«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:»։
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:»։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Դատական օրենսգիրք) 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի վերաքննության կարգով վերանայման իրավունքն ապահովվում է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:»։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«1. Վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև սույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`
1) դատավարության մասնակիցները.
2) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ։»։
Հայաստանի Հանրապետությունում գործում է եռաստիճան դատական համակարգ, որի շրջանակներում իրականացվում է ներկայացված հայցերի և կայացված դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ և վճռաբեկ բողոքների քննություն։ Թեև Դատական օրենսգրքով նախատեսվում է դատական ակտերի վերանայման իրավունքը, այնուամենայնիվ այն չի դիտվում որպես բացարձակ, սահմանափակման ոչ ենթակա իրավունք, այլ որպես իրավունք, որն իրացվում է օրենքներով սահմանված դեպքերում և կարգով՝ հնարավորություն տալով օրենսդրին առանձին դատավարությունների խնդիրներով և բնույթով պայմանավորված նախատեսել բողոքարկման իրավունքի հատուկ կարգավորումներ։ Այլ կերպ ասած՝ դատական ակտերի վերանայման իրավունքն առկա է, սակայն օրենսդիրը կարող է սահմանել այդ իրավունքի իրացման պայմաններ՝ դրական կամ բացասական նախադրյալներ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանվում է դատական եռաստիճան համակարգի կողմից վարչական գործերով կայացված գործն ըստ էության լուծող բոլոր դատական ակտերի բողոքարկման հնարավորություն։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ վերաքննիչ դատարանում վարույթի քննության կարգը սահմանող 22-րդ գլխի ուսումնասիրությունը թույլ է տալիս արձանագրել, որ օրենսդիրը սահմանել է վարչական դատարանի գործն ըստ էության լուծող բոլոր դատական ակտերը վերաքննիչ ատյանում բողոքարկելու հնարավորություն՝ անկախ վեճի բնույթից, հանրային իրավական դրամական պահանջի չափից, գործի բարդությունից և այլն։ Միաժամանակ, օրենսդիրը նախատեսել է վերաքննիչ բողոք ներկայացնելու դրական և բացասական նախադրյալներ, որոնք այն պայմաններն են, որոնց առկայության կամ բացակայության հետ օրենսդիրը կապում է բողոք ներկայացնելու հնարավորությունը։ Այս պայմաններն ինքնանպատակ չեն և դրանցից յուրաքանչյուրը, հետապնդելով դատավարության ընթացքում կոնկրետ խնդրի լուծման նպատակ, կարող է ունենալ ֆորմալ կամ ոչ ֆորմալ/բովանդակային բնույթ։ Այնուամենայնիվ, վարչական դատավարության օրենսգիրքը չի սահմանում բողոքարկման որևէ նախապայման՝ կախված գործն ըստ էության լուծող դատական ակտի տեսակից։ Ի տարբերություն վարչական դատավարության՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է վերաքննիչ բողոք ներկայացնելու սահմանափակում՝ կախված վեճի առարկայի արժեքի չափից։ Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ «1. Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` (...) վերաքննիչ բողոքը բերվել է գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ.»։
Սահմանադրական դատարանը 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ ընդգծել է, որ դատական ակտի բողոքարկման կամ վերաքննության իրավունքը թեև վերաքննիչ և վճռաբեկ ատյանի դատարաններ ստեղծված լինելու պարագայում հանդիսանում է դատարանի մատչելիության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքների բաղադրատարր, այնուամենայնիվ, նշված իրավունքները բացարձակ չեն և ենթակա են որոշակի սահմանափակման, որոնցից մեկն էլ հանդիսանում է օրենսգրքի վիճարկվող նորմով նախատեսված որոշակի կատեգորիայի քաղաքացիական գործերով վերաքննության սահմանափակման դեպքը: Այս առումով սահմանադրական դատարանն ինքնին իրավաչափ է համարում հայցագնի չափով պայմանավորված` քաղաքացիական գործերով վերաքննության իրավունքի սահմանափակումը: Այլ խնդիր է օրենսգրքի վիճարկվող նորմում ամրագրված գումարի չափի արդարացված լինելը, ինչպես նաև նման սահմանափակման` որպես ընդհանուր կանոնից բացառության նախատեսման, համապատասխանությունն արդարադատության ընդհանուր սկզբունքներին:[1]
Վերաքննիչ վարչական դատարանի գործունեության 2024 թվականի հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարվա ընթացքում ներկայացվել է 8748 բողոք։[2] Կատարված հարցմանն ի պատասխան՝ Դատական դեպարտամենտից ստացվել է տեղեկատվություն առ այն, որ 2024 թվականի ընթացքում դրամական պարտավորություն առաջացնող վարչական ակտերի վերաբերյալ կայացված դատական ակտերի դեմ ներկայացվել է ընդհանուր 2.877 վերաքննիչ բողոք, որից 2.367-ը վարչական մարմինների կողմից։ Ընդ որում, վարչական մարմինների կողմից ներկայացված 2.367 բողոքից 1705-ը ներկայացվել է մինչև 200.000 դրամով հանրային իրավական դրամական պահանջներով (1705 գործից 1292-ը ներկայացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության կողմից 25.000 դրամ հանրային իրավական դրամական պահանջներով կայացված դատական ակտերով)։ Ընդ որում, հատկանշական է, որ ըստ Բարձրագույն դատական խորհրդից ստացված տեղեկատվության՝ 1705 բողոքներից 985-ը մերժվել են, 77-ը՝ բավարարվել, 543-ը դեռ չեն լուծվել։ Այսինքն՝ քննված բողոքների 84%-ը մերժվել է։
Ստացվում է, որ վերաքննիչ վարչական դատարանում 2024 թվականին՝
- բողոքների 32%-ը ներկայացվել է դրամական պարտավորություն առաջացնող վարչական ակտերի վերաբերյալ կայացված դատական ակտերի դեմ,
- դրանց 82%-ը ներկայացվել է վարչական մարմինների կողմից,
- դրանց 72%-ը ներկայացվել է մինչև 200.000 դրամով հանրային իրավական դրամական պահանջներով (դրանց 75%-ը ներկայացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության կողմից 25.000 դրամ հանրային իրավական դրամական պահանջներով կայացված դատական ակտերով),
- դրանց 62%-ը քննվել է, որոնց 84%-ով կայացվել է բողոքը մերժելու մասին որոշում։
Այսպիսով, վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածության ավելացմանն էականորեն նպաստում են համեմատաբար փոքր արժեք ունեցող գործերով բողոքարկումները, որոնց 80 տոկոսից ավելին բողոքարկվում են ոչ թե ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այլ վարչական մարմինների կողմից։ Մինչդեռ, հաշվի առնելով վարչական դատարանում ամբողջ ծավալով գործի քննություն իրականացվելը և վերադաս դատական ատյանների՝ առավելապես ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերի ստուգում իրականացնելու գործառույթը՝ վերադաս դատարանները հնարավորինս չպետք է ծանրաբեռնվեն ոչ մեծ արժեք ունեցող գործերով պայմանով, որ կարգավորումները նախատեսվում են այնպես, որ արդար դատաքննության իրավունքի խախտումները բացառվեն։
Այս համատեքստում անդրադառնալով միջազգային կառույցների դիրքորոշումներին և օտարերկրյա պետությունների փորձին՝ հարկ ենք համարում ընդգծել՝
Արդարադատության մատչելիության ուղիների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1981թ. մայիսի 14-ի թիվ R (81) 7 հանձնարարականի 15-րդ կետի համաձայն` ոչ խոշոր չափի հայցային պահանջներով վեճերի համար պետք է նախատեսվի հատուկ ընթացակարգ, որը հնարավորություն կտա կողմերին դիմել դատարան` չկրելով վեճի առարկա հանդիսացող գումարի համեմատ անհամաչափ ծախսեր: Այս նպատակներով հնարավոր է նախատեսել հեշտացված (պարզեցված) դատական վարույթ, զերծ մնալ անհարկի դատական լսումներից և սահմանափակել բողոքարկման իրավունքը:
Դատական համակարգի կատարելագործմանն ուղղված քաղաքացիական դատավարության սկզբունքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1984 թ. փետրվարի 28-ի թիվ R (84) 5 հանձնարարականի 8-րդ սկզբունքի 1-ին մասի b) կետի համաձայն` պետք է նախատեսվեն որոշակի կանոններ կամ կանոնների ամբողջություն` ուղղված վեճի լուծման արագացմանը` անվիճելի իրավունքի, նախապես գնահատված վնասի, ինչպես նաև ոչ մեծ գումարներով հայցերի հետ կապված դեպքերում:
Դատարանների աշխատանքի չափազանց ծանրաբեռնվածության անթույլատրելիության և սահմանափակման միջոցառումների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1986թ. սեպտեմբերի 16-ի թիվ R (86) 12 հանձնարարականի 3-րդ կետում անդամ պետություններին խորհուրդ է տրվում դատական ատյանների ծանրաբեռնվածությունը թոթափելու համար ստեղծել արտադատական այնպիսի մարմիններ, որոնց կողմերը կարող են դիմել ոչ մեծ գումարի հայցապահանջներով, ինչպես նաև իրավունքի կոնկրետ ոլորտների խնդիրներով վեճերի լուծման համար:
1995թ. փետրվարի 7-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ընդունած` «Քաղաքացիական և առևտրային գործերով բողոքարկման ընթացակարգերի և համակարգերի գործողության մեջ դնելու և գործունեության բարելավման վերաբերյալ» թիվ R(95)5 հանձնարարականի` «Վերաքննության իրավունքից բացառություն կազմող հարցեր» վերտառությամբ 3-րդ հոդվածի a) կետում նախատեսվում է` «Երկրորդ ատյանի դատարանի կողմից միայն պատշաճ հարցերի քննությունն ապահովելու նպատակով պետությունները պետք է քննարկեն ստորև թվարկված բոլոր կամ որոշ միջոցառումների ընդունման հնարավորությունը … բացառել մի շարք գործեր, օրինակ` ոչ մեծ գումարի հայցապահանջները։»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատական պրակտիկայի ամփոփումը թույլ է տալիս փաստել, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) պետությունների համար չի սահմանում պարտադիր բողոքարկման ատյան ունենալու պահանջ, սակայն բողոքարկման համակարգ նախատեսելու դեպքում այն պետք է համապատասխանի արդար դատաքննության պահանջներին։ Շատ գործերով Եվրոպական դատարանն անդրադարձել է դատական բողոքարկման համար նախատեսված որոշակի սահմանափակումներին։ Այսպես, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի պարտադրում պետություններին ստեղծելու վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, սակայն եթե այդպիսի դատարանները գոյություն ունեն, ապա 6-րդ հոդվածով ամրագրված երաշխիքները պետք է պահպանվեն։[3] Եվրոպական դատարանն ընդգծել է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետի կիրառելիությունը վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանների նկատմամբ կախված է տվյալ վարույթների հատուկ բնույթից։ Դատարանը նշել է, որ գումարի շեմի (ratione valoris) կիրառումը որպես գերագույն դատարան բողոք ներկայացնելու նախապայման, օրինական և ողջամիտ դատավարական պահանջ է՝ հաշվի առնելով գերագույն դատարանի էությունը, այն է՝ քննության առնել միայն իրավական առումով նշանակալի գործեր։[4] Երբ հարց է ծագել՝ արդյո՞ք վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանների վարույթները համապատասխանել են 6-րդ հոդվածի պահանջներին, Եվրոպական դատարանը նշել է, որ պետք է հաշվի առնել, թե ինչ ծավալով է գործը քննվել ստորին ատյաններում, արդյո՞ք առկա են արդար դատաքննության հետ կապված խնդիրներ ստորին ատյաններում, ինչպես նաև վերադաս դատարանի բնույթը կամ դերը դատավարության մեջ։[5] Բացի այդ, ratione valoris սկզբունքի համատեքստում դատարանը հաշվի է առնում նաև այլ հանգամանքներ, մասնավորապես՝ արդյո՞ք սահմանափակումը կանխատեսելի է, արդյո՞ք պետությունը, թե դիմողն է կրելու դատավարության ընթացքում թույլ տրված դատական սխալների բացասական հետևանքները և արդյո՞ք սահմանափակումը չափազանց ձևական է։[6]
Միաժամանակ, օրինակ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործում է վերաքննիչ բողոք ներկայացնելու թույլտվության համակարգը։ Մասնավորապես, «Վարչական դատարանի մասին» ակտի 124-րդ հոդվածի համաձայն՝ կողմերն իրավունք ունեն վերջնական և միջանկյալ դատական ակտերը բողոքարկել, եթե բողոքն ընդունվել է վարչական դատարանի կողմից։ Ընդ որում, բողոքը թույլատրվում է, եթե՝ 1. լուրջ կասկածներ կան վճռի իրավաչափության մեջ, 2. եթե գործը ներկայացնում է առանձնահատուկ փաստական կամ իրավական բարդություն, 3. եթե իրավական հարցը ֆունդամենտալ նշանակություն ունի, 4. եթե որոշումը շեղվում է վերադաս դատարանի դիրքորոշումներից, 5. եթե առկա է ընթացակարգային այնպիսի խախտում, որը ենթակա է գնահատման վերաքննիչ դատարանի կողմից։[7]
Օրինակ, Ռումինիայում դատարանների իրավասությունը սահմանվում է ըստ վիճարկվող ակտը կայացրած մարմնի, իսկ հարկային վեճերի դեպքում՝ ըստ հարկի չափի։ Այսպիսով, առաջին ատյանի դատարանը կարող է քննարկել տեղական մարմինների կողմից կայացված ակտերի դեմ բերված հայցերը և հարկերի, տուքերի, մաքսատուրքերի հետ կապված վարչական ակտերը, եթե ակտով սահմանված պարտավորության չափը գերազանցում է 220.000 եվրոն։[8]
Այսպիսով, ինչպես ներպետական, այնպես էլ օտարերկրյա պրակտիկայի ամփոփումը թույլ է տալիս փաստել, որ վերադաս դատական ատյաններում բողոքարկման նախապայմանների սահմանումը, այդ թվում՝ գումարային շեմ նախատեսելու միջոցով, հանդիսանում է բողոքարկման իրավունքի սահմանափակման օրինական դատավարական միջոց, եթե այն բավարարում է կանխատեսելիության, համաչափության, ողջամտության պահանջներին։
Ընդ որում, այս համատեքստում էական է ընդգծել, որ պետությունն ինքն է հրաժարվում բողոքարկման իրավունքից՝ հաշվի առնելով բողոքարկման իրավունքից հրաժարման արդյունքում մի շարք ռեսուրսների խնայողությունը։ Այսպես՝ բողոքարկմա իրավունքից հրաժարումը հնարավորություն է տալիս՝
- ապահովել վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեթևացում՝ հնարավորություն տալով ինչպես դատավորներին, այնպես էլ վերջիններիս աշխատակազմերին առավել մեծ ռեսուրս ներդնել ավելի բարդ գործերի լուծման հարցում,
- չիրականացնել ծանուցումներ փոքր արժեք ունեցող գործերով՝ դրանով իսկ խնայելով փոստային և այլ ծախսեր, որոնք կատարվում են դատարանների որոշումների և դատավարական փաստաթղթերի՝ կողմերին ուղարկելու հետևանքով,
- նվազեցնել ոչ արդյունավետ բողոքարկումների քանակը (ըստ ԲԴԽ վիճակագրության՝ քննված բողոքների 84%-ը մերժվել է)։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվել է սահմանել որոշակի բնույթի գործերով կոնկրետ սուբյեկտի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքի սահմանափակում։ Մասնավորապես, հիմք ընդունելով վերաքննիչ դատարանի դերը դատավարության մեջ, վարչական մարմինների կողմից հանրային իրավական դրամական պահանջներով ներկայացված գործերի քանակը և դրանց 80 տոկոսից ավելին մինչև 200.000 դրամը չգերազանցելը՝ առաջարկվել է նախատեսել սահմանափակում առ այն, որ վարչական մարմինները կարող են մինչև 200.000 դրամ հանրային իրավական դրամական պահանջներով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերը բողոքարկել վերաքննիչ դատարանում, եթե հիմնավորում են, որ թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Ընդ որում, շեմը՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, ընտրվել է ինչպես հաշվի առնելով Դատական դեպարտամենտից ստացված տեղեկատվությունը, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով արդեն իսկ գործող կարգավորումը։
Առաջարկվող կարգավորումը երաշխիքային է նաև այնքանով, որքանով՝
- ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքը պահպանվել է՝ անկախ հանրային իրավական դրամական պահանջի չափից,
- սահմանափակումը նախատեսվել է համեմատաբար փոքր արժեք ունեցող գործերի համար, այն է՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը չգերազանցող դրամական պահանջներով. ընդ որում, պետք է ներկայացված հայցով նշված գումարը չգերազանցի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, այլ ոչ թե օրինակ բավարարված հայցապահանջն այդքան լինի,
- սահմանափակումը չունի բացարձակ բնույթ և դրանից բացառություն կարող է իրականացվել այն դեպքում, երբ թույլ է տրվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ։
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում հնարավոր կլինի թեթևացնել վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը՝ փոքր արժեք ունեցող գործերով բողոքարկումների համար բողոքարկման լրացուցիչ նախադրյալների նախատեսման միջոցով։
5. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:
[1] https://www.arlis.am/hy/acts/77244
[2] https://court.am/hy/statistic-inner/248
[3] տե´ս Andrejeva-ն ընդդեմ Լատվիայի, թիվ 55707/00, § 97։
[4] տե´ս Dobrić-ն ընդդեմ Սերբիայի, թիվ 2611/07 և 15276/07, § 54։
[5] տե´ս Brualla Gómez de la Torre-ն ընդդեմ Իսպանիայի, թիվ 155/1996/774/975 §§ 37-39։
[6] տե´ս Garzičić-ն ընդդեմ Չեռնոգորիայի, թիվ 17931/07, §§ 30-32։
[7] https://www.gesetze-im-internet.de/vwgo/__124.html
[8] https://www.aca-europe.eu/en/eurtour/i/countries/romania/romania_en.pdf
-
Обсуждалось
17.10.2025 - 01.11.2025
-
Тип
Закон
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 1431
Принт