ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ք․Երևան «____»_____________2025թ No_______-Ա
ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19–ի N 1886-Լ որոշման N 3 հավելվածի 1.5-րդ կետը՝
- Առավել վտանգավոր հիվանդությունների և վնասատուների բռնկումների կանխարգելման և կառավարման նպատակով ստեղծել արագ արձագանքման միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ)։
- Հաստատել՝
- Աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի․
- Աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
- Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում՝ առաջարկություններ և գործողությունների ծրագիր։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2025 թվականի
N -Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության պետ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության բուսասանիտարիայի բաժնի պետ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության պետ
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի պետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության տարածքային ծրագրերի և մշտադիտարկման բաժնի ներկայացուցիչ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր անտառպաթոլոգ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության ներկայացուցիչ
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հանրային առողջապահական արտակարգ գործառնական կենտրոնի պատասխանատու
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի բժիշկ հիգիենիստ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի վարչության ներկայացուցիչ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բուսասանիտարիայի և ագրոքիմիական հետազոտությունների բաժնի պետ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գիտության գծով փոխտնօրեն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի վարիչ (համաձայնությամբ)
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2025 թվականի
N -Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն աշխատակարգով կարգավորում են առավել վտանգավոր հիվանդությունների և վնասատուների բռնկումների կանխարգելման և կառավարման արագ արձագանքման միջգերատեսչական աշխատանքային խմբի նպատակների, գործառույթների և գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները:
- Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն աշխատակարգով:
- ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Սույն աշխատակարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
- Առավել վտանգավոր հիվանդություններ և վնասատուներ` գյուղատնտեսական մշակաբույսերի վնասակար օրգանիզմներ, որոնք ունակ են պարբերական զանգվածային վերարտադրության ու տարածման, դժվար վերահսկելի են, վնաս են հասցնում գյուղատնտեսական մշակաբույսերի մեծ տեսակային կազմի, նվազեցնում են գյուղատնտեսական մշակաբույսերից ստացվող բերքի որակական և քանակական ցուցանիշները․
- Տնտեսական վնաս (այսուհետ՝ ՏՎ)՝ սկսվում է այն սահմանից (կետից), երբ բերքին հասցվող վնասի չափը համարժեք է կիրառվող պայքարի բուսասանիտարական միջոցառումների վրա կատարվող ծախսերին․
- Տնտեսական վնասակարության շեմ (այսուհետ՝ ՏՎՇ)՝ առավել վտանգավոր հիվանդությունների և վնասատուների պոպուլյացիայի (թվաքանակի) այն խտությունն է, որի դեպքում պետք է ձեռնարկվեն պայքարի բուսասանիտարական միջոցառումներ՝ վնասակար օրգանիզմի պոպուլյացիայի հետագա ավելացումը կանխելու, տնտեսական վնասի մակարդակից ցածր սահմանի վրա պահելու և վերահսկելու համար․
- Տնտեսական վնասի մակարդակ (այսուհետ՝ ՏՎՄ)՝ առավել վտանգավոր հիվանդության կամ վնասատուի պոպուլյացիայի (թվաքանակի) ամենացածր խտությունն է, որը հանգեցնում է տնտեսական վնասի․
- Բռնկում` առավել վտանգավոր հիվանդության կամ վնասատուի զանգվածային բազմացում և տարածում, երբ հիվանդությունը կամ վնասատուն կարճ ժամանակահատվածում ընդգրկում է տարածման մեծ արեալներ և կարող է առաջացնել զգալի տնտեսական վնասներ․
- Ինտեգրացված պայքարի միջոցառումներ – բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ բազմակողմանի և համակարգված գործողությունների ամբողջություն, որն ընդգրկում է կենսաբանական, ագրոտեխնիկական, մեխանիկական և քիմիական մեթոդների համադրում՝ առավել վտանգավոր հիվանդությունների և վնասատուների վերահսկման, տարածման կանխման կամ ոչնչացման նպատակով․
- Բուսասանիտարական ռիսկի վերլուծություն – կենսաբանական և տնտեսական տվյալների գնահատում` վնասակար օրգանիզմների կարգավորման անհրաժեշտությունը որոշելու, դրանց դեմ պայքարի բուսասանիտարական միջոցառումներ իրականացնելու կամ բուսասանիտարական միջոցառումներն ուժեղացնելու նպատակով.
- ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
- Աշխատանքային խմբի գործունեության նպատակներն են՝
- առավել վտանգավոր հիվանդությունների և վնասատուների բռնկումների վաղ հայտնաբերման, կանխատեսման և արձագանքման մեխանիզմների կատարելագործմանն աջակցություն՝ միջգերատեսչական համագործակցության միջոցով․
- կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված ռիսկերի գնահատմանն ու համակարգմանն օժանդակող մասնագիտական քննարկումների և առաջարկությունների ձևավորում․
- առավել վտանգավոր հիվանդությունների և վնասատուների բռնկումների դեպքում համապատասխան մարմինների աշխատանքների արդյունավետ համակարգմանն աջակցություն և մասնագիտական տեղեկատվության փոխանակման ապահովում․
- հանրության, մասնագետների և պետական կառույցների իրազեկման բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների մշակում՝ կանխարգելման և արձագանքման կարողությունները զարգացնելու նպատակով․
- Հայաստանի Հանրապետությունում կայուն բուսասանիտարական վիճակի պահպանմանը նպաստող միջգերատեսչական համագործակցության խթանում․
- աշխատանքային խմբի գործունեությունից բխող կազմակերպական, խորհրդատվական և տեղեկատվական հարցերի քննարկում և առաջարկությունների ներկայացում։
- ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
- Աշխատանքային խմբի գործառույթներն են՝
- կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բուսասանիտարական ռիսկերի վերլուծություն․
- առավել վտանգավոր վնասատուների և հիվանդությունների բռնկումների կանխարգելման և կառավարման նպատակով միջգերատեսչական քննարկումների կազմակերպում, վերլուծությունների իրականացում և առաջարկությունների նախապատրաստում՝ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված գործոնների հիման վրա․
- առավել վտանգավոր վնասատուների և հիվանդությունների բռնկումների տարածման պոտենցիալի և տնտեսական վնասակարության շեմի վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծության իրականացում և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ համապատասխան պետական մարմիններին առաջարկությունների ներկայացում․
- առավել վտանգավոր հիվանդության հարուցիչի կամ վնասատուի տեսակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, մասնագիտական կարծիքի ձևավորում և համապատասխան լիազոր մարմիններին հաստատման առաջարկության ներկայացում․
- առավել վտանգավոր հիվանդությունների և վնասատուների բռնկման մասին համապատասխան մասնագետներին և լիազոր մարմիններին իրազեկում և աջակցում տեղեկատվության փոխանակմանը․
- առավել վտանգավոր հիվանդությունների և վնասատուների բռնկման պատճառների և նպաստող գործոնների վերաբերյալ վերլուծությունների իրականացում և արդյունքների ներկայացում համապատասխան մարմիններին՝ հետագա գնահատման կամ արձագանքման նպատակով․
- վերահսկողության իրականացման կարիքների գնահատման վերաբերյալ գնահատումների ներկայացում օրենքով լիազորված կառույցներին և աջակցություն իրականացվող միջոցառումների համակարգմանը՝ համագործակցելով լիազոր պետական մարմինների հետ․
- առավել վտանգավոր հիվանդությունների և վնասատուների բռնկման դեպքում ինտեգրացված պայքարի միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների մշակում և դրանց իրագործման գործընթացի վերաբերյալ համակարգող աջակցություն՝ լիազոր պետական մարմինների հետ համատեղ․
- առավել վտանգավոր հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի բուսասանիտարական միջոցառումների վերաբերյալ հանրային իրազեկման նախաձեռնությունների, մասնագիտական և տեխնիկական բնույթի խորհրդատվությունների կազմակերպուման և անցկացման առաջարկությունների ներկայացում․
- աշխատանքային խմբի կատարած աշխատանքի վերաբերյալ ընթացիկ և վերջնական արդյունքների հաշվետվությունների կազմում․
- միջազգային կառույցների, պետական գերատեսչությունների, գիտական և ուսումնական հաստատությունների համագործակցության շրջանակում՝ բուսասանիտարական ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման նպատակով վերապատրաստման և նյութատեխնիկական աջակցության հնարավորությունների վերլուծություն և առաջարկությունների ներկայացում․
- աշխատանքային խմբի նպատակներից բխող այլ համակարգող, վերլուծական և խորհրդատվական բնույթի գործառույթների իրականացում՝ սույն որոշման N 2 հավելվածով սահմանված լիազորությունների շրջանակում։
- ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
- Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, 6 ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 14-րդ կետին համապատասխան:
- Աշխատանքային խումբն իր արտահերթ նիստերը գումարում է հրատապ հարցերի ու խնդիրների լուծման համար` աշխատանքային խմբի ղեկավարի նախաձեռնությամբ կամ անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ: Նախաձեռնության ստացումից հետո աշխատանքային խմբի քարտուղարը պարտավոր է անմիջապես նախաձեռնել նիստի կազմակերպման գործընթացը և նիստը գումարել առաջարկի ստացումից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Հրատապ բնույթի հարցերի դեպքում նիստը կարող է անցկացվել նաև հեռավար ձևաչափով՝ 24 ժամվա ընթացքում։
- Աշխատանքային խմբի ղեկավարը հերթական նիստի օրվանից առնվազն 1 ամիս առաջ պաշտոնական գրությամբ տեղեկացնում է աշխատանքային խմբի անդամներին՝ հերթական նիստի անցկացման վայրի, օրվա, ժամի վերաբերյալ։
- Հերթական և արտահերթ նիստերին կարող են մասնակցել նաև օրակարգային հարցերին առնչվող պետական մարմինների ներկայացուցիչներ և փորձագետներ՝ առանց քվեարկության իրավունքի։
- Աշխատանքային խմբի հերթական և արտահերթ նիստերն անցկացվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում, եթե աշխատանքային խմբի ղեկավարը նիստի անցկացման վայրի մասին այլ որոշում չի ընդունում։
- Աշխատանքային խմբի հերթական և արտահերթ նիստի օրակարգի նախագիծը հաստատում է աշխատանքային խմբի ղեկավարը։ Աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ներկայացնելու հարց` աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկելու համար: Առաջարկությունը գրավոր ձևով աշխատանքային խմբի քարտուղարին է ներկայացվում հերթական նիստից առնվազն 15 աշխատանքային օր առաջ, իսկ արտահերթ նիստից առնվազն 2 աշխատանքային օր առաջ` նշելով նաև հարցի կազմման պատասխանատուներին:
- Աշխատանքային խմբի հերթական և արտահերթ նիստի օրակարգում նշվում են`
1) աշխատանքային խմբի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.
2) քննարկման ենթակա հարցերը.
3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը.
- Աշխատանքային խմբի հերթական նիստի վերջնական օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ այլ փաստաթղթերն աշխատանքային խմբի անդամներին և սույն աշխատակարգի 8-րդ կետով նախատեսված անձանց փոխանցվում են նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ, իսկ արտահերթ նիստերի դեպքում՝ նիստից 1 աշխատանքային օր առաջ:
- Աշխատանքային խմբի անդամների և աշխատանքային խմբի քարտուղարի միջև տեղեկատվության փոխանակումը կազմակերպվում է գրավոր հաղորդակցության միջոցով:
- Աշխատանքային խմբի աշխատանքների ընթացքում գրավոր հաղորդակցության հիմնական եղանակը պաշտոնական էլեկտրոնային փոստն է:
- Աշխատանքային խմբի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է աշխատանքային խմբի անդամների կեսից ավելին:
- Աշխատանքային խմբի որոշումները խորհրդատվական բնույթի են: Որոշումներն ընդունվում են քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում աշխատանքային խմբի ղեկավարի ձայնը վճռորոշ է:
- Աշխատանքային խմբի այն անդամը, ով համաձայն չէ ընդունված որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը:
- Աշխատանքային խմբի կազմակերպական հարցերի համար աշխատանքային խմբի ղեկավարի առաջարկությամբ և անդամների ձայների պարզ մեծամասնությամբ ընտրվում է աշխատանքային խմբի քարտուղարը։
- Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնում է աշխատանքային խմբի քարտուղարը:
- Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
- Աշխատանքային խմբի նիստերն արձանագրվում են աշխատանքային խմբի քարտուղարի կողմից։ Նիստի արձանագրության մեջ նշվում են`
1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը.
2) նիստի օրակարգը.
3) նիստին մասնակցող, հրավիրված և նիստին ներկա այլ անձանց անունները, ազգանունները և պաշտոնները.
4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.
5) ընդունված որոշումները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը.
- Հերթական նիստերի արձանագրությունները ստորագրում են աշխատանքային խմբի ղեկավարը և աշխատանքային խմբի քարտուղարը 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ արտահերթ նիստերի դեպքում՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում:
- Նիստերի ստորագրված արձանագրությունները ստորագրման օրը ներկայացվում են աշխատանքային խմբի բոլոր անդամների պաշտոնական էլեկտրոնային փոստերի հասցեներին։
- Աշխատանքային խումբը իրավասու է հանդես գալ համապատասխան պետական մարմիններին ուղղված առաջարկություններով և մասնագիտական եզրակացություններով՝ իր գործունեության շրջանակում վերհանված ռիսկերի և խնդիրների վերաբերյալ։
- ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Աշխատանքային խմբի ղեկավարը`
- համակարգում է աշխատանքային խմբի գործունեությունը և ապահովում տրված հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
- հրավիրում և վարում է աշխատանքային խմբի հերթական և արտահերթ նիստերը.
- իր բացակայության դեպքում աշխատանքային խմբի անդամներից մեկին լիազորում է վարել աշխատանքային խմբի նիստը.
- իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ.
- Աշխատանքային խմբի անդամը`
- մասնակցում է աշխատանքային խմբի նիստերին և քվեարկում.
- աշխատանքային խմբի ղեկավարի համաձայնությամբ հանդես է գալիս զեկույցով, նախապատրաստում նյութեր աշխատանքային խմբի անդամներին ներկայացնելու համար.
- ծանոթանում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրություններին․
- ներկայացնում է առաջարկություններ աշխատանքային խմբի գործունեության, աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ՝ հիմնավորմամբ.
- Աշխատանքային խմբի քարտուղարը՝
- ապահովում է աշխատանքային խմբի նիստերի կազմակերպմանն առնչվող ընթացիկ աշխատանքները.
- աշխատանքային խմբի անդամներին իրազեկում է աշխատանքային խմբի նիստերի օրակարգի, օրվա, տեղի և ժամի մասին.
- կազմում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները.
- նիստերի արձանագրությունները ուղարկում է աշխատանքային խմբի անդամներին.
- ապահովում է հաղորդակցությունը աշխատանքային խմբի անդամների միջև.
- Իրականացնում է նիստերի արձանագրությունների հետագա պահպանությունը․
- իրականացնում է աշխատանքային խմբի աշխատանքների հետ կապված այլ ընթացիկ աշխատանքներ.
- ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
- Աշխատանքային խմբի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
-
Обсуждалось
15.10.2025 - 05.11.2025
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 859
Принт