«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծեր
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ոստիկանության կողմից տուժողներին արագ օգնության հասնելու և որակյալ, անհետաձգելի բժշկական, հոգեբանական օգնություն ցուցաբերելու, իրավախախտումները կանխելու ու խափանելու, իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելուն աջակցելու կարողությունների զարգացման համար Ոստիկանության բարեփոխումների 2020-2022թթ. ռազմավարության շրջանակներում, ի թիվս այլ միջոցառումների, նախատեսվել էր Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը։
2023 թվականին Ոստիկանության բարեփոխումների կարևորագույն ձեռքբերումների շարքում կարելի է առանձնացնել յուրաքանչյուր մարզում, Պարեկային ծառայությանը զուգահեռ, նաև այդ ծառայության գործունեությանն օժանդակող Օպերատիվ կառավարման կենտրոնների ձևավորումը։ Օպերատիվ կառավարման կենտրոնը իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումներն ու ահազանգերն ընդունող միասնական օպերատոր է, որն այդ հաղորդումների բնույթի վերլուծության հիման վրա ապահովում է Պարեկային ծառայության ուժերի և միջոցների կառավարումը, պարեկային կարգախմբի մոտեցումը՝ դժվարին իրավիճակում հայտնված անձանց կարճ ժամանակահատվածում Ոստիկանության աջակցության ցուցաբերման նպատակով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ տալիս է անհրաժեշտ խորհրդատվություն: Կենտրոնն ունի տեղեկատվական վերլուծության հնարավորություններ, ինչպես նաև՝ Փրկարար ծառայության (911) և Շտապ օգնության (1-03) օպերատիվ կենտրոնների մշտական հենակետեր:
Միաժամանակ, Ոստիկանության բարեփոխումների 2020-2022թթ. ռազմավարությամբ նախատեսված էր քննարկման առարկա դարձնել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ Ոստիկանության օպերատիվ կենտրոնի միավորման հարցը՝ ստեղծելով արտակարգ իրավիճակներում համապատասխան գերատեսչությունների կողմից արագ արձագանքման և օգնության տրամադրման արդյունավետ համակարգ, որը կընդգրկի ամբողջ պետության տարածքը։ Ընդ որում, այսպիսի միավորումը իրագործելի է և կհանգեցնի աշխատանքների իրականացման և նյութատեխնիկական բազայի օգտագործման ավելի լավ համակարգման արտակարգ իրավիճակների ժամանակ:
Օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության փորձն արդեն իսկ ապացուցել է, որ նման գործառույթներ իրականացնող ստորաբաժանման առկայությունը զգալիորեն նպաստում է Պարեկային ծառայության կողմից իր գործունեության առավել պատշաճ իրականացմանը և անհրաժեշտ իրավիճակներում օպերատիվ արձագանքմանը։ Հաշվի առնելով Օպերատիվ կառավարման կենտրոնի, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման միջազգային լավագույն փորձը՝ Ներքին գործերի նախարարությունը նախատեսում է նոր ռազմավարության շրջանակներում ձեռնամուխ լինել ահազանգերի ընդունման և օպերատիվ կառավարման միասնական կենտրոնի ստեղծմանը։
Ներկայումս, կախված իրավիճակի բովանդակությունից, քաղաքացին ինքը պետք է որոշի, թե առկա տարբերակներից արագ արձագանքման որ հեռախոսահամարով պետք է զանգահարի։ Կանչերին պատասխանելու և մշակելու զանգերի կենտրոնների՝ կարգավարական (դիսպետչերական) կենտրոնների արագությունը զանգերին պատասխանելիս, ինչպես նաև՝ դեպքերի մասին տեղեկատվության հավաքման և արձագանքող ստորաբաժանումներին դրա տրամադրման որակն ազդում են անհետաձգելի օգնության ծառայությունների (առաջին արձագանքողների) ժամանման արագության վրա: Առաջին արձագանքողների ժամանման արագությունը և տարբեր ծառայությունների միջև համագործակցության ապահովումն առանցքային գործոններ են ճգնաժամերի լուծման, առողջությանը, գույքին և շրջակա միջավայրին հասցված վնասը նվազագույնի հասցնելու, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներում հայտնված անձանց օգնելու համար:
Արտակարգ իրավիճակների կանչերի արձագանքման արդյունավետ գործող համակարգի ստեղծումը պահանջում է ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների համակարգերի ավելի լայն կիրառում: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նոր լուծումների կիրառումն ու պահպանումը ռեսուրսներ են պահանջում: Այդ ուղղությամբ եվրոպական մի շարք երկրներ բարեփոխումներ են իրականացրել՝ բարելավելու արտակարգ իրավիճակների զանգերին պատասխանելու և մշակելու գործելակարգերը և ընդլայնելու իրենց տեխնոլոգիական աջակցությունը՝ ստեղծելով միջգերատեսչական կարգավարական կենտրոններ:
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակների կանչերի համակարգը գործում է ամենօրյա ռեժիմով (գործում են արտակարգ իրավիճակների ազգային հեռախոսահամարները` 101, 102 և 103, ինչպես նաև 112 և 911 հեռախոսահամարները), սակայն ունի զգալի թույլ կողմեր, և առանց լուրջ վերակազմավորման հնարավոր չէ նկատելիորեն բարձրացնել կանչերի արձագանքման և մշակման համակարգի կամ ճգնաժամային արձագանքման գերատեսչությունների համագործակցության արդյունավետությունը: Գործող համակարգի հիմնական թերություններից է այն, որ մեծ թվով արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամարները հանգեցնում են նրան, որ օգնության կարիք ունեցողների համար կարող է դժվար լինել արագ կողմնորոշվել, թե որ շտապ կանչի համարով պետք է զանգահարել կոնկրետ դեպքում, իսկ սխալ համարով զանգահարելը կարող է հանգեցնել օգնության հետաձգման։ Կարող են լինել նաև իրավիճակներ, երբ անձն անհրաժեշտությունից ելնելով զանգեր է կատարում միևնույն միջադեպի առնչությամբ մի քանի շտապ կանչերի հեռախոսահամարներով, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնող իրավիճակ է, որը պետք է բացառել։ Մեկ այլ խնդիր է նաև տարբեր գերատեսչությունների ենթակայության տակ գտնվող և միմյանցից անկախ գործող կարգավարական կենտրոնների միջև ոչ արդյունավետ հաղորդակցությունը այն իրավիճակներում, երբ մի քանի ծառայություններ պետք է միաժամանակ արձագանքեն ճգնաժամին (օրինակ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում)։ Անխուսափելիորեն նման դեպքերում մեկ ստորաբաժանման կարգավարական կենտրոնի կողմից հավաքագրված օպերատիվ տեղեկատվությունը ոչ միաժամանակ է հասնում բոլոր արձագանքողներին` ուշացնելով անհրաժեշտ օգնության ցուցաբերումը։
Միևնույն ժամանակ, տարբեր գերատեսչությունների կարգավարական կենտրոնները կատարում են նույնատիպ գործառույթներ՝ պատասխանում են արտակարգ իրավիճակների կանչերին, արագ մշակում դրանք և փոխանցում առաջին արձագանքողներին, ընդ որում՝ իրենց գործունեության համար պահանջվում են հատուկ աշխատանքային միջավայր, անձնակազմ և մասնագիտացված տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիական համակարգեր: Կառավարման նման մոդելը հաճախ հանգեցնում է մարդկային ռեսուրսների, տեխնոլոգիաների և աշխատանքային այլ գործիքների անարդյունավետ օգտագործմանը:
Այդ խնդիրները լուծելու համար, մի շարք երկրների (Էստոնիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Լիտվա, Իսլանդիա, Վրաստան) օրինակին հետևելով, առաջարկվում է տարբեր գերատեսչությունների կողմից սպասարկվող տարբեր կանչերի համարների փոխարեն նախատեսել բնակչությանը լավ հայտնի արտակարգ իրավիճակների կանչերի մեկ հեռախոսահամար, որի սպասարկումը կիրականացնի Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումը։
2.Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել են ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր(այսուհետ՝ Նախագծեր)։
Նախագծերով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետև՝ Նախարարություն) կազմում գրասենյակի կարգավիճակով օպերատիվ կառավարման կենտրոնի (այսուհետև՝ ՕԿԿ) և Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՓԾ ՃԿԱԿ) միավորման գործընթաց, որի արդյունքում կստեղծվի միասնական զանգերի կենտրոն։
Նշված ծառայությունների մասնագիտական ուժերի օպտիմալացման արդյունքում տարբեր հանցագործությունների, պատահարների և իրավախախտումների վերաբերյալ ահազանգերը քաղաքացիներից կընդունվեն և կսպասարկվեն միատեսակ մոտեցմամբ՝ նպաստելով ահազանգերին արձագանքման ժամանակի կրճատմանը և արդյունավետության բարձրացմանը։
ՓԾ ՃԿԱԿ-ի և ՕԿԿ-ի միավորման արդյունքում ահազանգերի ընդունման համար կգործարկվի «112» հեռախոսահամարը, որի ներքո կմիավորվեն երկու մարմինների՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության հեռախոսահամարները («1-02», «1-01», «911»)։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախարարությունում ընթացող կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում նախատեսվում է միավորել ՕԿԿ-ն, որն իր իրավասության սահմաններում իրականացնում է Հայաստանի Հանրապետության օպերատիվ իրավիճակի շուրջօրյա վերահսկում, քաղաքացիներից ստացված ահազանգերի սպասարկում, պարեկային ծառայության օպերատիվ կառավարում, դեպքի վայրում ուժերի օպերատիվ կառավարում, ապահովում է Ոստիկանությանն անհրաժեշտ տեղեկատվական, վերլուծական նյութերով, շտեմարաններով, ուսումնասիրում և վերլուծում հանցավորության (նաև վարչական իրավախախտումների) մակարդակը, դրանք ծնող պատճառները և ռիսկերը, ցուցաբերում է արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումներին մեթոդական օժանդակության, մշտադիտարկման արդյունքում ձեռք բերված տվյալների մշակում և դրանց ամփոփում, հետևանքների հնարավորինս ճշգրիտ կանխատեսում ու մոդելավորում և Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը (ՓԾ ՃԿԱԿ), որն իր իրավասության սահմաններում ապահովում է արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում, բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անցկացման ժամանակ արդյունավետ կառավարումը, ահազանգերի սպասարկումը, հետևանքների վերացման կառավարումը, իրականացնում Նախարարության, այլ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների տեղեկատվական շուրջօրյա ապահովումը ճգնաժամերի և արտակարգ իրավիճակների բնագավառում՝ առաջարկվում է որպես միասնական զանգերի կենտրող գործարկվող ՕԿԿ գործունեությունը կազմակերպել Նախարարության անմիջական ենթակայությամբ։
Նախագծերով նախատեսվել են նաև Գրասենյակի ղեկավարի և աշխատակիցների նշանակման հետ կապված կարգավորումներ։ Բացի այդ ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել են նաև օպերատիվ կառավարման կենտրոնի հիմնական գործառույթները։
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվելու են ստեղծվելիք «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն» գրասենյակում պաշտոնի նշանակված ոստիկանության ծառայողների և փրկարար ծառայողների վարձատրության հետ կապված հարցերը։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1803-Լ որոշման 1-ին հավելվածով հաստատված Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության 5-րդ ուղղությունից (Հանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի (112) ստեղծում), ինչպես նաև 2-րդ հավելվածով հաստատված Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագրի 1-ին ուղղության 3-րդ կետի պահանջներից։ Հիշյալ կետի համաձայն՝ մինչև 2026 թվականի 2-րդ կիսամյակը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ֆունկցիոնալը պետք է տեղափոխվի Ներքին գործերի նախարարություն և Ներքին գործերի նախարարության կազմում պետք է ձևավորվի մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոն։
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից։
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ՆԳՆ կազմում կստեղծվի մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոն, ճգնաժամային արձագանքման համակարգը բնակչության համար կդառնալ ավելի հասկանալի, ավելի պարզ, արագ և արդյունավետ՝ օգնություն տրամադրելու հարցում, կբարելավվի միջգերատեսչական համագործակցությունը, ինչպես նաև արձագանքման համար պատասխանատու պետական մարմինների աշխատանքի որակի բարձրացման և պետության ռեսուրսների խնայողության համար կստեղծվի կանչերի ընդունման, արձագանքման, դրանց մշակման և համակարգի կառավարման արդյունավետ մոդել։
-
Обсуждалось
17.10.2025 - 02.11.2025
-
Тип
Закон
-
Область
Юстиция, Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция, Публичная служба, Управленческие правоотношениями, Общественное управление
-
Министерство
Министерство внутренних дел
-
Test
Просмотры 976
Принт