ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2073-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2073-Ն որոշման 2-րդ կետով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշումը, որով սահմանված են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը։ Այս համատեքստում, հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածում ներառված է նաև Անվտանգության խորհրդի շենքը։ Մինչդեռ, ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2073-Ն որոշմամբ սահմանված ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկում Անվտանգության խորհրդի գրասենյակը ներառված չէ։
Հաշվի առնելով, որ Անվտանգության խորհրդի գրասենյակը հանդիսանում է ռազմավարական խոցելիության բարձր ռիսկ ունեցող օբյեկտ, որի դեմ ոտնձգությունը կարող է սպառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությանը, ուստի Անվտանգության խորհրդի գրասենյակի կարևորագույն նշանակությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել՝ փոփոխություն և լրացում կատարելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2073-Ն որոշման մեջ։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկում ներառել նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման դեպքում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից կշարունակվի Անվտանգության խորհրդի գրասենյակի պետական պահպանության իրականացումը՝ որպես կարևորագույն նշանակության օբյեկտ։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1803-Լ որոշմամբ հաստատված՝ ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագրի 8-րդ ուղղության 1․7-րդ կետի պահանջներից։
ՀՀ ներքին գործերի նախարարություն