Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ կառավարության 2023թ. նոյեմբերի 2-ի «ՀՀ համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N1890-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանվել են համայնքներում բնակչության անմիջական մասնակցությամբ բյուջետային ծրագրերի գծով առաջարկների ներկայացման, քննարկման և ուղղակի քվեարկության միջոցով ընտրության գործընթացի հետ կապված հիմնական հարաբերություններն ու մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված այդ ծրագրերի իրականացման նպատակով սուբվենցիայի հատկացման ընթացակարգերը: Ի տարբերություն գործող օրենսդրությամբ սահմանված՝ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենիցաների, Որոշմամբ  հաստատված կարգով սահմանվել են սուբվենցիոն հատկացումների գործընթացի հետ կապված ավելի պարզեցված մեխանիզմներ։ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրի սուբվենցիոն համաֆինանսավորման համար նախատեսվել էր 500.0 մլն դրամ սահմանաչափ: 2024 թվականին մասնակցային բյուջետավորման փորձարկման արդյունքում իրականացվել է 8 ծրագիր՝ ընդհանուր արժեքը փաստացի կազմել է շուրջ 570 մլն դրամ, որից 443 մլն դրամը (77.7%)՝ պետական բյուջեից հատկացված սուբվենցիայի հաշվին։

Փորձարկման դրական արդյունքների հիման վրա ՀՀ կառավարության 2025թ. փետրվարի 20-ի N188-Ն որոշմամբ կատարվեցին համապատասխան փոփոխություններ և լրացումներ Որոշման մեջ, և գործընթացը ընդլայնվեց՝ ընդգրկելով 21 համայնք։ 2025թ. պետական բյուջեով մասնակցային բյուջետավորման ծրագրերի համաֆինանսավորմամբ նախատեսվել է հատկացնել 1 մլրդ դրամ։ 2025 թվականին մասնակցային բյուջետավորման փորձարկման արդյունքում նախատեսվում է իրականացնել 35 ծրագիր տարբեր ոլորտներում՝ այդ թվում՝ հանրային բացօթյա տարածքների բարեկարգման, ժամանցի, սպորտի, կրթության, մշակույթի, ջրագծերի կառուցման կամ բարեկարգման, բնապահպանության և ճանապարհաշինության ուղղություններով։ Ծրագրերի ընդհանուր արժեքը նախնական գնահատվել է շուրջ 1.316 մլն դրամ, որից շուրջ 968 մլն դրամը (73.5%)՝ պետական բյուջեից հատկացված սուբվենցիայի հաշվին։

Գործող կարգավորումները հնարավորություն են տվել փորձարկել մասնակցային բյուջետավորման մեխանիզմը, գնահատել դրա կիրառման արդյունավետությունը և փաստացի արդյունքների հիման վրա արձանագրել անհրաժեշտ ընթացակարգային բարելավումների կարիքը։ Համայնքների աճող հետաքրքրությունն ու բնակչության ակտիվ մասնակցությունը վկայում են, որ մասնակցային բյուջետավորումը ձևավորվում է որպես կայուն և երկարաժամկետ գործիք՝ տեղական ինքնակառավարման մակարդակում մասնակցային գործընթացների շարունակական խթանման համար։

Հաշվի առնելով 2024 և 2025 թվականների դրական փորձը՝ ինչպես նաև մասնակցային բյուջետավորման հետագա խթանման և ավելի մեծ թվով համայնքների ներգրավման նպատակահարմարությունը, անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան ընթացակարգային բարելավումներ և խմբագրական հստակեցումներ՝ Որոշման գործողությունը տարածելով 2026 թվականի և հետագա տարիների բյուջետային գործընթացների վրա։

 

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծով նախատեսվում է իրականացնել մի շարք խմբագրական հստակեցումներ և ընթացակարգային բարելավումներ, որի իրականացման համար Որոշմամբ հաստատված կարգը շարադրվել է նոր խմբագրությամբ: Նոր խմբագրությամբ վերաձևակերպվել է կարգի կառուցվածքը՝ այն դասակարգվելով չորս բաժինների՝ ապահովելով բովանդակության ավելի հստակ տրամաբանություն և կիրառելիության բարձրացում.

1-ին բաժինը ներկայացնում է կարգի կիրառության ոլորտը, գործընթացի ընդհանուր նկարագրությունը, ինչպես նաև հիմնական հասկացությունների բացատրությունները.

2-րդ բաժինը՝ մասնակցային բյուջետավորման գործընթացը, դերակատարները և վերջիններիս լիազորությունների շրջանակը, առաջարկների ներկայացման, քննարկման և քվեարկության, ընթացակարգերը.

3-րդ բաժինը՝ առաջարկների օգտին քվեարկության արդյունքներով ծրագրերի մշակման, սուբվենցիոն հայտերի կազմման, ներկայացման, համաձայնեցման ընթացակարգերը.

4-րդ բաժինը վերաբերում է սուբվենցիաների տրամադրման կարգավորումներին, պայմանագրային հարաբերություններին,  ծրագրերի իրագործմանը, հսկողությանը և հաշվետվողականությանը:

           Իրականացվել են մասնակցային բյուջետավորման գործընթացի ընթացակարգերում լավարկումներ, մասնավորապես՝

           1. Որոշման գործողությունը 2026 թվականի և դրան հաջորդող տարիների բյուջետային գործընթացի շրջանակում նախատեսվում է տարածել տվյալ տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի հավելվածով սահմանված համայնքների վրա։

Հարկ է նշել, որ 2024 և 2025 թվականներին Որոշման գործողությունը տարածվել և փորձարկվել է այն համայնքներում, որոնք նախատեսվել էին Որոշմամբ։ Համայնքների ցանկը ձևավորվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկությամբ՝ հիմք ընդունելով այն համայնքների փորձը, որոնք տվյալ տարվան նախորդ տարում կամավոր կերպով, առանց պետական սուբվենցիաների, իրականացրել էին մասնակցային բյուջետավորման գործընթացներ (իսկ 2025 թվականի համար ընդգրկվել են նաև այն համայնքները, որոնք 2024 թվականին իրականացրել են մասնակցային բյուջետավորման ծրագրեր պետական սուբվենցիոն հատկացումներով)։ Համայնքների ընտրության կարևոր նախապայմաններից էր նաև այն, որ տվյալ համայնքներում ներդրված լիներ համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) նոր տարբերակը՝ մասնակցային բյուջետավորման գործիքներով։ Համակարգը ինտեգրվել է համապատասխան պետական տեղեկատվական համակարգերի հետ՝ ապահովելու բնակչության նույնականացման գործընթացը և անհրաժեշտ տվյալների հասանելիությունը։

Նկատի ունենալով մասնակցային բյուջետավորման գործընթացում ընդգրկվող համայնքների թվի ավելացումը (2026 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից առաջարկվել են 52 շահառու համայնքներ), ինչպես նաև այն հանգամանքը, որ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով է (որպես բյուջետային ծրագրի առանձին միջոցառում) սահմանվում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար համայնքներին տրամադրվելիք սուբվենցիայի ընդհանուր չափը, ուստի նպատակահարմար է, որ տվյալ տարվա մասնակցային բյուջետավորման գործընթացում պետական բյուջեից սուբվենցիայի ստացմանը հավակնող շահառու համայնքները և ըստ այդ համայնքների համար հաշվարկված սուբվենցիաների սահմանաչափերը ևս ամրագրվեն տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի հավելվածում։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս համայնքներին ավելի վաղ փուլում տեղեկանալ իրենց ընդգրկվածության ու սուբվենցիաների սահմանաչափերի վերաբերյալ և ժամանակին սկսել մասնակցային բյուջետավորման գործընթացի պլանավորումը, ինչի արդյունքում հնարավոր կլինի ավելի շատ ժամանակ հատկացնել մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացմանը։      

Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2025թ. նոյեմբերի 27-ի նիստում հավանության արժանացած՝ ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի լրամշակված նախագծով ներկայացվել են մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար 2026 թվականին նախատեսված սուբվենցիաների ընդհանուր գումարի՝ ըստ շահառու 52 համայնքների հաշվարկված սահմանաչափերը (Հավելված N 1, Աղյուսակ 7.1):

           2. Համայնքներում մասնակցային բյուջետավորման գործընթացի լիարժեք իրականացումը մեկ տարվա ընթացքում հաճախ ուղեկցվում է կազմակերպչական և ժամանակային ռիսկերով։ Այս ռիսկերը նվազեցնելու և գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպատակով առաջարկվում է սահմանել ժամանակագրական հստակեցում՝ մասնակցային բյուջետավորման գործընթացները սկսել տվյալ տարվան նախորդ տարվա ընթացքում՝ համայնքի բյուջետային գործընթացին զուգընթաց, իսկ դրա արդյունքում ձևավորված ծրագրերի իրականացումը՝ տվյալ տարվա ընթացքում։ Այս մոտեցումը ևս հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ հատկացնել ծրագրերի իրագործման աշխատանքների համար և ապահովել դրանց ամբողջական ու ժամանակին ավարտը։

           3. Նախատեսվում է հստակեցնել, որ քվեարկության մասնակիցը կարող է քվեարկել առավելագույնը երեք առաջարկ-նախագծի օգտին, եթե դրանք վերաբերում են համայնքի տարբեր բնակավայրերին։ Նույն բնակավայրին վերաբերվող առաջարկ-նախագծերի դեպքում քվեարկության մասնակիցը կարող է քվեարկել միայն մեկ առաջարկ-նախագծի օգտին: Այս փոփոխությունը նպաստում է համայնքի տարբեր բնակավայրերից ներկայացվող առաջարկ-նախագծերի մրցունակությանը և կանխարգելում է, որ մեծ բնակավայրերի նախագծերը չկուտակեն անհամաչափ քվեներ:

           4. Գործող կարգավորումների համաձայն՝ սուբվենցիայի հայտերի ձևավորման համար ընտրվում են այն առաջարկ-նախագծերը, որոնք ստացել են առավելագույն քվեներ, սակայն ոչ պակաս, քան համայնքի քվեարկելու իրավունք ունեցող բնակչության 1 տոկոսը։ Նախագծով առաջարկվում է սահմանել շեմերի տարբերակում՝ ելնելով առաջարկ-նախագիծը ընդգրկող բնակավայրի չափից։ Մասնավորապես, սահմանվում են հետևյալ շեմերը.

           1%՝ եթե առաջարկ-նախագիծը նախատեսվում է իրականացնել մինչև 5000 բնակիչ ունեցող բնակավայրում,

           2%՝ եթե առաջարկ-նախագիծը նախատեսվում է իրականացնել 5000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրում։

           Վերոհիշյալ շեմերի սահմանման հիմքում դրվել են առկա վիճակագրական տվյալները, ըստ որոնց ՀՀ համայնքների միջին բնակչության թիվը կազմում է շուրջ 33178 մարդ (Երևանը ներառված չէ հաշվարկներում)։ Սա ենթադրում է, որ համապատասխանաբար անհրաժեշտ քվեների շեմերն են՝ մոտ 332 ձայն՝ 1%-ի համար և մոտ 664 ձայն՝ 2%-ի համար։ Շեմերի այս տարբերակումը կխթանի մասնակցության ակտիվությունը՝ միաժամանակ կանխելով համեմատաբար փոքր բնակավայրերի համար անհամաչափ դժվարությունների առաջացումը։ Առաջարկվող լուծումը նպաստում է համաչափության պահպանմանը, հավասարակշռված մրցակցության խթանմանը և մասնակցային բյուջետավորման գործընթացում համայնքի տարբեր բնակավայրերի ավելի լայն ներգրավմանը։

           5. Նախագծով սուբվենցիայի հայտերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է մինչև տվյալ տարվա մարտի 1-ը՝ գործող կարգով սահմանված ապրիլի 1-ի փոխարեն։ Վերջնաժամկետի ավելի վաղ՝ մեկ ամիս շուտ սահմանումը նպատակ ունի երկարացնել մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար տրամադրվող ժամանակահատվածը և բարձրացնել ամբողջ գործընթացի պլանավորման ու կազմակերպման արդյունավետությունը։ 2024 թվականի փորձը ցույց է տվել, որ նախատեսված 8 ծրագրերից 2-ը չեն հաջողվել ամբողջությամբ ավարտել նույն տարում՝ պայմանավորված գնումների մրցույթների ձգձգմամբ և եղանակային անբարենպաստ պայմաններով։ Նմանատիպ ռիսկերը չեն բացառվում նաև 2025 թվականին նախատեսվող 35 ծրագրերից որոշների դեպքում։ Հետևապես վերոհիշյալ վերջնաժամկետի վերանայված սահմանումը համայնքներին հնարավորություն կտա մասնակցային գործընթացը սկսելեվ նախորդ տարում՝ ապահովել բավարար ժամանակ ծրագրերի իրականացման համար և էապես նվազեցնելով ուշացման կամ չավարտման ռիսկերը։

           6. Նախագծով նախատեսվում է կարգավորել այն իրավիճակները, երբ տվյալ տարում համայնքը ստանձնում է մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված սուբվենցիոն ծրագրերի իրականացման պարտավորություն, սակայն բյուջետային տարվա նախավերջին աշխատանքային օրվա դրությամբ, այն չի ավարտում համայնքապետարանի գործունեությունից անկախ հանգամանքների պատճառով։ Այդ դեպքերի համար առաջարկվում է սահմանել հետևյալ կարգավորումը՝ համայնքին կարող է տրամադրվել ծրագրի փաստացի չիրականացված մասի պետական ֆինանսավորման համապատասխան չափաբաժինը, եթե ծրագրի առնվազն 70 տոկոսը արդեն իրականացվել և ֆինանսավորվել է: Վերոհիշյալ կարգավորման կիրառման պարագայում սուբվենցիայի պայմանագրում կատարվում են փոփոխություններ՝ սահմանվում է ծրագրի իրականացման ավարտի նոր վերջնաժամկետ (վերջանաժամկետը փոփոխվում է ոչ ավելի քան 6 ամսով), նախատեսվում են պայմաններ, որի համաձայն միջոցները օգտագործվում են միայն տվյալ ծրագրի իրականացման համար, իսկ վերջնաժամկետի դրությամբ չօգտագործված մնացորդը վերադարձվում է պետական բյուջե։ Սույն ծրագրերի իրականացման ամբողջական հաշվետվությունը համայնքի ղեկավարը ներկայացնում է լիազոր մարմնին ոչ ուշ, քան հաջորդ տարվա օգոստոսի 1-ը։

           Այս կարգավորումը մի կողմից ապահովում է համապատասխան սուբվենցիոն ծրագրերի ֆինանսական կայունությունը՝ ապահովելով մեկնարկած ծրագրերի ավարտը պետական ֆինանսավորման տրամադրման հստակ պայմաններով, իսկ մյուս կողմից խթանում է համայնքների պատասխանատվությունը և ծրագրերի իրագործման նկատմամբ հետևողականությունը։

           Նախագծով նախատեսված կարգավորումները միտված են մասնակցային բյուջետավորման համակարգի ինստիտուցիոնալ կայացման ամրապնդմանը և շարունակական զարգացմանը՝ ապահովելով առավել մասնակցային և արդյունավետ գործընթաց, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերի ժամանակին իրագործման համար բարենպաստ պայմաններ: Հաշվի առնելով նախկին ձեռքբերումները և բարելավման հնարավորությունները ակնկալվում է, որ մասնակցային բյուջետավորումը կշարունակի կատարելապես կայանալ որպես արդյունավետ և համապարփակ գործիք՝ ուղղված համայնքների կայուն զարգացմանը և բնակիչների ակտիվ ներգրավմանը համայնքային առաջնահերթությունների ձևավորման, որոշումների կայացման ու իրականացման գործընթացներում։

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի նախագծովով մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար ընդհանուր գումարով 2 մլրդ դրամի չափով նախատեսված է համայնքներին սուբվենցիաների տրամադրում:

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի ՀՀ ֆինանսների նախարարության իրավասությանը վերաբերող հատվածի 3-րդ կետով՝ «Մասնակցային բյուջետավորման գործընթացի ներդրում» նախատեսված պահանջներից, ինչպես նաև Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության 2021-2026թթ. ծրագրի» 6.6-րդ «Տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում» կետով նախատեսված՝ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացի բարելավման և շարունակության ապահոմման պահանջներից:

 

 

 

  • Обсуждалось

    14.10.2025 - 29.10.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1238

Принт

Предложения

Էմիլ Կարապետյան

24.10.2025

Մասնակացային բյուջետավորման գործընթացը շատ կարևոր է փոքր գյուղերի համար ու լավ է, որ փոփխություն է արվում մեր շանսերը ավելացնելու համար։ Սակայն ծրագրով տեղնիկա գնելու հնարավորությունը սահմանափակելով բնակիչների հետաքրքրվածությունը ծրագրի հանդեպ նվազելու է։ Հողագործությամբ զբաղվողներիս տեխնիկա պետք է ուզում ենք, որ ծրագրով հնարավոր լինի տեխնիկա գնել, որը երկար ժամանակ կծառայի մեզ։ Տրակտորն ու մյուս սարքերը մեզ պետք են ոչ թե մեկ տարով, այլ տարիներ շարունակ մեր հողերը մշակելու, ճանապարհները հատկապես դաշտամիջյան մաքրելու և բարեկարգելու, համայնքի գործերը հեշտ անելու համար։ Նման բաները մեծ օգուտ են բերում գյուղին, թույլ են տալիս մեր ուժերով անել շատ աշխատանքներ ու խնայել գումար։ Լավ կլինի, եթե ծրագիրը թույլ տա նման տեխնիկա ձեռք բերել առանց սահմանափակումների, որովհետև դա գյուղացու իրական կարիքներից է։

Հայկ Խաչատրյան

16.10.2025

կարելի էր ավելի լավարկել նախագիծը

Ani Sargsyan

16.10.2025

Պետք է բյուջետավորման գործնթացն անցկացնել առանձին բնակավայրերի ներսում ծրագրերի մակարդակով ոչ թե համայնքի մակարդակով բնակավայրերի միջև

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: