթակա են, սակայն չեն անցել հակակոռուպցիոն փորձաքննություն, չեն կարող արժանանալ Կառավարության հավանությանը և ենթակա են ներկայացման նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալությանը՝ փորձաքննություն անցնելու նպատակով։
Նշենք նաև, որ Նախագծով առանձնացված են այն ոլորտները, որոնք կարգավորող իրավական ակտերը ենթակա են հակակոռուպցիոն փորձաքննության, մասնավորապես, դրանցից են՝ պետական և համայնքային գույքի կառավարումը, առողջապահությունը, պետական գնումները և այլն։ Սակայն ոլորտների ցանկը սպառիչ չէ և այլ դեպքերում, երբ նորմատիվ իրավական ակտի հեղինակի կարծիքով և փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի համաձայնությամբ, մշակված օրենսդրությամբ նախատեսված իրավական կարգավորումը կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկեր:
Բացի այդ առաջարկվում է փորձաքննության իրականացման մեթոդաբանությունը սահմանել ենթաօրենսդրական իրավական ակտով:
4. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բյուջեի ծախսերում ավելացում՝ պայմանավորված Արդարադատության նախարարությունում համապատասխան ստորաբաժանման ձևավորման հանգամանքով:
Մասնավորապես, իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննություն իրականացնելու համար արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության կազմում նախատեսվում է ձևավորել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում՝ 4 հաստիքային միավորով ՝բաժնի պետ (Ղ-4), 2 գլխավոր իրավաբան (Մ-1), 1 ավագ իրավաբան (Մ-3)։ Նշված փոփոխության արդյունքում տարեկան կտրվածքով կառաջանա շուրջ 21,511,437.65 ՀՀ դրամ լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված մարմինները կամ/և անձինք․
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։
6․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել հակակոռուպցիոն փորձաքննության ընթացակարգ, որը հնարավորություն կտա համապատասխան ոլորտներում նախագծերի մշակման վաղ փուլում բացահայտել և գնահատել կոռուպցիոն ռիսկերը, դրանք նվազեցնել կամ վերացնել դրանց հավանական հետևանքները։
[3]https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=184674, հավելված 1, էջ 26:
[4]http://www.bnk.md/content/%D0%BE-%D0%BD%D0%BE%D1%80%D0%BC%D0%B0%D1%82%D0%B8%D0%B2%D0%BD%D1%8B%D1%85-%D0%B0%D0%BA%D1%82%D0%B0%D1%85-%D0%B7%D0%B0%D0%BA%D0%BE%D0%BD-%E2%84%96-100-%D0%BE%D1%82-22-%D0%B4%D0%B5%D0%BA%D0%B0%D0%B1%D1%80%D1%8F-2017-%D0%B3
[5] https://likumi.lv/ta/en/en/id/61679-law-on-corruption-prevention-and-combating-bureau
-
Обсуждалось
10.11.2025 - 26.11.2025
-
Тип
Закон
-
Область
Юстиция, Борьба с коррупцией
-
Министерство
Министерство юстиции
-
Test
Просмотры 925
Принт